Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

 1. գլխավոր․ IMG_6045

 2021թ. սեպտեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա.Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին վարչական որոշ ստորաբաժանումների ղեկավարներ՝ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը, «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը, Արտաքին կապերի բաժնի վարիչ Ա.Եգանյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման համակարգերի քննաշրջանի ամփոփում (զեկուցող՝ Ն.Առուշանյան, ֆակուլտետների դեկաններ):
  2. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների աշխատանքային պլանների կազմման մասին (զեկուցող՝ Մ.Ճաղարյան):
  3. ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին (զեկուցողներ՝ Ն.Գրիգորյան, Հ.Մովսեսյան, Ա.Եգանյան):

Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման համակարգերի քննաշրջանի ամփոփման վերաբերյալ զեկուցող Ն.Առուշանյանը մասնավորապես նշեց, որ 2020-2021 ուստարվա II կիսամյակում քննաշրջանին մասնակցել է բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 1-3-րդ կուրսերի 398, հեռակա ուսուցման 1-4-րդ կուրսերի 483 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով (հեռակա ուսուցման) 1-ին կուրսի 24 ուսանող:

Ընդհանուր առմամբ քննաշրջանին մասնակցել է 905 ուսանող (881-ը՝ բակալավրի, 24-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով), որոնցից անվճար ուսուցմամբ՝ 116, վճարովի ուսուցմամբ՝ 789 ուսանող:  

2020-21 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի արդյունքներից ելնելով՝ հեռացման են ներկայացվել առկա ուսուցման 5, հեռակա ուսուցման 32 ուսանողներ:

Քննաշրջանից մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեն առկա ուսուցման 5, հեռակա ուսուցման 29 ուսանողներ:

Որոշվեց՝

  1. ԵՊՀ ԻՄի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման համակարգերի քննաշրջանի ամփոփման վերաբերյալ Ն.Առուշանյանի զեկուցումն ընդունել ի գիտություն,
  2. տնօրենության նիստում ներկայացված ուսանողներին սահմանված կարգով հեռացնել մասնաճյուղից:

Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների աշխատանքային պլանների կազմման մասին իր զեկուցման մեջ Մ.Ճաղարյանը մասնավորապես նշեց, որ 2021թ. սեպտեմբերի սկզբին ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումներին հանձնարարվել էր կազմել իրենց աշխատանքնային պլանները: Հաշվի առնելով, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը դեռևս ընթացքի մեջ է և չի հաստատվել գիտական խորհրդի կողմից՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի առաջարկով ստորաբաժանումներն իրենց՝ 2021թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատանքային պլանները պետք է կազմեին ըստ ընթացիկ գործառույթների և նախկին ռազմավարական պլանով չիրականացված խնդիրների: Ստորաբաժանումներն (բացառությամբ ՏՀՍԶ բաժնի) արդեն կազմել և ուղարկել են իրենց աշխատանքային պլանները, որոնք շտկումներից հետո ներկայացվել են տնօրենի հաստատմանը: ՏՀՍԶ բաժինն իր աշխատաքային պլանն ավարտուն տեսքի կբերի մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը:

Որոշվեց՝  ԵՊՀ ԻՄի ստորաբաժանումների աշխատանքային պլանների կազմման մասին Մ.Ճաղարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին զեկուցեցին ՌԾ-ի երեք ոլորտների պատասխանատուներ Ն.Գրիգորյանը, Հ.Մովսեսյանը և Ա.Եգանյանը:

Առաջին ոլորտի կապակցությամբ Ն.Գրիգորյանը նշեց, որ հիմնական աշխատանքներն արդեն իրականացվել են, և վերջնական խմբագրման ենթակա տարբերակն ուղարկվել է տնօրենին:

Երկրորդ և երրորդ ոլորտների պատասխանատուներ Հ.Մովսեսյանը և Ա.Եգանյանը ներկայացրին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսում են փոքր խմբերով հանդիպել և սեղմ ժամկետներում ավարտել ծրագրի մշակման աշխատանքները:

Այդ հարցի հետ կապված՝ պարոն Մակարյանը նշեց, որ մշակման աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է հետևողական լինել, որ գործողությունների վերջնարդյունքները լիովին բխեն ներկայացված քայլերից, իսկ  կառուցվածքային առումով նպատակահարմար է խնդիրների վերջնարդյունքները ներկայացնել հավակնությունների տեսքով:

Տնօրենի կողմից առաջարկվեց շաբաթական առնվազն 1 անգամ հավաքվել ՌԾ-ի մշակման համար ձևավորված փոքր խմբերով, որպեսզի միչև ս.թ. հոկտեմբերի վերջը հնարավոր լինի ավարտել ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները:

Որոշվեց՝  ԵՊՀ ԻՄի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին Ն.Գրիգորյանի, Հ.Մովսեսյանի և Ա.Եգանյանի զեկուցումներն ընդունել ի գիտություն:

 

 

 

 

 

Աջակցության ծրագիր՝ «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրի հայաստանյան պոտենցիալ մասնակիցների համար

d4fb07a70a7916a7089ca942a0759b17Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համատեղ՝ «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրի հայաստանյան հնարավոր մասնակիցների նախագծերի նախապատրաստման աջակցության ծրագրի մեկնարկը։  Նախագծերի նախապատրաստման աջակցության հայտադիմումները կարող են ներկայացվել Հորիզոն Եվրոպա ծրագրի բոլոր ընթացիկ և մոտ ժամանակներում հայտարարվելիք մրցույթների համար։

Ծրագրի շրջանակներում կանցկացվի 2-ամսյա խորհրդատվությունների շարք՝ Հորիզոն Եվրոպա շրջանակային ծրագրին մասնակցության հայտի պատրաստման վերաբերյալ։

Բացի այդ, միջազգային փորձագետների օգնությամբ պոտենցիալ մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերել նոր փորձ և գիտելիքներ՝ նշված առաջատար մրցակցային շրջանակային ծրագրի վերաբերյալ։

Մասնակցելու համար պետք է մինչև 2021 թ. հոկտեմբերի 17-ը լրացնել առցանց հարցաթերթիկը՝ https://tinyurl.com/3k3ynh2y հղումով: Աջակցության ծրագրին մասնակցելու համար կընտրվի հինգ հայտադիմում։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝ Անահիտ Խաչիկյան, anip@sci.am , հեռ.՝ 525432:

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, քայլերթ և մոմավառություն

1. Կամ սա՝ 1.գլխավոր2021թ. սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կյանքը շարունակում է շարունակվել» խորագրով հուշ-ցերեկույթը՝ նվիրված հանուն հայրենիքի անմահացած քաջ հայորդիների սուրբ հիշատակին: Այն կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:

Գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցում էին երկու տասնյակ ուսանողներ, ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր, քաղաքացիներ:

Դահլիճում հուզական մթնոլորտ էր. միջոցառման վկան էին անմահները՝ Արցախյան երկրորդ պատերազմում իրենց կյանքը տված մեր հերոս ուսանողներն ու շրջանավարտները, ովքեր լուսանկարների միջից հերոսական վեհ հայացքով հետևում էին միջոցառման ընթացքին:

Միջոցառման մասնակիցները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին անմահ հերոսների հիշատակը, ապա հանդես եկան 2020թ. սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ համառոտ ակնարկով:

Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվեցին պատերազմի թեմայով ոգեշնչող տեսահոլովակներ, բեմադրություն, երգեր ու բանաստեղծություններ («Կանգնի՛ր, Արցախ», «Մատաղ քեզ», «Մամ  ջան», «Մա՛յր իմ, մի՛ տխրիր», «Կյանքը շարունակում է շարունակվել», «Բալլադ զինվորին», «Զինվորի երգ», «Իմ հերոս», «Իմ զինվոր եղբայր», «Ու ոչ մի ծառ…» և այլն):

Ներկայացված երգերի, բանաստեղծությունների ու ցուցադրությունների միջոցով հառնեցին ու մարմնացան իրենց կյանքի գնով մեզ կյանք տված հերոսների կերպարները, նրանց անցած ուղին, պատերազմի ընթացքում ունեցած հույզերն ու ապրումները, կիսատ մնացած հույսերն ու երազանքները, նրանց՝ անմահների պատգամը մեզ՝ ապրողներիս:

Նույն օրվա երեկոյան համալսարանականները  մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված քայլերթին և մոմավառությանը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների հիշատակին:

Երթին մասնակցող հարյուրավոր քաղաքացիներ ԵՊՀ ԻՄ-ի բակից շարժվեցին դեպի Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն և զոհերի ոգեկոչման արարողություն: 

ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է 2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն

Մագ.-ընդ.-նկ.

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2021-2022 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով։

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով։

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերը ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը: Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 13ին և 14ին։ Ընդունող հանձնաժողովը կաշխատի սեպտեմբերի 8-ից՝ ժամը 10։00-ից մինչև 16։00-ն։ Փաստաթղթերը կարելի է ուղարկել sci_ib@ysu.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով (հասցե՝ Ուսանողական 1):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Դիմում-հայտն առցանց լրացնելուց  առաջ  պետք  է նախօրոք ունենալ վերոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները)։ Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին։

Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում։

2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը

  1. Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ), 
  2. բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակներն ու պատճենները,
  3. 2լուսանկար (3×4 սմ չափսի),
  4. զինվորականգրքույկի բնօրինակը (առկայության դեպքում) ու պատճենը (1-7-րդ և 18-19-րդ էջերը),
  5. անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակն ու պատճենը,
  6. ընդունելությանծառայությունների համար գանձվող 1500 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը։

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

         Բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամար (ՀՀ դրամ)

   247610017094
         Նպատակ

«Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար»

ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ

դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ

Ուսման տևողությունը 1.5 տարի է:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ բաժնի տեսուչ Ա.Մարգարյանին (հեռ. 093 206505): 

 

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի` 2021-2022 ուստարվա առաջին նիստը

1․ գլխավոր

 2021թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի` 2021-2022 ուստարվա առաջին նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ.Աթոյան
  2. 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա.Դավթյան
  3. Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի՝ 2020-2021 ուստարվա հաշվետվության ներկայացում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյան
  4. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկի քննարկում և հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյան
  5. Ընթացիկ հարցեր։

Առաջին հարցի մասին նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը նախապես ուղարկված է եղել գիտխորհրդի անդամներին՝ առաջարկություններ ստանալու նպատակով։ Ըստ ժամանակացույցի՝ նախատեսված է տարվա մեջ իրականացնել 8 նիստ, որոնք բաշխված են ըստ ամիսների և նախանշված են ժամանակացույցում, սակայն կա նաև ըստ անհրաժեշտության արտահերթ նիստեր անցկացնելու հնարավորություն։ Ժամանակացույցում իրականացվել են որոշ փոփոխություններ, որոնք գլխավորապես վերաբերում են դրամաշնորհների տրամադրման ընթացակարգին և նոր մշակվող ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրին։ Ինչ վերաբերում է  դրամաշնորհների տրամադրման ընթացակարգին, ապա «Տավուշ» կենտրոնի հետ համատեղ իրականացվում են անհրաժեշտ փոփոխությունները՝ կապված դրամաշնորհների համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի, հաշվետվությունների ձևաչափերի և այլնի հետ։ ՌԾ-ի մշակման համար ձևավորված խմբերն էլ մինչև դեկտեմբեր կավարտեն աշխատանքները, և 2022 թվականից կաշխատենք 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրով։

Գիտխորհրդի անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Մ.Միքայելյանն առաջարկեց ժամանակացույցի 10-րդ կետում իրականացնել փոփոխություն՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հաստատման հարցը հունվար ամսից տեղափոխել դեկտեմբեր, որն ընդունվեց գիտխորհրդի անդամների կողմից։

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը։

Երկրորդ հարցի վերաբերյալ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ ֆակուլտետների գիտական խորհուրդներում քննարկվել և մասնաճյուղի գիտական խորհրդի հաստատմանն են ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ում գործող անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների անունները: Ներկայացվել է 10 ուսանող, ովքեր համապատասխանում են ԵՊՀ ԻՄ-ում գործող ուսանողական նպաստների պետական և հետբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 34-րդ կետի պահանջներին:

Որոշվեց՝ հաստատել 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը։

Երրորդ հարցի կապակցությամբ զեկուցող Ն.Գրիգորյանը ներկայացրեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի՝ 2020-2021 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն։ Մասնավորապես նշվեց, որ ԿԲԴՎ բաժնի կողմից հաշվետու ուստարում իրականացվել են աշխատանքներ՝ հետևյալ ուղղություններով.

  • փաստաթղթերի մշակում և վերամշակում,
  • կրթական ծրագրեր,
  • հանդիպում-քննարկումներ,
  • վերապատրաստումներ։

Փաստաթղթերից մշակվել են ԿԲԴՎ բաժնի կանոնադրությունը, «ԵՊՀ ԻՄ-ում ավարտական աշխատանքների պատրաստման և գնահատման» կարգը, «ԵՊՀ ԻՄ-ում հեռակա ուսուցման համակարգի մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման» կարգը, «ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման» կարգը, «ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման» կարգը։ Վերանայվել է ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կարգը։ Մշակվել և քննարկման փուլում են գտնվում պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող պահանջները, մշակվում են ԵՊՀ ԻՄ փաստաթղթաշրջանառության կարգը, Հետազոտական աշխատանքներ կատարելու մեթոդական  ուղեցույցը, վերապատրաստումների նոր ծրագրեր, ԵՊՀ ՒՄ վարչական, ինժեներատեխնիկական և ուսումնաօժանդակ անձնակազմի ատեստավորման կարգը։

Կրթական ծրագրերից պատրաստվել է «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» 2020-21 կրթական ծրագիրը, վերանայվել է «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» 2021-23 կրթական ծրագիրը, վերանայվել և վերջնական տեսքի են բերվել «Հոգեբանություն» 2020 կրթական ծրագիրը, «Ռուսաց լեզու և գրականություն» 2020 կրթական ծրագիրը, վերանայվել և ստուգվել են 2021-2025 կրթական բոլոր ծրագրերը (առկա և հեռակա): Նիստին Ն.Գրիգորյանն առաջարկեց ԵՊՀ ԻՄ-ի «Կիրառական արվեստ» կրթական ծրագիրն ուղարկել արտաքին փորձաքննության, որն ընդունվեց գիտխորհրդի անդամների կողմից։

Հանդիպում-քննարկումներ են իրականացվել 2020-2021 ուստարվա առաջին և երկրորդ կիսամյակներում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացներ վարող դասախոսների հետ։

Հաշվետու ուստարում բաժնի կողմից կազմակերպվել են «Աշխատանքը Zoom հարթակում», «Տեսանյութերը  որպես  դասավանդման  գործիք» «Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում» դասախոսների վերապատրաստման դասընթացները։

Բաժինը կազմակերպել և ապահովել է ԵՊՀ ԻՄ-ի մի շարք դասախոսների մասնակցությունը ԵՊՀ-ի հետբուհական լրացուցիչ կրթության վարչության կողմից իրականացված 8 և Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից իրականացված 6 դասընթացներին։

Այս հարցի կապակցությամբ պարոն Մակարյանը նշեց, որ բաժնին հանձնարարել է առաջիկայում հանդես գալու տեղեկատվությամբ, թե մասնաճյուղի դասախոսները ինչ չափով են մասնակցել կազմակերպված դասընթացներին և ինչքան կրեդիտներ են կուտակել։

Որոշվեց՝ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի՝ 2020-2021 ուստարվա գործունեության մասին Ն.Գրիգորյանի զեկուցումն ընդունել ի գիտություն։

Չորրորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը նախապես քննարկվել է՝ հաշվի առնելու համապատասխան առաջարկությունները։ Օրինակ՝ Բնական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների կողմից առաջարկվել է մշակել կրթական ծրագրի ճյուղավորված տարբերակ՝ սարքավորումների ծրագրավորման ուղղության ներառմամբ։ Գիտխորհրդի անդամ, բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանի կողմից առաջարկվել է «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի անվճար տեղերից մեկը հատկացնել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրին՝ ի նկատի ունենալով վերջինիս համար դիմել ցանկացողների թվաքանակի աճը։

Որոշվեց՝ մասնաճյուղի գիտխորհրդի նիստում հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը և այն ներկայացնել ԵՊՀ։

Ընթացիկ հարցերը վերաբերում էին ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային փոփոխություններին, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր, ա.գ.դ., պրոֆեսոր Թրահել Վարդանյանի ղեկավարությամբ գիտական թեմայի նախագիծը մրցույթի ներկայացնելու համար երաշխավորելուն, ԵՊՀ ԻՄ-ի նախկին տնօրեն, ֆ.մ.գ.թ., դոցենտ երջանկահիշատակ Արտակ Ցուցուլյանի, ԵՊՀ ԻՄ-ի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած ուսանողների և շրջանավարտների անուններով կրթաթոշակներ սահմանելուն։

Առաջին ընթացիկ հարցի վերաբերյալ գիտխորհրդի նախագահ Ա. Հ. Մակարյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ իջևանի մասնաճյուղում մինչև այժմ հեռակա ուսուցման կրթական ծրագրերի բովանդակային իրականացումն ապահովվում էր մասնագիտական ամբիոնների կողմից, իսկ հեռակա ուսուցման կազմակերպման ամբողջական պրոցեսը կառավարվում էր 2006 թվականից մասնաճյուղում գործող Հեռակա ուսուցման բաժնի կողմից։ Ինչպես Մայր բուհում, այնպես էլ հանրապետության շատ բուհերում և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման գործընթացը կազմակերպում են ֆակուլտետները և մասնագիտական ամբիոնները։ Գիտխորհրդի նիստում առաջարկվեց, որ առկա ուսուցման հետ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման կրթական ծրագրերի կազմակերպման գործընթացի իրականացումը 2022թ. հունվարից ստանձնեն ֆակուլտետները՝ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների ներուժն օգտագործելով ֆակուլտետներում։

Որոշվեց՝ 2022թ. հունվարից ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխությունների միջոցով հեռակա ուսուցման բաժնի գործառույթները տեղափոխել համապատասխան ֆակուլտետներ։

Երկրորդ ընթացիկ հարցի հետ կապված՝ զեկուցող Մ.Աթոյանը նշեց, որ ներկայացվող նախագիծը համարվում է հայ-գերմանական համագործակցության շրջանակներում 2017-2018 թթ. իրականացված «Հայաստանի կենտրոնական տարածքներում խիստ դեգրադացված էկոհամակարգերի պեդալոգիան և հողօգտագործման կայուն կառավարման ներուժը»  նախագծի շարունակությունը:

Շարունակական համագործակցությունն ու հետագա ծրագրի համար դիմումը նպատակաուղղված է երկու տարվա ընթացքում հողի ջրային հաշվեկշռի և հողի ջերմաստիճանի փոփոխությունների մոնիթորինգին և դրանք կլիմայական տվյալների հետ կապելուն, ինչպես նաև Արարատյան դաշտի հողերի վերաբերյալ լրացուցիչ ելակետային տվյալների ձեռքբերմանը։

Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել Արարատյան դաշտում հողօգտագործման հետևանքները, դրա հետ կապված առկա խնդիրները, սպասվող ռիսկերը և գնահատել հողօգտագործման կայուն կառավարման ներուժը:

Այս ծրագրով գործընկեր բուհերի երիտասարդ գիտնականները հնարավորություն ունեն փոխանակման միջոցով ձեռք բերելու միջազգային փորձ: Հետևաբար, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետազոտական ծրագրի նպատակը, 2016 թ.-ից նախագծում ներգրավված հայ և գերմանացի գիտնականների, դոկտորանտների և ուսանողների միջև չափազանց հաջող համագործակցության ընդլայնումն է: Ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել ուսանողներին ուսման առաջադեմ փուլերում (բակալավր, մագիստրոս) հողային կիրառական համակարգերի հետազոտությունների գիտական կարիերայի համար և խրախուսել նրանց մագիստրոսական կամ դոկտորական թեզի շրջանակներում աշխատել ատենախոսության վրա:

Որոշվեց՝ երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր, ա.գ.դ., պրոֆեսոր Թրահել Գերասիմի Վարդանյանի հայկական կողմի խմբի ղեկավարությամբ «Արարատյան գոգավորության (Կենտրոնական Հայաստան) խիստ դեգրադացված էկոհամակարգերի պեդալոգիան և հողօգտագործման կայուն կառավարման ներուժը – II փուլ (հողի ջերմաստիճան և հողի խոնավություն)» խորագրով գիտական թեմայի նախագծի մասին հաղորդումը Հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԳԿՀԴՆ – 2022» միջազգային հայտերի մրցույթին։

Անվանական կրթաթոշակների հարցի քննարկման ժամանակ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ում գործում են 2 նախկին տնօրենների՝ լուսահոգի Շավարշ Մարգարյանի և Համլետ Կարայանի անվան կրթաթոշակներ։ Առաջարկվեց նաև սահմանել ԵՊՀ ԻՄ-ի նախկին տնօրեն, ֆ.մ.գ.թ., դոցենտ բարեհիշատակ Արտակ Ցուցուլյանի անվան կրթաթոշակ, որն ընդունվեց գիտխորհրդի անդամների կողմից։

Առաջարկվեց սահմանել նաև ԵՊՀ ԻՄ-ի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս ուսանողների և շրջանավարտների անուններով կրթաթոշակ և առաջին կիսամյակն սկսել Շիրակ Գասպարյանից, որը նույնպես արժանացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի անդամների հավանությանը։