Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 3-րդ կուրսի ուսանողների արտադրական (մանկավարժական) պրակտիկան

52838862_423752995027429_4444664902178570240_n 2019թ. փետրվար-մարտ ամիսներին ԵՊՀ ԻՄ-ի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության («Տարրական  մանկավարժություն  և  մեթոդիկա» կրթական ծրագիր)  3-րդ  կուրսի  ուսանողներն իրենց արտադրական (մանկավարժական) պրակտիկան են իրականացնում Իջևանի  №1  հիմնական  դպրոցում:

Ծրագրի համաձայն՝ պրակտիկան կազմակերպվում է շարունա­կա­կանության ու հաջորդականության սկզբունքներով և մասնագիտական կոմպետեն­տության աստիճանական զարգացման մեխանիզմով` ղեկավարներ Մանկավար­ժության և հոգեբանության ամբիոնի  դասախոսներ, հ.գ.թ., ասիստենտ  Ա.Քամալյանի  և  մ.գ.թ., ասիստենտ Ա.Սարգսյանի  վերահսկողությամբ: 

Պրակտիկայի սկզբում ուսանողները հանդիպումներ են ունեցել մասնագիտական ամբիոնին կցված ղեկավարների, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ա.Պետ­րոսյանի և դպրոցի կողմից նշանակված պրակտիկայի ղեկավարների հետ: Ուսանողներին ներկայացվել են պրակտիկայի  նպատակը և անելիքները, դպրոցում գործող նորմերն ու կարգուկանոնը, հստակեցվել են հանձնարարականները, կատարվել է ուսանողների բաշխում ըստ դասվար­ների:        

Պրակտիկայի ընթացքը  բավականին  հագեցած  է ուսանողների  համար: Մանկավարժի գործունեություն իրականացնելու համար նրանք կատարում են ակտիվ աշխա­տանք­ներ՝ զարգացնելով դասի պլան կազմելու (նպատակները, խնդիրները, քայլերը և իրա­կանացման մեթոդները որոշելու), դաս վարելու, արդյունքները քննար­կելու և  մեկնաբանելու իրենց կարողությունները:

Հմուտ դասվարներն  իրենց փորձը փոխանցում  են ուսանողներին և նրանց  նախապատրաստում  ուսուցչի աշխատանքին:

Կայացավ «Ինչպե՞ս գրել ավարտական աշխատանք» թեմայով սեմինար-քննարկումը

DSCN5940

 2019թ. մարտի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ինչպե՞ս գրել ավարտական աշխատանք» թեմայով սեմինար-քննարկումը, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի ԺՊ, ա.գ.թ., դոցենտ Գ.Հովհաննիսյանը:

 Քննարկմանը ներկա էին մասնաճյուղի ավարտական կուրսերի ուսանողներ:

 «Գիտահետազատական  աշխատանք  կատարելու  հիմնական  սկզբունքները» մեթոդական ձեռնարկի համահեղինակ Գ.Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպված սեմինար-քննարկման նպատակն էր ավարտական կուրսերի ուսանողներին հաղորդակից դարձնել ավարտական աշխատանքների կատարման մեթոդաբանությանը և մեթոդներին, դրանց ձևավորման և ձևակերպման կանոններին, ուսանողներին պատրաստել ավարտական աշխատանքների պաշտպանությանը, նրանց ներկայացնել հրապարակային պաշտպանության ժամանակ աշխատանքների գնահատման սանդղակը:

 Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեցին գիտական հետազոտության առանձնահատկությունները՝ գործընթացի նպատակաուղղվածությունը, անհայտի բացահայտումը, նորի որոնումը և հետազոտության հատուկ մեթոդների օգտագործումը:

 Տրվեց ավարտական աշխատանքի՝ որպես գիտահետազոտական աշխատանքի սահմանումը, այն է՝ ավարտական աշխատանքն ուսանողի մասնագիտական որակավորումը՝ տեսական ու գործնական պատրաստվածությունը հաստատող ուսումնասիրություն է: Բակալավրի ավարտական աշխատանքն ինքնուրույն, տեսական կամ կիրառական նշանակության աշխատանք է, որն արտացոլում է տվյալ մասնագիտության շրջանակներում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու, մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու և լուծումներ առաջադրելու հմտություններ:

 Ներկայացվեցին գիտական հետազոտության իրականացման վերաբերյալ որոշ մեթոդաբանական մոտեցումներ, այսինքն՝ բացատրվեց, թե ինչ է նշանակում գիտականորեն ուսումնասիրել՝ լինել գիտականորեն օբյեկտիվ, չանտեսել փաստերը՝ ելնելով դրանք բացատրելու կամ դրանց գործնական կիրառությունը ցույց տալու դժվարությունից, քանզի գիտության մեջ նորի էությունը ոչ միշտ է տեսանելի հետազոտողին:  

DSCN5951Ընդգծվեց, որ գիտականորեն հետազոտել նշանակում է չափել այն ամենը, ինչը հնարավոր է չափել, ցույց տալ ուսումնասիրվող օբյեկտի կամ երևույթի հարաբերակցությունն արդեն հայտնիի հետ, ոչ միայն դիտել, այլև տեսնել, նկատել կարևոր մանրամասնություններ, մեծը փոքրի մեջ՝ այդ ընթացքում իհարկե չշեղվելով հետազոտության գլխավոր գծից:

 Նշվեց, որ գիտական հետազոտությամբ բավարար չէ միայն հաստատել գիտական նոր փաստ, կարևոր է դրան տալ գիտական բացատրություն, ցույց տալ դրա ճանաչողական, տեսական կամ գործնական նշանակությունը:   

 Անդրադարձ կատարվեց նաև գիտության լեզվին, որի հիմքը կազմում են տերմինաբանական բնույթի այնպիսի բառեր և բառակապակցություններ, ինչպիսիք են թեմայի արդիականություն, ասպեկտ, գիտաենթադրություն, դեդուկցիա, ինդուկցիա, գիտական հետազոտություն, հետազոտության նպատակ, խնդիրներ, օբյեկտ, առարկա, կատեգորիա, հետազոտության մեթոդ, գիտական ճանաչողության մեթոդաբանություն, գիտական փաստ, հասկացություն, դատողություն, տեսություն, սկզբունք, հետևություն, եզրակացություն և այլն:

 Ցուցադրվեց հետազոտության կառուցվածքը, գիտական հետազոտության ընթացքի ընդհանուր սխեման.

  1. Ընտրված թեմայի արդիականության (ակտուալության) հիմնավորում:
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն:
  6. Ստացված արդյունքների հետևությունների ձևակերպում և գնահատում:

 Ամփոփելով սեմինարի ընթացքում քննարկված հարցերն ու խնդիրները՝ պարոն Հովհաննիսյանը կատարեց հետևյալ հետևությունները.

  • գիտահետազոտական աշխատանք գրելիս հեղինակը պետք է իմանա գիտական հետազոտություն կատարելու հիմնական սկզբունքները,
  • ուսումնասիրության թեմայի ընտրությունից ու հաստատումից հետո անհրաժեշտ է զբաղվել թեմային առնչվող նյութերի՝ սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների հավաքմամբ («մրջյունի» փուլ),
  • այնուհետև հարկ է ընթերցել հավաքված գրականությունը՝ ընթացքում առանձնացնելով ուսումնասիրության թեմային վերաբերող նյութերը («մեղվի» փուլ):  

 Վերջում սեմինար-քննարկման մասնակիցներն ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Կենդանի պահելով բարբառը. բարբառագիտական ընթերցումներ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

hcrbAeZlIrOYe8XFFq27tAcaXB

2019թ. մարտի 2-ին  ԵՊՀ հայ բանասիրության ՈՒԳԸ-ն և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնը  կազմակերպել էին «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով համաժողով:

 ԵՊՀ մասնաճյուղի տնօրեն, ֆիզմաթ. գիտ. թեկ. Արտակ Ցուցուլյանը ողջունեց ուսանողներին. «Ուրախ եմ, որ մասնաճյուղում նման միջոցառումներ են տեղի ունենում և հույս ունեմ, որ դրանք ավանդույթ կդառնան: Քչերը գիտեն, որ այս տարին հոբելյանական է նաև մասնաճյուղի համար: Այս տարի լրանում է մասնաճյուղի ստեղծման 25-ամյակը»:

 Բարի երթ մաղթելով համաժողովին՝ Արտակ Ցուցուլյանը հավելեց, որ այս միջոցառումը նվիրված է մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին:

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Վաչագան Ավագյանը ներկայացրեց միջոցառման նախապատմությունը:

 «Ամիսներ առաջ, երբ Իջևանի մասնաճյուղում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հետ հանդիպումից հետո Երևան էինք վերադառնում, նկատեցինք, որ ուսանողներից մեկը, մոռանալով գիտական-ուսանողական միջավայրի մասին, սկսեց խոսել իր բարբառով, իսկ երբ սթափվեց, ներողություն խնդրեց: Այնքան քաղցր հնչեց նրա բարբառը, որ խորհուրդ տվեցի՝ լսարանային, գրական միջավայրից դուրս հարազատ մնալ բարբառին՝ այն աշխույժ միջավայր բերելով: Այդ ժամանակ որոշեցինք մինչև ճանապարհի վերջ յուրաքանչյուրս խոսել մեր բարբառով»,- պատմեց Վաչագան Ավագյանը:

 «Անմիջապես միտք հղացավ այս ամենը բերել լսարանային միջավայր և դրան տալ գիտական բովանդակություն, չէ՞ որ ուսանողների մեծ մասը բարբառների կենդանի կրող է, և դա շատ հիանալի հնարավորություն է բարբառագիտական ուսումնասիրությունների համար»,- հավելեց նա:

 Հայ բանասիրության ֆակուլտետի և մասնաճյուղի՝ տարբեր բարբառներ կրող ուսանողները պատրաստել էին հայտնի ստեղծագործությունների բարբառային տարբերակները: Համեմատության մեջ դնելով գրական հայերենը և այլ բարբառներ՝ ուսանողներն ուսումնասիրությունների լայն դաշտ մտնելու հնարավորություն ստացան:

 Նմանատիպ միջոցառումները բարբառներն ուսումնասիրելու հիանալի հնարավորություն են ուսանողների համար, քանի որ կենդանի շփումը բարբառակիրների հետ, նրանց հետ քննարկումները տեսական գիտելիքները տեղափոխում են գործնական դաշտ: 

 Ի դեպ, ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Սամվել Եղիազարյանի նախաձեռնած «Բարբառագիտական հետազոտություններ և համեմատական բարբառագիտություն» ծրագրով վերականգնվում են ֆակուլտետի՝ բարբառներն ուսումնասիրող գեղեցիկ ավանդույթները:

 Հիշեցնենք, որ բարբառագիտական առաջին ուղևորությունը դեպի Շիրակի մարզ էր: Այս անգամ, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի հետ, ուսանողները հնարավորություն ունեցան լսելու և ծանոթանալու Տավուշի մարզի բարբառներին:

 Աղբյուրը՝ ysu.am:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Ակնարկային դասախոսությունները վերսկսվեցին

DSCN58492019թ. մարտի 1-ին վերսկսվեցին Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բարձրակարգ դասախոսների մասնակցությամբ ակնարկային դասախոսությունները:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները՝ Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, պ.գ.թ, ասիստենտ Լիաննա Բեգինյանը, նույն բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Հարությունյանը, այցելեցին Գառնիկ Անանյանի անվան Իջևանի ավագ դպրոց:

Դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանը համալսարանականներին ներկայացրեց  12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտներին:

Ակնարկային դասախոսությունը վարեց Ք.Հարությունյանը: Նա անդրադարձավ լեզվաբանի մասնագիտությանը, անգլերենի բառակազմությանը, իմաստաբանության հիմնախնդիրներին, այնուհետև պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:

Դասախոսությունն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում:

Աշակերտները ցանկություն հայտնեցին այլ թեմաներով դասախոսությունների ևս մասնակցել:

Առաջիկայում ակնարկային դասախոսություններ կիրականացվեն մարզի ավագ, միջնակարգ դպրոցներում և Իջևանի վարժարանում:

Համաբուհական ուսանողական բանավեճի առաջնությանը մասնակցելու հրավեր

 dreamstimeԵՊՀ ԻՄ-ի սիրելի՛ ուսանողներ, մեկնարկել է Համաբուհական ուսանողական բանավեճի առաջնությունը, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողները:

Թիմերը կձևավորվեն 6 ուսանողներից, որոնք կարող են լինել՝

  • միևնույն ուսումնական հաստատության տարբեր կուրսերից և ֆակուլտետներից հավաքական թիմեր,
  • տարբեր ուսումնական հաստատություններից հավաքական թիմեր,
  • անհատ ուսանողներ, որոնց միջոցով կկազմավորվեն նոր հավաքական թիմեր:

Մասնակիցները սկզբում կանցնեն երկշաբաթյա որակավորման դասընթացներ, որոնք կիրականացվեն ոլորտային փորձառու, կոմպետենտ մասնագետների կողմից: Այնուհետև կմեկնարկի մրցութային փուլը:

Լավագույն թիմերը հնարավորություն կունենան բանավիճել քաղաքական գործիչների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ:

Թիմերին սպասվում են մի շարք մրցանակներ՝ ժամանցային, կրթական:

Մարզերի ուսանողների տեղափոխման և մնացյալ այլ ծախսերը կհոգա բանավեճի ակումբը:

Գրանցման հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել ակումբի ֆեյսբուքյան էջին: