Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընթացքի մեջ է 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2020թ. հունվարի 29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է առկա ուսուցման համակարգի՝ 2019-2020 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը:

Հեռակա ուսուցման համակարգում 2019-2020 ուստարվա I կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները կտևեն հունվարի 10-27-ը, իսկ քննաշրջանը կտևի փետրվարի 3-29-ը:       

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը հարցազրույցի ընթացքում ընդգծեց, որ քննություններն անցկացվում են սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի:

Նրա հավաստմամբ՝ դասախոսները և ուսանողները քննաշրջանին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ:

Պարոն Դավթյանը ուսանողներին ցանկացավ հաջողություն, դասախոսներին՝ հետևողականություն, որպեսզի ուսանողների գնահատականները հնարավորինս լիարժեքորեն արտացոլեն նրանց գիտելիքները: 

Քննության դրական շեմը չապահոված ուսանողները կկարողանան այն հանձնել լուծարքային շրջանում, որը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 3-ից մինչև 24-ը:

Բոլոր լուսանկարները տե‘ս Պատկերասրահում:

Կայացավ «Հնարավորությունների և արհեստների տոնավաճառ» միջոցառումը

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կայացավ «Հնարավորությունների և արհեստների տոնավաճառ» միջոցառումը, որն իրականացվեց Տավուշի մարզպետարանի և «Կարիերայի լաբ» կենտրոնի հետ համատեղ:

«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: Այն նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի երիտասարդությանն ապագայի աշխատաշուկային՝ նոր մասնագիտություններ և հմտություններ ձեռք բերելու միջոցով:

Տոնավաճառի նպատակն է ծառայել որպես բաց հարթակ գործատուների և աշխատանք փնտրող երիտասարդների միջև, դասընթացների միջոցով տրամադրել այնպիսի կարևոր հմտություններ, որոնք աշխատաշուկայում մրցունակություն կապահովեն: 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Իր ելույթում Դմիտրի Մարիյասինն ընդգծեց «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի կարևորությունը. «Այս ծրագիրը ես շատ եմ կարևորում, քանի որ այն ապագայի մասին է, որը, կարծում եմ, Հայաստանի համար այս պահին շատ կարևոր է. ինչպես անել, որպեսզի այսօրվա սերունդն իրազեկված լինի և տեսնի իր ապագան հենց Հայաստանում, այն ապագան, որը կլինի արժանավայել, ֆինանսապես կայուն, և որտեղ երիտասարդները կդառնան պահանջված մասնագետներ: Իհարկե, մենք նույնպես այսօրինակ միջոցառումների ժամանակ սովորում ենք ձեզանից, մենք պետք է հասկանանք ձեր հետաքրքրություններն ու անհանգստությունները, որպեսզի ծրագիրն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք հենց ձեզ համար»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց ապագայի մասին իր տեսլականը և մի շարք խորհուրդներ տվեց երիտասարդներին: Նա ցանկություն հայտնեց, որ նման միջոցառումներին և հարթակներին երիտասարդները ստեղծարար և վերլուծական մոտեցում ցուցաբերեն. «Սա այն հմտությունն է, որը պետք է ձեզ, և որը վերաբերում է ապագայի մասնագիտությանը, քննադատական և ստեղծարար մտածողություն և մոտեցում: Դուք ամեն օր պետք է աշխատեք ձեր զարգացման վրա»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Երևանից և ՀՀ մարզերից հրավիրված խոսնակներ, ովքեր ներկայացրին իրենց մոտիվացիոն պատմությունները, պատասխանեցին սոցիալական ձեռներեցության մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ երիտասարդների ուղղած հարցերին:

Տոնավաճառին զուգահեռ անցկացվեցին ապագայի աշխատաշուկայի ու հմտությունների, մասնագիտության ընտրության մարտահրավերների մասին դասընթացներ:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանող Գերասիմ Ալավերդյանը ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող

2

 2019թ. դեկտեմբերին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանատունը Երևանի «Դվին մյուզիք-հոլ» հյուրանոցի ընդարձակ սրահում կազմակերպել էր մեծ ընդունելություն ԱՄԷ Ազգային օրվա՝ Էմիրությունների միավորման 48-ամյակի կապակցությամբ:

Ներկա էին շուրջ 1000 հյուրեր, այդ թվում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Երկու երկրների հիմները հնչեցնելուց հետո ելույթ ունեցան ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Իսա ալ-Կատտամ ալ-Զաաբին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ընդունելության շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, տեղի ունեցավ ՀՀ լավագույն ուսանողների պարգևատրման արարողություն, որն իրականացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Պարգևատրվեցին ՀՀ պետական 14 բուհերի մեկական ուսանողներ՝ բարձր տեխնոլոգիաների և հարակից այլ մասնագիտությունների գծով:

Նրանց թվում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության      4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը:

Որպես մրցանակ նախատեսված է եռօրյա այցելություն Արաբական Միացյալ Էմիրություններ: 14 լավագույն ուսանողներ և 6 պատանիներ կայցելեն ԱՄԷ համալսարաններ և տեխնոլոգիական կազմակերպություններ, կծանոթանան բարձր տեխնոլոգիաների ոլորտում ԱՄԷ առաջավոր փորձին:

Նյութի վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումներով.

  1. https://www.gov.am/am/news/item/14038/ ,
  2. https://www.panorama.am/am/news/2019/12/03/%D4%B1%D5%84%D4%B7-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%B8%D5%B6/2205349 :

 

Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպել էր Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնը (ի դեմս ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք.Հարությունյանի, ծրագրի պատասխանատու Շ.Գրիգորյանի, ասիստենտ Զ.Անտոնյանի):

Ամանորյա միջոցառման լեզուն անգլերենն էր, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երրորդ կուրսի ուսանողները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տարբեր երկրներում Նոր տարին տոնելու առանձնահատկությունները, Ամանորի և Սուրբ Ծննդի ավանդույթներն ու խորհրդանիշները:

Ուսանողները նաև երգեցին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված երգեր, խաղացին «Գաղտնի Սանտան» ամանորյա  խաղը, որի ընթացքում փոխանակեցին նվերներ:

Միջոցառմանը հյուր եկավ հենց ինքը Սանտա Քլաուսը, ով շնորհավորեց ներկաներին, նվերներ բաժանեց, երգեց ամանորյա երգեր:

Ուսանողները նաև ունեցան խաղարկություն, և յուրաքանչյուր մասնակից ստացավ գալիք տարվա համար իր կանխատեսումը:

Երրորդ կուրսի ուսանողների համար Զ.Անտոնյանը կազմակերպել էր «Լավագույն նամակը Ձմեռ պապիկին» խորագրով մրցույթ: Նամակներն անանուն էին, և երկու լավագույնները  ստացան մրցանակներ: