Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին ԵՊՀ 100-ամյակին նվիրված քայլերթին և պաշտոնական հանդիսությանը

1. գլխավոր 2019թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից մեկնարկեց համալսարանի 100-ամյակին նվիրված քայլերթը դեպի Ազատության հրապարակ, այնուհետև Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցան պաշտոնական հանդիսություն և համերգ, որոնց հրավիրված էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեկ տասնյակ ներկայացուցիչներ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի գլխավորությամբ:

Քայլերթին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ, գիտխորհրդի անդամներ, ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական անձնակազմից, հրավիրյալ հյուրեր 21 երկրներից, ՈՒԽ անդամներ, ուսանողներ տարբեր ֆակուլտետներից:

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ և ԵՊՀ օրհներգերով մեկնարկեց հոբելյանական միջոցառումը, որից հետո ներկաներին ողջունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիման:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց, որ ԵՊՀ-ն ինչպես եղել է, այնպես էլ պետք է շարունակի մնալ Հայաստանում մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղը և հարթակը, որովհետև նոր ժամանակներում ազատությունը, ստեղծագործականությունը, արդարությունը և ազգի մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, ինչքան պահանջված էին մեր ժողովրդի՝ 20-րդ դարի կյանքի ընթացքում (ՀՀ վարչապետի ելույթի վերաբերյալ մանրամասն տե՛ս հետևյալ հղումով):

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր ելույթում ընդգծեց. «Ես համոզված եմ, որ ԵՊՀ-ն մշտապես միջազգային հանրությանը և համաշխարհային քաղաքակրթությանը ներկայանալու է որպես հզոր գիտակրթական ու մշակութային կառույց, մարդկային կապիտալի արժեքավոր ու մտավոր ներուժի անհուն շտեմարան» (ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ելույթը տե՛ս հետևյալ հղումով):

Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիմանն իր ելույթում շեշտեց, որ թեև համալսարանն իր գործունեությունը սկսել է ծանր պայմաններում, բայց տարիների ընթացքում կարողացել է ավելացնել ուսանողների և ֆակուլտետների թիվը, բացել նոր գիտահետազոտական կենտրոններ և ինստիտուտներ (Պրահայի Կարլի համալսարանի ռեկտորի ելույթի մասին տե՛ս հետևյալ հղումով՝):

Տոնական համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյան և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան:

Հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, «Դիմակահանդես» դրամայից, Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայից: Հնչեց նաև Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի 3-րդ մասը, որի մենակատարն էր Հայկ Կազազյանը: Ելույթ ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, իսկ տոնական համերգի հանդիսավարներն էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների այցը Շիրակի պետական համալսարան

20190925152027_IMG_2841 2019թ. սեպտեմբերի 25-ին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները Արտաքին կապերի բաժնի աշխատակից, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանի ու Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Արա Ազատյանի ուղեկցությամբ այցելեցին Շիրակի պետական համալսարան (ՇՊՀ):

Այցելության նպատակն էր Շիրակի պետական համալսարանում մասնակցել  «Ներառական կրթություն» խորագրով սեմինարին, որը կազմակերպել էին «Հակամարտությունների փոխակերպում» ոչ ֆորմալ կրթական դասընթացի մասնակիցները և ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին ներառական կրթությանը, դրա դժվարություններին, կոնֆլիկտային իրավիճակներին և դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Թեմայի շուրջ իր մասնագիտական կարծիքը ներկայացրեց ՇՊՀ-ի դասախոս և սոցիալական աշխատող Էլվիրա Զարգարյանը:

Ելույթ ունեցավ ՇՊՀ-ի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Կարինե Սահակյանը՝ ողջունելով ուսանողների նախաձեռնությունը և կարևորելով նմանատիպ քննարկումները երիտասարդների միջև:

Ներառական կրթության վերաբերյալ սեմինարի ժամանակ կազմակերպվեցին նաև թիմային աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները ինտերակտիվ խաղերի և վարժությունների միջոցով ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները:

Նշենք նաև, որ հանդիպումն անցկացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի «Ձայն խաղաղությանը» ծրագրի շրջանակներում:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչը մասնակցեց «Նորարար գրադարաններ 2019» աշխատաժողովին

1. գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 23-25-ին Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում կայացավ «Նորարար գրադարաններ 2019» աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ քաղաքային և մարզային, հանրային և համալսարանական գրադարանների աշխատողներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Նախ մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ամերիկյան կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը։ Նա նշեց, որ դեսպանությունը մեծ պատրաստակամությամբ է հովանավորել այս միջոցառումը, որը կնպաստի գրադարաններում նոր ծրագրեր ներդնելուն, նորարար տեխնոլոգիաներով գրադարանային առօրյան հագեցնելուն և գրավիչ դարձնելուն։

 «Գուգլի ամպային տեխնոլոգիաները գրադարանավարի առօրյա աշխատանքում», «Սմարթ գրադարանի ձևավորում Ամազոնի տեխնոլոգիական լուծումներով» թեմաների շրջանակներում բանախոս Ավետիկ Պետրոսյանն ընդգծեց, որ ժամանակակից գրադարանների վերաձևման և նորարար գաղափարների իրացման համար անհրաժեշտ է հետևել տեխնոլոգիական զարգացման միտումներին, և գրադարանների փոխակերպումն այդ ճանապարհին ուղղակի բացառում է այլընտրանքը։

«Օնլայն համայնքների հետ աշխատանք, մոդերացիա», «Կայքերի ու սոցցանցային օգտահաշիվների անվտանգություն», «Լուսանկարչության հիմունքներ» թեմաների շրջանակներում բանախոս Արթուր Պապյանը նշեց, որ ժամանակակից գրադարանն առանց սոցհարթակների և էլեկտրոնային լուծումների չի կարող բավարարել  մերօրյա ընթերցողի պահանջները, և գրադարանային հանրույթը պետք է օգտագործի հնարավորությունները՝ սոցիալական հարթակներում նոր ընթերցող գտնելու և գրադարանը գրավիչ դարձնելու համար։

«Հայաստանի գիտատեղեկատվական հանգույցը գործունեության մեջ։ Ձեռքբերումներ և խնդիրներ», «Digital Humanities. Ներածություն», «Տվյալների շտեմարանների կառուցման սկզբունքները (փոքր գրադարանի օրինակով)» թեմաների շրջանակներում բանախոսներ Տիգրան Զարգարյանն ու Հովհաննես Կիզողյանն անդրադարձան Հայաստանի գրադարանային համայնքի խնդիրներին ու մատենավարման տեխնոլոգիական նորագույն լուծումներին։

Աշխատաժողովի վերջին օրը մասնակցիները ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Լիա Միլլերի հետ ունեցան հանդիպում, որի ընթացքում քննարկեցին Հայաստանի գրադարանների զարգացման ուղիներն ու միտումները։

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանն իր ելույթում աշխատաժողովի մասնակիցիներին ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի նորարար ձեռքբերումները, ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի կառուցվածքը, նպատակները, բաց և մատչելի էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև էլեկտրոնային գրականությունից օգտվելու հնարավորություններն ու վիճակագրությունը։ Վ.Պողոսյանը նշեց, որ այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ծանոթանալ ՀՀ գրադարանային միջավայրի խնդիրներին, այլև կանխատեսել զարգացման միտումներ, որոնցում գրադարանային յուրաքանչյուր աշխատակցի դրակատարումը գերակա է։

Կայացավ «Ամենախելացին» ուսանողական ինտելեկտուալ խաղը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին

0-02-04-1b6e2abbe6508428c1af853d27eb9904963ab24140b03da9f249595921d2998e_7e9c5cf 2019թ. սեպտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Ամենախելացին» ուսանողական ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էր 9 ուսանող՝ մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներից։

Խաղը վարեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանը։

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլն անցկացվեց բջջային հատուկ հավելվածի՝ Quizizz-ի օգնությամբ, տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց, ընդ որում՝ մասնակիցները լրացուցիչ միավորներ վաստակեցին նաև հարցերին արագ պատասխանելու համար։ Առավելագույն միավոր հավաքած 5 ուսանողները հնարավորություն ստացան խաղը շարունակել երկրորդ փուլում։

Երկրորդ և երրորդ փուլերի համար «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը HTML, CSS և JavaScript լեզուների միջոցով ստեղծել էր համակարգչային հատուկ ծրագիր, որը խաղի 2-րդ և 3-րդ փուլերը հնարավորինս մոտեցնում էր հեռուստախաղի ձևաչափին։

Երկրորդ փուլում մասնակիցները 10 թեմաներից ընտրեցին երկուական թեմա, այնուհետև փորձեցին պատասխանել իրենց ընտրած թեմայի հարցերին 1 րոպեի ընթացքում։ Լարված մրցակցության պայմաններում 2-րդ փուլը հաղթահարեցին «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Մհեր Ղալումյանը և Շիրակ Գասպարյանը, «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Թինա Թամրազյանը։

Թեժ պայքար ծավալվեց նաև 3-րդ փուլում։ Մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին։

Առավելագույն միավորներ վաստակելով՝ «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Թինա Թամրազյանը, ով պարգևատրվեց մեդալով, հուշանվերով, պատվոգրով և գրադարանի կողմից նվիրաբերված գրքով։

Պատվոգրերով և գրքերով պարգևատրվեցին նաև Շիրակ Գասպարյանը և Մհեր Ղալումյանը, ովքեր զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Խաղի մյուս 6 մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ խաղի կայացմանն օժանդակելու համար շնորհակալագրեր տրվեցին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին, ուսանողներ Լիանա Ներսիսյանին, Արգիշտի Մարգարյանին, Արայիկ Շահնազարյանին։

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: