Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց «Խաղաղության գրադարակ» նախագիծը

1

 2019-20 ուստարվա I կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համատեղ ջանքերով ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել էր «Հակամարտությունների փոխակերպում» խորագրով հնգօրյա դասընթացը, որին մասնակցել էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների երկու տասնյակ ուսանողներ: 

Դասընթացի տեսական մասը վարել է ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը, իսկ գործնական մասը՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը:

Դասընթացի վերջում նախատեսված էր իրականացնել երկու փոքրածավալ դրամաշնորհային նախագիծ, որոնցից մեկը «Խաղաղության գրադարակն» էր:  Մասնաճյուղի գրադարանի գրադարակներից մեկը համալրվեց ավելի քան քսան քաղաքագիտական, խաղաղաշինական և գեղարվեստական գրքերով, որոնք նոր և ընթերցողների կողմից պահանջված հրատարակություններ են:

2019թ. դեկտեմբերի 19-ին ծրագրի ամփոփման շրջանակներում մասնակիցները քննարկեցին տվյալ և համանման այլ ծրագրերի զարգացման հեռանկարները:

Ծրագրի մասնակիցների առաջարկությամբ այն կիրականացվի նաև համալսարանական շրջանակներից դուրս՝ սահմանամերձ համայնքների երիտասարդությանը ևս հնարավորություն տալով տեղում մասնակից դառնալու ծրագրին:

 Հավելենք, որ 2020 թվականին նախատեսված են ևս երկու հնգօրյա դասընթացներ, որոնց հնարավորություն ունեն մասնակցելու 18-25 տարեկան անձինք:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքներ» խորագրով միջոցառում

3

 2019թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մասնաճյուղում կայացավ «Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքներ» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Անահիտ Հովհաննիսյանը:

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ:

Միջոցառման ընթացքում ուսանողները ֆրանսերենով ներկայացրին յոթ քույր քաղաքների բարեկամության պատմությունը:

Հանգամանորեն խոսվեց Իջևան-Վալանս քույր քաղաքների բարեկամության, Վալանսի Մաեստրիս համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցության մասին:

Ուսանողները ներկայացրին Վալանսի Հայկական մշակութային կենտրոնը, որը միակն է Եվրոպայում: Նրանք հանդես եկան կենտրոնի նախագահ պարոն Նուբար Քեշիշյանին ուղղված շնորհակալական խոսքով, ում հովանավորությամբ ամեն տարի գարնանը մեր ուսանողները մասնագիտական վերապատրաստում են անցնում Վալանսի Մաեստրիս համալսարանում:

Նշվեց նաև Վալանսի Հայ բարեգործական ընդհանուր միության և նրա նախագահ Կևին Մարկարյանի աջակցության մասին:

Միջոցառումը օտար լեզուներ (մասնավորապես՝ ֆրանսերեն) ուսումնասիրող մեր ուսանողներին հնարավորություն տվեց ֆրանսերենով արտահայտելու հայ-ֆրանսիական բարեկամության կարևորությունը, ներկայացնելու վերջինիս ամուր հիմքերն ու զարգացման ընթացքը: 2

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 10-13-ին 2019-2020 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄի հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ն.Ճաղարյանի ուղեկցությամբ ճանաչողական այցեր կատարեցին Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններ:

Այցերի նպատակն էր գործնականորեն ամրապնդել տեսական գիտելիքները:

Ճանաչողական այցերն իրականացվեցին երկու փուլով: Առաջին փուլում ուսանողները կատարեցին այցելություններ Իջևան քաղաքի  պատմաերկրագիտական թանգարան, Ս. Ամենափրկիչ և Ս. Ներսես Շնորհալի եկեղեցիներ: Նրանք նախ ծանոթացան մարզկենտրոն Իջևանի կարևոր պատմամշակութային հուշարձանների, մասնավորապես՝ քաղաքի երկու եկեղեցիների կառուցման և վերակառուցման պատմությանը, ձեռք բերեցին գիտելիքներ եկեղեցական հագուստի, հանդերձանքի, եկեղեցական տոների, ծիսակարգերի` պատարագի, ժամերգության վերաբերյալ, հասկացան ավանադական և եկեղեցական տոների միահյուսման կարևորությունը:

Այցելելով Իջևանի պատմաերկրագիտական թան­գա­րան` ուսանողները ծանոթացան թանգարանի պատմությանը, գործունեությանը, նմուշների հավաքագրմանը և առկա ցուցանմուշներին: Ուսանողների հետաքրքրությունը բավականին մեծ էր հատկապես ցուցադրված  ազգագրական նյութերի նկատմամբ, որոնք գյուղական առօրյա միջավայրում մինչև օրս գործածելի են: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գիտաշխատողին և իրենց հերթին պատասխանեցին վերջինիս հարցերին:

Երկրորդ փուլում ճանաչողական այցեր իրականացվեցին Գոշավանք և  Հաղարծին եկեղեցական համալիրներ, Դիլիջան քաղաքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ուսանողները ազգագրական բնույթի ցուցանմուշների վերաբերյալ իրենց գիտելիքներով մեծ տպավորություն գործեցին աշխատակիցների վրա: