Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացան «Կրթության ժամանակակից խնդիրները» և «Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դաս-քննարկումները

DSCN5682 2019թ. փետրվարի 12-ին և 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան «Կրթության  ժամանակակից  խնդիրները» և Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դասքննարկումները, որոնք վարեց ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Երկօրյա քննարկումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:

Առաջին օրվա ընթացքում՝ «Կրթության  ժամանակակից  խնդիրները» դաս-քննարկման ժամանակ, մասնակիցներին ներկայացվեցին  այն փոփոխությունները, որոնք տեղի են  ունենում աշխարհում, այն փոփոխությունները, որոնք ազդում են ուսանողների վրա:

Ընդգծվեց այն գաղափարը, որ մենք պետք է հասկանանք ուսանողների առօրյան համալսարանից դուրս, որպեսզի կարողանանք արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը:

Որպես ուսանողների վրա ազդող գործոն նշվեց տեղեկատվական հոսքերի ավելացումը, ինչի հետևանքով սովորողների դեպքում առաջանում է ուշադրության դեֆիցիտ: Որքան շատ է տեղեկատվությունը, այնքան ավելի շատ ենք սպառում մեր ուշադրությունը. այս հանգամանքը դժվարացնում է սովորելու գործընթացը:

Շեշտվեց նաև այն հանգամանքը, որ այսօր ամեն ինչ հարմարեցվում է մարդուն: Սակայն կրթությունն արդյունավետ է այն դեպքում, երբ մարդն է հարմարվում սովորելու գործընթացին:

«Լուրջ խնդիր է նաև տեխնոլոգիաների զարգացումը, որը շատ առումներով փոխարինելու է մարդուն: Թերևս ամենագլխավոր խնդիրն այն է, որ այսօր կա իմաստի, մեծ գաղափարի կորուստ, առանց դրանց կրթական համակարգը չի կարող զարգանալ», – հատկանշեց պարոն Խաչատրյանը:

Երկրորդ օրվա  ընթացքում՝ «Ինչպես  է  սովորում  մարդը» թեմայի  քննարկման շրջանակներում, մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես է տեղի ունենում սովորելու գործընթացը, ընդգծվեց ուշադրության դերը կրթության գործընթացում, ուսուցումը դիտարկվեց որպես խորքային գործընթաց:

Տրվեց սովորելու ճարտարապետությունը: Ներկայացվեց, թե ինչպես է կառուցված մարդու ուղեղը, ինչպես է մարդը սովորում: Իրարից տարբերակվեցին աշխատանքային և երկարաժամկետ հիշողությունները: Նշվեց, որ մարդու աշխատանքային հիշողությունը սահմանափակ է, ուստի չի կարելի մարդուն չափից ավելի շատ բան սովորեցնել, իսկ այն, ինչ սովորեցնում ենք, պիտի լինի իմաստալից և կապակցված: Ընդգծվեց, որ երկարաժամկետ հիշողությունն էլ հիմնվում է խորքային գիտելիքի վրա: Այն ամենը, ինչը մակերեսային է, ուսուցում չէ. ուսուցումը լինում է խորքային:

Դասախոսներն արծարծված խնդիրների շուրջ արտահայտեցին իրենց տեսակետները, պարոն Խաչատրյանին ներկայացրին իրենց հուզող հարցերը՝ ակնկալելով նաև կոնկրետ առաջարկներ. ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ:

Երկօրյա դաս-քննարկումներն ավարտվեցին՝ կրկին հանդիպելու և ժամանակակից կրթությանն առնչվող այլ խնդիրներ քննարկելու ակնկալիքով:

 

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Ջուլիետա Ճաղարյանի հետ

4. Ջուլիետա Ճաղարյան

 2019թ. փետրվարի 7-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2006թ. շրջանավարտ, «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Ջուլիետա Սամվելի Ճաղարյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1985 թվականին Սևքար գյուղում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, ամուսնու, զավակների) մասին:

– Հայրս՝ Սամվել Ճաղարյանը, 29 տարի (սկսած 23 տարեկանից) եղել է Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրենը, մայրս՝ Անահիտ Դավթյանը, գյուղապետարանում աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ: Ես ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ. որդիս ութ տարեկան է, դուստրս՝ հինգ, ամուսինս ապահովագրական ընկերությունում հայցեր կարգավորող մասնագետ է:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Ես, խղճից թույլ մարդ լինելով, փոքր հասակում երազում էի դառնալ դատապաշտպան, որպեսզի կարողանամ օգնել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 2002-2006 թթ. սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տեսական տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատում: 2006-2008 թվականներին սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում՝ «Դրամաշրջանառություն, ֆինանսներ, բանկային գործ» մասնագիտացմամբ:

 Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը առաջնային, հիմնական դեր է խաղացել իմ կյանքում: Իմ հարազատ բուհն ինձ շատ բան է տվել՝ ոչ միայն որակյալ կրթություն, այլև հոգևոր ու բարոյական դաստիարակություն, ինձ շատ է խրախուսել: Առաջին անգամ այդտեղ է ինձ վստահվել դրսևորելու լիդերության հատկանիշներ. նշանակվել եմ կուրսի ավագ, որին շատ մեծ պատասխանատվությամբ էի մոտենում: Առաջին անգամ ԵՊՀ ԻՄ-ում է օրինակելի վարքի և առաջադիմության համար ինձ տրվել շնորհակալագիր, որով շատ էի ոգևորվել: Թեև մասնաճյուղում սովորել եմ վճարովի հիմունքներով, բայց բարձր առաջադիմության համար ինձ տրվել է ուսման վարձի փոխհատուցում, անվճար հիմունքներով էլ սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Ուսանողական տարիներից՝ 3-րդ կուրսից, աշխատել եմ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունում (ՄԲԿ)՝ որպես տարածքային դիտորդ: 2008-ից աշխատում եմ «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ որպես գլխավոր մենեջեր, 2017թ. մարտից կառավարիչն եմ:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Ժամանակի սուղ լինելու պատճառով գեղարվեստական գրքեր շատ չեմ հասցնում կարդալ, անընդհատ ընթերցում եմ մասնագիտական գրականություն, հետևում օրենսդրության փոփոխություններին:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Նախընտրում եմ ռուսական շանսոն:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Սիրում եմ խորիմաստ ֆիլմեր: Նույն ֆիլմը երկրորդ անգամ չեմ դիտում: Հավանում եմ, օրինակ, «Ծովահենները» ֆիլմը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Լող: Մարտական մարզաձևեր չեմ սիրում:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանում՝ իմ Իջևանը, արտասահմանում ինձ շատ է գրավում «Սիրո քաղաք» Փարիզը:   

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Մարդասիրությունը, երախտապարտ լինելու, իր ունեցածը գնահատելու հատկությունները, ազնվությունը: Չեմ ընդունում երկերեսանի մարդկանց:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Նայած իրավիճակին՝ ունեմ նախընտրելի մի քանի ասույթ, ինչպես «Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում», «Ուրիշի համար փոս փորողն ինքն է մեջն ընկնում», «Գեղ կանգնի, գերան կկոտրի», «Այն աղբյուրը, որից ջուր ես խմում, քար մի՛ գցիր»:  

Ի՞նչ երբեք չեք անի:

– Որևէ մեկի իրավունքները չեմ ոտնահարի, գողություն, անազնվություն չեմ անի, ապերախտ չեմ լինի:

Ինչի՞ց եք վախենում:

– Մենակությունից:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Ափսոսում եմ, որ ծնողներիս չեմ կարող վերադարձնել այն, ինչ իրենք են ինձ տվել:

 Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Ժամանակը. հապշտապ որոշումներ չեմ կայացնում, սպասում եմ, կշռադատում, հետո նոր կայացնում: Որոշում կայացնելիս էլ առաջնային նշանակություն եմ տալիս մարդկայնության գործոնին:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Ընտանիքս և իմ ստացած դաստիարակությունը:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Աշխատասիրությունը, նվիրումը գործին, պատասխանատվության բարձր զգացումը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Հայրս ինձ միշտ ասում էր. «Հույսդ միշտ քեզ վրա դի՛ր. ձեռքդ դի՛ր ծնկիդ և վե՛ր կաց»:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Մեր երիտասարդներին՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, խորհուրդ կտամ, որ, բնականաբար, լավ սովորեն, որովհետև առանց սովորելու, առանց պարտաճանաչության և պատասխանատվության զգացումի (թե՛ ուսման և թե՛ աշխատանքի նկատմամբ) չեն կարող գտնել իրենց տեղը կյանքի ոչ մի բնագավառում: Մարդ պիտի ձգտում ունենա և հասնի դրան իր արժանիքների շնորհիվ:   

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:  

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է «ՎԻՎԱ-ՍԹԱՐԹ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

vivacell

  Հարգելի՛ ուսանողներ, ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի 2019թ. մարտի 4-ին:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի, ՀՀ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում և Զանգերի կենտրոնում մինչև ս. թ. ապրիլի 30-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր և բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

1.Բարձր առաջադիմություն, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացում, օտար լեզուների իմացություն:

  1. Հաղորդակցման գերազանց հմտություններ:
  2. Դրական մոտեցում/էնտուզիազմ:
  3. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն:
  4. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

 

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց՝ ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. փետրվարի 17-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով:

Շնորհակալություն հետաքրքրության համար:

 

ՎիվաՍել-ՄՏՍ

 

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք…

Happy-birthday-520x360

 ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով ու երախտագիտությամբ շնորհավորում ենք մասնաճյուղի բազմամյա հմուտ և պատասխանատու աշխատակից, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տաթևիկ Վասիլի Խաչատրյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ, մաղթում ենք երջանկություն, առողջություն, անձնական և մասնագիտական հաջողություններ, ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներ, անսպառ եռանդ, ամենալավն ու բարին: