Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնությունը

DSCN6091

 2019թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն:

Առաջնությանը մասնակցում էին տարբեր ֆակուլտետներից 5-ական աղջիկներ՝ չորս թիմ («ՏՄՄ – 1», «ԿԱ, Դիզայն – 1», «ԻԿՄ – 2», «ՏՄՄ և ԿԱ, Դիզայն – 1»):

Թիմերը մրցեցին հինգ վարժաձևերով՝ օձաձև անցում, խաղային փոխանցավազք, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, փոխանցավազք բասկետբոլի գնդակով, անցում մարմնամարզական օղակների միջով:

Հաղթեց «ՏՄՄ-1» թիմը՝ բոլոր ձևերում ցուցաբերելով համառ պայքար:

Երկրորդ տեղը գրավեց «ԻԿՄ – 2» թիմը:

Երրորդ տեղը գրավեց «ԿԱ, Դիզայն – 1» թիմը:

Բոլոր թիմերը տնօրենության կողմից ստացան շնորհակալագրեր, հաղթող թիմը՝ նաև հուշանվերներ:

Հանդիպումներ Ճամբարակի տարածաշրջանի դպրոցներում

IMG_7348

 2019թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լիաննա Բեգինյանը և նույն բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը հանդիպումներ ունեցան Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի դպրոցներում:

Նրանք այցելեցին Ճամբարակի ավագ և Թթուջուր, Մարտունի, Գետիկ, Այգուտ, Դպրաբակ գյուղերի միջնակարգ դպրոցներ:

Զրուցելով դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցչական կազմի հետ՝ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները ներկայացրին 2019թ. առկա ընդունելության մասնագիտությունները, անհրաժեշտ քննությունները և դրանց տարբերությունները (մրցութային, ոչ մրցութային), մասնաճյուղի ուսանողների և շրջանավարտների հնարավորությունները, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

Առաջիկայում նմանատիպ հանդիպումներ կլինեն Տավուշի և Լոռու մարզերի այլ համայնքներում ևս:

Հովհ․ Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառմանը մասնակցելու հրավեր

1518849661_1625928

 Սիրելի՛ ուսանողներ, 2019թ ապրիլի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպում է գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։

Մասնակցել ցանկացողները մինչև 30-ը մարտի կարող են դիմել Հայոց լեզվի և գրականության ամբիոն։  

Կայացավ «ԵՊՀ ԻՄ ակադեմիական ազնվության կանոնակարգ»-ի վերաբերյալ քննարկում

DSCN6048

 2019թ. մարտի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը հանդիպում էր կազմակերպել մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին մասնաճյուղի տարբեր ամբիոնների դասախոսներ, ՄԿՈԱ բաժնի որակի ներքին գործընթացներին աջակցող ուսանողական խմբի անդամներ։

Նախ ելույթ ունեցավ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը։ Նա նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 1.2.6. կետի պահանջներից ելնելով  (մշակել և ներդնել ակա­դեմիական ազնվու­թյունն ապա­­հովող մեխա­նիզմ­ներ՝ գրա­գողու­թյունը կան­խե­լու նպա­­տա­կով)՝ բաժինը հանդիպումներ է կազմակերպում ուսանողների և դասախոսական կազմի հետ։ Նշվեց, որ 2018թ. դեկտեմբերին ՄԿՈԱ բաժինը որակի ներքին գործընթացներին աջակցող իր աշխատանքային խմբի օգնությամբ նախ հանդիպումներ է ունեցել մասնաճյուղի առկա ուսուցման ուսանողների հետ։ Հանդիպումներն անցկացվել են ֆոկուս-խմբերով։ Բաժինը նպատակ ուներ ուսումնասիրելու և պարզելու մասնաճյուղում ակադեմիական ազնվության առկա մակարդակից ուսանողների բավարարվածությունը, վերհանելու ակադեմիական անազնվության դրսևորումների ու հետևանքների հետ կապված խնդիրները, հնարավորություն տալու ուսանողներին ներկայացնել իրենց առաջարկները համալսարանական միջավայրում ակադեմիական ազնվության պահպանման և անազնվության դեմ պայքարի վերաբերյալ: Այնուհետև կատարվել է հարցում,  որին մասնակցել են 4 ֆակուլտետների 47 ուսանողներ:

Մ.Ճաղարյանը, ներկայացնելով դասախոսների հետ հանդիպման օրակարգը, նշեց, որ այդ հանդիպման նպատակն է դասախոսական կազմի հետ նույնպես քննարկել գործող «ԵՊՀ ԻՄ ակադեմիական ազնվության կանոնակարգ»-ը` դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար: Դրանով նրանք կաջակցեն ազնիվ և արդար ուսումնառությանը և մասնաճյուղում ակադեմիական ազնվության մակարդակի բարձրացմանը, կօժանդակեն բաժնին ակադեմիական ազնվությունն ապահովող մեխանիզմների մշակման գործընթացում:

Ապա բաժնի մասնագետ Անահիտ Հովսեփյանը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ակադեմիական ազնվության մակարդակի և «ԵՊՀ ԻՄ ակադեմիական ազնվության կանոնակարգ»-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ անցկացված ուսանողական հարցման արդյունքները և դրանց վերլուծությունը: Մասնավորապես շեշտվեց, որ, ըստ այդ արդյունքների, հարցմանը մասնակցած ուսանողների 83%-ը լիարժեք կամ մասնակի բավարարված է մասնաճյուղում ակադեմիական ազնվության մակարդակից։ Ապա ներկայացվեցին ուսանողների կարծիք-առաջարկները մասնաճյուղում ակադեմիական ազնվության մակարդակի բարձրացման ու ակադեմիական անազնվության դեմ պայքարելու ձևերի վերաբերյալ։ Նշվեց, որ բաժնում քննարկվել են ուսանողների արած առաջարկները, դրանցից առանձնացվել են ուշադրության արժանի մի շարք առաջարկներ, որոնք մասնաճյուղում ակադեմիական ազնվության մակարդակի վերաբերյալ դասախոսների կարծիքի ուսումնասիրության հարցաթերթի հետ ներկայացվել են ամբիոնների քննարկմանը:

Հանդիպման ընթացքում դասախոսները ողջունեցին ուսանողների իրատեսական կարծիքները և ուսումնական գործընթացում նաև սեփական թերացումներն ընդունելու կարողությունը:

Ապա տեղի ունեցավ բուռն քննարկում ակադեմիական ազնվության մակարդակի բարձրացման համար ուսանողների կատարած առաջարկների շուրջ: Դասախոսները ներկայացրին սեփական առաջարկները և պատկերացումները ակադեմիական անազնվության, նրա  դրսևորման ձևերի և կանխարգելման քայլերի վերաբերյալ: Ներկաների մեծ մասը իրատեսական և արդարացի չհամարեց (ըստ գործող կարգի) ակադեմիական անազնվության դրսևորումների համար ուսանողների նկատմամբ կտրուկ պատժամիջոցների կիրառումը:

Քննարկման մասնակիցները նշեցին, որ հարցաթերթում իրենք մանրամասն ներկայացրել են իրենց տեսակետները մասնաճյուղում ակադեմիական ազնվության ներկա մակարդակի վերաբերյալ, իրենց նկատած անազնիվ դրսևորումները և դրանք կանխելու իրենց քայլերը, իրենց կարծիքները ակադեմիական անազնվության դիմելու դրդապատճառների մասին, կատարել են առաջարկներ մասնաճյուղում ակադեմիական ազնիվ աշխատանքի (հատկապես ավարտական աշխատանքների) ապահովման և ակադեմիական ազնվության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը նշեց, որ բաժինը հանդիպումից և հարցման արդյունքներն ամփոփելուց հետո կվերանայի կանոնակարգը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ակադեմիական անազնվության դրսևորման դեպքում պատասխանատվության ենթարկելու ձևերի վրա (կանոնակարգի 4-րդ կետի 3,4 ենթակետեր)։ Նա նաև նշեց, որ բաժինն այժմ աշխատում է Էթիկայի կանոնագրքի վրա, որը կներառի ակադեմիական ազնվություն և անազնվություն գաղափարների սահմանումները, անազնվության կանխարգելման ձևերը, էթիկայի նորմերը և էթիկական վարքագծի կանոնները, որից հետո կանոնակարգը գործածությունից կհանվի։

Իջևանի վարժարանի և Ազատամուտի միջնակարգ դպրոցի սաները մասնաճյուղում

DSCN6033

 2019թ. մարտի 4-ին և 5-ին Իջևանի վարժարանի և Ազատամուտի միջնակարգ դպրոցի սաները ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Մարտի 4-ին մասնաճյուղը հյուրընկալեց Իջևանի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներին՝ դպրոցի կազմակերպիչ Նաիրուհի Ղավալյանի և քիմիայի ուսուցիչ Հերմինե Գրիգորյանի ուղեկցությամբ:

ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լիաննա Բեգինյանը և նույն բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը հյուրերին ներկայացրին մասնաճյուղում գործող մասնագիտությունները և ստորաբաժանումները, ծանոթացրին գրադարանին, լսարաններին, համակարգչային սրահներին, Անգլերենի ռեսուրս կենտրոնին, Կիրառական արվեստի ֆակուլտետի արվեստանոցներին:

Վարժարանի ներկայացուցիչները եղան նաև ԵՊՀ ԻՄ-ի տարածքում գործող Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում:

Այցի ընթացքում աշակերտներն ականատես եղան քիմիայի դիտարժան փորձերի, որոնք իրականացրին ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Ռոբերտ Ադամյանը, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ք.գ.թ., դոցենտ Գևորգ Սիմոնյանը և նույն ամբոնի դոցենտ, ք.գ.թ. Հմայակ Իսախանյանը:

Մարտի 5-ին մասնաճյուղի հյուրերը Ազատամուտի միջնակարգ դպրոցի սաներն էին: Նրանք այցելեցին Կիրառական արվեստի ֆակուլտետ, որտեղ ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ալեքսան Մարգարյանը, Գծանկարի, Գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, ՀՀ նկարիչների միության վարչության անդամ Համլետ Ասատրյանը, Դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտներ Անուշ Չիբուխչյանը, Դոնարա Չիբուխչյանը և Քրիստինե Մխիթարյանը նրանց ծանոթացրին ֆակուլտետի առօրյային, ուսանողների և դասախոսների աշխատանքներին, ներկայացրին մասնագիտությունների առանձնահատկությունները և շրջանավարտների հնարավորությունները:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: