Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տավուշի մարզպետարանում և ԵՊՀ ԻՄ-ում ներկայացվեց մարզում մեկնարկող տեխնոլոգիական կրթական ծրագիրը

64158 2019թ. մարտի 15-ին Տավուշի մարզպետարանում մամուլի ասուլիսի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղեկատվական հանդիպման միջոցով ներկայացվեցին մարզում մեկնարկող տեխնոլոգիական կրթական ծրագրի մանրամասները:

Նախ Տավուշի մարզպետարանում կայացավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանի համատեղ մամուլի ասուլիսը, որին ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց Տավուշի մարզում մեկնարկող տեխնոլոգիական կրթական ծրագիրը, ընդգծվեց բարձր տեխնոլոգիական ոլորտի երկարաժամկետ ռազմավարական նշանակությունը Տավուշի մարզի համար:

«Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացումը դառնալու է դրանց հզորացմանը նպաստող լուրջ քայլ: Սա իրական հնարավորություն է աշխատատեղեր ստեղծելու ՏՏ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար՝ այդպիսով կանխելով նրանց արտագաղթը մարզից և առհասարակ Հայաստանից»,-ասուլիսի ընթացքում շեշտեց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Այնուհետև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ներկայացվեցին Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) կողմից Տավուշի մարզում նախատեսված տեխնոլոգիական կրթական ծրագրի մանրամասները:

Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, ԳՏՏԿ-ի տնօրեն Ամալյա Եղոյանը, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, դասախոսներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և տեխնոլոգիաներով հետաքրքրված այլ անձինք:

IMG_5773

Ս.թ. փետրվարի 22-ին Տավուշի մարզպետարանի, ԳՏՏԿ-ի և ԵՊՀ ԻՄ-ի միջև ստորագրվել էր եռակողմ հուշագիր, որով կողմերը համաձայնության էին եկել միավորել իրենց ջանքերը՝ նպաստելու Տավուշի մարզում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացին: Դրանով ազդարարվել է Իջևանում ԳՏՏԿ-ի կրթական ծրագրի մեկնարկը, որը կիրականացվի Հայ օգնության ֆոնդի համաֆինանսավորմամբ:

ԵՊՀ ԻՄ-ում կայացած հանդիպման ժամանակ Ա.Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին ցուցաբերած հետաքրքրության համար, ներկայացրեց ծրագրի նպատակը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ունեցած հնարավորությունները, կոչ արեց ակտիվորեն մասնակցել ծրագրին, ապա խոսքը փոխանցեց Տավուշի մարզպետին:

Հ.Չոբանյանը նշեց, որ ինքը պատրաստ է աջակցել մարզի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը, կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, շեշտեց Տավուշի սահմանամերձ լինելու առավելությունը, որը պետք է ստիպի ստեղծել մասնավորապես անվտանգության ապահովման կիրառական տեխնոլոգիաներ, շնորհակալություն հայտնեց ԳՏՏԿ-ին Տավուշի մարզում գործունեություն սկսելու համար:

Ս.Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ թեև Շիրակի մարզից է, բայց հաճախ է լինում Տավուշում (մասնավորապես «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության շրջանակներում) և դրական լիցքեր է ստանում այստեղից ու այլ մարզերում ներկայացնում Տավուշի առավելություններն ու հաջողությունները:

Ա.Եղոյանը ներկայացրեց ԳՏՏԿ-ի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հաջողված փորձը Գյումրիում և Վանաձորում, նշեց, որ ծրագրի նպատակը տավուշեցիներին հայրենի բնակավայրում պահելը և արժանապատիվ աշխատանքային միջավայր ստեղծելն է, հույս հայտնեց, որ ծրագրի հաջողության դեպքում ներդրումներ կլինեն մարզում, և կստեղծվի տեխնոլոգիական կենտրոն:

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գնահատանքի խոսք ասաց ծրագրի ակունքներում կանգնած բոլոր մարդկանց և օրհնեց ծրագրի մեկնարկը:

Այնուհետև Ա.Եղոյանը ներկայացրեց դասընթացների կառուցվածքը, ներկաներին ծանոթացրեց ծրագրի համակարգող, ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանի հետ:

ԳՏՏԿ-ի ուշադրությունը դեպի Տավուշ ուղղելու համար նա շնորհակալություն հայտնեց և խոսքը փոխանցեց ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Սլավիկ Ալավերդյանին: Վերջինս նշեց, որ մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ»  ՏՏ համապետական երկու համաժողովներին, որոնցից առաջինի շրջանակներում 2017թ. նոյեմբերի 17-ին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար Տավուշի մարզի ունեցած ներուժը, և այժմ ուրախ է, որ ընդամենը մեկուկես տարի անց մեկնարկում է այս ծրագիրը, հավելեց, որ ինքը ևս կմասնակցի դասընթացին և կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ծրագրում:

Ելույթ ունեցավ նաև նույն համաժողովների մասնակից, Դիլիջանի պետական քոլեջի դասախոս և «Արմաթ» խմբակավար Նարինե Դանելյանը, ով ևս ողջունեց ծրագիրը, նշեց, որ տեղեկանալուն պես անմիջապես գրանցվել է դասընթացին և կոչ արեց Դիլիջանի և մարզի այլ համայնքների բնակիչներին մասնակցել դասընթացին՝ մեջբերելով Տավուշի մարզպետի խոսքը, որ անհրաժեշտության դեպքում մարզպետարանը լուծի մասնակիցների տրանսպորտային խնդիրը:

Վերջում Ամալյա Եղոյանը պատասխանեց ներկաներին հուզող տարաբնույթ հարցերին, նշեց, որ առաջիկայում կլինի ծրագրի տեխնիկական մանրամասների վերաբերյալ հանդիպում և հորդորեց ուշադիր լինել նորություններին:

Դասընթացներին ծանոթանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, իսկ հարցերի դեպքում զանգահարել 077-65-99-55 հեռախոսահամարով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 25-ը ներառյալ, դասընթացը կմեկնարկի 2019թ. ապրիլի 1-ից

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՒ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ է

05-12-2017

 2019թ. մարտի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Գրենական պիտույքների և գրասենյակային նյութերի»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2019թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Գրենական պիտույքների և գրասենյակային նյութերի» ապրանքատեսակը:

Այդ նպատակով մասնակիցների ներգրավման նպատակով <Գնումների մասին> ՀՀ օրենքի համաձայն ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 19/14  ծածկագրով հայտարարության և հարավերի տեքստերը հրապարակվել է   www.gnumner.am   տեղեկագրում:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 ընկերություն: Գնման ենթակա չափաբաժիններով հաղթող են ճանաչվել  «Սմարթլայն» ՍՊԸ-ն և « Տիգվակո » ՍՊԸ :

Մարզի աշակերտները շարունակում են ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ին

Վարժարան 4

 2019թ. մարտից սկսվել են Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ճանաչողական այցերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Մարտի 13-ին մասնաճյուղի հյուրերը Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն էին: Այցը նախաձեռնել էր Աչաջրի համայնքային զարգացման կամավորական խմբի ղեկավար, «ՏՄՄ» 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Սարդարյանը:

Մարտի 14-ին ԵՊՀ ԻՄ այցելեցին Իջևանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները՝ ֆիզիկայի ուսուցչուհի Նառա Խաչատրյանի ուղեկցությամբ:

ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը հյուրերին ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը և մասնագիտությունները, ծանոթացրեց գրադարանին, լսարաններին, համակարգչային սրահներին, Անգլերենի ռեսուրս կենտրոնին, մարզադահլիճին, Կիրառական արվեստի ֆակուլտետի արվեստանոցներին և բուհի պատերը զարդարող արվեստի գործերին:

Աչաջրի դպրոցի աշակերտները եղան նաև Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում, որի ներկայացուցիչները նրանց համար կազմակերպեցին քաղաքային տուր:

Վարժարանի աշակերտներն էլ ներկա եղան ֆիզիկայի դիտարժան փորձերի, որոնք իրականացրին ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Ալեքսան Մարգարյանը և նույն ամբոնի դասախոս Գեղամ Գուլակյանը:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացվեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը

IMG_3347

 2019թ. մարտի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ներգրավման ղեկավար Գոռ Նազարյանը և հավաքագրման մասնագետ Անժելա Ավագյանը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի օգնական, Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, նույն բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, ավարտական կուրսերի մի քանի տասնյակ ուսանողներ:

Ներկայացվեցին կրթական հիմնադրամի նպատակը և առաքելությունը, ծրագրին մասնակցելու առավելությունները և նվազագույն պահանջները, դիմելու կարգը և ընտրության փուլերը, այնուհետև հիմնադրամի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաների հարցերին, տրամադրեցին տեղեկատվական նյութեր և այցեքարտեր:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր, որը միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նրանց գործուղում է Հայաստանի մարզային այն դպրոցներ, որտեղ կա ուսուցչի կարիք։

Ծրագիրն արդեն ունի 42 շրջանավարտ (կրթության դեսպան), իսկ այժմ 102 մասնակիցներ աշխատում են ՀՀ 6 մարզերի և Արցախի 85 դպրոցներում՝ դասավանդելով 11703 աշակերտի:

Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։ Առաջնահերթ պահանջն է 2019թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայությունը:

Կարող են դիմել նաև հանրակրթական դպրոցում դասավանդվող առարկաներին մոտ մասնագիտություն ունեցող և անգամ մանկավարժի որակավորում չունեցող անձինք. հիմնադրամը վճարում է մանկավարժության մագիստոսի աստիճանի ձեռքբերման համար ուսման վարձը:

Ծրագրի մասնակիցները, բացի այդ, ստանում են.

  • մասնագիտական աճի հնարավորություն,
  • մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն,
  • դրամական աջակցություն,
  • նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հարթակ,
  • առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն,
  • գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում,
  • կարիերայի զարգացման հնարավորություն:

Ընտրությունը նախատեսում է մի քանի փուլ, որից հետո ընտրված մասնակիցներն անցնելու են 5 շաբաթ տևողությամբ վերապատրաստում (ամառային դպրոց):

Հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին համայնքի ընտրությանը, դրամական աջակցության չափին, մանկավարժի որակավորում ստանալուն և ընտրության չափանիշներին:

Նշվեց, որ համայնքների ընտրությունը կախված է դասավանդվող առարկայի պահանջարկից, իսկ դրամական աջակցության չափը սահմանվել է հետազոտությունների ու հարցումների հիման վրա, և բավականացնում է կենցաղային, տրանսպորտային և այլ ծախսեր հոգալուն:

Սոցիալական փոփոխության հասնելու այս հաջողված ծրագիրն ունի ավելի քան 25 տարվա պատմություն և կիրառվում է աշխարհի շուրջ 50 երկրում, որոնք համախմբվել են «Teach For All» («Կրթություն բոլորի համար») միջազգային ցանցի ներքո։

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը:

Դիմելու վերջնաժամկետներն են մարտի 31-ը և ապրիլի 30-ը:

Ծրագրի մասին այլ տեղեկություններ կարող եք իմանալ հետևյալ հղումով, ինչպես նաև գրելով apply@teachforarmenia.org էլեկտրոնային հասցեին: