Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հաստատվել են ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցները

Ժ.ցույցի նորության նկարը

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի՝ 2020թ. հունվարի 30-ի №13§1 հրամանով հաստատվել են ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցները:

2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման դասերը սկսվելու են փետրվարի 10-ից:

Հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի դասերը սկսվելու են մարտի 9-ից և ավարտվելու են ապրիլի 4-ին:

Առկա ուսուցման ոչ ավարտական կուրսերի համար քննաշրջանն այս կիսամյակում անցկացվելու է հունիսի 8-27-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգի ոչ ավարտական կուրսերի համար՝ հունիսի 1-27-ը:

Առկա ուսուցման ավարտական կուրսերի համար քննաշրջանը կազմակերպվելու է ապրիլի 6-11-ը, իսկ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի համար՝ ապրիլի 20-25-ը:

Ամբողջական հաստատված ժամանակացույցները տե՛ս այստեղ:

 

Մասնաճյուղում ընթանում է «Համակցված դասավանդում և ուսուցում» դասախոսների վերապատրաստման եռօրյա դասընթացը

Glxavor

2020թ. հունվարի 29-31-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է «Համակցված դասավանդում և ուսուցում» 12 ժամ տևողությամբ դասախոսների վերապատրաստման դասընթացը, որը վարում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմ. գիտ. թեկնածու Լիանա Գաբրիելյանը:

Դասընթացը Լ.Գաբրիելյանի կողմից կազմակերպվել էր ERASMUS+PRINTeL «Փո­փոխություն լսարանում. նորարարական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական փորձա­ռության բարելավման նպատակով» ծրագրի շրջանակներում Գրացի Կիրառական գիտությունների համալսարանում (Ավստրիա) ձեռք բերված գիտելիքների հիման վրա:

Այս դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին ներկայացնել դասավանդման և ուսուցման նորարարական մեթոդները, ինչպիսիք են համակցված/խառը և էմերջենտ ուսուցումը, Moodle առցանց հարթակը, Trello հարթակը, էլեկտրոնային թղթապանակը և այլն, ինչպես նաև խթանել դասախոսներին կիրառելու ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներ դասավանդման և ուսուցման ընթացքում՝ կրթության արդյունավետությունը և ուսանողների ակտիվությունը բարձրացնելու համար:

Եռօրյա ինտենսիվ վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթանում են համակցված ուսուցման հիմնական գաղափարին, դասավանդողի՝ որպես էլեկտրոնային մոդերատորի և անդրադարձ իրականացնողի նոր դերին, առցանց դասավանդման և ուսուցման մեթոդաբանության հինգ փուլերին, էլեկտրոնային թղթապանակի անհրաժեշտությանը, առցանց հարթակների հնարավորություններին՝ ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:

Վերապատրաստվողները դասընթացի ժամանակ ներգրավվում են թիմային աշխատանքներում, քննարկում և ներկայացնում յուրաքանչյուր մոդուլի հիմնական արդյունքները:

Առաջին օրը դասախոսներին ներկայացվել են համակցված ուսուցման՝ որպես ավանդական և առցանց ուսուցման հիբրիդային մեթոդի ներդրման հնարավորությունները, մեթոդի առավելություններն ու թերությունները, տեղայնացման, տեխնիկական խնդիրները:

Դասախոսները բավականին հետաքրքրված են դասընթացով: Ընդհանուր առմամբ սա ոչ միայն վերապատրաստում է, այլև նոր մոտեցումների, գաղափարների և սեփական փորձի փոխանակման հարթակ:

Դասընթացի վերջում մասնակիցները կնախապատրաստեն և կներկայացնեն նախագծեր՝ կիրառելով վերապատրաստման ընթացքում ձեռք բերված նոր մեթոդները և տեղեկատվությունը:

Տավուշի մարզում ԳՏՏԿ առաջին շրջանավարտների ավարտական միջոցառմանը մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

2020թ. փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա Տավուշի մարզում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը:

74 մասնակցից 30 ուսանող կարողացել է հաղթահարել ԳՏՏԿ նվազագույն քննական պահանջները և դառնալ մարզում ծրագրի շրջանավարտ:

Ավարտական միջոցառումը բաղկացած է 2 մասից. առաջին մասում շրջանավարտները կներկայացնեն թիմային ավարտական նախագծերը, իսկ երկրորդ մասում նրանց կհանձնեն ավարտական վկայականներ և պաշտոնապես կհայտարարեն, թե որ ընկերությունների հետ են անցնելու գործնական պատրաստվածություն:

Սիրով բոլորին սպասում ենք:

______________________________________________________________________

 

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրվել է 2005   թ.-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայ օգնության ֆոնդի կողմից՝ նպատակ ունենալով ապակենտրոնացնել տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները մայրաքաղաքից դեպի մարզեր, խթանել ոլորտի ընկերությունների հիմնումն ու գործունեությունը մարզերում՝ վերջիններիս պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմամբ, նվազեցնել ուղեղների արտահոսքը մարզերից և նպատակային ծրագրերի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝ https://www.gitc.am/regionshttps://itel.am/am/news/11475:

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 28-ամյա բանակ

Հայոց բանակի 28-ամյակի նկար

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր: 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:

Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

28 տարիների ընթացքում մեր բանակը անցավ հաղթանակներով լեցուն մարտական ուղի:

Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը, մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:

Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի` այսօր Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն…

Փա՛ռք ու պատիվ ձեզ, Հայոց բանակի քա՛ջ զինվորներ, որ զգոնությամբ, պատվով ու պատասխանատվությամբ հսկում եք մեր սահմանները, պաշտպանում հայրենի հողի ազնիվ մշակին ոսոխի նենգ գնդակից, պահպանում մանկան արդար քունն ու մեծի անդորրը, երկրի խաղաղությունը…

Շնորհավո՛ր ձեր տոնը և խորին շնորհակալությու՛ն ձեզ, մեր սիրելի՛ զինվորներ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ…

 

ԵՊՀ ԻՄ-ը ստացել է «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսի կրթական ծրագրով գործունեության թույլտվություն

Մագ.-ի թուլտվութ. նորութ. նկար

Ուրախ ենք տեղեկացնել մեր շահակիցներին, որ 2020թ. հունվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել է մագիստրոսի կրթական ծրագրով, հեռակա ուսուցմամբ՝ 011301.00.7 «Ընդհանուր մանկավարժություն» (011301.04.7 – «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա») մասնագիտության գծով ընդունելություն կատարելու թույլտվություն:

Ուսուցումը կիրականացվի 1.5 տարի տևողությամբ, սովորողների համար նախատեսվող սահմանային 25-ական տեղերով:

Ծրագիրը գերազանց հնարավորություն է ստանալու մանկավարժի որակավորում մասնաճյուղի ցանկացած մասնագիտության բակալավրական կրթական ծրագրի շրջանավարտների, ինչպես նաև տարածաշրջանի դպրոցների՝ արդեն դասավանդող ուսուցիչների համար: Ըստ հայտագրված դիմումների քանակի՝ կարող են ձևավորվել տարբեր մասնագիտացումներով խմբեր (օրինակ՝ աշխարհագրություն, մաթեմատիկա, հայոց լեզու և այլն):

Դասընթացները կվարեն Մայր բուհի, մասնաճյուղի և հանրապետության այլ բուհերի առաջատար մանկավարժներ:

Ըստ կրթական ծրագրի՝ կդասավանդվեն «Ընդհանուր մանկավարժություն», «Ընդհանուր հոգեբանություն», «Մասնագիտության արդի հիմնախնդիրներ», «Տարիքային մանկավարժություն», «Դասավանդման մեթոդիկա (ըստ մասնագիտ. առարկայի)», «Կրթական տեխնոլոգիաներ», «Ուսուցման տեսություն» և այլ առարկաներ:

Առաջիկայում ծրագիրը կտեղադրվի ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում, որտեղ կարող եք ծանոթանալ մանրամասներին: