Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում են 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները

1. գլխավոր 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) ընթանում են 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը հավաստիացրեց, որ քննաշրջանն անցկացվում է համաձայն սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի)՝ նախատեսված կիսամյակի 9-րդ շաբաթում, որի ընթացքում ուսանողներն ազատված են ուսումնական պարապմունքներից:

Ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը, ըստ սահմանված կարգի, նախապես տրամադրվում են ուսանողներին:

Գրավոր ընթացիկ քննություններն ու ստուգումներն անցկացվում են տեսախցիկներով կահավորված լսարաններում:

Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:

Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:

Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները տեղադրվում են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական  խորհուրդների և ամբիոնների նիստերում:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Ուսանողներին մոտիվացնում են շրջանավարտները

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանի նախաձեռնությամբ իրականացվեց ԵՊՀ ԻՄ-ի մի քանի շրջանավարտների՝ «Արարատբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Թագվոր Մանթաշյանի, «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Ջուլիետա Ճաղարյանի, Ազատամուտի համայնքապետ Վահագն Ալավերդյանի, «ՍՕՍ−Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի տնօրեն Գևորգ Թադևոսյանի հետ հանդիպում, որի նպատակն էր տարբեր բնագավառներում որոշակի հաջողությունների հասած մեր շրջանավարտների անձնական փորձի ներկայացման միջոցով մոտիվացնել ուսանողներին:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, շրջանավարտներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը և նշեց, որ ուրախ է մասնաճյուղում տեսնել շրջանավարտներին, խոսեց ԵՊՀ ԻՄ-ում շրջանավարտների միություն ստեղծելու, հարազատ բուհի հետ մշտական կապ պահպանելու կարևորության մասին:  

Թագվոր Մանթաշյանը, ուսանողներին ներկայացնելով իր անձնական փորձը,  նշեց, որ հաջողության հասնելու գրավականներից մեկն է չբավարարվել համալսարանի դասախոսների տված նյութերով, թեև դրանք եղել են բազա, որի վրա ինքը ձևավորել է իր հմտությունները: «Ես ավարտել եմ 2008 թվականին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետը, որից հետո, երկար ժամանակ իմ մասնագիտությամբ աշխատանք չգտնելով, ինքնակրթությամբ եմ զբաղվել և սովորել տնտեսագիտություն, ապա ընդունվել եմ «Արարատբանկ»՝ որպես վարկային մասնագետ, – նշեց Թ.Մանթաշյանը: – Սկզբում իմ ղեկավարները զարմանում էին, թե ինչպես «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ քաղաքացին կարողացավ տնտեսագետների և մյուս դիմորդների մեջ հաղթել: Ամեն ինչի սկիզբը դրվել է համալսարանում. դասախոսները շատ թանկ ինֆորմացիա են մեզ տալիս, դա անգին է: Պետք չէ սպասել, ինչպես նշեց պարոն Մակարյանը, աշխատելու ընթացքում ձեռք կբերեք ավելի մեծ որակավորումներ, որոնց շնորհիվ կարող եք հասնել հաջողության: Եթե ցանկանաք աշխատել բանկում, պետք է լավ ուսումնասիրեք ոլորտը»:

«Յունիբանկ» ԲԲԸ կառավարիչ Ջուլիետա Ճաղարյանը մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ. համալսարանը ոչ միայն այն վայրն է, որ սովորեցնում է մեզ, թե ինչպես կարելի է սովորել, այլև այն վայրն է, որ օգնում է երեխաներին գերազանցել իրենց ծնողներին, այսինքն՝ ոչ միայն սովորել, թե ինչպես կարելի է սովորել, այլև դառնալ կրթված: Մարդու արարքները ընդամենը փայլ են հաղորդում նրան, իսկ մարդուն կշիռ հաղորդողը նրա գիտելիքն է: Դուք կարող եք բոլորդ էլ փայլել ձեր շրջապատում, բայց ցանկալի է, որ ունենաք կշիռ, անշուշտ յուրաքանչյուր փորձություն հաղթահարելու ժամանակ ձեր կշիռը մեծ դեր ունի: Մեր բանկն ակտիվ համագործակցում է մասնաճյուղի հետ, որը կարող է նաև հավաստել Էրինեն: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք համալրել ենք մեր կադրային բազան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 5 շրջանավարտով, այս պահին ունեմ մասնաճյուղի 13 ավարտած շրջանավարտ, վերջին երեքը ինձ մոտ պրակտիկ ուսուցում անցած ուսանողներն են եղել: Պրակտիկան անցաքարտ է աշխատանքի տեղավորման համար: Թափուր աշխատատեղ լինելու դեպքում, մինչև հայտարարություն փակցնելը, ես տեղեկացնում եմ Էրինեին և սպասում համալսարանի լավագույն կադրերի ներհոսքին: Միշտ եղեք մոտիվացված, միշտ ձգտեք ապրել ավելի լավ կյանքով, յուրաքանչյուր առավելագույնի հասնող միանշանակ սկսում է ցածր սանդղակից, պետք է ունենալ ինքնավստահություն, բայց պետք չէ ունենալ մեծամտություն, պետք է ուշադրություն դարձնել մանրուքներին, յուրաքանչյուր մեծ գործ արվում է մեծ սիրո արդյունքում: Պատրաստ եմ օգնել ձեզ, ընդունել մեր հարկի տակ, նպաստել ձեր առաջընթացին»:

Ուսանողների հետ զրուցում Վահագն Ալավերդյանը նշեց. «Ձեր գործատուն դուք եք, ձեր մոտեցումները պիտի լինեն ոչ ստանդարտ: Ստանդարտացումը այդքան էլ լավ երևույթ չէ, որովհետև երբ ինչ-որ մի բան դուք փորձեք ձեռնարկել, որը ձեր շրջապատի մարդկանց համար կլինի նորություն, նրանցից շատերը կասեն, որ դա հաջողության չի բերի կամ չի ստացվի, ուղղակի պետք է հավատալ, որ այն ձեզ հաջողության կբերի: Ձեզ համար թիվ մեկ բանը պետք է լինի ձեր ժամանակը, որն անցնում է, և կապ չունի դպրոցում ես, ուսանող ես, թեկուզ դասից հետո է, այդ ժամանակն արդյունավետ պետք է օգտագործել, պետք է սկսել ամենագլխավորից: Հաջողության հասած բոլոր մարդիկ էլ սկզբում անհաջողություններ են ունեցել, բայց  հավատացել են իրենց արածին և հաջողել են»:

Գևորգ Թադևոսյանը նշեց, որ ինքը չի եկել ուսանողներին ինչ-որ նոր բաներ ներկայացնելու, ինքը եկել է նրանցից սովորելու, ինչպես նշեցին շրջանավարտները, գիտելիքը մեծ կշիռ ունի բոլոր ոլորտներում, և ամենակարևորն այն է, որ ուսանողները լավ սովորեն և շատ գիտելիք ձեռք բերեն: 

Հանդիպման վերջում ուսանողների և շրջանավարտների միջև ծավալվեց ակտիվ քննարկում՝ հարց ու պատասխանի ձևով:

Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը շնորհակալություն հայտնեց շրջանավարտներին և նշեց, որ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:  

Հանդիպումներ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 15-24-ը ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը կազմակերպել է հանդիպումներ Տավուշի մարզի (Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններ) 28 հանրակրթական դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտների հետ:

Հանդիպումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Ուսում­նամեթոդական վարչության պետ Ա.Դավթ­յանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Աղաբաբյանը, Մաս­նագիտական կրթութ­­­յան որակի ապահովման բաժնի մասնագետ Ա.Հովսեփ­յանը, հանրակրթական դպրոցների տնօ­րեն­ները, ուսուցիչները, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:

ՄԿՊԿ բաժնի կազմակերպած հանդիպումները նպատակ ունեին մարզի ավագ դասարանների աշակերտներին տեղեկացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020թ. ընդունելության մասնագիտություններին, կրթական ծրագրերին և քննություններին, շոշափելու նրանց կարիքները և նախատրամադրվածությունը:

Հանդի­պումների ընթացքում աշակերտները ստացան մարզում բարձ­րագույն կրթություն ստանալու հնարավորությունների և ԵՊՀ ԻՄ-ում իրա­կա­նացվող կրթական ծառայությունների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի սեր­տացնելու և խորացնելու աշակերտ-ուսուցիչ-դասախոս համագործակցությունը: Դպրոց-համալսարան կապն ամրա­պնդե­լու, դիմորդներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով առաջարկվեց պարբերաբար ճանաչողական այցեր իրակա­նացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մասնակցությամբ իրականացնել թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ:

Բերդի և Նոյեմբերյանի որոշ դպրոցներում մասնաճյուղի  աշխատակիցները՝ Ընդ­հանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ Ա.Մարգարյանը, Տուրիզմի կառավարման և մշակու­թա­բա­նության ամբիոնի  ասիստենտ Պ.Ասիլբեկյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս  Վ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Աղաբաբյանը, հանդես եկան դասա­խոսություններով:

Նման հանդիպումները կարևոր են և ար­դիական բուհական քննություններին նախա­պատրաստվող դպրոցականների համար, օգնում են կողմնորոշվելու մասնագիտությունների ընտրության հարցում, ինչպես նաև նպաստում են դպրոց-բուհ հարաբերությունների սերտացմանը:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում: