Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հայկական էսքիզներ» ներկայացման հրավեր

պլակատ.cdr Հարգելի՛ համալսարանականներ, 2019թ. ապրիլի 2-ին՝ ժամը 15:00-ին, սիրով հրավիրում ենք ձեզ Իջևանի մշակույթի տուն՝ դիտելու Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի հիման վրա ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված ներկայացումը:

Պիեսի համահեղինակներն են ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և «Անկախության սերնդի ձայնը» մրցույթ-փառատոնի գրական մրցույթում «Անդին»-ի մրցանակը շահած Անի Միքայելյանը, հագուստների ձևավորումն իրականացրել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, կերպարները մարմնավորել են ԵՊՀ ուսանողները, ովքեր ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդայի սաներն են: Անդրանիկ Օզանյանի կերպարը մարմնավորելու համար հրավիրվել է մեկ պրոֆեսիոնալ դերասան՝ Սամվել Բաղինյանը:

Վ.Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» էսսե-վիպակը, ինչպես հայտնի է, պատմում է հայ ժողովրդի անցած ճանապարհի, նրա դժվարությունների, հեղափոխությունների ու պատերազմների, դրանց հետևանքների, աշխարհասփյուռ հայության և այդ ամենի մեջ իսկական հայի կերպարի մասին: Տվյալ ներկայացման հեղինակների կողմից կատարվել են խմբագրական աշխատանքներ, ինչպես նաև ավելացումներ վերջին Արցախյան ու Ապրիլյան քառօրյա պատերազմների և նրանց հերոսների մասին:

Անդրադառնալով այդ ամենին՝ ներկայացման հեղինակները ստեղծել են հայրենասիրական թեմատիկայով արված նոր ձևաչափով ներկայացում, որը նպատակ ունի այսօրվա սերնդի մտածողության մեջ սերմանելու այնպիսի հայրենասիրական գաղափարներ, որոնցում կարևորություն է տրված ոչ թե ողբին ու կորուստներին, այլ սեփական երկրի համար պայքարող, արարող և նրա համար ապրող տեսակին:

 

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի 1-ին փուլի արդյունքները

school-olymp. 2019թ. մարտի 16-ին անցկացվեց ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող դպրոցականների օլիմպիադայի 1-ին փուլը, որին հանրակրթական 13 առարկաների գծով ՀՀ մարզերից և Երևանից մասնակցեցին 2732 աշակերտ: Նրանցից 395-ն անցել է 2-րդ փուլ, այդ թվում՝ 27 մասնակիցներ Տավուշի մարզից:

Օլիմպիադայի արդյունքներին և 2-րդ փուլի անցողիկ միավորներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իսկ 2-րդ փուլ անցած մասնակիցների անուններն ըստ առարկաների այստեղ՝

Օլիմպիադայի 2-րդ փուլը կանցկացվի ս.թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն 1-ին փուլի հաղթողները:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Ի գիտություն՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, ԵՊՀ վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32:

ԵՊՀ ԻՄ-ի մերձակա տարածքում իրականացվեց շաբաթօրյակ՝ բուհի աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ

DSCN6481 Այսօր՝ 2019թ. մարտի 23-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է համապետական շաբաթօրյակ:

Նախարարության տեղեկացմամբ՝ շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները։

Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսված միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։ Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։

Համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումներից անմասն չէր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ իր վարչական, պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ, տնտեսական  անձնակազմի ներկայացուցիչներով և ուսանողներով:

Կարևորելով «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որն իր բնապահպանական և դաստիարակչական նշանակությամբ նպատակ ունի մեծացնել շրջակա միջավայրի նկատմամբ բնակիչների միասնական պատասխանատվության և հոգատարության զգացումը՝ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները և ուսանողները մաքրման աշխատանքներ իրականացրին Երիտասարադական 3 փողոցի գետափնյա ճանապարհի ամբողջ երկայնքով (ներառյալ Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրին կից տարածքը):

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Նարինե Ճաղարյանի հետ

7. Նարինե Ճաղարյան

2019թ.   մարտի 22-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 1997թ. շրջանավարտ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Նարինե Միքայելի Ճաղարյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1976 թվականին քաղաք Իջևանում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

– Ծնվել եմ բժիշկների ընտանիքում: Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա. տղաս 23 տարեկան է, դուստրս` 22, փոքր որդիս՝ 18: Ես ուրախ եմ, որ զավակներս (հատկապես դուստրս) շատ ինքնուրույն են: Դուստրս սովորում է Կորեայում՝ մագիստրատուրայում, և աշխատում է, մեծ տղաս ամուսնացած է, այս տարի կավարտի ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության բակալավրիատը, փոքր որդիս էլ այս տարի կավարտի Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Փոքր հասակում երազել եմ դառնալ բժշկուհի: Պատահական չէ, որ 1993թ. ընդունվել եմ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Բժշկական և բիոտեխնիկական սարքավորումներ» մասնագիտության բակալավրիատ:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 1993թ. ավարտել եմ Իջևանի թիվ 5 (ռուսական) դպրոցը: Նույն թվականին ընդունվել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և 1997թ. ստացել բակալավրի աստիճան:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Լինելով մարզում կադրերի դարբնոց և ուսումնագիտական կենտրոն՝ իմ հարազատ բուհ-ը մեծ դեր է խաղացել ինչպես իմ, այնպես էլ մի քանի սերունդների կյանքում՝ դժվարին տարիներին դառնալով  փրկություն շատ-շատ երիտասարդների համար: Մասնաճյուղի դերակատարումը Տավուշի մարզում՝ թե՛ կրթական, թե՛ ուսումնագիտական, թե՛ մշակութային ոլորտներում, անչափ մեծ է:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

–  Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 2005թ., երբ հիմնել եմ «Յունոնա» գեղեցկության սրահը: 2007թ. դեկտեմբերից ընդունվել եմ «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղ` որպես մասնագետ-գանձապահ: Հաշվի առնելով այդ աշխատանքի համար պահանջվող  մեծ պատասխանատվությունը՝ 2008թ. սեփական բիզնեսով սկսել եմ ավելի քիչ զբաղվել: «Կոնվերս բանկ»-ում աշխատանքի անցնելուց երեք տարի անց դարձել եմ ֆինանսական խորհրդատու նույն մասնաճյուղում, 2015թ. դեկտեմբերից նշանակվել եմ կառավարիչ: 12 տարիների ընթացքում «Կոնվերս բանկ»-ն ինձ համար դարձել է երկրորդ համալսարան, ընտանիք, աշխատավայր, որի հետ են կապված շատ ու շատ հետաքրքիր հիշողություններ, աշխատավայր, որտեղ ինձ առաջխաղացման հնարավորություն է ընձեռվել: Բանկը՝ որպես գործատու, իր  կորպորատիվ կառավարումն իրականացնում է աշխատակիցների հանդեպ մեծ պատասխանատվությամբ ՝ստեղծելով զարգանալու և ինքնազարգանալու, կարիերայի աճի հնարավորություն, ինչը թե՛ մոտիվացնում է, թե՛ պարտավորեցնում: Ուրախ եմ, որ աշխատում եմ կայուն աճ ապահովող բանկերից մեկում, որն ակտիվ մասնակցություն ունի Հայաստանում ու մեր մարզում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հարցում:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք:  Մի մարդասպանի պատմություն» վեպը, այժմ ընթերցում եմ  Նարինե Աբգարյանի «Մանյունա» գիրքը:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Նախընտրում եմ ջազ, բլյուզ ժանրերի և դասական երաժշտություն:  Սիրելի երգեր շատ ունեմ, երևի կառանձնացնեմ Շառլ Ազնավուրի «Հավերժական սեր» երգը: Ընդհանրապես լսում եմ տարատեսակ երաժշտություն՝ ըստ տրամադրության:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Շատ եմ սիրում «Մտքի խաղեր» և «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմերը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Գեղասահք միշտ սիրել եմ դիտել, բայց ինքս սպորտով չեմ զբաղվում: Զբաղվել եմ ֆիթնեսով, բայց հիմա ժամանակ չեմ գտնում:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանում ամեն մի վայր սիրում եմ յուրովի և ամեն անգամ բացահայտում նորովի: Սիրում եմ Իջևանը, որն իմ ծննդավայրն է: Երևանն իմ ամենասիրելի քաղաքն է: Սիրում եմ մեր հարևան երկրի մայրաքաղաքը` Թբիլիսին: Ընդհանրապես շատ եմ սիրում ճանապարհորդել: Հնարավորության դեպքում շատ կուզեի լինել Փարիզում, Հռոմում, Մադրիդում, Ռիո դե Ժանեյրոյում:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Մարդկանց մեջ գնահատում եմ ազնվությունը, բարությունը, հոգու գեղեցկությունն ու ինտելեկտը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Ունեմ նախընտրած ասույթների մի գեղեցիկ փունջ. «Ամենամեծ խոչընդոտը վախն է», «Ամենավտանգավոր մարդը ստախոս մարդն է», «Ամենասարսափելի զգացմունքը նախանձն է», «Ամենագեղեցիկ արարքը ներումն է», «Ամենալավ պաշտպանությունը ժպիտն է», իսկ առաջնորդվում եմ իմ սիրած գրքի՝ «Քամուց քշվածները» վեպի հերոսուհի Սքարլետ Օհարայի խոսքերով՝ «Վաղը նոր օր կբացվի, այդ մասին ես կմտածեմ վաղը»  և “Все что не делается, все к лучшему”:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Կյանքում թիկունքից չեմ հարվածի, ցավ չեմ պատճառի, գողություն, վատություն չեմ անի, ընդհուպ ինձ վնասողին չեմ վնասի…

Ինչի՞ց եք վախենում:

– Ես միշտ սարսափել եմ հարազատների կորստից, որպես ծնող վախենում եմ իմ զավակների արցունքներից, որպես զավակ՝ ծնողներիս արցունքներից:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Ափսոսում եմ ջահել (45 տարեկան հասակում) հորս կորցնելուց, որ չտեսավ իր զավակների երջանկությունը: Ափսոսում եմ չարածներիս համար, այն ամենի, ինչ չեմ հասցրել անել:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Նախ՝ իմ կարգախոսը («Վաղը նոր օր կբացվի…»), ինքնավստահությունս, հավատս իմ ուժերի նկատմամբ, հարազատներիս հավատն իմ նկատմամբ, եռանդս, կամքիս ուժը…  

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Զավակներս, հարազատներս և ընկերներս են իմ ամենամեծ ձեռքբերումը: Իմ և աշխատակիցներիս համատեղ ձեռքբերումն եմ համարում աշխատավայրում տիրող շատ ջերմ, համերաշխ մթնոլորտը, թիմային աշխատանքը:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Յուրաքանչյուր իրավիճակում մարդ մնալը, աշխատասիրությունը, լավի, բարու, ազնիվի ձգտումը և ամենակարևորը` ինքդ քեզ հաղթահարելու ունակությունը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Իմ ծնողներն ինձ միշտ խորհուրդ են տվել, որ ազնիվ լինեմ և ներողամիտ: Կարծում եմ՝ ամենաթանկ խորհուրդը հենց դա է, ինչպես Գանդին է ասել` մարդու ամենաուժեղ կողմը ներելու ունակությունն է, քանզի ուժեղ մարդն է ընդունակ ներելու:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Ես երիտասարդներին խորհուրդ կտամ, որ երբեք չհրաժարվեն իրենց երազանքներից, իրենց նպատակներից, ոչ մի պարագայում չկորցնեն իրենց հավատը և առաջնորդվեն հետևյալ կարգախոսով. «Միակ մարդը, ում հետ քեզ պետք է համեմատես, դու ես անցյալում, և միակ մարդը, որից պետք է ավելի լավը լինես, դու ես ներկայում»:

Շնորհակալ ենք շատ հետաքրքիր հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

 

ՄԿՊԿ բաժինը դպրոցներում իրականացնում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ

IMG_7422 2019թ. մարտի 14-22-ը ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի ներկայացուցիչները և տարբեր ամբիոնների դասախոսներ մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող քննարկումներ իրականացրին Իջևանի շրջանի 7 գյուղերի միջնակարգ դպրոցների, Իջևանի վարժարանի, ինչպես նաև Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հետ:

Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպում ունեցան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արտակ Ցուցուլյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը, ովքեր ընդգծեցին, որ Աչաջուրը մեծ դեր ունի ԵՊՀ ԻՄ-ի կայացման և զարգացման գործում, հիմնադիր-տնօրենը եղել է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանը, իսկ աշխատակիցների և ուսանողների մեջ մեծ տոկոս են կազմում Աչաջրից սերված անձինք:

Նրանք խոսեցին ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների, տեղեկացվածության և ընտրության հնարավորության, համարձակության և ինքնավստահության, քննությունների ժամանակ ուշադիր լինելու մասին:

Մարգահովիտի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպում ունեցան Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, պ.գ.թ, ասիստենտ Լիաննա Բեգինյանը:

Իջևանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտների համար ակնարկային դասախոսություն կարդաց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Հարությունյանը:

Կայանի և Այգեհովիտի միջնակարգ դպրոցներում հանդիպումներ ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը:

Ազատամուտի և Սևքարի միջնակարգ դպրոցներում հանդիպումներ ունեցան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Կարինե Պողոսյանը և Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., ասիստենտ Ալեքսան Մարգարյանը:

Գանձաքարի միջնակարգ դպրոցում հանդիպում ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսինե Թումանյանը:

Վերոհիշյալ դպրոցներից 7-ում հանդիպումների ժամանակ ներկա էր ՄԿՊԿ բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ով հանդիպում ունեցավ նաև Գետահովիտի միջնակարգ դպրոցում:

Հանդիպումների ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներն անդրադարձան մասնագիտական կողնորոշման խնդիրներին, ներկայացրին բուհում գործող մասնագիտությունները և դրանց ընձեռած հնարավորությունները, պատասխանեցին աշակերտների հարցերին:

Դպրոցներում նախատեսված հանդիպումները կշարունակվեն ապրիլի 1-ից: