Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Այսօր «Ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է

1518849661_1625928

 Այսօր՝ 2019թ. փետրվարի 19-ին, «Հավերժի ճամփորդ», «Հանճարեղ լոռեցի», «Մեր նոր քերթության անհաս Արարատ», «Ամենայն հայոց բանաստեղծ», հայ մեծագույն գրող, ազգային-հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է՝ համայն հայության համար մի փառահեղ տոն, ինչու՞ միայն հայության, մարդկության տոն… Հովհաննես Թումանյան, Մարդ, Պոետ, ում կնունքին՝

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

Թումանյանը մեր մեջ է՝ կամա թե ակամա, Թումանյանը մեզ հետ է ամեն տեղ և առհավետ, ամեն հասակ իր Թումանյանն ունի… Ինչքան էլ փորձենք ճշգրիտ բնութագրել «աչքի նման պարզ և աչքի նման բարդ» արվեստի տեր այս «Հանճարեղ լոռեցուն», ապա գուցե նմանվենք զուլալ ջրի մեջ սուզված մարգարիտ որսացողին. որքան ցանկանանք շոշափել այդ հազվագյուտ գանձը, փորձենք մոտենալ նրան, այնքան նա հեռանա…

Ավելի լավ է ամեն մեկս փորձենք մի քիչ «Թումանյան» լինել, մի քիչ «թումանյանվենք»՝ նրանից մի մասնիկ կրենք մեր մեջ և տարածենք մեր շուրջը, կարդանք Թումանյանին, ապրենք Թումանյանով՝ նրա խորին խորհուրդներով, աշխարհի, մարդու, չարի և բարու, կյանքի և արվեստի մասին նրա իմաստուն մտքերով, աշխատենք «մարդուն նայել բարի սրտով ու պայծառ հայացքով».

  1. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
  2. Առողջ հոգով ու մարմնով և ժամանակի գիտակցությունով ու լուսավորությունով ճոխացած. ահա թե ո՛րն է մարդը:
  3. Աշխատեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
  4. Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:
  5. Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
  6. Խոսքը, նայած, թե ինչ մարդուց ում է ուղղված, ամենազորեղ բժիշկն է: 
  7. Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են… Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար, մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…
  8. Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի: Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը` դպրոցի բովանդակությունը:
  9. Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:
  10. Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
  11. Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի:
  12. Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, նստի ու պարապի: Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը:
  13. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:
  14. Իզուր ջանք է՝ անտաղանդ մարդկանց օգնել՝ գրող դառնալու համար։ Իր եղջյուրները պախրան ինքը պիտի շինե:
  15. Բանաստեղծի համար մի բառը մի աշխարհք է:
  16. Բանաստեղծը նոր տիպ է տիեզերքի մեջ. եթե մարդկության հետ գործ ունի, հանճար է, օրինակ՝ Շեքսպիրը, եթե ազգի հետ գործ ունի, տաղանդ է:
  17. Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է:
  18. Արևը ստվեր չի տեսնում:
  19. Բանաստեղծությունը չի գրվի հանգով և վանկով, այլ սրտով ու զգացմունքով: Բանաստեղծությունը կյանքի արտահայտությունն է, կամ ավելի լավ է ասել, ինքը կյանքն է։ Այդ բանաստեղծության մեջ կյանքն ավելի կյանք է, քան թե իրականության մեջ:
  20. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
  21. Հեքիաթները անդունդներ են` խորը, անծայր, անվերջ հարուստ ու շքեղ աշխարհ: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն  է, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում:
  22. Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստոթյան, վեհության։ Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի: Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրություններն են։
  23. Հայկական էպոսը հայ ցեղի ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունը աշխարհի առջև: Ամեն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մեջ:
  24. …Ծաղիկը դրված է մեջտեղը, և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն:
  25. Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:
  26. Գրականությունն ազգի հոգին է, և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները։
  27. Չգիտենք՝ ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները: 
  28. Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
  29. Մարդիկ քիչ են, գազանները՝ շատ: Եվ այժմ ապրում ենք մի ժամանակ, երբ մեծ ասպարեզ կա մարդու էդ վայրենի բնազդին… 
  30. Էլի խելոքությունը, իմաստությունն ու համբերությունն են ամեն բանի հաղթում։
  31. Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչ հենց սրանք են աշխարհում: 
  32. Լավ մարդ – էդ բնության, ավելի ճշմարիտը՝ մարդկության մեջ ամենակատարյալ ու ամենասքանչելի երևույթն է – և ամենահազավագյուտ:
  33. Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:
  34. Զարմանալի բան է էլի. մի քանի օրով գալիս ենք էս աշխարհում ապրելու, էն էլ սիրտներս պղտոր:
  35. … Լավ մարդիկ կան, բայց ազգային ոչ մի բովանդակություն չունեն: Ոչ էս են, ոչ էն:
  36. Մենք քաղաքակրթված ենք միայն մեր շորերով, լուսավորված ենք միայն վկայականներով…
  37. …Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած: 
  38. Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լուսով ու հառաջադիմությունով, բայց չարությունը դժվար է փոխել բարության: 
  39. Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական-զուտ ազգային օրենք…
  40. …Պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք: Վերջապես լուսավորությունն, արվեստներն ու գիտություններն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհքին:
  41. …Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի լինի մեզ սիրո պայծառ զգացմունքը։ Մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպիսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի:
  42. … Շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է՝ մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքին, որ ապասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու…
  43. Ոչ մի բան այնքան ճշմարիտ չէ, որքան  այն, որ մեզանում ճշմարիտ, անկեղծ բան չկա, բոլորը դերասաններ են: 
  44. Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է նա կյանքի մեջ, ուր ապրում են:
  45. Ինձ էնպես է թվում, թե մի շատ թանկագին բան եմ գտել, այսինքն մարդ եմ գտել: Չէ որ մարդը՝ գոնե մեզ համար՝ ամենաթանկ բանն է: 
  46. Տարիներն անցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է՝ գնացին տեսան Մոլլա Նասրէդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին՝ ընչի ես սպասում: – Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք… ու շարունակ սպասում ենք: 
  47. Ավա՜ղ, կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ: 
  48. Մենակ տաղանդը ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ: 
  49. Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել: 
  50. Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը: 

Իր այս հանճարեղ մտքերով, «աչքի նման պարզ, թափանցիկ և աչքի նման բարդ» արվեստով Հովհաննես Թումանյանը մարդկությանը կուղեկցի դեռ քանի՜ հարյուր, քանի՜ հազար տարի, չէ՞ որ.

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,

Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

 

 

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՆՃԱՐՆԵՐ ԵՆՔ, ԲԱՅՑ ԵԹԵ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՁԿԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՏԵՔ ՆՐԱ՝ ԾԱՌ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ, ԱՊԱ ՆԱ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ԿԱՊՐԻ՝ ԻՐԵՆ ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԱՆՀԱՋՈՂԱԿԸ ՀԱՄԱՐԵԼՈՎ. ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

einstein-0417-social.jpg.824x0_q71_crop-scale-800x500_c      
 
 Նոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը մարդկությանը հայտնի է ոչ միայն գիտության մեջ իր մեծագույն նվաճումներով, այլև հրաշալի մեջբերումներով:

https://lifedeeper.ru/ կայքն առանձնացրել է դրանցից 40-ը: 

1. Աշխարհում կա երկու անծայրածիր բան՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը, չնայած տիեզերքի մասին ես այնքան էլ վստահ չեմ:

2. Միայն հիմարին է անհրաժեշտ այն կարգը, որ հանճարը գերիշխում է քաոսին:

3. Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի աշխատում: Պրակտիկան այն է, երբ ամեն ինչ աշխատում է, բայց ոչ ոք չգիտի, թե ինչու: Մենք միավորում ենք ինչուները: Մենք համատեղում ենք տեսությունը և պրակտիկան. ոչինչ չի աշխատում, … և ոչ ոք չգիտի, թե ինչու:

4. Կա ապրելու երկու տարբերակ: Դուք կարող եք ապրել այնպես, ասես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպես, ասես ամեն ինչ այս աշխարհում հրաշք է:

5. Կրթվածությունն այն է, ինչ մնում է, երբ մոռանում ես դպրոցում սովորածը:

6. Մենք բոլորս հանճարներ ենք, բայց եթե Դուք պետք է ձկան մասին դատեք նրա՝ ծառ բարձրանալու կարողությամբ, ապա նա ողջ կյանքը կապրի՝  իրեն ամենավերջին անհաջողակը համարելով:

7. Միայն նրանք, ովքեր գնում են անհեթեթ քայլերի, կարող են հասնել անհնարինին:

8. Ես չգիտեմ՝ ինչ զենք կօգտագործեն  Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց Չորրորդում կօգտագործեն փայտեր ու քարեր:

9. Երևակայությունն  ավելի զորեղ է, քան գիտելիքը: Գիտությունը սահմանափակ է, այնինչ երևակայությունը կարող է նվաճել ամբողջ աշխարհը:

10. Անիմաստ է անընդհատ կատարել նույն բանը՝ ամեն անգամ սպասելով այլ արդյունքի:

11. Դուք երբեք չեք գտնի խնդրի լուծումը, եթե մտածեք այնպես, ինչպես մտածել է ստեղծողը:

12. Յուրաքանչյուր ոք, ով անմիջապես ցանկանում է տեսնել իր աշխատանքի արդյունքը, պետք է կոշկակար դառնա:

13. Բոլորը գիտեն, որ դա անհնար է: Բայց ահա գալիս է այն «անգրագետը», որին դա անհայտ է. հենց նա էլ դառնում է հայտնագործության հեղինակ:

14. Կյանքը  նման է հեծանիվի. առաջ գնալու համար պետք է անընդհատ շարժվել:

15. Խելամտությունը, մեկ անգամ ընդլայնվելով, այլևս երբեք չի վերադառնա նախկին չափերին:

16. Ծովային հիվանդություն ինձ մոտ առաջացնում են մարդիկ, ոչ թե ծովերը:

17. Մարդը սկսում է ապրել միայն այն ժամանակ, երբ հաղթահարում է ինքն իրեն:

18. Ձգտիր ոչ թե նրան, որ հասնես հաջողության, այլ նրան, որ կյանքդ իմաստ ունենա:

19. Մաթեմատիկան ինքդ քեզ ճանաչելու միակ կատարյալ եղանակն է:

20. Ինչքան մեծ է իմ փառքը, այնքան շատ եմ ես հիմարություններ խոսում, և դա, անկասկած, ընդհանուր օրենք է:

21. Եթե Դուք ցանկանում եք երջանիկ  ապրել, ապա պետք է Ձեզ կապեք նպատակներին, այլ ոչ թե մարդկանց կամ իրերին:

22. Համաշխարհային օրենքները գործում են միայն համաշխարհային օրենքների մասին գրքերում:

23. Զուգադիպությունն այն միջոցներից է, որով Աստված պահպանում է իր անանունությունը:

24. Միակ բանը, որն ինձ խանգարում է սովորել, իմ ստացած կրթությունն է:

25. Ես ապրել եմ երկու պատերազմ՝ Կին և Հիտլեր:

26. Հարց, որն ինձ կանգնեցնում է փակուղու առջև. ե՞ս եմ խելագար, թե՞ ինձ շրջապատողները:

27. Ես երբեք չեմ մտածում ապագայի մասին, առանց դրա էլ այն շատ արագ է գալիս:

28. Ամենահրաշալի բանը, որ մենք զգում ենք, անհնար է բացատրել:

29.  Նա, ով երբեք չի սխալվել, չի փորձել ինչ-որ բան անել նորովի:

30. Ես բոլորի հետ խոսում եմ նույն կերպ՝ անկախ այն բանից, թե ով է՝ աղբահան, թե համալսարանի ռեկտոր: 

31. Դուք կարծում եք՝ ամեն ինչ այդքան հեշտ է. այո՛, հեշտ է, բայց ոչ այդքան:

32.  Բոլոր մարդիկ խաբում են: Բայց դա սարսափելի չէ. մարդիկ չեն լսում միմյանց:

33. Գիտությունը հիանալի է այնքան ժամանակ, քանի դեռ չի դարձել ապրուստի միջոց:

34. Ես հանճար լինելու համար չափազանց խելագար եմ:

35. Պատը ճակատով ջարդելու համար պետք է կամ վազքի մեծ ուժ ունենաս, կամ բազմաթիվ ճակատներ:

36. Եթե Դուք ինչ-որ բան չեք կարողանում բացատրել վեց տարեկան երեխային, ապա Դուք ինքներդ դա չեք հասկանում:

37. Տրամաբանությունը ձեզ A կետից կհասցնի Z կետ, իսկ երևակայությունը կպտտի ամբողջ աշխարհով:

38. Հաղթելու համար նախևառաջ պետք է խաղալ:

39. Երբեք մի՛ հիշեք այն, ինչ կարող եք գտնել գրքերում:

40. Եթե սեղանի անկանոնությունը նշանակում է անկանոնություն գլխում, ապա ի՞նչ է նշանակում դատարկ սեղանը:

 

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼ ԻՆՔԴ ՔԵԶ. ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐՈՅԴԻ 18 ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

f8b20983-b71c-46df-88be-ab6b4a5b9f8b
 
 Ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի 18 խորհուրդներն օգնում են վերացնել անհանգստությունը և հասկանալ ինքներս մեզ:

Այդ մասին հայտնում է lifedeeper.ru կայքը:
1. Մարդկային ոգու գաղտնիքն ամփոփված է մանկության հոգեբանական դրամայում:

Փորփրեք այդ դրաման, և ապաքինումը կլինի:

2. Միակ անձնավորությունը, որի հետ պետք է համեմատվեք, Դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, որից առավել պետք է լինեք, Դուք եք այսօր:

3. Դուք չեք դադարում ուժ և համարձակություն փնտրել արտաքին աշխարհում, մինչդեռ դրանք պետք է փնտրել Ձեր ներսում: Դրանք միշտ էլ այնտեղ են եղել:

4. Առանց կասկածի, տագնապի խնդիրը դառնում է բազմաթիվ կարևորագույն հարցերի գլխավոր պատճառը, տագնապի առեղծվածի լուծումը մարդու ողջ հոգեբանական աշխարհում լույսի շողի ներթափանցում է:

5.  Նևրոզը կողմնորոշվածության ցուցաբերման անկարողությունն է:

6. Սիրային հարաբերություններում չպետք է միմյանց խղճալ, քանի որ դա օտարացման պատճառ է դառնում: Եթե կան բարդություններ, դրանք պետք է հաղթահարել:

7. Դժբախտաբար, ճնշվածության զգացողությունները չեն մեռնում: Դրանց ստիպել են լռել: Եվ դրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա:

8. Պատահական ոչինչ չկա, ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապը:

9. Երջանկություն կոչվածը, որպես այդպիսին, ստեղծվում է երկար ժամանակ զսպված կարիքների բավարարման արդյունքում:

10. Այն մարդուն, որը եղել է իր մոր անվիճելի սիրելին, ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցում են հաղթանակի զգացողությունն ու հաջողությունների հանդեպ վստահությունը, որոնք շատ հաճախ բերում են իրական հաջողության:

11. Երազները երբեք մանրուքներով չեն զբաղվում: Մենք թույլ չենք տալիս, որ վերջիններս մեզ անհանգստացնեն երազում:

12. Ընկճախտը քարացած վախն է:

13. Ճակատագիրը, որը կարողանում է որոշակի բավարարվածություն ստանալ անգամ բաց թողնված հնարավորությունից, ավելի լավ է բուժում, քան բժիշկը:

14. Համարձակ և ինքնավստահ է դառնում նա, ով համոզված է, որ իրեն սիրում են:

15. Մարդիկ ապրում են երևակայությամբ՝ ցանկանալով իրագործել իրենց երազանքները:

Ուժեղ անհատը երազանքը դարձնում է իրականություն, իսկ թույլը շարունակում է ապրել երևակայությամբ:

Եվ այդ երևակայական ցանկությունները դառնում են տարբեր հիվանդությունների պատճառներ:

16. Լիովին անկեղծ լինել ինքդ քեզ հետ լավ վարժություն է:

17. Զբաղված մարդուն հազվադեպ են այցելում անգործ հյուրեր: Եռացող թասի վրա ճանճեր չեն հավաքվում:

18. Միայն մանկության երազանքների իրագործումը կպարգևի երջանկություն:

ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում բացվել է նոր էջ՝ «Հարցազրույցների շարք մեր շրջանավարտների հետ»

45209161_1941500952594829_2054352131204317184_o

 Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «ՇՐՋԱՆԱՎԱՐՏ» բաժնում բացվել է նոր էջ՝

«ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ», որտեղ նախատեսված է ընդգրկել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր տարիների շրջանավարտների հետ «Հաջողության բանաձև» թեմայով հարցազրույցները:

Կրթաթոշակներ, արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություններ և գիտակրթական միջոցառումներ. «Արմակադը» հարթակ է բոլորի համար

         UE2EitAOiHVj7uSjs9xRSLg1Hs
 
  ԵՊՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի անդամները կարող են օգտվել «Արմակադից» և ստանալ տեղեկատվություն կրթաթոշակների, միջազգային ամառային դպրոցների, գիտաժողովների և այլ ուսումնական ու հետազոտական ծրագրերի մասին:

«Արմակադը» հարթակ է ուսանողների և գիտնականների համար՝ փնտրելու և գտնելու կրթաթոշակներ, ամառային դպրոցներ, դրամաշնորհներ, գիտաժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ և այլ ուսուցողական ու հետազոտական հնարավորություններ ամբողջ աշխարհում:

Յուրաքանչյուր օր «Արմակադում» հրապարակվում են տեղեկություններ հարյուրավոր գիտակարգերում առկա հնարավորությունների մասին:

Բոլոր այցելուները կարող են բաժանորդագրվել կայքում, ընտրել այն գիտակարգերը, որոնք առավելապես համապատասխանում են իրենց կրթական ու ակադեմիական հետաքրքրություններին և ստանալ դրանց վերաբերյալ ամենաթարմ տեղեկություններն էլեկտրոնային փոստի միջոցով:

Ի դեպ, կայքում կարող եք օգտվել նաև փնտրելու գործառույթից, որի միջոցով հնարավոր է զտել տեղեկատվությունը և գտնել ձեր նախընտրած երկրին, գիտակարգին և հնարավորությանն առնչվող հայտարարություն:

Մեզ հետ զրույցում «Արմակադ» ընկերության նախագահ Խաչիկ Գևորգյանն ասաց, որ աշխարհում բոլոր գիտական ուղղություններով այնքան շատ հնարավորություններ կան, որ նույնիսկ նրանք, ովքեր ոչինչ չեն փնտրում ու չեն ուզում մասնակցել որևէ միջազգային գիտակրթական ծրագրի, վստահաբար կգտնեն որևէ տեղեկատվություն, որն անպայման կհետաքրքրի:

«Ուզում եմ ասել, որ «Արմակադը» տեղեկացնում է ակադեմիական բոլոր ոլորտներում առկա հնարավորությունների մասին, որոնց պարզապես պետք է դիմել ու մասնակցել։ Բոլոր հետաքրքրվողները կարող են օգտվել «Արմակադից», գրանցվել «Արմակադում» ու միշտ լինել տեղեկացված»,- ասաց Խաչիկ Գևորգյանը։

Աղբյուրը՝ ysu.am։