Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Երևանի «Գլաձոր» համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր. IMG_6859

2021թ. մայիսի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Երևանի «Գլաձոր» համալսարանի ներկայացուցիչները՝ ռեկտոր, ի.գ.դ., պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Ամալյա Խառատյանը, տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, իրավագիտության մագիստրոս Ռիմա Այդինյանը, Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի ղեկավար, տ.գ.թ. Արման Տոնիկյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար Էլիզա Հովհաննիսյանը:

Այցելության նպատակն էր տեղում ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, զարգացնել և խորացնել երկու բուհերի միջև համագործակցությունը:

Նախ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանի, վարչական համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների/պատասխանատուների և Գլաձորի համալսարանի պատվիրակության անդամների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, ապա կնքվեց համագործակցության հուշագիր:

Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու կրթական ու գիտահետազոտական ոլորտներում, մասնավորապես՝

 

  • իրականացնել կրթական շարունակականությանն ուղղված ծրագրեր,
  • կազմակերպել հանդիպում-քննարկումներ՝ կողմերի առաջատար մասնագետների մասնակցությամբ,
  • իրականացնել փոխադարձ այցեր՝ բենչմարքինգ անցկացնելու նպատակով,
  • համագործակցել ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և բարելավման աշխատանքների շուրջ,
  • անցկացնել գիտական և գործնական, ինչպես նաև գիտական և մեթոդաբանական գիտաժողովներ,
  • ապահովել ուսանողների և դասախոսների շարժունությունը սույն հուշագրի շրջանակներում ծավալվող միջոցառումներին (այդ թվում նաև վիրտուալ-առցանց), ինչպիսիք են՝ վերապատրաստումներ, սեմինարներ, խորհրդակցություններ, կլոր-սեղան քննարկումներ, հանրային դասախոսություններ, գիտաժողովներ և այլն,
  • իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր,
  • համատեղ կազմակերպել և իրականացնել միջբուհական մշակութային միջոցառումներ,
  • համագործակցել դասագրքերի, ուղեցույցների և այլ կրթական և ուսումնամեթոդական գրականության հրատարակման հետ կապված հարցերում,
  • որպես գործընկերներ մասնակցել եվրոպական ծրագրերին,
  • կազմակերպել կողմերի ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկաներ և այլն:

Հուշագրի կնքումից հետո տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը մասնաճյուղի անունից նվիրեց Գլաձորի համալսարանի պատվիրակությանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ» թեմայով վարպետության դաս անցկացրեց ԵԳՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանը:

Ապա կազմակերպվեց շրջայց մասնաճյուղում, որի ընթացքում հյուրերը տեղում ծանոթացան բուհի վարչական ստորաբաժանումների, գործող կենտրոնների և ամբիոնների գործունեությանը, մասնագիտություններին, գրադարանային ֆոնդին, երկու բուհերի ներկայացուցիչներն իրար փոխանցեցին իրենց առաջավոր փորձը:

Գլաձորի համալսարանի պատվիրակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացավ փոխադարձ այցի ակնկալիքով և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությամբ:

Մրցույթ՝ ուղղված երկակի նշանակության ծրագրերի աջակցությանը

ԳԿ մրցույթի հայտ. նկար

Գիտության կոմիտեն կազմակերպում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ:

Դրամաշնորհները կտրամադրվեն 12 կամ 24 ամիս տևողությամբ, 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի՝ «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների հետևյալ մասնագիտություններով հետազոտությունների իրականացման համար.

 

  • Ինֆորմատիկա և համակարգչային գիտություններ,
  • Ֆիզիկա և աստղագիտություն,
  • Քիմիա,
  • էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, էներգետիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • Մեխանիկա,
  • Մեքենագիտություն և մեքենաշինություն,
  • Քիմիական տեխնոլոգիաներ,
  • Նյութագիտություն,
  • Նանոտեխնոլոգիա:

Գիտական փորձաքննության հետ մեկտեղ՝ հայտերը տրամադրվելու են նաև ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեին՝  նախագծերի՝ ռազմարդյունաբերական կարիքների համար կարևորությունն ու նպատակահարմարությունը գնահատելու համար: 

Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված մրցույթների՝ այս տարի մրցույթի հայտերը ներկայացվելու են առցանց ռեժիմով` կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am):

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հուլիսի 2-ն է (առձեռն պահանջվող փաստաթղթերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը):

Մրցույթի հրավերի փաթեթը հասանելի է հետևյալ հղումով՝  http://scs.am/files/hraver-erkaki-2021-845a2-26.05.2021.docx :

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00 և 14:00-17:00, 010 21-01-40 (122) կամ, տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (108) հեռախոսահամարներով:

Աղբյուրը՝ http://scs.am/am/27-05-2021:

Մասնաճյուղում կայացավ «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկան դասավանդող ուսուցիչների համար անվճար սեմինար

1. գլխավոր IMG_0951

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկան դասավանդող ուսուցիչների համար կազմակերպված անվճար սեմինարը՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի և ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համագործակցությամբ:

Այն վարեց «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերի համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը, մասնակցեցին Տավուշի մարզի դպրոցների 7 տասնյակ ուսուցիչներ:

Սեմինարը նվիրված էր հանրակրթության բնագավառի օրենսդրությանը, Հանրակրթության պետական չափորոշչին, հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին և սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին:

Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքի և դրա բաղադրիչների վերաբերյալ սեմինարավարը մասնավորապես նշեց, որ տվյալ չափորոշիչը սահմանում է հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ), տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների, և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները:

Պարոն Հովհաննիսյանը նաև անձրադարձավ հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին և սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին:

Սեմինարին մասնակցած ուսուցիչները վերապատրաստողներին և սեմինարավարին հայտնեցին իրենց գոհունակությունը՝ շեշտելով նման սեմինարների կարևորությունը:

«Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի 2021-2022 ուստարվա ընդունելություն

1. հայտ. նկ.

Երևանի պետական համալսարանի Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ
«Ամերիկագիտություն» մագիստրոսական նոր կրթական ծրագրի ընդունելություն:

Ծրագիրը մշակված է Արիզոնայի պետական համալսարանի հետ համատեղ և իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Տրվում է ուսման վարձի մասնակի փոխհատուցման ձևով կրթաթոշակ ստանալու բացառիկ հնարավորություն:

«Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրատուրայի ընդունելության հետ կապված այլ մանրամասների համար կարող եք այցելել ԵՊՀ-ի կայքէջ՝ http://www.ysu.am/entrant/hy/1372846047:

Հարցերի դեպքում կարող եք գրել magdimord@ysu.amnarine.asryan@ysu.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 060-710-128 հեռախոսահամարով:

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք Բագրատ Սրբազանին՝ 50-ամյա հոբելյանի առթիվ

Բագրատ Սրբազանի նկարը

2021թ. մայիսի 20-ին լրանում է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ծննդյան 50-ամյակը:

Բագրատ Սրբազան… ոչ թե պատահականության ծնունդ, այլ Ստեղծագործություն, Առաջնորդ, Ընկեր, Մարդ, Զինվորական, Մտավորական … կոչումով՝ Տավուշեցի, ով Տավուշ եկավ հիրավի «ոչ թե պատահականությամբ, այլ Աստվածային նախախնամությամբ և Տավուշեցու կոչումը նույնացրեց մեծագույն սիրո, պատվի ու պատասխանատվության հետ…»:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք Բագրատ Սրբազանի 50-ամյա հոբելյանը, ցանկանում, որ Աստծո ամենակարող աջը միշտ զորավիգ ու պահապան լինի և իր օրհնությամբ, սիրով ու բարեհաճությամբ առաջնորդի նրան իր հայրենանվեր գործունեության մեջ՝ ուղղված Հայոց և Տավուշ աշխարհի բարօրությանը, զորացմանն ու բարգավաճմանը:

 

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ։

Ծնվել է 1971թ. մայիսի 20-ին Գյումրիում:

1978 – 1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։

1988 – 1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

1994թ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։

1994թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով «Խոսրով եպիսկոպոս Անձևացու Ժամակարգության մեկնությունն ու աստուածաբանությունը (նորագյուտ ձեռագրերով և մատենագիտական ուսումնասիրությամբ)» ավարտաճառը:

1995թ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

1996թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նշանակվել է նաև ՔԴՔԿ փոխտնօրեն։

1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում:

2000-2003 թթ. եղել է Սևանի Վազգենյան դպրանոցիշ տեսուչը։

2002թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» վերտառությամբ։

2002թ. նշանակվել է նաև Մայր Աթոռի Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։

2002թ. նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։

2003-2013 թթ. եղել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդը։

2012թ․ Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբարոյագիտության մագիստրոսական թեզ (MA)` «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» թեմայով:

2013-2019 թթ. վարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնը։

2015թ․ նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:

2017 թ․ -ից Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է:

Արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ Բ-ի «Ադամանդյա հոբելյանի» մեդալի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» նախագահական 2-րդ աստիճանի մեդալի, ՀՀ Պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» շքանշանի։

«Մոնթե Մելքոնյան» ռազմաուսումնական վարժարանի, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, 2019թ. «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան, դասավանդում է Գևորգյան հոգևոր ճեմարանում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

 

Բագրատ Սրբազանի քահանայական ձեռնադրության 25 և Տավուշի թեմի առաջնորդության 5-ամյակին նվիրված ֆիլմը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/tahuys/videos/2390316957942560/: