Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Թո՛ղ Նոր տարին բոլորիս խաղաղություն, առողջություն և բարիք բերի

1. Նոր տարվա նորութ. նկար - գլխավոր

Սիրելի՛ համալսարանականներ, քաղաքացիներ, հայրենակիցներ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ, ցանկանում, որ այս Նոր տարին՝ 2021 թվականը, լինի անխաթար խաղաղության, առողջության և բարօրության, ընտանեկան սիրո և ջերմության, ստեղծագործ աշխատանքի և արարման տարի, մեր երկրի բոլոր ոլորտներում աննախընթաց առաջընթացի և զարգացման, գերակա նպատակների իրականացման և մեծ ձեռքբերումների տարի:

* * *

Փոքրիկ ակնարկ՝ Սպիտակ մետաղե ցուլի տարվա մասին

 

2. Նոր տարվա նորութ. նկար

 

Այս Նոր տարին՝ 2021 թվականը, արևելյան օրացույցի համաձայն, Սպիտակ մետաղե ցուլի տարի է: Այս կենդանին մարմնավորում է գարունն ու հողագործությունը: Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, իմաստնություն, մարդամոտություն, ընկերասիրություն, առաքինություն, ուստի տրամադրում է կյանքի լուսավոր շրջանի: Մետաղը, ըստ չինական ուսմունքի, ձգտում է կարգուկանոնի, հավասարակշռության և խորհրդանշում է հուսալիություն, վճռականություն, հաջողություն, շքեղության, փողի և իշխանության ձգտում:

 

2021 թվականի գլխավոր գույներն են մոխրագույնը և վառ դեղինը: Նախընտրելի են նաև երկնագույն, հողագույն, արծաթագույն, սպիտակ գույները և նուրբ երանգները:

 

Տարին, ըստ արևելյան օրացույցի, հաջող կլինի նոր հմտություններ, գիտելիքներ ձեռք բերելու համար: Այն ամենը, ինչ կներդրվի այս շրջանում, կրկնակի պտուղներ կբերի:

 

Ընդհանուր առմամբ 2021 թվականին՝ Սպիտակ մետաղե ցուլի տարում, առաջին տեղում կլինեն աշխատանքն ու ընտանիքը:

ԵՊՀ ԻՄ-ի գույքի վաճառքի հայտարարություն

Գույքի վաճառքի հայտ. նկար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը վաճառում է ԵՊՀ-ի կողմից ԵՊՀ ԻՄ-ին տրամադրված ներքոնշյալ գույքը, որը վերագնահատվել է  անշարժ գույքի գնահատման «Օրրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից․

Գույքի վաճառքի հայտ.՝ վերջնական_page-0001

Գնել ցանկացողները մինչև 2021թ փետրվարի 1-ը կարող են դիմել Գնումների, մատակարարման և պահեստավորման  բաժին (հասցե՝  ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-10), 094 77 94 07):

Վ. Բրուտյանի մահվան կապակցությամբ խորապես ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին և հարազատներին

Brutyan-Vachik

Խոր վշտով հայտնում ենք, որ 58 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հիմնադիր, Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտոր, «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր, ՈԱԱԿ-ի փորձագետ Վաչիկ Արամայիսի Բրուտյանը։

ՎԲրուտյանը ծնվել է 1962թ մարտի 18-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։

1969-1979 թվականներին սովորել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Վ.Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում։

1979-1983 թթ ուսանել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի քիմիայի բաժնում՝ այն ավարտելով գերազանցության դիպլոմով։

2001-2004 թթ եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի հայցորդ։

2009թ. հունվարին ԱՄՆ-ում անցել է վերապատրաստում` «Համալսարանական

վարչարարությունը Միացյալ Նահանգներում» ծրագրով։

2014-2018 թթ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոկտորանտ էր։

1983-1996 թթ աշխատել է Պառավաքարի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, ուսմասվար, այնուհետև` տնօրեն։

1991-1994 թթ մասնակցել է ՀՀ հյուսիսարևելյան շրջանների պաշտպանությանը։

1996-2001 թթ աշխատել է Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում որպես քիմիայի ամբիոնի դասախոս։

1996-2001 թթ եղել է ՌԴ Իվանտեևյան համալսարանի Վանաձորի մասնաճյուղում որպես դեկան` համատեղությամբ։

2001-2005 թթ եղել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում որպես դեկան և ուսումնական մասի վարիչ։

2005-ից «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտորն էր։

2010-ից համատեղության կարգով դասախոսում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։

Նույն թվականից ՈԱԱԿ-ի փորձագետ էր։

2011 թվականին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի ղեկավարն էր։

2012-ից աշխատում էր Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ որպես դասախոս։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Վ. Ա. Բրուտյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Սերունդների կրթության և դաստիարակության գործի անմնացորդ նվիրյալի, 40-ամյա մանկավարժական ու գիտական իր փորձառությամբ և գիտելիքներով ուսանողների համար մանկավարժության գաղտնիքները տանող փակ դռները բացած մեծ մանկավարժի և դասախոսի, վաստակավոր գիտնականի, ազնվագույն մարդու կերպարը օրինակ կծառայի մեզ համար, և նրա հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում։

Աստված Ձեր հոգին լուսավորի, ննջեք խաղաղությամբ, սիրելի՛ պարոն Բրուտյան․․․   

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը

Գիտխ.-ի նիստի նկար

2020թ. դեկտեմբերի 25-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. Հաղորդում 2020թ. ընդունելության արդյունքների մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյան):
  3. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր հաշվապահ Մ. Մ. Մխիթարյան):
  4. Ընթացիկ հարցեր.
    1. 4.1  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը հաստատելու մասին:
    2. 4.2  «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգը» հաստատելու մասին:

2020թ. ընդունելության արդյունքների մասին հաղորդման մեջ ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը բակալավրի առկա ուսուցմամբ 2020թ. ընդունելությունն իրականացրել է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված 12 մասնագիտությունների` 13 կրթական ծրագրերով: Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 266 դիմորդ: Ընդունելության քննությունների արդյունքներով հրամանագրվել է 188 ուսանող:

Բակալավրի հեռակա ուսուցմամբ ընդունելությունն իրականացվել է 7 կրթական ծրագրերով: Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է լրացրել 135 դիմորդ: Քննություններին մասնակցել է 113 դիմորդ (22 դիմորդ, ելնելով պատերազմական իրավիճակից, քննությունները հանձնել է պատերազմից հետո): Քննությունների արդյունքով հրամանագրվել է 88 ուսանող:

2020թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հեռակա ուսուցմամբ ընդունելություն է իրականացրել նաև «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրով: Մասնաճյուղում անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել և ընդունելության դիմում-հայտ է լրացրել 38 դիմորդ: Ընդունելության հարցազրույցի և քննության արդյունքներով հրամանագրվել է 25-ը (6 դիմորդ չի ներկայացել, 7 դիմորդ դուրս է մնացել մրցույթից):

2020-2021 ուստարում մասնաճյուղ է դիմել բակալավրի կրթական ծրագրով 434 դիմորդ, մագիստրատուրայի կրթական ծրագրով՝ 38 դիմորդ: Արդյունքում մասնաճյուղում հրամանագրվել է բակալավրի կրթական ծրագրով 308 ուսանող, մագիստրատուրայի կրթական ծրագրով՝ 32 ուսանող:

Որոշվեց 2020թ. ընդունելության արդյունքների մասին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Ց. Դավթյանի հաղորդումը ընդունել ի գիտություն:

2019-2020 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ուստարում մասնաճյուղի գործունեությունն իրականացվել է 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նպատակներին և նրանց իրականացման պլան-ժամանակացույցին համապատասխան՝ կարևորելով կրթության որակը և նրա շարունակական բարելավումը:

 Ա.Մակարյանը թվական տվյալներ ներկայացրեց 2020-21 ուսումնական տարում բակալավրատի առկա և հեռակա ուսուցման ձևերով և մագիստրատուրայի հեռակա ուսուցման ձևով ուսանողների ընդունելության և շարժի վերաբերյալ:

Մասնաճյուղում բարձրորակ և խորը մասնագիտական ուսումնառությունն ապահովում է նրա բարձրակարգ գիտամանկավարժական կազմը: 2019-20 ուսումնական տարում մասնաճյուղում դասավանդել են հիմնական և համատեղությամբ աշխատող 117 դասախոս, այդ թվում՝ 10 պրոֆեսոր (8,6%), 43 դոցենտ (36,8%), որոնցից գիտական աստիճանով՝ 8 դոկտոր և 62 թեկնածու. գիտական աստիճան ունեցող դասախոսների հաշվեկշիռը 59,9% է: Մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում դասավանդում են ՀՀ նկարիչների միության 7 և դիզայներների միության 1 անդամ:

Մասնաճյուղի ղեկավարությունը մշտապես աջակցում ու խրախուսում է իր դասախոսների հետազոտական և մեթոդաբանական գործունեությունը: ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում 2019թ. դեկտեմբերին հաստատվել է «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման» կարգը, որի համաձայն՝ 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար աշխատակիցները կստանան շուրջ 500 հազ. դրամ լրավճար:

2019-20 ուսումնական տարում մասնաճյուղում շարունակվել է «Կրեդիտային համակարգով ԵՊՀ դասախոսկան կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի» 2016-21 թթ. շրջափուլի իրականացումը:

Մասնաճյուղն առանձնահատուկ ուշադիր է ուսումնական գործընթացի անխափան և հարմարավետ կազմակերպման նկատմամբ: Հաշվետու ուսումնական տարում վերանորոգվել են լսարանները, լաբորատորիաները և արվեստանոցները, նրանց համար ձեռք է բերվել անհրաժեշտ գույք, տեղադրվել են տեսահսկման սարքեր:

Մասնաճյուղը վարում է կայուն ֆինանսական և ռեսուրսախնայողության քաղաքականություն, աշխատավարձերը վճարվում են առանց ուշացումների, 2-րդ կիսամյակի առցանց ուսումնառությունն իր հերթին ապահովել է որոշակի խնայողություն: Ֆինանսների հոսքեր ապահովվել են նաև 2019 թվականին ներդրված ավանդների գծով՝ դրանք ավելացնելով 270 մլն դրամով:

Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում մասնաճյուղը 2020թ. մարտին «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ առաջին անգամ մասնաճյուղի 151 հիմնական աշխատակից մինչև տարեվերջ կունենա առողջության ապահովագրություն:

Մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 2019-20 ուսումնական տարում իրականացվել են մի շարք համագործակցային ծրագրեր, որոնց նպատակն է եղել ուսանողներին ներգրավել մարզի հիմնախնդիրների, ուսանողների կարիքների, սոցիալական և տնտեսական խնդիրների ուսումնասիրմանը, վերհանմանը և հնարավորության դեպքում դրանց լուծմանը:

Մասնաճյուղի ուսումնագիտական և մարզամշակութային առօրյան ձևավորում են ուսանողական կառույցները՝ Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը, որոնք  2019-20 ուստարում իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, գրական-գեղարվեստական միջոցառումներ, մրցույթներ, ցուցահանդեսներ և այլն:

Որոշվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունն ընդունել ի գիտություն:

Այնուհետև գիտխորհրդի անդամները լսեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին գլխավոր հաշվապահ Մ. Մ. Մխիթարյանի հաղորդումը: Նա մասնավորապես նշեց, որ նախահաշվի հոդվածների ցուցանիշները կազմվել են նախորդ տարվա նախահաշվի կատարողական ցուցանիշների, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման հիման վրա:

2021թ. նախահաշվի եկամուտները և ծախսերը հավասարակշռված են, և դրանք կազմում են 496.100.5 (չորս հարյուր իննսունվեց միլիոն հարյուր հազար հինգ հարյուր դրամ):

Եկամուտների 60%-ը գոյանում է վճարովի ուսուցման ծառայություններից, իսկ ծախսերի ամենամեծ հոդվածը («Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրան հավասարեցված վճարումների ծախսեր»), որը կազմում է ծախսերի 86%-ը:

Որոշվեց.

  • Հաստատել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 2021 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագիծը՝ համաձայն հավելված 3-ի:
  • Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 2021 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը ներկայացնել Երևանի պետական համալսարան՝ հաստատման:

Ընթացիկ հարցերի կապակցությամբ որոշվեց քվեարկության արդյունքներով հաստատել.

  • «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը,
  • Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգը:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին կտրամադրվեն «Ռեստարտ Իջևան» կազմակերպության անվանական կրթաթոշակներ

Ռեստարտի հետ հուշագրի նկարը

2020թ. դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպության (ի դեմս գործադիր տնօրեն Մելինե Գևորգյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

 

Հուշագիրը նպատակաուղղված է աջակցելու ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին՝ նրանց տրամադրելով անվանական կրթաթոշակներ:

 

Երկկողմ համագործակցությունը կիրականացվի հետևյալ հարցերի շուրջ.

  1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ փոխհամագործակցային կապերի ձևավորում,
  2. աշխատանքային քննարկումների կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության,
  3. անվանական կրթաթոշակների տրամադրման հարցում չափանիշների սահմանում,
  4. ուսանողների նախնական/վերջնական ընտրության կազմակերպում,
  5. անվանական կրթաթոշակների փոխանցման կազմակերպում:

Համագործակցության շրջանակներում ներկա պահին նախատեսվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես անապահով 15 ուսանողի տրամադրել ամենամսյա ֆինանսական աջակցություն:

 

Մասնաճյուղի կողմից ներկայացված անվանական կրթաթոշակի հավակնորդների ցանկից «Ռեստարտ Իջևան» կազմակերպությունը կիրականացնի ուսանողների վերջնական ընտրություն և կկազմակերպի սահմանված գումարի փոխանցում:

 

ԵՊՀ ԻՄի և «Ռեստարտ Իջևան»-ի միջև կնքված համագործակցության հուշագիրը տե՛ս այստեղ: