Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՊՀ ԻՄ-Ի՝ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Նորութ. նկար

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2021-2022 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները:

Ըստ այդ արդյունքների՝ վճարովի ուսուցման թափուր տեղերի մրցույթով 2021-2022 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է ընդունվել 6 դիմորդ, որոնց սրտանց շնորհավորում ու մաղթում ենք հաջողություններ ուսման մեջ և կյանքում:

ԵՊՀ ԻՄի՝ 2021-2022 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները կարող եք տեսնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնի Առկա ուսուցման «Ընդունելության արդյունքները» էջում:

ԵՊՀ ԻՄ-ի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր

2021թ. հուլիսի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

 

Կնքված հուշագրի նպատակը երկու բուհերի միջև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատումն է, համագործակցության ծրագրերի իրականացումը:

 

Երկկողմ համագործակցության հիմնական ուղղություններն են.

  • ՇՏՀ-ում և ԵՊՀ ԻՄ-ում մշակված առարկայական ծրագրերի, կրթական ծրագրերի արտաքին փորձագիտական գնահատման աշխատանքների իրականացում,
  • սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունության իրականացում,
  • կրթական ծրագրերի և/կամ առանձին դասընթացների համատեղ մշակում՝ սովորողների համար հնարավորություններ ստեղծելով կրթություն ստանալու նաև հեռաուսուցման միջոցով,
  • սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստումների, վարպետության դասերի, կլոր սեղանների, թեմատիկ բանավեճերի կազմակերպում,
  • համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում,
  • ՇՏՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի գիտական ամսագրերում համատեղ ուսումնագիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում,
  • կողմերի ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական արտադրական պրակտիկաների փոխադարձ կազմակերպում,
  • սովորողների ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի փոխադարձ ղեկավարում և գրախոսում, գիտակրթական և մեթոդական գրականության ու մասնագիտական զարգացմանը նպաստող էլեկտրոնային աղբյուրների տրամադրում, գիտական աշխատությունների, դասագրքերի, ուսումնական նյութերի, ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և խմբագրում,
  • համատեղ հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպում,
  • համատեղ կրթական, գիտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացում,
  • մյուս կողմին արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում որպես գործընկեր ներգրավում,
  • կողմերի իրականացրած այլ կրթական, գիտական, մշակութային ծրագրերին, կազմակերպած միջոցառումներին մասնակցություն:

   2

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

1. գլխավոր

2021թ. հուլիսի 17-ին, 23 և 24-ին ավարտական վկայականներ հանձնվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020-21 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 356 շրջանավարտների:

Այս տարվա դիպլոմների հանձնման գործընթացը, համավարակով պայմանավորված,  նպատակահարմար է համարվել իրականացնել ոչ թե մեկ, այլ երեք օրում՝ ըստ ուսուցման ձևերի և մասնագիտությունների շրջանավարտների որոշակի խմբավորմամբ:

Դիպլոմների հանձնման արարողությանը գլխավորապես մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, հարազատներ:

Միջոցառման մասնակիցները նախ 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր քաջ հայորդիների հիշատակին, հնչեցրին պատերազմում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած համալսարանականների՝ ուսանողների և շրջանավարտների անունները, որոնց շնորհիվ իրենք այսօր հնարավորություն ունեն ստանալու իրենց ավարտական վկայականները:

Շրջանավարտներին ուղղված շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գայանե Ավետիսյանը, Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մարատ Զուրաբյանը, բաժնի վարիչի տեղակալ Մուշեղ Սարուխանյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Լուիզա Մադաթյանը և փոխնախագահ Հրաչուհի Թամամյանը:

Դիմելով շրջանավարտներին՝ Ա.Մակարյանը մասնավորապես նշեց.

«-Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ և մասնաճյուղի համար այսօր իսկապես հիշարժան օր է այն առումով, որ դուք մտնում եք կյանքի նոր փուլ: Եվ մենք շատ կուզենայինք, որ այն դիպլոմները, որոնք տրվելու են ձեզ այսօր, դառնան բոլոր փակ դռների համար բանալի, իսկ այն գիտելիքներն ու կարողությունները, որ ստացել եք մեր դասախոսական կազմից, օգնեն, որ ձեր արժանի տեղը գտնեք կյանքում: Դուք այսօրվանից լքում եք համալսարանը, բայց դա չի նշանակում, որ դուք հեռանում եք մեզանից. մենք անընդհատ հետևելու ենք ձեր առաջընթացին, սպասելու ենք ձեր կողմից լավ գործերի, նոր ձեռքբերումների և ուրախանալու ենք այդ ձեռքբերումներով: Կուզենանք, որ համալսարանի բոլոր միջոցառումներին դուք մասնակցեք: Իմացե՛ք, որ համալսարանի դռները միշտ բաց են մեր բոլոր շրջանավարտների առաջ:

Այս նոր իրավիճակը, որը էապես տարբերվելու է համալսարանական կյանքից, ձեզանից պահանջելու է նոր կարողություններ… Պատահական չէ, որ նոր եզրույթ է մտել կրթության մեջ, որը կոչվում է «կրթություն ողջ կյանքի համար»: Շատ լավ կլինի, եթե մենք կարողացած և ձեզ տված լինենք այդպիսի հնարավորություններ, այսինքն՝ դուք կարողանաք ձեր կրթությունը շարունակել և՛ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, և՛ իհարկե աշխատանքի վայրում: Ես ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել մեր շրջանավարտներին, ցանկանալ, որ իրականանան նրանց բոլոր նվիրական երազանքները, նրանց բոլորին մաղթել կանաչ ճանապարհ և բարի երթ: Շնորհակալություն»:

Շնորհավորական խոսքերին հաջորդեց դիպլոմների հանձնման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նախ բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին հանձնեց գերազանցության դիպլոմները, ապա մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, ըստ ֆակուլտետների և մասնագիտությունների, դիպլոմները հանձնեցին առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտներին:

ԵՊՀ ԻՄ-ի ողջ անձնակազմի և ուսանողության անունից ջերմորեն շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ-ի` 2020-21 ուստարվա բոլոր շրջանավարտներին, նրանց մաղթում  անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ, նպատակների և իղձերի իրականացում, ԵՊՀ ԻՄ-ի հեղինակությունն ու համալսարանականի պատիվը բարձր պահելու խոր գիտակցում, կանաչ ճանապարհ և ամենայն բարիք….

 

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման՝ 2021թ. ընդունելության մրցույթի արդյունքները

ԵՊՀ-ԻՄ-նկար

2021թ. հուլիսի 17-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատվել են ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման՝ 2021թ. ընդունելության մրցույթի արդյունքները, որոնք հրապարակված են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնի Առկա ուսուցման «Ընդունելության արդյունքները» էջում:

2021-2022 ուստարվա առկա ուսուցմամբ կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական (1-ին և 2-րդ) փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է ընդունվել 192 (44 անվճար, 148 վճարովի) դիմորդ:

Սիրով շնորհավորում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք նոր ուսումնական տարում:

 

 

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբի պաշտոնական բացման արարողությունը

1. գլխավոր

2021թ. հուլիսի 13-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի՝ ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցեցին Տավուշի մարզպետարանի, մարզի տարբեր ենթակառուցվածքների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, «Կանաչ Արահետ» հասարակական կազմակերպության, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, հաբի աշխատակիցներ, կամավորներ, ուսանողներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը,  «Կանաչ Արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը և ուրիշներ:

Ա.Մակարյանը, ողջունելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նման կառույցի հիմնումը, հույս հայտնեց, որ այն իսկապես կնպաստի մարզում նորարարական գիտելիքի զարգացմանը, կդառնա այն հարթակը, որը կհամախմբի և հնարավորություն կտա մարզի երիտասարդներին՝ հատկապես համալսարանականներին, ազատ դրսևորվելու և իրացնելու իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, նորարարական գաղափարներն ու մոտեցումները: Հաբը կդառնա անվտանգ, հարմարավետ և հասանելի աշխատանքային տարածք ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համար, սոցիալական ձեռներեցության ոլորտում դասընթացների, սեմինարների և տարբեր միջոցառումների կազմակերպման վայր, ինչպես նաև աջակցություն կապահովի երիտասարդներին հետագա զբաղվածության գործում։ Պարոն Մակարյանը շնորհավորեց բոլոր ներկաներին հաբի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց այդ գործում  նախաձեռնություն ու աջակցություն ցուցաբերած բոլոր կառույցներին և անհատներին, մասնավորապես՝ Տավուշի մարզպետարանին և «Կանաչ Արահետ» ՀԿ-ին:

Ն.Սարուխանյանն իր ողջույնի խոսքում ընդհանուր գծերով ներկայացրեց Գիտելիքի նորարարական հաբի ստեղծման նպատակը, գործունեության շրջանակները և առաքելությունը՝ համոզմունք արտահայտնելով, որ հաբի և ԵՊՀ ԻՄ-ի միջև համագործակցությունը կլինի խորը և երկարատև:

Տիկին Սարուխանյանը նշեց, որ ՀԱԲ-երը ստեղծվում են «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ գործընկեր կազմակերպությունների՝ «Կանաչ Արահետ» ՀԿ-ի (Հայաստան), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և KRDF-ի (Վրաստան) հետ մեկտեղ:

Այնուհետև ելույթ ունեցավ “EU4Youth SEED” ծրագրի համակարգող Լուսինե Վերդյանը՝ շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացնելով «Կանաչ Արահետ» ՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը:

 Ողջույնի խոսքով հանդես եկավ Գիտելիքի նորարարական հաբի համակարգող Նառա Մնացականյանը, ով  տեսահոլովակի միջոցով ներկայացրեց հաբի կողմից արդեն իրականացված աշխատանքները:

Երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու նպատակով  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Միջոցառումն ավարտվեց Բնակչության օրվան նվիրված ֆոտոմրցույթի լուսանկարների ցուցադրությամբ, որի արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրումը տեղի կունենան Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հաբի բացման արարողության ժամանակ: 

Տեղի ունեցավ նաև հյուրասիրություն: