Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ակնարկային դասախոսություններ վարեցին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտները

Untitled

 2019թ. մարտի 12-ին և 13-ին ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Ա.Սարհատյանը և Ա.Հասանյանը ակնարկային դասախություններ վարեցին Իջևանի վարժարանում և Իջևանի ավագ դպրոցում:

Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտների համար դասախոսություն կարդաց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը, իսկ ավագ դպրոցի 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտների համար՝ նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը:

Նրանք խոսեցին հայոց լեզվի և գրականության դերի ու նշանակության, առօրյա խոսքում հանդիպող սխալների, գրական լեզվի և բարբառների առնչությունների, խոսքի մշակույթի, ընթերցանության և աշակերտներին հետաքրքրող լեզվական այլ հարցերի վերաբերյալ:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները նաև անդրադարձան մասնագիտական կողմնորոշման խնդիրներին, աշակերտներին ներկայացրին բուհում գործող մասնագիտությունները և դրանց ընձեռած հնարավորությունները:

Տեղի կունենա Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) ներկայացուցիչների հետ հանդիպում

10246760_1470307229852739_5881420797216311728_n

2019թ. մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն ԳՏՏԿ-ի կողմից Իջևանում իրականացվելիք դասընթացների մանրամասները:

Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ), Տավուշի մարզպետարանի հետ համագործակցելով, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Իջևան քաղաքում:

Դասընթացն ընդգրկում է՝

Մոբայլ ծրագրավորում /C, C++, Swift, iOS, OOP Design Patterns:

Վեբ ծրագրավորում  /HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS:

Բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը «Անգլերեն լեզու», «Ալգորիթմների տեսություն» և «Դիսկրետ մաթեմատիկա» դասընթացներին:

Ամսավճարը 10,000 ՀՀ դրամ է: 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական ու գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ:

Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 25-ը ներառյալ, իսկ դասընթացը կմեկնարկի 2019թ. ապրիլի 1-ից:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով: 

Դասընթացը տեղի կունենա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Հարցերի դեպքում զանգահարել 094 034 034 հեռախոսահամարներով:

Կայացավ «Տավուշի մարզի պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց տեղադրությունը» թեմայով դաս-քննարկում

DSCN6200

 2019թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում  վաստակաշատ լրագրող, գրող, հրապարակախոս, բանահավաք և հետազոտող Ռուբեն Սիմոնյանի հետ, ով իր գիտական գործունեության ընթացքում հասցրել է ուսումնասիրել Տավուշի մարզի բնակավայրերի պատմությունը, առանձին գրքեր է հրատարակել տարբեր համայքների մասին, ինչպես նաև զբաղվում է տոհմագրությամբ:

Հանդիպման նպատակն էր «Պատմություն» մասնագիտության ուսանողների հետ անցկացնել «Տավուշի մարզի պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց տեղադրությունը» թեմայով դաս-քննարկում, որին մասնակցում էր նաև ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Դաս-քննարկման ընթացքում Ռ.Սիմոնյանը ներկայացրեց մարզի հայտնի պատմաճարտարապետական հուշարձանների պատմությունը, հատկապես այն հուշարձանները, որոնք ունեն ուսումնասիրության կարիք և հանիրավի դուրս են մնացել հետազոտողների տեսադաշտից. «Փորձենք փոքրիշատե անդրադառնալ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի՝ Կայան բերդի տեղադրության խնդրին, որն այսօր էլ զբաղեցնում է մասնագետների միտքը: Մեր համոզմամբ՝ այդ հուշարձանի տեղի հստակեցումով հնարավոր կլինի ճշտել պատմական այլ իրողություններ, իսկ հետազոտողները կձերբազատվեն հետագա անպտուղ որոնումներից։ Իջևանի լեռնաշղթայից դեպի Ասղստև գետի ձախափնյակ սլաքվող, երկու խոր ձորերի արանքում բարձացող  թերակղզին անտառապատ ու քարքարոտ լեռնաբազուկ է, որը տեղացիներին հայտնի է Էվլիկուտի յալ անունով։ Սակայն նրա ինչ լինելը տեղացիներից շատերին անհայտ է, քանի որ ամբողջովին քարակարկառներով ծածկված լինելու հանգամանքով հետաքրքրություն չի ներկայացնում: Երկու կատարների եզրերով ձգվում է քարակուռ բերդապարիսպը, որը որոշ հատվածներում պահպանվել է 2.5-3 մետր բարձրությամբ, իսկ ուղղաձիգ քարափներին հանդիպելիս ընդհատվում է, քանզի դրանց մոտենալը պարզապես անհնարին է եղել հարձակվողների համար և տարածքի ընդարձակությունը հնարավորություն է տվել այդտեղ տեղավորելու գավառի ամբողջ բնակչությանը»:

Բանախոսը ներկայացրեց նաև Տավուշի մարզի մնացած հուշարձանները, դրանց տեղադրությունը և ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Սիմոնյանին, ցանկություն արտահայտեց հետագայում ևս կազմակերպել հանդիպումներ և այցեր հուշարձաններ, ինչպես նաև իրականացնել Ռուբեն Սիմոնյանի նորահրատարակ «Իջևան» գրքի քննարկումը:

Կայացավ կանանց տոնին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը

1

 2019թ. մարտի 7-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց տոնին:

Ֆակուլտետում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ գարնան և կանանց տոնի մեկնարկն ազդարարվում է ցուցահանդեսի հանդիսավոր բացմամբ, որը սիրո, հարգանքի և մեծարանքի տուրք է մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին մարզի տարբեր ոլորտների, Իջևանի քաղաքային իշխանությունների, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ներկայացուցիչներ, արվեստագետներ, դասախոսներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ, շրջանավարտներ, քաղաքացիներ:

Բացման խոսքով հանդես եկան ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչ, ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի  դոցենտ,  ՀՆՄ վարչության անդամ Համլետ Ասատրյանը, Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Ղալումյանը, մշակութաբան Անի Կոստանդյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ալեքսան Մարգարյանը, ովքեր ջերմորեն շնորհավորեցին Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին՝ գարնանային չքնաղ տոնի առթիվ հղելով սիրո, գեղեցկի, բարու մաղթանքներ:

Այնուհետև ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին պարոն Ցուցուլյանը հանձնեց հավաստագրեր, և կանանց տոնին նվիրված ցուցահանդեսը հայտարարվեց բացված:

Ցուցահանդեսում ընդգրկված են Կիրառական արվեստի ֆակուլտետի 9 դասախոսի և 10 ուսանողի՝ բազմաբնույթ ու բազմաժանր, հետաքրքիր ու ինքնատիպ 75 աշխատանքներ:

 «Կանանց տոնին նվիրված այս ցուցահանդեսը, – հարցազրույցի ընթացքում շեշտեց պարոն Ասատրյանը, – աննախադեպ է իր բազմաժանրությամբ՝ գեղանկար, քանդակ, կիրառական արվեստ, գրաֆիկա, գոբելեն, բատիկա, ապակենկարչություն, կերամիկա և այլն»:

Պայծառ ու շքեղ գույներով փայլող աշխատանքները պատկերասրահը ողողել են գարնանային թարմ տրամադրությամբ, գեղեցկության ու կանացիության շնչով, տաքուկ գույների չարաճճի խաղով:

Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: