Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ կրթական ծրագրերի ղեկավարների հետ առցանց քննարկում

1. գլխավոր

  2020թ․ հունիսի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար ԱՄակարյանի և ՄԿՈԱ բաժնի կողմից կազմակերպվեց կրթական ծրագրերի ղեկավարների հետ առցանց հանդիպում, որի նպատակն էր մասնակիցներին տրամադրել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական բաղադրիչի ներդրման վերաբերյալ խորհրդատվություն:

Մասնաճյուղի գիտխորհուրդն իր ապրիլյան նիստում որոշում էր կայացրել առաջնորդվել 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատված «Երևանի պետական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգով»: Ըստ այդ կարգի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական 2-6 դասընթացներում ներմուծվում է կուրսային աշխատանքներին փոխարինող հետազոտական աշխատանք: Դրա նպատակն է խթանել ուսանողի անհատական կամ խմբային հետազոտություն կատարելու ունակությունները, զարգացնել մասնագիտական գրականությունից և տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու, տվյալներ հավաքագրելու և վերլուծելու նրա հմտությունները, հետազոտելու և եզրակացություններ կատարելու կարողությունները, նպաստել նրա մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Առցանց քննարկման ընթացքում Ա.Մակարյանը նախ ներկայացրեց հետազոտական բաղադրիչի ներդրման ուղղությամբ ամբիոններոմ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես նշվեց, որ ամբիոններում հանգամանորեն քննարկվել են հետազոտական աշխատանքների ներդրման հետ կապված խնդիրները, նշվել են հետազոտությունների հիմնական ուղղությունները, ընտրվել են մասնագիտական այն դասընթացները, որոնց խնդիրների շրջանակներում կիրականացվեն ուսանողների հետազոտությունները։ Սահմանված ժամկետներում ամբիոնները կազմել և ներկայացրել են նոր ուսումնական պլանները, ապա անցել են կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներին։

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հետազոտական բաղադրիչից բխող պահանջներին համապատասխան սկսել են վերանայել կրթական ծրագրերի և ընտրված դասընթացների նպատակները, խնդիրները, կրթական վերջնարդյունքները։

Պարոն Մակարյանը ՄԿՈԱ բաժնին հանձնարարեց անհրաժեշտ նյութերով և խորհրդատվությամբ աջակցել կրթական ծրագրերի ղեկավարներին, խորհուրդ տվեց վերջնարդյունքների ձևակերպման համար ուղղորդվել Բլումի տաքսոնոմիայից բխող գործողությունների բայերով, ունենալ հստակ ձևակերպված վերջնարդյունքներ և մինչև հունիսի 30-ը ՄԿՈԱ բաժին ներկայացնել վերանայված կրթական ծրագրերը։

Ամբիոնների վարիչներին հանձնարարվեց լինել հետևողական, որ մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը հետազոտություն պարունակող դասընթացները վարող դասախոսները վերանայեն իրենց առարկայական պորտֆոլիոները, մասնավորապես՝ դասընթացի վերջնարդյունքները, դրանց համապատասխան ընթացակարգերը, հետազոտության թեմաները և առաջադրանքները, ինքնուրույն աշխատանքների շրջանակներում իրականացվող նախագծերը, կիրառվող դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդները, գրականության ցանկը և այլն։

Որոշվեց մինչև հունիսի 30-ը նորից հանդիպել, կազմակերպել բաց քննարկումներ, գործընկերներին աջակցության շրջանակներում ներկայացնել կատարված աշխատանքները և հաջող մոտեցումները։

“H2020 EURAXESS-Armenia” նախագծի շրջանակներում կազմակերպվող առցանց սեմինարին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար. logo

Հարգելի՛ դասախոսներ,  2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 12:00-14:30-ն, հրավիրում ենք ձեզ մասնակցելու H2020 EURAXESS-Armenia” նախագծի շրջանակներում Եվրահանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվող առցանց սեմինարին (աշխատանքային լեզուն անգլերենն է):

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան միացել է Եվրոպական EURAXESS ցանցին 2019 թվականի սեպտեմբերից: Եվրահանձնաժողովի «EURAXESS–Գիտնականները շարժման մեջ» առանցքային նախաձեռնությունը միտված է նպաստելու գիտնականների շարժողությանը և կարիերայի զարգացմանը, ըստ այդմ՝ Եվրոպական գիտական տարածքի զարգացմանը: EURAXESS ցանցի հիմնական նպատակն է դյուրինացնելու գիտնականների համաեվրոպական շուկայի ձևավորման գործընթացը` տրամադրելով անվճար տեղեկատվական ծառայություններ  և բարձրորակ աջակցություն գիտնականների կարիերայի առաջընթացին նպաստելու համար:

 

Սեմինարին կներկայացվեն EURAXESS ցանցի նպատակները, Հայաստանյան պորտալը և իրականացված աշխատանքները, հայաստանյան ցանցի գործառույթները, համագործակցության հնարավորությունները:

 

Մասնակցելու համար խնդրում ենք նախապես՝ մինչև հունիսի 26-ը՝ ժամը 15:00-ն, գրանցվել հետևյալ հղումով:

 

Սեմինարի համար կօգտագործվի MEET.ASNET.AM հարթակը, որին միանալու ուղեցույցը կուղարկվի գրանցվելուց հետո:

 

Առցանց սեմինարի օրակարգը (անգլերեն) տե՛ս այստեղ:

Իրավաբանների հայկական ասոցացիան նախաձեռնում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով կրթական նախագիծը

Հայտ. նկար

2020թ. հուլիսի 8-ին՝ ժամը 12.00-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիան կիրականացնի «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» նախագծի վերաբերյալ առցանց իրազեկման միջոցառում, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները:

Իրավաբանների հայկական ասոցացիան, 2015թ. սկսած, գործարկում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը, որի 5 հոսքերին մասնակցել և հակակոռուպցիոն ոլորտի գիտելիքներ են ստացել ՀՀ մարզերում և Երևանում բնակվող ավելի քան 100 երիտասարդներ:

Ասոցիացիան նախաձեռնում է երիտասարդության հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր: 2020թ. հունիսից մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական նախագիծը: Նախագծի նպատակն է բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` խթանելով երիտասարդների մասնակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին:

Նախագծի շրջանակներում 2020թ. օգոստոսի 1-ից գործարկվելու է հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակ, որի միջոցով երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 100 մասնակից երիտասարդներ և ուսանողներ հնարավորություն են ստանալու զարգացնելու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի իրենց գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` հաշվի առնելով նաև COVID19-ով պայմանավորված իրավիճակն ու պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Առցանց դասավանդումները կիրականացվեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետների կողմից` Կարեն Զադոյանի գլխավորությամբ:

Ծրագրի շրջանավարտներ կհամարվեն և համապատասխան վկայականներ կստանան միայն այն ունկնդիրները, ովքեր հաջողությամբ կհանձնեն ծրագրի ավարտին կազմակերպվելիք ստուգարքը: Ծրագրի այս փուլի ավարտին՝ արդյունքների ամփոփումից հետո, կընտրվեն 20 երիտասարդ առաջնորդներ, որոնք կմասնակցեն նախագծի խորացված փուլին, այն է՝ «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին»: Դպրոցի շրջանակներում հակակոռուպցիոն ոլորտի տեսական գիտելիքները կամրապնդվեն և կուղեկցվեն գործնական գիտելիքների ձեռքբերմամբ:

Ավելին՝ 20 մասնակիցները կկատարեն խմբային հետազոտական աշխատանքներ, որոնց համար պահանջվող ծախսերը կֆինանսավորվեն Իրավաբանների հայկական սոցացիայի կողմից: Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, կկազմակերպվի միջացոռում, որտեղ, ի թիվս այլոց, կներկայացվեն դպրոցի ունկնդիրների հետազոտական աշխատանքները:

ԵՊՀ ԻՄ-ի այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են մասնակցել հուլիսի 8-ին՝ ժամը 12.00-ին, ասոցիացիայի կողմից իրականացվելիք «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» նախագծի վերաբերյալ առցանց իրազեկման միջոցառմանը, կարող են միանալ հետևյալ հղումով՝

Meeting ID: 934 3800 5861

Password: 770314

Իրավաբանների հայկական ասոցիացիայի և վերջինիս կողմից իրականացվող հակակոռուպցիոն գործունեության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել ասոցիացիայի պաշտոնական www.armla.am վեբ կայքում:

Ավարտվեց 2020-2021 ուստարվա դիմորդների ընդունելության հիմնական փուլը

Նկար մասնաճյուղի (1)

 2020թ. հունիսի 15-ին ավարտվեց 2020-2021 ուստարվա դիմորդների ընդունելությունը:

Մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների հայտագրման դիմումհայտը dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով:

Ըստ առաջին հայտի՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է դիմել 251 դիմորդ:

Պատկերը (դիմորդների թիվը), ըստ կրթական ծրագրերի, հետևյալն է.

  1. Ֆինանսներ (ըստ ոլորտի) – 41
  2. Զբոսաշրջություն – 35
  3. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա – 34
  4. Բնապահպանություն և բնօգտագործում – 4
  5. Պատմություն – 21
  6. Հայոց լեզու և գրականություն – 18
  7. Հոգեբանություն – 19
  8. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա – 24
  9. Անգլերեն լեզու և գրականություն – 24
  10. Ֆրանսերեն լեզու և գրականություն – 4
  11. Ռուսաց լեզու և գրականություն – 6
  12. Դիզայն – 11
  13. Դեկորատիվ-կիրառական արվեստ – 10:

Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են 2020թ. հուլիսի 18-ին։ Հրապարակումից հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում կարող են մասնակցել թափուր տեղերի (լրացուցիչ փուլի) մրցույթին։ Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկելու էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը ներառյալ (հուլիսի 22-ին՝ մինչև ժամը 18:00-ն)։ Հիմնական փուլով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։ Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. հուլիսի 25-ին։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունված դիմորդները, ընդունելության կարգի 35-րդ կետի համաձայն, պետք է սեպտեմբերի 1-ին համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակները։ 

ԵՊՀ ԻՄ-ը մասնակի փոխհատուցել է 194 ուսանողի ուսման վարձերը

Նորութ. նկար

  2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի և ուսանողների ներկայացրած համապատասխան դիմումների հիման վրա մասնաճյուղն իրականացրել է ուսման վարձի մասնակի փոխհատուցումներ:

 

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հրամանով՝ զեղչվել է ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգի 64 ուսանողի ուսման վարձ (3 միլիոն 461 հազար ՀՀ դրամի չափով), հեռակա ուսուցման համակարգի՝ 130 ուսանողի (6 միլիոն 83 հազար ՀՀ դրամի չափով):  

 

Մասնաճյուղի ուսանողների՝ 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձը ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցվել է՝ ըստ հետևյալ դրույթների.

 

30%-ով զեղչվել է՝

 

ա) մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողների,

 

բ) երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողների,

 

գ) հաշմանդամ (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, հաշմանդամ ազատամարտիկ) ծնող ունեցող ուսանողների,

 

դ) սոցիալապես անապահով (ընտանիքների ապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի) ուսանողների ուսման վարձերը։

 

20% զեղչ է կիրառվել մարտական գործողությունների մասնակցի (ազատամարտիկի) երեխա հանդիսացող ուսանողների համար։

 

50% զեղչ է կիրառվել մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կամ 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողների համար։

 

50-80% զեղչ է կիրառվել տարբեր տարիների ստաժ ունեցող՝ մասնաճյուղում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող պրոֆեսորադասախոսական համակազմի և այլ աշխատակիցների երեխա-ուսանողների համար։

 

10% և 20% զեղչ է կիրառվել տարբեր ՄՈԳ-եր ունեցող ուսանողների համար՝ ըստ կանոնակարգի   19.13 կետի (առանձնահատուկ դեպքերում, այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի որոշմամբ սահմանված չափով):