Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Սերվիս» 3-րդ կուրսի ուսանողների այցը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղ

47576624_287356718633133_4308595064021450752_n

 2018թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հ.գ.թ. Ա.Քամալյանի հետ այցելեցին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Իջևան» մասնաճյուղ:

Ուսանողները ծանոթացան «ՍՕՍ−Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի պայմաններին, երեխաների կենսակերպին, իրականացվող հոգեբանական աջակցության տեսակներին:

Նրանք նաև կատարեցին այցելություն տներ, ծանոթացան երեխաների առօրյային:

Այցերի ընթացքում ուսանողները զարգացրին երեխաների հետ շփվելու իրենց հմտությունները, ավելի ընդլայնեցին իրենց աշխարհայացքը:

Կառույցի աշխատակիցները և երեխաները սիրով ու ջերմությամբ ընդունեցին համալսարանականներին:

Վերջում ուսանողները «ՍՕՍ−Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի գրադարանին նվիրեցին «Կենդանական աշխարհ» մանկական հանրագիտարանը և պատրաստակամություն հայտնեցին իրականացնել կամավորական աշխատանքներ կառույցում:

Մեր ուսանողները մասնակցեցին «Կարծրատիպեր, նախապաշարմունքներ, խտրականություն, դրա տեսակները, միջազգային կարգավորումներ» թեմայով դասընթացին

IMG_0877-08-12-18-11-07

 2018թ. դեկտեմբերի 6-ին Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում կայացավ «Կարծրատիպեր, նախապաշարմունքներ, խտրականություն, դրա տեսակները, միջազգային կարգավորումներ» թեմայով դասընթաց, որը կազմակերպել էր Իջևանի քաղացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Արփինե Երիցյանը:

Դասընթացին մասնակցում էին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 17 ուսանողներ:

Այն վարեց փաստաբան Անահիտ Չիլինգարյանը։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին  ներկայացնել, թե ինչ է կարծրատիպը, հավասարությունը, խտրականությունը, նախապաշարմունքը, հավասար, տարբերակված և խտրական վերաբերմունքը:

«Կարծրատիպեր, նախապաշարմունքներ, խտրականություն, դրա տեսակները, միջազգային կարգավորումներ» թեմայով դասընթացի ժամանակ ներկայացվեցին խտրականության տեսակները, հավասարության իրավունքները: Ընդգծվեց, որ խտրականությունը երբեք չի կարող համարվել դրական:

Դասընթացն անցկացվեց գործնական խաղ-վարժությունների, բանավեճ-քննարկումների միջոցով, որին ակտիվորեն մասնակցեցին ուսանողները:

 

Կայացավ «Հայոց պետականության կերտումը, հիմնական փուլերն ու բնութագրական գծերը (1918-1920 թթ.) թեմայով բանավեճ-քննարկում

DSCN5058 2018թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ և Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի համագործակցությամբ տեղի ունեցավ «Հայոց պետականության կերտումը, հիմնական փուլերն ու բնութագրական գծերը (1918-1920 թթ.)» թեմայով բանավեճ-քննարկում՝ նվիրված Պատմաբանի օրվան:

Քննարկմանը մասնակցում էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ Ա.Ազատյանը, Վ.Պողոսյանը, պ.գ.թ., ասիստենտ Ն.Գրիգորյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լ.Բեգինյանը, «Պատմություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ:

Ա.Ազատյանը խոսեց պետականության կերտման դժվարությունների, այդ գործում մեծ ավանդ ունեցած գործիչների կատարած հայրենանվեր գործունեության, հանրապետության կարճատև շրջանի փուլավորման և դրանց առանձնահատկությունների մասին՝ նշելով, որ դեռևս ժամանակին վարչապետ Ս.Վրացյանը Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը բաժանել էր երկու փուլի՝ գոյատևման և ստեղծագործական գործունեության շրջանների:

«Հայաստաը փոքր, աղքատ երկիր էր՝ սովյալներով ու գաղթականներով լեցուն, երկրում տարածված խոլերիային աշնանը գումարվեց նաև բծավոր տիֆը, ուստի առաջնահերթ խնդիր էր դառնում ամեն ինչ անել ժողովրդին համաճարակից ու սովից փրկելու համար: Նման պայմաններում Հ.Քաջազնունու գլխավորությամբ մի պատվիրակություն է մեկնում ԱՄՆ՝ օգնություն ստանալու: 1919թ. մայիսին ամերիկյան օգնությունը հասավ Հայաստան, որը մեզ համար փրկություն էր: Չնայած աղքատ, սոված, երեք կողմից շրջափակված լինելուն՝ ՀՀ կառավարությունն այնուամենայնիվ կարողացավ քայլեր իրականացնել, որոնք միտված էին նոր ստեղծված պետությանը ժամանակի քաղաքակրթական արժեքներին մոտ դարձնելուն, – ընդգծեց Ազատյանը:

Ներկայացվեց, որ խորհրդային շրջանում բավականին ժամանակ Առաջին հանրապետությունում ստեղծված շատ իրողություններ վերագրվում էին խորհրդային պետությանը: Օրինակ՝ ԵՊՀ-ի ստեղծումը, պարտադիր կրթությունը: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես բոլշևիկները Հայաստանում մտցրին պարտադիր կրթություն:

Անվիճարկելի համարվեց այն, որ անգրագիտության վերացումը նախկին ռուսական կայսրության տարածքի մեծ մասում կապված էր խորհրդային իշխանության հետ, սակայն, նշվեց, որ դա չէր  վերաբերում հայ իրականությանը, որովհետև մեր մեջ ի սկզբանե եղել է կրթություն ստանալու ձգտումը: Խորհրդային շրջանում անտեսվում էր այն հանգամանքը, որ Հայաստանում պարտադիր տարրական կրթությունը մտցվել է Առաջին հանրապետության շրջանում: Այդ ամենի հետ միասին պետությունն ուներ բանակ, որբեր պահելու խնդիր, ուստի շատ դպրոցներ դառնում էին զորանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, որովհետև պատրաստի շինություններ չկային: Եվ նման դժվարին պայմանների առկայության պայմաններում ևս կրթական գործի կազմակերպումը չանտեսվեց:

Այնուհետև դասախոսների և ուսանողների (մասնավորապես՝ Մհեր Ղալումյանի, Լարիդա Ղազումյանի և Շիրակ Գասպարյանի) մասնակցությամբ բուռն քննարկում-բանավեճ ծավալվեց ժողովրդավարության և խորհրդարանական համակարգի արդյունավետության խնդիրների շուրջ: Համեմատություններ անցկացվեցին Առաջին և Երրորդ հանրապետությունների վարած քաղաքականությունների միջև:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացվեց «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» ծրագիրը

   IMG_0844-05-12-18-10-00

2018թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Վորլդ Վիժն Հայաստան» (ՎՎՀ) Տավուշի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանի հանդիպումը ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում Ա.Ալիխանյանն ուսանողներին ներկայացրեց «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» նոր ծրագիրը, որն իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի գրասենյակը՝ Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Նշվեց, որ նախագիծը հնարավոր է դարձել «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020 թթ.) շնորհիվ, որն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում:

Ներկայացվեց, որ ծրագրի շրջանակներում կհզորացվեն մոտ 15 երիտասարդների կարողություններ և գիտելիքներ շահերի պաշտպանության, կարիքների վերհանման ու հարցումների անցկացման, համայնքային ծրագրերի նախագծման ու իրականացման, որոշումների կայացման գործընթացում դերակատարների համագործակցության կայացման մեխանիզմների ոլորտներում:

Նշվեց, որ ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում  երիտասարդների մասնակցությունը ցածր է, որը փաստվել է նաև “Facebook” սոցիալական ցանցում օնլայն հարցման արդյունքներով: Հարցվածների  41.3%-ի կարծիքով երիտասարդը չի մասնակցում և չի կարևորում իր դերը որոշումների կայացմանը համայնքային մակարդակում, քանի որ տեղեկացված չէ ՏԻՄ-երի գործունեության մասին: Հարցվածների 29.3%-ն էլ կարծում է, որ երիտասարդությունը չունի կարողություններ և անհրաժեշտ գիտելիքներ ՏԻՄ-երի հետ համագործակցաբար աշխատելու և քաղաքացիական նախաձեռնություններ իրականացնելու նպատակով: Հիմնական խնդիրը ՏԻՄ-երի աշխատանքի վերաբերյալ  երիտասարդների  անտեղյակությունն է:

Ա.Ալիխանյանն ընդգծեց, որ ծրագրի մասնակիցները կստանան համայնքային-քաղաքացիական խնդիրների բացահայտման և խնդիրների լուծման ռազմավարությունների մշակման վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, կաշխատեն ավագանու հետ և կմշակեն Իջևանի համայնքապետարանին ներկայացվող առաջարկությունների փաթեթ՝ Իջևան համայնքի բյուջեով  երիտասարդական նախաձեռնությունների ֆինանսավորման նպատակով: Ծրագիրը նաև համապատասխանում է ՀՀ երիտասարդական պետական  քաղաքականության ռազմավարությանը, որը հասարակական-քաղաքացիական և այլ մակարդակներում երիտասարդների մասնակցության գործոնը ամրագրում է որպես  գերակայություն:

ՎՎՀ Տավուշի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգողը հավելեց, որ ծրագիրը համահունչ է նաև Իջևան համայնքի զարգացման 2017-2021 թթ. հնգամյա ծրագրին, որի հիմնական նպատակներից են սահմանված տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ակտիվացումը՝  մասնակցության նոր մեթոդների ու ձևերի ներդրման և աստիճանական զարգացման միջոցով:

Նոր ձևավորվող խմբի համար առաջիկայում կսկսվեն կարողությունների զարգացման վերապատրաստումները:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով կլոր սեղան-քննարկում  

DSCN5015

 2018թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանի ու Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Գ.Բալասանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով կլոր սեղան-քննարկում։

Քննարկմանը մասնակցում էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ անդամներ, «Պատմություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ։

Բանախոս Գ.Բալասանյանը քննարկման ընթացքում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների ոլորտում ՀՀ դերակատարմանը և քաղաքական օրակարգի հիմնախնդիրներին։ Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանային խնդիրների, լարվածության հնարավոր զարգացման, ինչպես նաև Ադրբեջանի ռազմական ձեռքբերումների վրա։

Կարևորվեց ստատուս-քվոյի  պահպանման և վերանայման նկատմամբ տերությունների և հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը՝ կապված հակամարտության լուծման և խաղաղության հաստատման հետ։ Բանախոսի կարծիքով՝ հատկապես վտանգաշատ են Ադրբեջանի զինված ուժերի վերազինման աշխարհագրությունը և օրերս Ֆրանսիայից հակաօդային պաշտպանության նորագույն միջոցների գնման գործընթացը, որը կարող է որոշակիորեն խախտել զինված ուժերի բալանսը։

Անդրադառնալով ներքին տնտեսական քաղաքականությանը՝ ընդգծվեց, որ պետք է պետությունը անմիջական վերահսկողություն սահմանի տնտեսական իրադրության նկատմամբ, ստեղծի հավասար պայմաններ առողջ մրցակցության համար և արտահանմանը միտված գործիքակազմ կիրառի։

Քննարկման ընթացքում ուսանողներն ու դասախոսներն արտահայտեցին գաղափարներ, որոնք կարող են նպաստել Տավուշի մարզի տնտեսական զարգացմանը։ Մասնավորապես նշվեց, որ խորհրդային տարիների արտադրական հսկաների գործարկումը կամ տեխնոլոգիական վերաթարմացումը կնպաստի մարզի մարդկային և աշխատանքային ռեսուրսների աճին ու զարգացմանը։

Գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը պատրաստակամություն հայտնեց պարբերաբար կազմակերպելու նմանատիպ հանդիպումներ, որոնց ընթացքում ուսանողները կարող են քննարկել այնպիսի թեմաներ, որոնք կզարգացնեն նրանց ինքնուրույն մտածողությունը և կընդլայնեն նրանց աշխարհընկալումը: