Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողների

ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից ելնելով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ուսման վարձերը չվճարած ուսանողներին թույլ է տալիս այս ընթացքում մասնակցելու ուսումնական գործընթացին՝ իրականացվող հեռավար դասերին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հնարավորության դեպքում ուսանողները կարող են վճարել հիմա՝ խուսափելով պարտքեր կուտակելուց։

Ավարտական կուրսերի ուսանողներն ուսման վարձերը պետք է վճարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ:

Ուսման վարձավճարը կարող եք վճարել առցանց՝ Ձեր բանկի հավելվածը ներբեռնելու, ինչպես նաև «iDram» (https://www.idram.am/) վճարային համակարգի օգնությամբ:

Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բանկային վավերապայմանները:

Կազմակերպություն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ
Բանկը «Արդշինբանկ» ՓԲԸ
Հաշվեհամարը (ՀՀ դրամ) 247610017094
Նպատակում նշել Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա)

Մարտի 31-ից ԵՊՀ ԻՄ-ում դասերը կիրականացվեն ըստ դասացուցակի, միասնական Zoom հարթակում

Նկ. - ZOOM

Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2020թ. մարտի 31-ից սկսած՝ մինչև այժմ Ձեր կողմից կիրառվող տարբեր առցանց հաղորդակցման հարթակների փոխարեն ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգի դասերը կիրականացվեն միասնական Zoom հարթակում՝ առաջնորդվելով 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի համար հաստատված դասացուցակներով։

ԵՊՀ ԻՄ-ի տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի աշխատակիցները բոլոր ակադեմիական խմբերի համար ձևավորել են անհրաժեշտ քանակի Zoom-հարթակներ:

Խմբերում դասավանդող դասախոսները  իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան դեպի հարթակ մուտքի լոգինը (մուտքաբառը) և գաղտնաբառը՝ դասընթացները կազմակերպելու իրավունքով։ Նրանց համար մշակվել է նաև ծրագրի ներդրման և աշխատելու համառոտ ուղեցույց։  Դասախոսների ուղեցույցը հասանելի է այստեղ:

Ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան խմբի համար նախատեսված հղումները՝ դասընթացներին անմիջական մասնակցության իրավունքով։ Նրանց անհրաժեշտ կլինի դասացուցակով նախատեսված ժամերին ակտիվացնել համապատասխան հղումը։ Ուսանողների համար նույնպես մշակվել է համառոտ ուղեցույց, որը հասանելի է այստեղ:

Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր դասացուցակները հասանելի են մասնաճյուղի կայքէջում, այս շաբաթը «հայտարար» է, իսկ ժամատախտակը հասանելի է այստեղ:

Ցանկացած հարցի կամ տեխնիկական խնդրի դեպքում խնդրում ենք անմիջապես կապվել ԵՊՀ ԻՄ ՏՀՍԶ բաժնի աշխատակիցների հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 11 21 01     կամ      077 83 07 60:

«Սերվիս» IV կուրսի ուսանողներն իրենց համայնքների համար մշակել են start-up ծրագրեր

91570980_605483293511070_6962526820180688896_n

 ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության IV կուրսի ուսանողները 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում նախատեսված «Նորարարությունը զբոսաշրջության և սերվիսի մեջ» դասընթացի շրջանակներում ուսումնասիրել են նորարական գաղափարների իրագործման մեթոդները և հնարավորությունները:

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ս.Իսկաջյանի ղեկավարությամբ յուրաքանչյուր ուսանող, որպես անհատական առաջադրանք, մշակել է նորարարական բիզնես-գաղափար՝ հաշվի առնելով իր համայնքի առանձնահատկությունները և սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունները:

Ուսանողները մեծ ոգևորությամբ կատարել են բոլոր նախապատրաստական աշխատանքները և իրենց մշակած ծրագրերի իրականացման տնտեսական հաշվարկները: Նրանց  անհատական աշխատանքները start-up ծրագրերի տեսքով ներկայացված են համաֆինանսավորման on-line տարբեր հարթակներում:

Ստորև կարող եք մանրամասն ծանոթանալ ուսանողների  գաղափարներին, հայտնել Ձեր կարծիքը, ինչպես նաև տարածել այդ ծրագրերը՝ Ձեր լուման ներդնելով երիտասարդ մասնագետների կայացման գործում.

  1. Մարիամ Մելիքսեթյան «Գանձաքար ռեզորտ» էկոտնակների գաղափար` Գանձաքար գյուղում:
  2. Նատալյա Գուլինյան – «ArtEsNaGa» հոսթելի գաղափար` Հաղարծին գյուղում:
  3. Ասյա Սարգսյան – «Eco Hommy» էկոտան գաղափար՝ Լուսահովիտ գյուղում:
  4. Տիգրան Ղուշչյան «Glass Castle» արագ սննդի կետ՝ Բերդավան գյուղում:
  5. Դիանա Մկրտչյան «LoliDay» հրուշակեղենի սրճարանի գաղափար` Դիլիջան քաղաքում:
  6. Նարա Սարիբեկյան «Фотоэкскурсия» ֆոտոէքսկուրսիաների կազմակերպում՝ Տավուշի մարզում: 

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մասնաճյուղն իրականացնում է հեռավար ուսուցում

a. 14

   2020թ. մարտի 16-ից ապրիլի 14-ը  հանրապետությունում արտակարգ դրություն սահմանելու ՀՀ կառավարության որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իրականացնում է առցանց ուսուցում՝ ուսանողների ուսումնառությունը չընդհատելու նպատակով:

Առցանց դասավանդման տարբեր համակարգերի («Zoom.us», «Moodle», «Edunext», «Microsoft Teams», «Skype», «WattsApp», «Messenger», «Viber» և այլն), ինչպես նաև «E-mail»-ի միջոցով ԵՊՀ ԻՄ-ի չորս ֆակուլտետները (Տնտեսագիտության, Հումանիտար գիտությունների, Բնական գիտությունների, Կիրառական արվեստի) և Հեռակա ուսուցման բաժինը կազմակերպում են հեռավար ուսուցում: 

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը հավաստիացրեց, որ ֆակուլտետի դասախոսները, 2-3 օրվա ընթացքում ուսանողներին ապահովելով դասընթացների յուրացման համար անհրաժեշտ նյութերով (դասագրքեր, դասախոսություներ, շնորհանդեսներ, առաջադրանքներ/խնդիրներ, ռեֆերատների, ինքնուրույն աշխատանքների թեմաներ, թեստեր և այլն), դասացուցակին համապատասխան սկսեցին իրականացնել դասերը: «Այս գործընթացի իրականացումն այնքան էլ խնդրահարույց չէր, քանի որ ֆակուլտետում դասախոս-ուսանող առցանց համագործակցությունը դարձել է մշակույթ: Այս պահին ուսումնական նյութերի բացակայության խնդիր գրեթե չկա: Ֆակուլտետի երկու մասնագիտությունների գծով էլ դասընթացների գերաշիռ մասը հեռավար դասավանդվում է, և մեր կողմից վերահսկվում է այդ գործընթացը: Ավարտական և կուրսային աշխատանքները ևս  ղեկավարվում են հեռավար տարբերակով», – ընդգծեց Գ.Ավետիսյանը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը նշեց, որ ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով ֆակուլտետի յոթ կրթական ծրագրերով դասընթացները կազմակերպվում են առցանց եղանակով: Դասընթացների յուրահատկություններից ելնելով՝ դասախոսները կիրառում են հեռավար ուսուցման տարբեր միջոցներ: Առցանց ուսուցման գործընթացը հնարավորինս վերահսկվում է ֆակուլտետի դեկանի, ամբիոնների վարիչների, կրթական ծրագրերի պատասխանատուների համագործակցությամբ: Անմիջական կապ է ապահովվում կուրսերի ավագների հետ՝ ուսանողների կարծիքներն ու առաջարկները լսելու, թերացումները շտկելու, ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանը ներկայացրեց, որ արտակարգ դրության պայմաններում ֆակուլտետն իրականացնում է հեռավար ուսուցում՝ օգտագործելով հնարավոր առցանց հարթակները: «Արդեն ժամանակի հրամայականն էր դասավանդման դասական մեթոդներին զուգահեռ ունենալ այլ դասավանդում: Առցանց ուսուցման գործընթացում ներգրավված են ֆակուլտետի բոլոր դասախոսները, որոնց հետ մշտական կապի մեջ եմ: Դասախոսները վստահեցնում են, որ ուսանողների մասնակցությունը օնլայն դասերին սպասվածից բարձր է՝ 75-80%», – շեշտեց Մ.Զաքարյանը: 

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա.Մարգարյանը նշեց, որ մարտի 16-ից սկսած՝ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը ձեռնամուխ եղավ առցանց ուսուցման հնարավորությունների օգտագործմանը, ինչը որոշակի դժվարությունների առիթ տվեց` կախված մասնագիտությունների առանձնահատկություններից: «Արվեստի բնագավառի ուսումնառությունը ենթադրում է դասավանդողների կողմից ուսումնառողների առաջադրանքների կատարման մշտադիտարկում, ստեղծագործական մոտեցումների քննարկում, խնդիրների լուծման յուրատեսակ տարբերակների ընտրություն և այլն, որոնք, ստեղծված իրավիճակի սահմանափակումներից ելնելով, դժվար է լիրարժեք իրականացնել: Այդուհանդերձ, հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու նպատակով  դասավանդողները ուսանողներին տվել են դասընթացների պահանջներից բխող հանձնարարություններ և առաջադրանքներ, իրականացնում են խորհդատվություն և ստանում արձագանքներ`օգտագործելով ժամանակակից էլեկտրոնային գրեթե բոլոր ձևերը: Որպես ֆակուլտետի դեկան՝ ես հաճախակի կապի մեջ եմ դասախոսների, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ուսանողների հետ՝ նրանց կարծիքները և առաջարկները լսելու, ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար», – ընդգծեց Ա.Մարգարյանը:

Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը ներկայացրեց, որ մարտի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի կողմից հրավիրված խորհրդակցությունից հետո հեռակա ուսուցման համակարգում դասավանդող դասախոսներին հրահանգվել է ուսանողների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դասընթացների յուրացման համար անհրաժեշտ նյութերը, ինքնուրույն աշխատանքների թեմաներ, առաջադրանքներ և այլ հանձնարարություններ: Արդեն 2-րդ շաբաթն է, որ դասախոսները տարբեր միջոցներով ուսանողների հետ իրականացնում են առցանց խորհրդատվություններ, դաս-քննարկումներ, սեմինարներ, ապահովում ուսանողների հետ հետադարձ կապը:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: