Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագիր» «Ամերիկյան սենյակ»-ի համակարգողների հաստիքների համար

DSC02242 «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպությունը (www.ph-int.org) ԱՄՆ պետ. դեպարտամենտի կողմից հովանավորվող և իր կողմից իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) իրագործման նպատակներով հայտարարում է մրցույթ ծրագրի շրջանակում հիմնվող «Ամերիկյան սենյակ»-ի համակարգողների հաստիքների համար: Ընտրվելու են 2 համակարգողներ, որոնք հերթափոխային գրաֆիկով աշխատելու են «Ամերիկյան սենյակ»-ում: 

Ծրագրի բովանդակություն

Երեք տարի տևողությամբ «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» շրջանակներում Տավուշի մարզկենտրոն Իջևանում, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում մասնաճյուղի հետ գործընկերությամբ ստեղծվելու է Ամերիկյան սենյակ, որի նպատակն է տարբեր կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումների միջոցով տեղի բնակչությանը ծանոթացնել ամերիկյան արժեքներին, մշակույթին, պատմությանը, ինչպես նաև տարբեր դասընթացների միջոցով զարգացնել դրանց մասնակիցների սոցիալական, ինչպես նաև տարբեր ոլորտներին առնչվող տեխնիկական հմտությունները:

Սենյակի աշխատանքները մեկնարկելու են 2019թ. դեկտեմբերի 2-ից: Սենյակն աշխատելու է ողջ տարվա ընթացքում, երկուշաբթի-շաբաթ օրերին,  10:00-18:00 ժամերի ընթացքում: Սենյակի երկու համակարգողները, «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության Երևանյան գրասենյակի աշխատակիցների կողմից համապատասխան վարչական, ինչպես նաև բովանդակային նախապատրաստական ցուցումները ստանալուց հետո, համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատակիցների հետ սերտորեն համագործակցելով, պատասխանատու են լինելու սենյակի անխափան գործունեության համար: «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության Երևանյան գրասենյակի աշխատակիցները Տավուշի աշխատանքները համակարգողներին կցուցաբերեն մշտական աջակցություն ինչպես հաճախակի այցերի, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով:  

Ի լրումն սենյակի վարչական բնույթի աշխատանքներին՝ 2019թ. դեկտ.-2020 թ. սեպտ. ժամանակահատվածի համար նախատեսված է իրականացնել հետևյալ միջոցառումները.

  1. Անգլերենի ուսուցման 2 դասընթաց: 
  1. Մեդիագրագիտության դասընթաց՝ ավարտական առաջադրանք-թեստով:
  2. Արդյունավետ հաղորդակցության հմտությունների դասընթաց և բանավեճի ակումբ:
  3. Ծրագրի մշակման և կառավարման դասընթաց: Դասընթացից հետո կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ ($500) համայնքային 5 ծրագրերին:
  4. Աշխատանքի որոնմանն ու դիմումների պատրաստմանն ուղղված սեմինարներ:
  5. Կինոդիտումներ և քննարկումներ:
  6. Դասախոսություններ՝ ԱՄՆ-ին վերաբերող թեմաներով:
  7. Հանդիպումների ակումբ՝ նվիրված ամերիկյան և անգլիական գրականությանը:
  8. Գրադարանային ծառայություններ:

 Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել

Ամերիկյան սենյակի 2 համակարգողների ընտրության համար տրված հայտարարությամբ կարող են դիմել Իջևան քաղաքի բնակիչներ, որոնք

  1. պլանավորում են ծրագրի ամբողջ ընթացքում (2019թ. դեկտեմբերի 2-2022թ. սեպտեմբերի 30) երկարատև չբացակայել Իջևան քաղաքից,
  2. ունեն անգլերենի գերազանց իմացություն,
  3. ունեն տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ,
  4. ունեն միջոցառումներ կազմակերպելու փորձ, հատկապես տարբեր տարիքի անձանց հետ,
  5. ակտիվ են, ստեղծագործ, նորարար, ինքնուրույն և նախաձեռնող,
  6. ունեն թիմում աշխատելու հմտություններ,
  7. կազմակերպչական հմտություններ:

Նախընտրություն կտրվի այն թեկնածուներին, որոնք

  • ունեն ԱՄՆ կառավարության կրթական-մշակութային ծրագրերի կամ միջազգային նմանատիպ այլ ծրագրերի մասնակցության փորձ,
  • պլանավորել ու վարել են դասընթացներ կամ աջակցել են տարբեր դասընթացների իրականացմանը,
  • հանդիսանում են կրթական, մշակութային կամ մասնագիտական ցանցերի անդամ:

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև սթ. նոյեմբերի 14-ը՝ ժամը 20:00-ն, ծրագրի ղեկավար Քրիստինե Ճգնավորյանին`  christine.chgnavoryan@ph-int.org  էլ. հասցեով, ուղարկեն անգլերենով գրված դիմում-նամակ (Cover letter) և ինքնակենսագրական (CV): Նամակի վերնագրի տողում պետք է նշել Application for American Space Coordinator:

«Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության աշխատակիցները կկապվեն միայն այն անձանց հետ, որոնց թեկնածությունը կդիտարկեն ընտրության հաջորդ փուլի համար և կհրավիրեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում երկուշաբթի-ուրբաթ օրերին` 9:30-18:30 ժամերի ընթացքում, կարող եք դիմել ծրագրի ղեկավար Քրիստինե Ճգնավորյանին (հեռ.՝ 094 41 42 36, էլ.փոստ` christine.chgnavoryan@ph-int.org):

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները Մայր բուհում

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 5-ին «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ հյուրընկալվեցին Մայր բուհում, որ իրականացվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի առաջարկով, մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համագործակցությամբ:

Մասնաճյուղից ԵՊՀ էին այցելել Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, մարքեթինգային աշխատանքների համակարգող Արմինե Մելքումյանը և քսան ուսանող:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ աշխատաշուկայում ուսանողների մրցակցության բարձրացմանը և ընդհանրապես խորացնել Մայր բուհի ու մասնաճյուղի միջև համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ ծրագրի օրակարգը կազմվել է այնպես, որ համալսարանում ուսանողների օրը լինի հնարավորինս հագեցած, մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին և անհրաժեշտ հմտություններին: «Այս ձևաչափով համագործակցությունը Իջևանի մասնաճյուղի հետ առաջինն է, – ընդգծեց Կարինե Նազարյանը, – բայց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ամեն ինչ անելու է, որ նմանօրինակ համագործակցությունը շարունակական բնույթ կրի»:

Ուսանողներին ողջունեց ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը: Նա, շնորհավորելով ուսանողներին Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ այսօրվա ծրագիրը տեղի է ունենում ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակի միջոցառումների շրջանակում: «Դեռևս մի քանի ամիս առաջ, երբ մենք Իջևանի մասնաճյուղ այցելեցինք, անդրադարձանք նաև մասնաճյուղի ուսանողների ներգրավվածությանը միջազգային գործընթացներին»,- փաստեց Արթուր Իսրայելյանը՝ հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միջև՝ պարբերաբար մասնաճյուղ այցելելու և ծրագրեր ներկայացնելու, որոնց կարող են մասնակցել նաև Իջևանի մասնաճյուղի ուսանողները: Արթուր Իսրայելյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ցանկություն է հայտնել մասնաճյուղում կազմակերպել արևելյան 3 լեզուների՝ չինարենի, ճապոներենի և կորեերենի դասավանդում. «Մենք արդեն այդ համագործակցության ստեղծման ցանկության մասին հայտնել ենք ՀՀ-ում Չինաստանի և Կորեայի դեսպանություններին»:

ԵՊՀ պրոռեկտորն ուսանողներին խորհուրդ տվեց հատկապես ուշադիր լինել CV գրելու հմտությունների մասին դասախոսությանը՝ աշխատաշուկայում ճիշտ ներկայանալու համար:

Այնուհետև ուսանողները շրջայց կատարեցին ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում:

Թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը հյուրերին ներկայացրեց համալսարանի հիմնադրման պատմությունը, անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքերն ու գիտական աշխատությունները, բուհի պատմությանը վերաբերող արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, ֆիլմեր: Ուսանողները ծանոթացան նաև 100-ամյա ԵՊՀ-ում պահվող բացառիկ նմուշներին:

Շրջայցից հետո ուսանողներին ողջունեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը և նրանց համար անցկացրեց «CV գրելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դաս-քննարկումը: Նա ուսանողներին ներկայացրեց հարցազրույցների ընթացքում հաճախ տրվող հիմնական բարդ հարցերը, կարևորեց տվյալ կազմակերպության և դրա գործունեության վերաբերյալ թեկնածուների իրազեկվածությունը, ինչպես նաև հագուստի ճիշտ ընտրությունը:

Այնուհետև կենտրոնի աշխատակից Արմինե Հաջաթյանը խոսեց ճիշտ և մրցունակ CV կազմելու գաղտնիքների մասին:

Ծրագրի շրջանակներում ուսանողները հանդիպեցին նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ ՄՌԿ բաժնի ղեկավար  Աշխեն Պողոսյանի հետ, ով ուսանողներին ծանոթացրեց հարցազրույցին պատրաստվելու և ներկայանալու նրբություններին, իսկ եթե արդեն ընդունվել են աշխատանքի, ինչպես ընտելանալ ընկերության աշխատաոճին:

Հանդիպման ընթացքում ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին հարց ու պատասխանի ձևով քննարկման, տեղեկացան մեկ թափուր հաստիքի մասին, վերջում իրենց գոհունակությունը հայտնեցին հանդիպման կազմակերպիչներին:

ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանը, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին, մասնավորապես նշեց, որ շատ արդյունավետ և օգտակար օր անցկացրեց ԵՊՀ-ում. «Ծրագրի մասնակցությունից հետո միանշանակ ինձ համար արդեն ավելի հեշտ կլինի ինտեգրվել աշխատաշուկայում, քանի որ սեմինարավարները նաև որպես գործատուներ մանրամասն բացատրեցին, թե ինչպես պետք է CV գրել, ինչպես ներկայանալ հարցազրույցին և հետագայում կայանալ որպես լավ մասնագետ»:

Հանդիպման վերջում շրջանավարտների և արտաքային շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը ևս շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են Մայր բուհ-մասնաճյուղ համագործակցության խորացմանը, հույս հայտնեց, որ այդպիսի համատեղ ծրագրեր հաճախակի կիրականացնեն:

«Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն այցելեցին Հայաստանի ֆոնդային բորսա

1. գլխ.

 2019թ. նոյեմբերի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Ա.Ալեքսանյանի ղեկավարությամբ այցելեցին Երևանում գործող «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ (նախկինում՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»), որը ՀՀ միակ ֆոնդային բորսան է:

Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի մասնագետները մեր ուսանողների համար անցկացրին «Ֆոնդային բորսայի էությունը և հիմնական ծառայությունները» և «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ռեեստրի վարման, պահառության և քլիրինգ/վերջնահաշվարկի ծառայությունները» թեմաներով սեմինարներ:

Նախ՝ սեմինարարավարները համալսարանականներին շնորհավորեցին ԵՊՀ-ի 100-ամյակի և մասնաճյուղի 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, ապա  հարց ու պատասխանի ձևով անցկացրին սեմինարները:

Սկզբում ներկայացվեցին կենտրոնական դեպոզիտարիայի  կողմից ռեեստրի վարման, պահառության և քլիրինգ/վերջնահաշվարկի ծառայությունները:

Այնուհետև Լևոն Մովսիսյանը պրեզենտացիաների ուղեկցությամբ ներկայացրեց  ֆոնդային բորսայի էությունը և հիմնական ծառայությունները:

Ուսանողները սեմինարավարներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք առավելապես վերաբերում էին արժեթղթերի շուկայի գործիքներին, բորսայի կապիտալին, նրանցից ստացան սպառիչ պատասխաններ: Լ․Մովսիսյանին ուսանողները լրացուցիչ խնդրեցին ավելի պրակտիկ մեկնաբանել քլիրինգը և պրոցեսինգը: Իրենց հերթին ուսանողները հաջողությամբ պատասխանեցին ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքման մասին իրենց ուղղված հարցերին, ապա համեմատական անցկացրին ՀՀ ֆոնդային բորսայի և ՀՀ կենտրոնական բանկի աշխատանքային մթնոլորտների միջև:

Սեմինարների վերջում մարքեթոլոգները պատմեցին բորսայական հայտնի ավանդույթի՝ զանգի մասին: Ուսանողները հետաքրքրությամբ լսեցին պատմությունը՝ իրենք էլ օրինակներ բերելով Ուոլ Սթրիթում գործող Նյու Յորքի ֆոնդային բորսայի՝ Մեծ հարթակի աշխատանքներից:

Հանդիպման վերջում «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ նշելով, որ իրականացված բովանդակային քննարկումներն ավելի ամրապնդեցին իրենց գիտելիքներն ու կարողությունները, նրանք հավելեցին, որ ուղղակի սիրահարված են բորսայական աշխատանքներին:

2 (1)

Շախմատի՝ կանանց և աղջիկների մասնաճյուղային առաջնությանը մասնակցելու հրավեր

Շախմ.

 Սիրելի համալսարանականներ, 2019թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:40-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում մեկնարկելու է շախմատի՝ կանանց և աղջիկների մասնաճյուղային առաջնությունը

Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թնոյեմբերի 13ը դիմել ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահին կամ sssysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին որպես հաղորդագրություն ուղարկել Ձեր ազգանունը, անունը, հայրանունը, մասնագիտությունը, կուրսը և հեռախոսահամարը: Որպես հաղորդագրության թեմա անհրաժեշտ է գրել «ՇԱԽՄԱՏԻ՝ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ»:

Սիրով սպասում ենք: