Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 25-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 2-ին կայացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի (ի դեմս կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի) և ԵՊՀ ԻՄ-ի սերտ համագործակցությամբ:

Հանդիսությանը հրավիրված էին Մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար պարոն Գ.Գևորգյանը, ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ա.Մալխասյանը, ԵՊՀ գիտքարտուղար Լ.Հովսեփյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մարզի հոգևոր, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Տավուշի մարզպետ Հ.Չոբանյանի, Իջևանի համայնքապետ Հ.Ղալումյանի գլխավորությամբ, ԵՊՀ ԻՄ-ի հիմնադիր կազմի անդամներ, մասնավորապես՝ հիմնադիր տնօրեն Հ.Կարայանը, պատվավոր հյուրեր, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, շրջանավարտներ, ուսանողներ, ծնողներ, քաղաքացիներ, արտաքին շահակիցներ:

Հոբելյանական միջոցառմանը նախորդեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ընթացքում տեղի ունեցավ Մայր բուհի 100-ամյակի և մասնաճյուղի 25-ամյակի կապակցությամբ հուշամեդալների և պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գ.Գևորգյանի, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի մասնակցությամբ:

Համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 25-ամյակի կապակցությամբ ԵՊՀ-ի ոսկե մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանը և ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Յուրա Իսրայելի Բեկնազարյանը: ԵՊՀ-ի արծաթե մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ, բան. գիտ. թեկնածուներ Ալիսա Զավենի Հասանյանը և Աիդա Ասիլբեկի Սարհատյանը:

ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակի առթիվ պատվոգիր ստացան ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Վարդան Արամայիսի Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Մուշեղ Լևոնի Սարուխանյանը, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Անուշ Աղաջանի Սարիբեկյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Գեղամ Վոլոդյայի Գուլակյանը, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Քնար Վլադիմիրի Օթարյանը, ՄԿՊԿ բաժնի տեսուչ Անահիտ Վառլամի Սարիբեկյանը:       

ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակի կապակցությամբ պատվոգրերի արժանացան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ (պարգևատրված աշխատակիցների ամբողջական ցանկը տե՛ս այստեղ):  

Հուշամեդալների և պատվոգրերի հանձնումից հետո տեղի ունեցան հյուրասիրություն և Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցադրությունը:

Այնուհետև Տավուշի մարզպետարանում կայացան մասնաճյուղի 25-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը և հոբելյանական համերգը:

Հանդիսությունը մեկնարկեց Տերունական աղոթքով ու ՀՀ պետական օրհներգով, ապա ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների կատարմամբ հնչեց ԵՊՀ հիմներգը:

Ելույթ ունեցան ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Պարոն Գ.Գևորգյանը, Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի և մասնաճյուղի 25-ամյակի կապակցությամբ շնորհավորելով բոլոր համալսարանականներին ու ներկաներին, նշեց, որ հոբելյանական այս միջոցառումը ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շղթայի կարևոր օղակներից է, գուցե ամենակարևորը տարածաշրջանի համար: Իր խոսքում ԵՊՀ ռեկտորն ընդգծեց մասնաճյուղի ոչ միայն գոյության, այլև նրա զարգացման անհրաժեշտությունը, շնորհակալություն հայտնեց Երևանից հրավիրված և տեղացի պրոֆեսորադասախոսական կազմին՝ մեծ նվիրումով աշխատելու համար. «Քսանհինգ տարի է, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կատարում է ոչ միայն կրթական գործառույթներ, այլև սահմանապահի դեր Հայաստանի Հանրապետության համար: Այս բարձրագույն կրթօջախը կարևորվում է նաև այն գործառույթով, որ շենացնում է մի ամբողջ մարզ՝ մեր հայրենիքի մի կարևոր հատված»:

Պարոն Ա.Մակարյանը, շնորհավորելով մայր համալսարանի 100 և նրա մասնաճյուղի 25-ամյակները, մաղթեց, որ նրանք ունենան աննախընթաց վերելք ապրող գիտական հզոր ներուժ, ստեղծագործ ու նախաձեռնող  ուսանողություն. «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ստեղծման, նրա լինելության  25-ամյա հոբելյանի առթիվ և մաղթում, որ հավերժական լինի նրա երթը պատմության հոլովույթում, նորանոր սերունդներ կրթվեն նրա տված գիտության լույսով ու դառնան մեր ժողովրդի պայծառ ապագայի կերտողները:

Օրեր առաջ էլ նշվեց Մայր բուհի հիմնադրման 100-ամյակը: Թու՛յլ տվեք Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի, ողջ ուսանողության ու Տավուշ աշխարհի հանրության անունից կրկին ջերմորեն շնորհավորել նրա 100-ամյա հոբելյանը և մաղթել, որ հինավուրց մեր ժողովուրդը իր բիբլիական հողում համալսարանի հազարամյակը տոնի, ու հավերժական լինի նրա փառահեղ երթը…»: Ապա տնօրենը հանգամանորեն ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի տարեգրությունը՝ խոսելով 1991թ. սահմանամերձ մարզում մեծ ջանքերի գնով գիտակրթական օջախ հիմնելու անհրաժեշտության, հիմնադիրների (մասնավորապես՝ հիմնադիր տնօրեն Համլետ Կարայանի) անձնվեր աշխատանքի, բուհի կայացման ու շարունակական զարգացման մասին:       

Պարոն Հ.Չոբանյանը, իր ելույթում շնորհավորելով ԵՊՀ-ի 100-ամյա հոբելյանը և Իջևանի մասնաճյուղի 25-ամյակը, նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պետք է լինի Տավուշի մայր բուհը: «Եթե գրվի համալսարանի պատմության մասին, չգիտեմ, թե քանի հատորներ են պետք: Դա էլի բավարար չի լինի ներկայացնելու համար այն ուժը, նվիրումը, ստեղծագործական, գիտական նվաճումները, որ ունեցել է համալսարանը: Այս ամենի հիմքում, – նշեց Հ.Չոբանյանը, – եղել է հայ մարդը, քաղաքացին, երիտասարդը, նվիրյալը, ուսուցիչը, մանկավարժը»:

Միջոցառումը շարունակվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 25-ամյակին նվիրված  հոբելյանական համերգով, որի ընթացքում կատարողական մեծ վարպետությամբ հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: