Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար» թեմայով սեմինար-քննարկում

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի Տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսագետ Արթուր Ղալթախչյանի և ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի համագործակցությամբ:

Այն վարեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների մասնագետ Գևորգ Գրիգորյանը:

Բովանդակալից սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեց փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը (ՓԼ/ԱՖ)՝ միջազգային փաստաթղթերը, միջազգային կազմակերպությունները, իրավական համակարգը:

Խոսվեց ֆինանսական հետախուզության մարմինների և ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) կառուցվածքի ու գործառույթների մասին: ՖԴԿ գործառույթների շրջանակում ներկայացվեց, թե որոնք են իրավասու մարմինները, հաշվետու անձինք, ինչպես են իրականացվում վերահսկողությունը և համագործակցությունը վերահսկող մարմինների և օտարերկրյա մարմինների հետ:

Անդրադարձ կատարվեց նաև ՓԼ/ԱՖ տիպային սխեմաներին, կրիպտոակտիվներին և ՓԼ/ԱՖ նոր սպառնալիքներին:

Ներկայացվեց ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը կրիպտոակտիվների հետ կապված գործարքների բարձր ռիսկային լինելու վերաբերյալ: Ընդգծվեց, որ կրիպտոարժույթները զուրկ են ապահովվածությունից և խիստ անկայուն են, վերջիններիս կիրառությամբ սխեմաների մեծ մասում գոյություն չունեն իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտներ, կրիպտոարժույթներով գործարքները հաճախ կարող են մաս կազմել ՓԼ/ԱՖ սխեմաների, քանի որ հնարավորություն են տալիս կատարել անանուն և անդրսահմանային գործարքներ, որոնց վերադարձը հնարավոր չէ ապահովել:

Նյութն ավարտելուց հետո ներկայացվեցին այնպիսի առցանց աղբյուրներ, որոնք կօգնեն ուսանողներին ավելի խորը ծանոթանալ այս ոլորտին:

Քննարկման վերջում Գևորգ Գրիգորյանը պատասխանեց Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Ա.Ալեքսանյանի բլից և սեմինարի մասնակիցների այլ հարցերին:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ հանդիպում ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և «Digitain» ընկերության բաց նորարարության ու մարքեթինգային հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանի հետ

78266589_578283812922822_8195570600391999488_o

 2019թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ԳՏՏԿ գործադիր տնօրեն, «Ձեռնարկատիրությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզային ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանի և «Digitain» ընկերության բաց նորարարության և մարքեթինգային հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանի հանդիպումը ԳՏՏԿ Տավուշի և ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների խթանման, զարգացման հնարավոր ուղիները, վերհանվեցին ԳՏՏԿ ծրագրավորման դասընթացների արդյունքները:

Ընդգծվեց մարզում ձեռներեցության, ստարտափների ձևավորման և իրականացման կարևորությունը, խոսվեց «ԴիջիԹաուն» նախագծի մասին:

Ներկայացվեց նաև, որ Մարիամ Փաշինյանը նոյեմբերի 23-24-ին տեղի ունեցած «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի շրջանակներում դարձել է բարի կամքի դեսպան (Goodwill ambassador)՝ աջակցելու EIF-ին, GITC-ին՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման և տեխնոլոգիական առաջընթացը Երևանից, Գյումրիից դեպի մարզեր ուղղորդելու համար:

Այնուհետև Մ.Փաշինյանը և Ա.Եղոյանը պատասխանեցին հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, քննարկեցին նրանց ներկայացրած առաջարկները:

ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը նաև ուսանողներին ուրախությամբ հայտնեց, որ դասընթացն ավարտելուց հետո ԳՏՏԿ ուսանողները հնարավորություն կունենան հենց Իջևանում անցնել ինթերնշիփեր` համագործակցելով ոլորտի խոշորագույն ընկերությունների հետ:

Կայացավ “Miss language” լեզուների մրցույթը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մասնաճյուղում կայացավ Miss language” լեզուների մրցույթը, որը կազմակերպել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

“Miss language” մրցույթին մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների 11 ուսանողներ:

Մրցույթի ընթացքում մասնակիցները ներկայացրին տարբեր լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և չինարեն) բանաստեղծություններ, գրական երկերի հատվածներ և երգեր:

“Miss language” մրցույթում հաղթող ճանաչվեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Նունե Վարդումյանը:

 2-րդ տեղը գրավեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Պետրոսյանը:

3-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լուսյա Շախպարյանը:

Փոխանցիկ թագը ստացավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Ինգա Ասլանյանը՝ մրցույթում մի քանի լեզվով գեղեցիկ ներկայանալու համար:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Կայացավ տղամարդկանց՝ շախմատի մասնաճյուղային առաջնությունը

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ տղամարդկանց՝ շախմատի մասնաճյուղային առաջնությունը, որին մասնակցեցին 9 ուսանող և աշխատակից:

Այն կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության, մասնավորապես՝ «ԻԿՄ» 4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանի և «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանի կողմից:

Առաջնությունը կայացավ շվեյցարական մրցակարգով (5 տուր), իսկ խաղի համար յուրաքանչյուրին տրվեց 15 րոպե խաղաժամանակ:

Այն ընթացավ թեժ մրցակցության պայմաններում. միայն վերջին տուրից հետո պարզ դարձան մրցանակային տեղեր զբաղեցնողները:

3-րդ հորիզոնականը զբաղեցրեց «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը:

2-րդ հորիզոնականը գրավեց «ՔԿԳ» 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Գասպարյանը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց «ԻԿՄ» 4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը՝  ցուցաբերելով բացարձակ արդյունք (5 հաղթանակ):

Մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ կազմակերպիչները՝ շնորհակալագրերով:

Տղամարդկանց՝ շախմատի մասնաճյուղային առաջնության փոխանցիկ գավաթն անցավ Գերասիմ Ալավերդյանին:

Պարգևները հանձնեց մասնաճյուղի ՈՒԳԸ փոխնախագահ, «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Շիրակ Գասպարյանը:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: