Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի երիտասարդական մրցանակ

iYԲաց մրցույթ

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: 

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդ հեղինակներին` հետևյալ բնագավառներում.

ա/ վիզուալ արվեստների բնագավառում ` երեք մրցանակ.
բ/ գրականության բնագավառում` մեկ մրցանակ:

Հայտերն ընդունվում են 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ:

Վիզուալ արվեստների բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 25 տարեկան:
Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 27 տարեկան: Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 31-ի դրությամբ:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2018 թվականին:

Գրականության բնագավառում ընդունվում են արձակ /պատմվածք, վիպակ, վեպ/ գործեր կամ
բանաստեղծական շարքեր` տպագրված գրքով կամ պարբերականներում: Ներկայացված ստեղծագործությունների մեջ նախկինում տպագրված գործերը պետք է կազմեն ոչ ավել քան 10%:

Վիզուալ արվեստների աշխատանքների մրցույթն անցկացվում է երկու փուլով. Առաջինը` ընտրական, երկրորդը (եզրափակիչը)`ցուցահանդես:

1. Դիմում-հայտը, կից փաստաթղթերի հետ` գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի և
այլ մեդիաների աշխատանքները պետք է ներկայացվեն լուսանկարներով մեկ օրինակ`
փակցված A4 ձեւաչափի թղթի վրա և տեղադրված թղթապանակի մեջ /Folder, Portfolio/: Մրցանակի ներկայացվող ստեղծագործության լուսանկարների տակ պետք է նշված լինեն ստեղծագործության անվանումը, չափը, տեխնիկան, տարեթիվը:

Մրցանակի համար կարող է ներկայացվել միայն մեկ ստեղծագործություն, որը կարող է հանդիսանալ առանձին մեկ կտորից աշխատանք, կամ մեկ ամբողջական շարք, կամ մեկ նախագիծ:

Կինոարվեստի և թատերական արվեստի գործերի համար, որոնք տեղադրված են համացանցում (օրինակ Youtube.com), խնդրվում է նշել հղումները, կամ ներկայացնել DVD-ով:

Պարտադիր է ներկայացնել գործի համառոտ բովանդակությունը, հեղինակային նկարագրումը:

2. Առաջին փուլի համար մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների
բնօրինակները:

3. Եզրափակիչ փուլը` ցուցահանդեսը, տեղի կունենա Հայաստանի նկարիչների միավորումում 2019 թ. ապրիլ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

4. Ներկայացման կարգը պարտադիր է:

ԾԱՆՈՒՑՈՒՄ ` ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ

Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից www.himnadram.org

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org 0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը մասնակցեց «Նորարար գրադարաններ 2018» աշխատաժողովին

ashx2018_(29)

 2018թ. նոյեմբերի 1-2-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը կայացավ «Նորարար գրադարաններ 2018» աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ քաղաքային և մարզային, հանրային և համալսարանական գրադարանների աշխատողներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Նախ մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբ Անդերսոնը։ Նա նշեց, որ դեսպանությունը մեծ պատրաստակամությամբ է հովանավորել այս միջոցառումը, որը կնպաստի գրադարաններում նոր ծրագրեր ներդնելուն, գրադարանները համայնքային կենտրոններ վերածելուն։

Երկօրյա աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց և ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահե Բուդումյանը։ Նա բոլոր գրադարանավարներին հորդորեց տեր կանգնել իրենց իրավունքներին և պաշտպանել գրադարանների՝ որպես լիիրավ համայնքային կենտրոնների իրավունքները։

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը իր ելույթում աշխատաժողովի մասնակցիներին ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի նորարար ձեռքբերումները, ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի կառուցվածքը, նպատակները, բաց և մատչելի էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև էլեկտրոնային գրականությունից օգտվելու հնարավորություններն ու վիճակագրությունը։

Աշխատաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի գործունեությունը և հատկապես Էլեկտրոնային գրադարանի առկայությունն ու վերջինիս հանրամատչելի լինելու հանգամանքը։

 

ՀՀ Նախագահի Մրցանակ 2018

president-s-prize (1)..
 Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`

• բնական գիտություններ
• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ 
• ֆիզիկա 
• բժշկագիտություն 
• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր) – 2 մրցանակ
• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)
• հումանիտար գիտություններ 

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են մրցանակի համար հայտերի ներկայացման ժամկետի ավարտին նախորդող երեք տարվա (2016-2018թթ.) ընթացքում: 

Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

– Մրցույթին «Բնական գիտություններ», «Տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ», «Ֆիզիկա» բանագավառներում, կարող են մասնակցել նախորդ տարիներին ներկայացված, բայց հաղթող չճանաչված աշխատանքները՝ պայմանով, որ դրանք իրականացված լինեն 2016-2018 թթ. ընթացքում:
– Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, կատալոգներ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ և մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:
– Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:
– Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:
– ՀՀ Նախագահի մրցանակ ստացած անձը այլևս չի կարող մրցանակ ստանալու համար աշխատանք ներկայացնել` ինչպես անհատական եղանակով, այնպես էլ համահեղինակների խմբի միջոցովª լինելով այդ խմբի հեղինակներից մեկը: ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ: 

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Հայտերն ընդունվում են 2018 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ:Հայտերն ընդունվում են նաև օնլայն տարբերակով:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ հիմնադրամի կայքից  http://www.himnadram.org

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` aida@himnadram.org

0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ:

 
 

Մեր դասախոսը՝ «Դյուցազնագրքի» ռեկորդակիր

DSC00980

 2018թ. հոկտեմբերին «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիայի կողմից «Դյուցազնագիր» է տրվել Նվեր Ղարիբյանին առ այն, որ նա յուրաքանչյուր ձեռքում բռնած 9.800 կգ կցագնդերով կախ դրությունից մինչև ուսագոտի միաժամանակ բարձրացրել է 45 անգամ 30 վայրկյանում. նույն վարժությունը մեկընդմեջ կատարել է 102 անգամ 40 վայրկյանում: Այդ ռեկորդը գրանցվել է ՀՀ «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուում:

Այդ կապակցությամբ հարցազրույց ունեցանք ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս, աշխարհի գավաթի 2-րդ մրցանակակիր (2016), Եվրոպայի եռակի չեմպիոն (2016, 2017, 2018), աշխարհի չեմպիոն (2018), «Դյուցազնագրքի» ռեկորդակիր (2018), ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանի հետ.

– Պարո՛ն Ղարիբյան, ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձակազմի անունից Ձեզ սրտանց շնորհավորում ենք հերթական հաղթանակի առթիվ՝ մաղթելով նոր բարձունքներ Ձեր մարզական ու մարզչական կարիերայում, հաղթանակի բերկրանքը վայելելու բազում առիթներ և շնորհակալություն ենք հայտնում հարցազրույցին մասնակցելու համար:
– Ե՞րբ, ո՞ր մարզաձևում եք դիմում ներկայացրել ռեկորդը պաշտոնապես ձևակերպելու համար, և ե՞րբ է տրվել ռեկորդը հավաստիացնող վկայականը՝ «Դյուցազնագիրը», պարո՛ն Ղարիբյան:
– 2018թ. սեպտեմբերի 16-ին «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիայի նախագահ Վարդան Թովմասյանի գլխավորած հանձնաժողովի կողմից գրանցվել է համապատասխան ռեկորդը (ուժային վարժությունից) և հոկտեմբերի 10-ին տրվել է հավաստագիրը:

– Որքա՞ն ժամանակ եք նախապատրաստվել այս ռեկորդին հասնելու համար. հերթական հաղթանակը հե՞շտ տրվեց արդյոք աշխարհի գավաթի 2-րդ մրցանակակիր, Եվրոպայի եռակի և աշխարհի չեմպիոն, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանին:
– Այս ռեկորդին հասնելու համար նախապատրաստվել եմ շուրջ երկու տարի: Շատ բարդ էր, քանի որ վարժությունը արագաուժային է, պահանջեց մեծ ջանք ու եռանդ, երկարատև մարզումներ:

– Որպես հաղթական պատվանդանին բազմիցս կանգնած մարզիկ՝ համաձա՞յն եք այն մտքի հետ, թե որքան դժվար է հաղթանակի ուղին, այնքան քաղցր է հաղթանակի բերկրանքը: Ձեր ունեցած բազմաթիվ հաղթանակներից ու ձեռքբերումներից ո՞րն է Ձեզ համար ավելի քաղցր:
– Այո՛, համամիտ եմ, թանկ է այն, ինչը դժվար է ձեռք բերվում, և բարձր արդյունքների հասնելու համար երկարատև ջանքեր են պահանջվում, քրտնաջան աշխատանք, հետևողական մարզումներ: Այդ իսկ պատճառով ցանկացած հաղթանակ թանկ է ինձ համար, քանի որ այդ հաղթանակներին հասնելու համար անցել եմ երկար ու դժվարին ուղի: Ինձ համար շատ կարևոր և սկզբունքային էր ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը իմ երկրորդ մասնակցությունը (2017թ.). առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցեցի 2016 թվականին և անձական քաշով զիջեցի մրցակցիս: Ես խնդիր ունեի ապացուցելու, որ ի զորու եմ հաղթելու, և հաղթեցի՝ դառնալով ուժային եռամարտի՝ Եվրոպայի 2017թ. առաջնության չեմպիոն:

– Մարզական ու մարզչական աշխատանքի հետ կապված՝ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում, մարզական ի՞նչ նոր բարձունքներ կան, որոնք կցանկանայիք նվաճել:
– Ցանկացած մարզիկի համար պատիվ է իր մարզական կարիերայի ընթացքում մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն իմ մարզաձևը (ուժային եռամարտ՝ փաուերլիֆտինգ) դեռևս օլիմպիական մրցաձև չէ: Ես մինչև օրս, կարծում եմ, նվաճել եմ բոլոր տիտղոսները (աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն), և չկա այնպիսի մի առաջնություն, որին մեծ ձգտումով կցանկանայի մասնակցել: Մարզչական գործունեության ընթացքում իմ մարզիկները բազմաթիվ մրցաշարերում նվաճել են հաղթողի կոչումը, ունեմ երեք ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ, երկու ՀՀ սպորտի վարպետ սան, իմ երեք սաները սովորում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Մոտ ժամանակներս (2018թ. նոյեմբերի 16-18-ին) իմ մարզիկներից չորսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կմասնակցի Թբիլիսիում կայանալիք ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը:

– Ձեր այս նոր ձեռքբերումը («Դյուցազնագրքի» ռեկորդակիր դառնալը), պարո՛ն Ղարիբյան, ոչ միայն նշանակալի իրադարձություն է մասնաճյուղի ու մարզաշխարհի համար, այլև ոգեշնչման աղբյուր` մեր ուսանողների ու մարզի երիտասարդների համար: Դարձյալ շնորհավորում ենք, մաղթում նոր հաղթանակներ և հարցազրույցին մասնակցելու համար շնորհակալություն հայտնում Ձեզ:

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Ձմեռային դպրոց տնտեսագիտության և մենեջմենթի ոլորտի ուսանողների համար

scool

 Դեկտեմբերի 13-23-ը  Մոսկվայի ժողովուրդների բարեկամության ռուսական  համալսարանի (РУДН) տարածքում կազմակերպվում է ձմեռային դպրոց տնտեսագիտության և մենեջմենթի ոլորտի ուսանողների համար:

Մանրամասները՝ կից ֆայլում

Աղբյուրը՝ ysu.am: