Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ունի տնօրենի նոր պաշտոնակատար

4 2019թ. օգոստոսի 31-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հանդիպումը բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Մայր բուհից հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը և ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելն էր:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գ.Գևորգյանը նախ ներկայացրեց մասնաճյուղում ստեղծված իրավիճակը, որ 2018թ. հունիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար նշակակված Ա. Վ. Ցուցուլյանը ս.թ. օգոստոսի 28-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ապա Գ.Գևորգյանը նշեց, որ մինչև ընտրության կազմակերպումը ԵՊՀ ԻՄի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տնօրենի խորհրդական, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր խնդիրներ, պարոն Գևորգյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին:

Վերջում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գ.Գևորգյանը մասնաճյուղի տնօրենի նոր պաշտոնակատարին և աշխատակազմին մաղթեց արդյունավետ գործունեություն:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Անձի զարգացման համընդհանուր հմտությունները` որպես աշխատաշուկայում երիտասարդների մրցունակ լինելու գրավական» խորագրով աշխատաժողով

DSCN9351 2019թ. օգոստոսի 27-ին «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020 թթ.) շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Անձի զարգացման համընդհանուր հմտությունները` որպես աշխատաշուկայում երիտասարդների մրցունակ լինելու գրավական» խորագրով աշխատաժողով, որը կազմակերպվել էր «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի և ԵՊՀ ԻՄ-ի հետ համագործակցությամբ:

Աշխատաժողովին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, «ՕքսԵՋեն» հիմնադրամի ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, մարզի գործատուներ և երիտասարդներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, «ՕքսԵՋեն» հիմնադրամի EU4Y ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության՝ շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի՝ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ԺՊ Մանե Ղազումյանը:

Կարևորելով նման աշխատաժողովի անցկացումը՝ Ա. Վ. Ցուցուլյանը մասնավորապես նշեց. «Շատ հաճախ բավականին խելացի, զարգացած, լավ սովորած երիտասարդը անգլերենով ազատ հաղորդակցման հմտությունների բացակայության կամ համակարգչային որոշակի ծրագրերի իմացության բացակայության պատճառով մրցունակ չէ աշխատաշուկայում: Այնինչ նախաձեռնողականությունը, կամավորությունը, ինքնազարգացման մոտիվացիան խնդիրներ են, որոնք կրթության ընթացքում չէ որ միայն պետք է տալ… Շատ կարևորում եմ ձեր դերը, իսկապես շատ կարևոր և անհրաժեշտ գործ եք անում… Այս պահին մասնաճյուղն իրականացնում է առկա ուսուցման 13 կրթական ծրագիր. կարելի է վերցնել թիրախային կոնկրետ մեկ կամ երկու կրթական ծրագիր, փորձել հասկանալ դժվարությունները, խնդիրները և լուծել դրանք…»:

Զարուհի Տոնոյանը շնորհակալություն հայտնեց պարոն Ցուցուլյանին և իր գոհունակությունը հայտնեց, որ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությանը վերաբերող խնդիրների մասին խոսում է հենց բուհի ներկայացուցիչը՝ կարևորելով ոչ ֆորմալ կրթության և համընդհանուր հմտությունների դերը:

Ողջունելով նմանատիպ նախաձեռնությունները՝ Մանե Ղազումյանը ևս կարևորեց ոչ ֆորմալ կրթության դերը երիտասարդների՝ հետագա աշխատանք ձեռք բերելու գործում և հույս հայտնեց, որ այդպիսի հանդիպումները նաև հիմք կհանդիսանան, որ իրենք առաջարկություններ ներկայացնեն համապատասխան կառույցներին՝ հետագայում ոչ ֆորմալ կրթության տարրերը կրթության պետական մակարդակում ներդնելու համար:

Աշխատաժողովի ընթացքում բանախոսեցին «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացի մասնակիցները և գործատուներ, կատարվեց քննարկում հարց ու պատասխանի ձևով:

Այնուհետև աշխատաժողովի պատասխանատուները, մասնակիցներին բաժանելով երեք խմբի (Խումբ մեկ՝ Կրթության ոլորտի ներկայացուցիչներ-մասնավոր հատված-երիտասարդներ, Խումբ երկու՝ ՔՀԿ ներկայացուցիչներ-մասնավոր հատված-երիտասարդներ, Խումբ երեք՝ պետական հատված-մասնավոր հատված-երիտասարդներ), նրանց հետ իրականացրին թեմատիկ աշխատանքներ (երիտասարդները և աշխատաշուկան. խոչընդոտներ, ձեռքբերումներ):

Վերջում ներկայացվեց քննարկման արդյունքների և հետագա քայլերի մասին:

Ռոստելեկոմ կրթաթոշակի մրցույթ

16171_Rostelecom_M Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Ռոստելեկոմը կազմակերպում է ուսանողական էսսեների մրցույթ՝ «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով։ Բոլոր դիմումները կուսումնասիրվեն Ռոստելեկոմի աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից, իսկ լավագույն 3-ի հեղինակները կպարգևատրվեն «Ռոստելեկոմ կրթաթոշակով» և կստանան պատվոգրեր:

  • 1-ին տեղ՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ)
  • 2-րդ տեղ՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ)
  • 3-րդ տեղ՝ 100,000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ)

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ և մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները (10, 11 և 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայման է, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի Ռոստելեկոմի բաժանորդ:

Ուղարկի՛ր քո պատկերացումները և համարձակ մտքերը կրթության և նորագույն տեխնոլոգիաների մասին մինչև սեպտեմբերի 30-ը idea@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով Ռոստելեկոմ կրթաթոշակ: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել նաև Ռոստելեկոմի պայմանագրային համարը և կոնտակտային հեռախոսահամար։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ից հետո: Լավագույն աշխատանքների հեղինակների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին։ Նշենք, որ հեղինակային աշխատանքները հրապարակվելու են նաև Ռոստելեկոմի պաշտոնական կայքում և/կամ ֆեյսբուքյան էջում։

Պարտադիր պայմաններ

  • Էսսեների լեզուն հայերենն է,
  • Էսսեն պետք է լինի նվազագույնը 300 բառ,
  • Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե պլագիատի կամ այլ լեզուներից թարգմանությունների դեպքեր հայտնաբերվեն,
  • Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե հեղինակը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն հանդիսանում Ռոստելեկոմի բաժանորդ,
  • Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե չհամապատասխանի նշված թեմային։

Աղբյուրը՝ https://www.rtarmenia.am/news/view/scholarship-for-students:

Ի գիտություն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների

shutterstock_116483989_Effective_communication_1024x768

 Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգի համաձայն՝ հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել մինչև ս.թ. օգոստոսի 30-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • դիմում՝ ուղղված մասնաճյուղի տնօրենին,
  • ավարտական փաստաթղթերի՝ դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,
  • արձանագրության պատճենը (ՄՈՒՀ-ից),
  • 4 լուսանկար (3×4 չափի):

Փաստաթղթերի հանձնման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093-41-51- 22:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ

Նկար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` 2019 թ. օգոստոսի 27-ից 2019 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ, մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (118):

Մրցույթի հրավերի փաթեթը տե՛ս այստեղ։