Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու հրավեր

n

 Սիրելի՛ ուսանողներ, 2019թ. մարտի 13-ին՝  ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի  թիվ 39 լսարանաում տեղի կունենա  «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների  հետ հանդիպում:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման:

Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից, տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավորություն: Ծրագրի պատասխանատուները վստահ են, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի  բացահայտման և ճիշտ ուղղորդման շնորհիվ կարելի է ունենալ սոցիալական փոփոխություն:

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2019 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն,
  • հայերենի իմացություն:

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • մասնագիտական աճի հնարավորություն,
  • մանկավարժի որակավորում,
  • մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն,
  • ֆինանսական աջակցություն,
  • նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հարթակ,
  • առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն,
  • գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում,
  • կարիերայի զարգացման հնարավորություն:

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը:

Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 041-530-039  հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ՝ anzhela.avagyan@teachforarmenia.org հասցեին:

Կայացավ «Զբոսաշրջությունը և մշակույթը երեկ, այսօր, վաղը» խորագրով միջազգային գիտագործնական տեսակոնֆերանսը

2

2019թ. փետրվարի 28-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և ՌԴ Գժելի պետական համալսարանի միջև տեղի ունեցավ Երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական  տեսակոնֆերանս՝ «Զբոսաշրջությունը և մշակույթը երեկ, այսօր, վաղը» խորագրով:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ իր խոսքում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և մշակութային առնչություններին, Գժելի  պետական համալսարանի սոցիոհումանիտար ֆակուլտետի դեկան  Նատալյա Նիկոլաևնա Ուվարովան՝ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար այս կոնֆերանսի նշանակությունը, Գժելի պետական համալսարանի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու Տ. Բ. Լիսիցինան, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Ա.Ուլիխանյանը, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Ա.Սարիբեկյանը:

Կոնֆերանսի նպատակն էր երկու համալսարանների միջև համագործակցության ամրապնդումը, փորձի փոխանակումը, երիտասարդների առաջընթացի ապահովումը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից կոնֆերանսին մասնակցում էին դասախոսներ և առկա ուսուցման համակարգի ուսանողներ ու շրջանավարտներ:

Միջազգային տեսակոնֆերանսի մասնակիցներն իրենց զեկուցումներում անդրադարձան Ռուսաստանում պատմամշակութային կենտրոնների զարգացմանը (Բելենկո Օ. Գ.), ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը տուրիզմում (Մաստյուկովա Ե. Ա.), զբոսաշրջային ձեռնարկության իմիջի ձևավորմանը (Ալիմպիևա Ա. Ա.), գովազդային միջոցների դասակարգման բազմազանությանը (Սուխով Ս. Դ.), գաստրոնոմիական տուրերին («Մոսկավայի տարածաշրջանի համը», Իլյինա Յա. Ա.), Տավուշի մարզի զբոսաշրջային ներուժին (Դովլաթբեկյան Ա. Գ.), էկոզբոսաշրջության զարգացմանը և դրա հետ կապված խնդիրներին (Սարգսյան Ա. Ա.), իրադարձային զբոսաշրջության զարգացման հնարավորություններին Տավուշի մարզում (Սաֆարյան Ս. Ա.), Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործում պատմաճարտարապետական հուշարձանների դերին (Ուլիխանյան Ա. Վ.):

«Զբոսաշրջությունը և մշակույթը երեկ, այսօր, վաղը» խորագրով միջազգային գիտագործնական  տեսակոնֆերանսն ընդհանուր առմամբ անցավ արդյունավետ, և կողմերը պայմանավորվեցին շարունակելու համագործակցությունը:

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Լիաննա Բեգինյանի հետ

6. Լիաննա Բեգինյան

 2019թ. փետրվարի 26-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2002թ. շրջանավարտ, Ուսումնամեթոդական վարչության մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժնի վարիչ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լիաննա Գրիշայի Բեգինյանի հետ:

– Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1980 թվականի նոյեմբերի 6-ին Իջևան քաղաքում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, ամուսնու, զավակների) մասին:

– Մեր ընտանիքը սովորական հայկական ընտանիք էր, թաղամասի ընտանիքների նման: Ծնողներս երբեք հետաքրքրված չեն եղել գիտությամբ: Ես դեռ փոքր եմ եղել, երբ հայրս տեղափոխվել ու հիմնական բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, մայրս շատ դժվարությունների միջով է անցել մինչև մենք` ես և քույրս,  կինքնուրույնանայինք: Ամուսնացել եմ 2005 թվականին, ունեմ մեկ դուստր և մեկ որդի, դուստրս՝ տասներկու տարեկան է, որդիս` ութ: Ամուսինս երկար ժամանակ աշխատել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում, այժմ զբաղվում է մասնավոր գոր­ծունեությամբ:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Հիշում եմ՝ փոքր հասակում, երբ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, ես պատասխանում էի` դերասան, մեծանալով հասկացա, որ  հեռու եմ դերասան լինելուց:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 1998-2002 թթ. սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ ստանալով պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան: 2002-2004 թթ. սովորել եմ ԵՊՀ մագիս­տրատուրայում և ստացել պատմության մագիստրոսի աստիճան: 2005-2014 թթ. եղել եմ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ: 2014 թվականին պաշտպանել եմ «Հուղարկավորության  և հիշատակի ծեսերն ու սովորույթները Տավուշում արդի փուլում. ավանդույթներ և նորույթներ» թեմայով գիտական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Ես համակարծիք եմ Ձեզ հետ, Հասմի՛կ, երբ նախորդ հարցազրույցում ասում եք, որ Մայր բուհի մասնաճյուղի գոյությունը Իջևանում փրկության իսկա­կան աղբյուր էր այն երիտասարդների համար, ովքեր հնարավորություն (նյութական և այլ) չունեին Երևանում սովորելու, բայց մեծ ցանկություն ունեին ուսում ստանալու: Իմ դեպքում ևս այդպես էր (1990-ականներին քչերը կարող էին ուսում ստանալ Երևանում), մասնաճյուղը մեծ դեր է խաղացել իմ հետագա գործու­նեության համար: ԵՊՀ ԻՄ-ում ուսանելու տարիներին է, որ հասկացա, թե ինչ մասնագիտացում կուզենայի ունենալ, բազում առարկաների մեջ ինձ գրավեց ազգագրությունը: Դեռ փոքր հասակից ես հետաքրքրված էի այն արարո­ղություններով, որոնք կատարվում էին իմ շուրջը, հաճախ էի ամռան գիշերներին բարձրանում մեր տան կտուրը և նայելով լուսավորված քաղաքին՝ փորձում հասկանալ, թե ինչպես են մտածում մարդիկ: Ինչ խոսք, ես շնորհակալ եմ իմ բոլոր դասախոսներին իրենց վերաբերմունքի և փոխանցած գիտելիքների համար: Մշտապես ասում եմ, որ ես թերևս չզբաղվեի գիտությամբ, եթե սեր և վստահություն չտեսնեի նրանց աչքերում: Նրանց շարքը համալրելը մեծ պատասխանատվություն է:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Դեռ ուսանելու տարիներից սկսել եմ իրականացնել մանկավարժական գործունեություն. 2001-2002 թթ. զբաղվել եմ ուսուցչությամբ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, 2005 թվականից որոշ ժամանակ աշխատել եմ ԿԱԻ Տավուշի մասնաճյուղում որպես մասնագետ, նույն՝ 2005 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս, 2015 թ.-ից ասիստենտ եմ, 2018թ. սեպտեմ­բերից նաև ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչն եմ:    

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Սիրում եմ այն գրքերը, որոնք վերաբերում են աշխարհի ժողովուրդներին, իսկ ավելի շատ սիրում եմ հեքիաթներ (Հովհ. Թումանյան, Գրիմ եղբայրներ, Շարլ Պերո, Անդերսեն և այլք):

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Մասնագիտական գրականություն միշտ եմ կարդում, գեղարվեստական գրականություն ոչ միշտ է ժամանակս թույլ տալիս, կարդացածս վերջին գեղարվեստական գիրքը եղել է ամերիկացի գրող և հասարա­կական գործիչ Թեոդոր Դրայզերի «Հանճարը»:

  Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Ամենից հաճախ լսում եմ դասական երաժշտություն, կդժվարանամ առանձնացնել սիրած երգ, քանի որ սիրելի երգեր շատ ունեմ. դրանք իտալական, ֆրանսիական, ռուսական և հայկական երգեր են, որոնք լսում եմ՝ ելնելով տրամադրությունից և իրավիճակից, սակայն մշտապես կարող եմ լսել Կոմիտասի «Հոլ արա, եզո» կատարումը:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

– Սիրում եմ հայկական բոլոր այն ֆիլմերը, որտեղ խաղում են Մհեր Մկրտչյանը, Հրաչյա Ներսիսյանը և Սոս Սարգսյանը, արտասահմանյան ֆիլմերից այն ֆիլմերը, որոնք ուսուցողական են (օրինակ՝ «Աստվածային լույս» ֆիլմը), վերջին տարիներին թերևս նախընտրում եմ դիտել կատակերգություններ:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Ինձ միշտ գրավել է գեղասահքը, կարծում եմ այն շատ դժվար մարզաձև է:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Ուսանելու տարիներից առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Երևանի նկատմամբ, հանգստություն եմ զգում, երբ քայլում եմ նրա լուսավորված փողոցներով, շատ սիրում եմ Գառնին. այն ուրիշ արժեք է հայի համար: Հայաստանից դուրս կցանկանայի տեսնել Նեմրութ լեռը, լինել Հունաստանում և Իտալիայում:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Բարոյականությունը, զսպվածությունը, լավատեսությունն ու կյանքի ձգտումը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Ես երբեմն առաջնորդվում եմ ժողովրդական խոսքերով, դրանք հարուստ կենսափորձի արդյունք են: Օրինակ՝ դրանցից մեկը, որին ես հետևում եմ, մեզ ասում է.  «Ոտքդ վերմակովդ մեկնիր», խորհուրդ է տալիս չկտրվել իրականությունից ու ճիշտ գնահատել ունեցածդ  հնարավորությունները:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Թեև կան բաներ, որոնց սկզբունքորեն դեմ եմ, սակայն երբեք չեմ ասում՝ երբեք, որպեսզի կյանքն ինձ հակառակում չհամոզի, պարզապես աղոթում եմ, որ Աստված ինձ ու իմ ընտանիքին փորձությունների չենթարկի:

Ինչի՞ց եք վախենում:

– Ես սիրում եմ ասել` «վախենում են նրանք, ովքեր վախենալու բան ունեն», իսկ մարդը վախենալու բան ունի, եթե դա կապված է ծնողի, սիրելիի, երեխայի կամ մեկ այլ մարդու հետ, ով հոգեհարազատ է: Վախերով հանդերձ՝ ես փորձում եմ ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Ափսոսում եմ դպրոցական տարիներիս համար, որ անցան մութ ու ցուրտ պայմաններում: Նույնչափ ափսոսում եմ, երբ բնակության վայրը փոխում են կամ կյանքից հեռանում են այն մարդիկ, որոնց սիրում, գնահատում կամ կարևորում եմ:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Անցյալում ունեցած դժվարությունները և ապագայի նկատմամբ հավատը:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Մայրանալը, այն կնոջ ամենամեծ ձեռքբերումն է:

  Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Կարծում եմ՝ աշխատասիրությունը և պատասխանատվության զգացումը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Խորհուրդներ շատ եմ լսել, բայց կարևորում եմ հատկապես դասախոսիս` Սիմոն Հմայակյանի տված խորհուրդը: Մի անգամ ինչ-որ առիթով նա ինձ ասաց. «Լիաննա՛, փոխի՛ր միջավայրդ, եթե քեզ լավ չես զգում»: Այդ օրվանից ես հետևում եմ նրա խորհրդին, իսկ երբեմն էլ մարդկանց ուղղակի ջնջում եմ հիշողությունիցս: Ի դեպ, մի քանի օր առաջ նրա ծննդյան օրն էր, և ես, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը ու փոխանցել հարգանքներս:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, ­որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄի ուսանողներին):

– Մեր ուսանողներին խորհուրդ կտամ, որ ճիշտ օգտագործեն իրենց ուսանողական տարիները, զբաղվեն ինքնակրթությամբ և կարևորեն ազգային ու ընտանեկան արժեքները:

Շնորհակալություն անկեղծ հարցազրույցի համար:  

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

 

Տեղի կունենա սեմինար-քննարկում ավարտական կուրսերի ուսանողների համար

45209161_1941500952594829_2054352131204317184_o ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ավարտական կուրսերի ուսանողներին հայտնում ենք, որ 2019թ. մարտի 2-ին՝ ժամը 14:10-ին, Տնտեսագիտության ֆակուլտետի թիվ 39 լսարանում, տեղի կունենա «Ինչպե՞ս գրել ավարտական աշխատանք» թեմայով սեմինար-քննարկում:

Սեմինարը կվարի ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի ԺՊ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանը:

Սիրով հրավիրում ենք:

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպել էր սիրահարների տոնին նվիրված միջոցառում

52727968_767626170283678_3462736881827971072_n 2019թ. փետրվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ Սուրբ Վալենտինի և Սուրբ Սարգսի տոներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնը:

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները:

Միջոցառման լեզուն ոչ միայն անգլերենն էր, այլև ֆրանսերենը և ռուսերենը:

Տոնական միջոցառման ընթացքում ներկայացվեցին Սուրբ Վալենտինի և Սուրբ Սարգսի տոների ծագումը, պատմությունը, ավանդույթները, սովորույթները, խորհրդանիշները:

Ուսանողները նաև կատարեցին սիրո երգեր և բանաստեղծություններ, փոխանակեցին նվերներ:

Միջոցառման վերջում ելույթ ունեցան Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ԺՊ, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը, ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ ԺՊ, ասիստենտ Ա.Մարդանյանը: Իրենց ելույթում նրանք ընդգծեցին, որ միջոցառումն անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում, ուսանողներին մաղթեցին միշտ սիրել և սիրվել: