Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բադմինթոնի բաց առաջնությանը մասնակցելու հրավեր

badminton

2019թ. ապրիլի 4-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա բադմինթոնի բաց առաջնություն:

Մասնակցելու համար մինչև ապրիլի 2-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

 

 

Մեր ուսանողները հյուրընկալվել էին Վալանսի քաղաքապետարանում

55504319_2454062591318278_1974949589039448064_n

 2019թ. մարտի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը հյուրընկալվեց Վալանսի քաղաքապետարանում: Հանդիպմանը ներկա էին քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, փոխքաղաքապետ Ֆ.Դոման, ավագանու անդամներ, հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, «Հայկական մշակութային ժառանգության կենտրոն և ընկերներ» կազմակերպության նախագահ Ն.Քեշիշյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Վալանսի մասնաճյուղի նախագահ Կ.Մարգարյանը, հյուրընկալող ընտանիքները:

Պարոն Ն.Դարագոնը ջերմորեն ողջունեց հայկական պատվիրակությանը: Նա խոսեց ֆրանս-հայկական դարավոր բարեկամության, Իջևան-Վալանս համագործակցության, ԵՊՀ ԻՄ-ի և Վալանսի Մաեստրիս համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրերի մասին: Քաղաքապետը հույս հայտնեց, որ փոխանակման ծրագիրը կդառնա ավելի արդյունավետ, շնորհակալություն հայտնեց հայ ուսանողների այցը կազմակերպող բոլոր կազմակերպություններին և անհատ բարերարներին:

Այնուհետև ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ղեկավար Ա.Մարդանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի կողմից հանձնեց Տավուշի մարզի մասին զբոսաշրջային ուղեցույցը: Տիկին Մարդանյանը նաև ընդգծեց, որ իրենք հպարտ են, որ ԵՊՀ ԻՄ-ի նախկին դասախոս Գոհար Համզյանը հայրենանվեր գործ է կատարում իր հարազատ կրթօջախին օգնելու համար:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Մասնաճյուղի ուսանողները Վալանսի քաղաքապետարանից հեռացան գեղեցիկ նվերներով ու ջերմ տպավորություններով:

Կայացավ «Ամենախելացի ֆրանկոֆոնը» թեմայով ինտելեկտուալ խաղը

IMG_6788

 2019թ. մարտի 22-ին Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց «Ամենախելացի ֆրանկոֆոնը» թեմայով ինտելեկտուալ խաղով, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի դասախոսներ Միրա Կարապետյանի և Անահիտ Հովհաննիսյանի:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, փոխդեկան Վ.Աղաբաբյանը, դասախոսներ և ուսանողներ:

Խաղին մասնակցում էին II, III և IV կուրսերի ուսանողներ, ովքեր ֆրանսերենը սովորում են և՛ որպես առաջին, և՛ որպես երկրորդ օտար լեզու:

Մասնակիցները, ըստ Ֆրանսիայի դրոշի գույների, բաժանվեցին երեք՝ Սպիտակ, Կարմիր և Կապույտ թիմերի, և սկսվեց խաղը:  

Հարցաշարը պարունակում էր բազմաբնույթ հարցեր Ֆրանսիայի, ֆրանսիական քաղաքակրթության, արվեստի, սպորտի, ֆրանկոֆոնիայի մասին:

Խաղն անցավ մեծ ոգևորությամբ, և ուսանողները ցուցադրեցին իրենց խորը գիտելիքները ֆրանսերենի և ֆրանսիական քաղաքակրթության մասին:

Հաղթեց Սպիտակ թիմը:

Ինտելեկտուալ խաղի ընթացքում հնչեցին նաև ֆրանսիական երաժշտական կատարումներ:

Խաղի վերջում ելույթ ունեցան Ա. Վ. Ցուցուլյանը, Կ.Պողոսյանը և Վ.Աղաբաբյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսանողներին նման պատրաստվածության համար:

Պարոն Ցուցուլյանը ողջունեց ուսանողներին և քաջալերեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որոնք խթանում են հետաքրքրասիրությունը Ֆրանսիայի և ֆրանսերեն լեզվի նկատմամբ: Նա հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական և խրախուսական պատվոգրեր ու մրցանակներ հանձնեց հաղթող թիմին ու ակտիվ մասնակիցներին:

Միջոցառումը վերածվեց ֆրանսիական մշակույթի մի մեծ տոնի:    

 

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Նկ.-1 2019թ. մարտի 30-ին՝ ժամը 12:05-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2018-2019 ուստարվա՝ Տնտեսագիտության ֆակուլտետի երկու մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմի ձևավորման մասին (զեկ.՝ Գ. Ավետիսյան):
  2. Ավարտական աշխատանքների նախապաշտպանության և պաշտպանության գրաֆիկների հաստատման մասին (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
  3. 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների գրավոր բողոքների քննարկման մասնակիցների կազմի հաստատման մասին (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
  4. Ընթացիկ հարցեր:

 

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների համար իրականացվում է «Անգլերենը ակադեմիական միջավայրում» որակավորման բարձրացման դասընթացը

32018-2019 ուստարվա II կիսամյակում մասնաճյուղում իրականացվում  է ԵՊՀ   ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական  կազմի   որակավորման   բարձրացման  կրթագիտական ծրագրով նախատեսված «Անգլերենը ակադեմիական   միջավայրում» դասընթացը, որը վարում են ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնի  դոցենտ, բ.գ.թ. Նարինե Գասպարյանը և նույն ամբիոնի ասիստենտ Զարուհի Անտոնյանը:

Սույն դասընթացի նպատակն  է զարգացնել սովորողների (ունկնդիր դասախոսների) անգլերեն գրավոր և բանավոր խոսքի հմտությունները, հիմք  ստեղծել ակադեմիական և գիտական ասպարեզներում հաղորդակցվելու, որը հնարավորություն կտա, ըստ իրադրության, անգլերենով արտահայտվել նախատեսված  թեմաների  շուրջ   և  լեզվական  նյութի   սահմաններում  հասկանալ  ընթերցած կամ լսած խոսքը:

«Այսօր անգլերեն սովորելու բազմաթիվ պատճառներ կան: Օրինակ՝ անգլերենը միջազգային լեզու է: Աշխարհի 5 ամենամեծ լրատվական կենտրոնների լեզուն անգլերենն է: Անգլերենի իմացությունը թույլ է  տալիս  սովորել արտասահմանում և բարձրացնել կրթության որակը: Հայաստանի ռազմավարական ծրագրերից է տուրիզմի զարգացումը, սակայն Հայաստանը, փոքր երկիր լինելով, չի կարող զարգացնել տուրիզմը իր լեզվով (հայերենով). դա հնարավոր է իրականացնել  միայն անգլերենի միջոցով… ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մեծ մասը չի տերապետում անգլերենին, քանի որ տարածաշրջանում երկար ժամանակ որպես օտար լեզու լայն տարածում է ունեցել ֆրանսերենը: Հաշվի առնելով վերը նշված և բազմաթիվ այլ հանգամանքներ՝ ԵՊՀ ԻՄ-ն իր դասախոսների համար իրականացնում է «Անգլերենը ակադեմիական միջավայրում» որակավորման բարձրացման դասընթացը», – անդրադառնալով դասընթացի նպատակին՝ ընդգծեց Զ.Անտոնյանը:

Դասընթացը միտված  է  սովորողների   հաղորդակցական  կարողությունները   զարգացնելու 4 հիմնական ուղղություններով (լսել, խոսել, կարդալ, գրել), քանի  որ  լեզվական  գործունեության  այս  4 տեսակների համադրությամբ  է  հնարավոր  դառնում  բնական  լեզվական  միջավայրի  մոդելի և շփման  համար  անհրաժեշտ  պայմանների ստեղծումը։

 Այն նախատեսված է իրականացնել ուսուցման 6 մակարդակներով (A1, A2, B1, B2, C1, C2), որոնց  լիարժեք յուրացման արդյունքում սովորողը  հնարավորություն  կունենա անգլերենով օգտվել մասնագիտական գրականությունից, ընկալել  գրավոր   և բանավոր գիտական  խոսքը, ինչպես  նաև  հաղորդակցվել  մասնագիտական  հարցերի  շուրջ:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական կազմը խմբավորվել է ըստ անգլերենի   իմացության  մակարդակների, և  այժմ   իրականացվում  է    անգլերենի   A1  մակարդակի  ուսուցման  դասընթացը, որում ընդգրկված են մասնաճյուղի 29 դասախոսներ:

Այս դասընթացի շրջանակներում դասախոսներին մատուցվում են սկզբնական գիտելիքներ անգլերենի հնչյունաբանությունից, քերականությունից և բառապաշարից: Ընդհանուր առմամբ անգլերենի A1 մակարդակը  նպատակաուղղված է ավանդական և ինտենսիվ  մեթոդների զուգակցմամբ հիմք  դնել սովորողների  լսելու, կարդալու, թարգմանելու, պատմելու  կարողությունների  ձևավորմանը:

Դասընթացի  ընդհանուր   տևողությունը  10  շաբաթ   է (60 ժամ ժամաքանակով) և կավարտվի հունիսի 28-ին՝ քննությամբ (անգլերենի համապատասխան մակարդակի տիրապետման  թեստի  հանձնում):

Դասախոսները բավականին ակտիվ են դասերի ժամանակ և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դասընթացի նկատմամբ: