Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ուղերձը նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ

Ուղերձի նկարը

  Տասնամյակներ շարունակ ուսումնական տարվա սկիզբն ազդարարող Գիտելիքի օրվան բոլոր ուսանողները, պրոֆեսորադասախոսական ողջ կազմը սպասել են սրտի անհուն թրթիռով, և հանդիպումը դարձել է տոնական շքեղ իրադարձություն հատկապես առաջին կուրսեցիների համար. չէ՞ որ իրականություն են դարձել 12 երկար տարիների նրանց երազանքները…

Ուրեմն՝ իմ ջերմագին շնորհավորանքները նախ ձե՛զ՝ ԵՊՀ իջևանի մասնաճյուղ ընդունված առաջին կուրսեցինե՛ր, ձե՛զ, որ բռնել եք հենց մե՛ր բուհի ճանապարհը, եկել՝ կյանք տալու ձեր բոլոր նվիրական ցանկություններին ու մտահղացումներին:

Թո՛ղ բարի լինի ձեր մուտքը մեր կրթօջախ, թո՛ղ որ այստեղ՝ հանրապետության լավագույն բուհերից մեկում, գիտության ու կրթության լույսը ձեզ մղի գիտական որոնումների, մասնագիտական ինքնատիպ մտահղացումների, թո՛ղ որ առավել ակտիվ հասարակական դիրքորոշում ունենաք՝ ազնիվ, անշահախնդիր ու համարձակ, ու նաև ձեր շնորհիվ ու մասնակցությամբ ստեղծվի համալսարանական բարձրակարգ միջավայր: 

Ափսոսանքով ավելացնեմ, որ ձեզ հայտնի պատճառները մեզ թույլ չտվեցին այս հիշարժան օրը նախորդ տարիների պես նշանավորել տոնական միջոցառումներով… Բայց  մեր համալսարանն ունի հարուստ ավանդույթներ, և ես  համոզված եմ, որ ձեր մեջ շնորհալի շատ ուսանողներ կան, որոնք մեր կրթօջախում հաճախակի կազմակերպվող բազմաբովանդակ միջոցառումներին իրենց մասնակցությունը կբերեն և գեղագիտական բավականություն կպատճառեն բոլորիս…

Համոզված եղեք, որ ձեր ուսանողական տարիները կլինեն գիտական առումով բարձր գիտելիքների ձեռքբերման տարիներ, անձնական առումով` անհատական նոր հետաքրքրությունների ու հույզերի, անմոռաց հիշողությունների տարիներ… Դուք կդառնաք պահանջված մասնագետներ  ու  բարձր կպահեք մասնաճյուղի անունն ու  պատիվը…

Դարձյալ շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում ամենայն բարիք, նպատակասլացություն, ազնիվ աշխատանք,  մասնագիտական հաջողություններ ու ձեռքբերումներ ուսմնառության ընթացքում և անձնական կյանքում…

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթ. գիտ. թեկն., դոցենտ Անուշավան Մակարյան

Սեպտեմբերի 1-ից առաջին կուրսեցիների դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույց

Հայտ. նկ.

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020թ. սեպտեմբերի 1-ից դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ից:

 

Սեպտեմբերի 1-3-ը  1-ին կուրսի ուսանողները պետք է  ԵՊՀ ԻՄ ներկայանան  հետևյալ ժամանակացույցով.

 

Ուսանողական-3 հասցեով

Սեպտեմբերի 1-ին

 ժամը 9:30

«Ֆինանսներ» 1-ին կուրս

             ժամը 9:45

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» 1-ին կուրս

«Պատմություն» 1-ին կուրս

«Ռուսաց լեզու և գրականություն» 1-ին կուրս

 

Սեպտեմբերի 2-ին

ժամը 9:30

«Զբոսաշրջություն» 1-ին կուրս

 ժամը 9:45

«Հայոց լեզու և գրականություն» 1-ին կուրս

«Հոգեբանություն» 1-ին կուրս

 

Սեպտեմբերի 3-ին

ժամը 9:30

«Անգլերեն լեզու և գրականություն» 1-ին կուրս

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» 1-ին կուրս

 

Ուսանողական-1 հասցեով

Սեպտեմբերի 1-ին

ժամը 9:30

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 1-ին կուրս

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» 1-ին կուրս

 

ժամը 12:00

«Դիզայն» 1-ին կուրս

 

Առաջին կուրսի դասացուցակները, ըստ ֆակուլտետների, կարող եք տեսնել ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում.

 

  1. Հումանիտար գիտությունների ֆակուլտետ 
  2. Տնտեսագիտության ֆակուլտետ 
  3. Բնական գիտությունների ֆակուլտետ 
  4. Կիրառական արվեստի ֆակուլտետ 

 

Որքանո՞վ են գոհ մեր դասախոսները 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի առցանց ուսուցումից

PDCA - որակի լոգո

 ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում՝ «Որակի ապահովման գործընթացներ» բաժնում, տեղադրվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման  բաժնի կողմից անցկացված` 2019-2020 ուսումնական տարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացված առցանց դասընթացներից ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի բավարարվածության հարցման արդյունքները և ուսանողների պատասխանների հետ դրանց համեմատական վերլուծությունը:  

Հարցումը նպատակ ուներ պարզելու, թե 3-ամսյա առցանց կրթության ընթացքում ինչքանով է դասախոսներին հաջողվել իրականացնելու իրենց առջև դրված խնդիրներն ու նպատակները, ուսանողներին ներգրավել առցանց ուսուցման գործընթացում, ինչ չափով է արդյունավետ եղել առցանց ուսուցումը և ինչպիսի կազմակերպական, տեխնիկական ու անձնային խնդիրներ են ծագել այդ ժամանակահատվածում:

Մասնաճյուղի 10 ամբիոնների ծանուցված 148 դասախոսներից հարցմանը մասնակցել է 93 դասախոս (63%-ը):

Առցանց կրթությունից բավարարվածության` ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքները Որակի ապահովման բաժինը արդեն վերլուծել և ներկայացրել էր մասնաճյուղի ներքին և արտաքին շահակիցներին. դրանք տեղադրված են մասնաճյուղի պաշտոնական կայքէջում (http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2015/12/Hashv_arcanc_us_2020.pdf, http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2015/10/Ardjunqner_arcanc_us_2020.pdf):

Նշենք, որ դասախոսական և ուսանողական հարցումները կատարվել են նույն հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի պարզելու դրանց վերաբերյալ դասախոսների և ուսանողների դիրքորոշումը և կատարելու համեմատական վերլուծություն: Այլ խոսքով՝ դասախոսների կարծիքներն ու առաջարկները ևս ձևավորվել են հետևյալ հիմնահարցերի շուրջ՝ «Ուսանողների ներգրավվածությունը առցանց դասընթացներին և կիրառվող տեղեկատվական հարթակները», «Անհրաժեշտ գիտելիքների և մասնագիտական կարողությունների ձեռքբերումը», «Ուսումնական նյութերի աղբյուրները և ռեսուրսները», «Ընթացիկ ծանրաբեռնվածությունը և գնահատումը», «Քննությունների անցկացման մեթոդները և ակադեմիական ազնվության պահպանումը»:

Վերլուծության մեջ նախ ներկայացվել են դասախոսների կարծիքները դիտարկվող հարցի վերաբերյալ, ընդ որում՝ ըստ առանձին ամբիոնների, որպեսզի յուրաքանչյուր ամբիոն կարողանա այդ արդյունքներից դուրս բերել իր խնդիրները, ապա ներկայացվել են ուսանողների ընդհանուր կարծիքները համեմատության մեջ:

Ամփոփելով հարցման արդյունքները՝ արձանագրվել է, որ մասնաճյուղում հաջողվել է արդյունավետ իրականացնել առցանց ուսուցում, ապահովել  գիտելիքի և մասնագիտական կարողությունների փոխանցում, ուսանողի ձեռքբերումների գնահատում և այլն:

Հարցմանը մասնակցած բոլոր դասախոսները (100%-ը) փաստել են, որ բավարարված են մասնաճյուղում առցանց ուսուցման կազմակերպումից։ Ուսանողների գերակշիռ մասը՝ 84,4%-ը, նույնպես բավարարված էր մասնաճյուղում առցանց ուսուցման կազմակերպումից։ Ընդ որում՝ դասախոսների 86%-ը նշել է, որ բավարարված է հիմնականում կամ ամբողջությամբ այն դեպքում, երբ ուսանողների միայն 42%-ն է այդ կարծիքին, և նրանց մյուս 42%-ը բավարարված է մասամբ:

Դասախոսները որպես առցանց ուսուցման դրական կողմեր նշել են միասնական հարթակի առկայությունը և հետևողականությունը, պատշաճ կազմակերպվածությունը, օպերատիվությունը, աջակցությունը, ուսանողների ճանապարհատրանսպորտային խնդիրների բացակայությունը, որը նրանց հնարավորություն է տալիս ավելի շատ ներգրավվել դասերին և այլն:

Որպես բացասական կողմ դասախոսներն առանձնացրել են տեղեկատվական համակարգերից օգտվելու ցուցումների թերի լինելը, ZOOM-հղումների համընկնումը, չափից շատ հետևողականությունը, մի քանի անձանց կողմից վերահսկողությունը, hղումների հաճախակի փոփոխությունները, ակադեմիական միջավայրի բացակայությունը, շուրջօրյա ծանրաբեռնվածությունը, թույլ կապը, տեղեկատվական տեխնոլոգիաներին անբավարար տիրապետումը և այլն: Դասախոսների կողմից նշված առցանց ուսուցման ամենաբացասական կողմն, իհարկե, մարդկային շփումի բացակայությունն է:

Նշենք, որ դասախոսների 26,5%-ն առցանց ուսուցման կազմակերպման գործընթացում թերություններ չի արձանագրում: Այդուհանդերձ, օրինակ, ուսանողների մի մասի կողմից առցանց ուսուցումից չբավարարված կամ ոչ լիարժեք բավարարված լինելու հանգամանքը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է նախ և առաջ վերհանել առցանց կրթությունից ուսանողների բավարարված չլինելու հստակ պատճառները:

Սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցիների համար դասապրոցեսը կմեկնարկի

1. հայտ. նկար (2)

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության  ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ պարետատան հետ քննարկելով՝ որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում:

 

2020թ. սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին լրացուցիչ կտեղեկացվեք ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի միջոցով:

 

Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ից:

 

Բուհերի ղեկավարների հետ հանդիպելով՝ արձանագրվել է, որ բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման կարգը` այն իրականացնելով տարբեր եղանակների (առկա և առցանց) զուգորդումով:

 

Միևնույն ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամրագրում է, որ  հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է, և զգուշացնում, որ այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են:

 

Դասացուցակները և դասապրոցեսի հետ կապված այլ մանրամասներ առաջիկայում կհրապարակենք ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

ՄՄՈՒՀ-երի (քոլեջների) շրջանավարտների ընդունելություն

Նկար-ԵՊՀ-ԻՄ

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ) շրջանավարտների 2020-2021 ուսումնական տարվա ԵՊՀ ԻՄ-ի ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են մինչև 2020թ. օգոստոսի 30-ը ներառյալ առցանց տարբերակով՝ ysu_ib@ysu.am  էլեկտրոնային հասցեի միջոցով:

Համաձայն ՀՀ կառավարության մայիսի 27-ի N856-Ն որոշման՝ դիմում-հայտը կարող են լրացնել միայն «Գերազանց» և (կամ) «Լավ» գնահատական ունեցող շրջանավարտները:

 

Դիմում-հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)՝

 

  1. Դիպլոմ և դիպլոմի միջուկը (միջուկը սքանավորվում է երկու կողմից)
  2. Անձնագիր կամ նույնականացման քարտ
  3. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ:

Դիմում-հայտի ձևը տե՛ս այստեղ:

 

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա ուսման վարձավճարների չափերը ըստ մասնագիտությունների տե՛ս այստեղ:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 41 51 22 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 12:00-ից մինչև 16:00-ն:

Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն: