Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ինչպե՞ս պատրաստել և գրել գիտական հոդված» թեմայով առցանց դասընթացին մասնակցելու հրավեր

Դասընթացի հայտ. նկար

Հարգելի՛ համալսարանականներ, 2021թ. մայիսի 6-8-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է  «Ինչպե՞ս պատրաստել և գրել գիտական հոդված» թեմայով առցանց դասընթաց, որը կվարի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ք.գ.թ., դոցենտ Գևորգ Սարգսի Սիմոնյանը:

Դասընթացը միտված է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական հոդված գրելու ունակության զարգացմանը, նրանց մոտիվացիայի բարձրացմանը:

Առցանց դասընթացի ժամանակ քննարկվելիք հարցերի շրջանակն է՝ գիտական հանդեսների ընտրություն, անալիզի կազմակերպում և անցկացում, գրականական տվյալների անալիզի կառուցվածք, գիտական հոդվածների կառուցվածքի IMRAD ֆորմատի բաղադրիչների, այն է՝ համառոտագրի և ռեֆերատի, բանալի բառերի,   հիմնական տեքստի, արդյունքների քննարկում, եզրակացություն:

Դասընթացին  մասնակցելու  համար  կարող  եք  գրանցվել  հետևյալ հղումով՝ https://forms.gle/vU38jBFrcfxj1i627:  

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

1. գլխավոր - 4. IMG_0588

2021թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ-ի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և քաղաքացիներ շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Համալսարանականները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին:

Այնուհետև նրանք այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, որտեղ Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպվել էր ցուցադրություն:

___________________________________________________________________

Հայոց ցեղասպանության սկիզբը պայմանականորեն համարվում է 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սրմաքեշխանլյան, Ատոմ Յարճանյան, Հովհաննես Հարությունյան և ուրիշներ: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կառներ Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ: Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿ–ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և այդպիսով՝ նոր ցեղասպանությունների կանխումը, հիրավի, ոչ միայն հայության, այլև ողջ մարդկության պատասխանատվությունն է: Հարկ է, որ ոչ միայն հայերը, այլև բոլոր ազգերը հիշեն հայության հետ տեղի ունեցածը, հիշելով՝ պահանջեն Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչում ու հատուցում, պահանջելով՝ թույլ չտան, որ մարդկության պատմության մեջ կրկնվի այդ ահավոր ոճիրը…

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

 

Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

glxavor

2021թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչները՝ ռեկտորի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Երվանդ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ, բ.գ.թ., դոցենտ Նազելի Ավետիսյանը, Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի  կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Հովիկ Մելքոնյանը, Արվեստի ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Օֆելյա Կուրազյանը, այլ աշխատակիցներ, ուսանողներ:

Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, խորացնել և զարգացնել երկու բուհերի միջև համագործակցությունը, համատեղ ծրագրերի իրականացումը:

Հյուրերի պատվին ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների վառ ու հետաքրքիր աշխատանքները:

Նախքան ցուցահանդեսի դիտումը համալսարանական հյուրերին իրենց ոգեշնչող ու գեղեցիկ կատարումներով ողջունեցին Իջևանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի սաները և ուսուցիչները:

Ցուցադրված աշխատանքները դիտելուց հետո ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և դասախոսների համար 19-րդ դարի ռուս գեղանկարչության վերաբերյալ հետաքրքիր ակնարկային դասախոսությամբ հանդես եկավ Շիրակի պետական համալսարանի արվեստի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանը:

Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանի հետ ՇՊՀ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի) և Շիրակի պետական համալսարանի (ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Ե.Սերոբյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը համագործակցելու կրթական ու գիտահետազոտական ոլորտներում, մասնավորապես՝ իրականացնելու ակադեմիական շարժունության ծրագրեր, կազմակերպելու համատեղ վարպետության դասեր, ճանաչողական այցեր, պրակտիկաներ, գիտաժողովներ:

Հետևելով օրվա խորհրդին (1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակել է որպես Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր)՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնի վարիչ, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թՄարատ Զուրաբյանը Շիրակի պետական համլսարանին նվիրեց հեղինակային, մասնագիտական գրքեր:

Հաջորդիվ երկու համալսարանների վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները և ուսանողները այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան և դիտեցին պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշները, Իջևանի և Տավուշի մարզի տարածքից հայտնաբերված գտածոները:

Այնուհետև խումբը ապրիլի 24-ի նախօրեին այցելեց Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ դնելու հուշարձանին:

Հյուրերը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեցին նաև Իջևանի դենդրոպարկ, որտեղ ծանոթացան աշխարհի տարբեր երկրներից բերված յուրօրինակ ծառերի ու թփերի տեսականուն:

Շիրակի պետական համալսարանի պատվիրակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացավ ջերմ տպավորություններով, փոխադարձ այցի ակնկալիքով և համագործակցության ծրագրերի իրականացման պատրաստակամությամբ:

Մասնաճյուղում մեկնարկել է «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաները դասավանդող ուսուցիչների անվճար վերապատրաստումների շարքը

1. գլխավոր

2021թ. ապրիլի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց «Աշխարհագրություն» և «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաները դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվող անվճար վերապատրաստումների շարքը՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի և ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համագործակցությամբ:

Առաջին սեմինարը, որը նվիրված էր Հանրակրթության պետական չափորոշչին և սպասվող փոփոխություններին, վարեց «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերի համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը, մասնակցեցին Տավուշի մարզի դպրոցների 2 տասնյակ ուսուցիչներ:

Սեմինարավարը ներկայացրեց Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը: Նա մասնավորապես նշեց, որ տվյալ չափորոշիչը ներառում է կրթական քաղաքականության հիմնական դրույթները, ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները և  շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ):

Պարոն Հովհաննիսյանը նաև խոսեց «Աշխարհագրություն» ուսումնական առարկայի պետական չափորոշչի մասին՝ միաժամանակ ներկայացնելով աշխարհագրության դասընթացների՝ հանրակրթական պետական առարկայական օրինակելի ծրագրի համար առաջարկվող կառուցվածքը:

Սեմինարի մասնակիցները գոհունակություն հայտնեցին վերապատրաստման կազմակերպիչներին և սեմինարավարին՝ բովանդակալից և պատշաճ կարգով կազմակերպված սեմինարի, նյութը մատչելի կերպով մատուցելու համար, ընդգծեցին նմանատիպ միջոցառումների, ուսուցիչներին մեթոդական աջակցություն տրամադրելու կարևորությունը: