Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթ 2020-2021 ուստարվա առաջին կուրսեցիների համար

օրիգինալը

Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք.

ա) ընդունվել են․

  • ԵՊՀ – մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, ֆարմացիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների /քաղաքագիտություն, հանրային կառավարում/, սոցիոլոգիայի /սոցիալական աշխատանք/, փիլիսոփայության և հոգեբանության /հոգեբանություն/, հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն /սերվիս/ և ժուռնալիստիկայի ֆակուլտետներ:
  • ՀՊՏՀ – ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետներ:
  • ՀԱՊՀ – տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտներ, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետներ, մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (ավիացիոն և հրթիռային տեխնիկա):
  • ՀԱԱՀ- ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:
  • ՀՊՄՀ- հատուկ կրթության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ/հոգեբանություն, սոցիալական աշխատանք, սոցիալական մանկավարժություն/։

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական քննությունը հանձնել են լավ կամ գերազանց գնահատականով և ընդունվել ուսուցման վճարովի համակարգ,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում,

ե) առավելություն կտրվի միասնական քննությունից բարձր գնահատական ստացած դիմորդներին։

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո, 2020թ. օգոստոսի 1-ից 15-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am, mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշհալ հասցեներով կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին`facebook.com/farusa/ (Fund for Armenian Relief),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական քննության գնահատականի մասին տեղեկանք,
  • ԲՈՒՀ ընդունվելու մասին հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն, պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով.

  1. Ներկայացված փաստաթղթերի դիտարկում
  2. Առցանց հարցազրույց դիմումատուի և ընտանիքի անդամների ներկայությամբ:

Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 24-ից 31-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:

«Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնին մասնակցելու հրավեր ԿԳՄՍՆ կողմից

Մրցույթ-փառատոնի հայտ.  նկարը

Հովհաննես Թումանյանի թանգարանը «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿի հետ իրականացնում է «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթփառատոնը:

Եթե ապրում ես Հայաստանի չքնաղ գյուղերից կամ քաղաքներից մեկում, սիրում ես ընկերներիդ հետ գնալ արկածների և բացահայտումների հետևից, ապա այս մրցույթ-փառատոնը քեզ հուշելու է, թե որտեղ են ամենահետաքրքրական և թանկարժեք գանձերը, ինչպես որոնել և բացահայտել դրանք:

Փառատոնի մասնակիցները ստանձնում են հետախույզ-գիտնականի գործառույթ, նրանց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի հուշարձանի հետազոտումը, պահպանումը և հանրայնացումը:

Փառատոնի մասնակիցների համար ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը, գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն:

Լավագույն ուսումնասիրությունները կարժանանան դրամական և խրախուսական մրցանակների:

Մասնակցության կանոններին, հայտադիմումը լրացնելուն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://bit.ly/304ewvK:

Մրցույթ-փառատոնի ժամկետները՝

  • Հայտերի ընդունման ժամկետ՝ 07 – 10. 08. 2020թ.
  • Ուսումնասիրությունների փուլ՝ 07 – 10. 09. 2020թ.
  • Արդյունքների ներկայացում՝ 10 – 15. 09. 2020թ.
  • Արդյունքների ամփոփում՝ 09. 2020թ.:

Լրացուցիչ հարցերի համար՝

Առաջնային կապի միջոցներ՝ competitionfestival@gmail.comcompetition.festival@gmail.com

Պաշտոնական ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/YoteSariEtevum/

Հեռ. (+374 010) 560021

«Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնին վերաբերող փաստաթղթային փաթեթը տե՛ս այստեղ:

 

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները

Թափուր

Սիրով տեղեկացնում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուստարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի արդյունքները:

 

Ըստ այդ արդյունքների՝ վճարովի  ուսուցման թափուր տեղերի մրցույթով 2020-2021 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է ընդունվել 15 դիմորդ, որոնց շնորհավորում ու մաղթում ենք հաջողություններ ուսման մեջ և կյանքի հաջորդ փուլերում:

 

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները տե՛ս այստեղ:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի շնորհավորական ուղերձը մասնաճյուղի՝ 2020թ. շրջանավարտներին

Ուղերձի նկարը

  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի սիրելի՛ շրջանավարտներ, շատ կցանկանայի, որ ձեր կյանքում կատարվող այս նշանակալից տոնական իրադարձությունը՝ Մայր բուհի շրջանավարտի դիպլոմ ստանալու արարողությունը, տեղի ունենար մեր մասնաճյուղում, ձեր և  մեր՝ դասախոսական կազմիս երկուստեք ջերմ ու սրտառուչ հանդիպման պարագայում: Բայց, ցավոք, մոլորակում տարածված համավարակը, ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրությունը խոչընդոտեցին  այս միջոցառման հետ կապված մեր ծրագրերի իրականացումը…

Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս անմոռանալի տոնի առթիվ, բոլորիդ մաղթում բարի երթ և մեծ հաջողություններ մասնագիտական կյանքի հաջորդ բոլոր փուլերում:

Դուք, բարձր գիտելիքներ դրսևորելով, պատասխանատվության ու գիտակից հասունության քննություններ հանձնեցիք, ավարտական  հիանալի աշխատանքներ  պաշտպանեցիք՝ ապացուցելով մեծ կյանք մտնելու համար ձեր պատրաստականությունը և պատրաստակամությունը՝ ձեր նպաստը բերելու մեր երկրի փայլուն ապագայի կերտմանը, ձեր ուրույն ներդրումն ունենալու հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում, և այսօր Մայր բուհի՝ ձեզ շնորհվող դիպլոմը հայաստանյան աշխատաշուկայում ինտեգրվելու մեծագույն երաշխիքն է:

Մեր մասնաճյուղում հնարավոր ամեն ինչ արվել է կրթության որակի բարձրացման, ձեր մասնագիտական կրթական վերջնարդյունքների լիարժեք ձևավորման համար, և  կարծում եմ, որ ուսումնառության տարիները  դա ապացուցել և արդարացրել են ձեր ակնկալիքները:

Կրթությունն է այն ամենահզոր զենքը, որով կարելի է բարեփոխել աշխարհը, և այն շարունակական պիտի լինի բարձր որակավորմամբ մասնագետ դառնալու համար: Վստահ եմ՝ դուք  ձեր ստացած գիտելիքներով կլինեք պահանջված մասնագետներ թե՛ որպես լեզվաբան, պատմաբան ու մանկավարժ, թե՛ որպես տնտեսագետ ու բնագետ, թե՛ որպես կիրառական արվեստի շնորհաշատ շրջանավարտներ՝ փառքով պսակելով նաև մեր բուհի անունը…

Սիրելի՛ շրջանավարտներ, կրկին մաղթում եմ ձեզ հաջողություններ և՛ մագիստրատուրայում, ուր սովորելու կգնաք, և՛ մասնագիտական աշխատանքների բոլոր ոլորտներում:

Թո՛ղ խաղաղ լինեն Տավուշ աշխարհի բոլոր լուսաբացներն ու մայրամուտները,  և դուք՝ որպես մարդկային լավագույն որակներով օժտված  հայրենասեր անհատներ, մեծագույն խանդավառությամբ ու ներշնչանքով աշխատանքային սխրանքներ գործեք՝ ձեր մասնագիտական գիտելիքներն ի սպաս դնելով մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին…

Բարի երթ ձեզ, ամենայն բարիք բոլորիդ, անձնական հաջողություններ ու երջանկություն…

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթգիտթեկն., դոցենտ Անուշավան Մակարյան

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է 2020-2021 ուստարվա դիմում-հայտերի ընդունելության լրացուցիչ փուլը

1. հայտ. նկար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է, որ մասնաճյուղի բոլոր կրթական ծրագրերի վճարովի ուսուցման համակարգում առկա են թափուր տեղեր:

 

Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել ընդունելության քննությունից դրական միավոր ստացածսակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը հուլիսի 20-22-ը՝ ժամը 18.00-ն, dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով:

 

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:

 

Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝

 

  • եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր,
  • եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում:

Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:

 

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին: