Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Առաջնորդության և կառավարման հոգեբանություն» թեմայով դաս-քննարկում

1․ գլխավոր2022թ. փետրվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում կայացավ «40 րոպե գրադարանում» խորագրով այլընտրանքային դասախոսությունների շարքի առաջին դասը, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Ռուբեն Աղուզումցյանը։

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար ԱՄակարյանը, գրադարանի աշխատակիցները, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ։

Առաջին դասը «Առաջնորդության և կառավարման հոգեբանություն» թեմայով էր, նպատակն էր ուսանողների շրջանում բարձրացնել հոգեբանական գիտելիքները կառավարման, հասարակական-քաղաքական գործընթացներում առաջնորդի դերի վերաբերյալ։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ ՎՊողոսյանը՝ ուսանողներին ներկայացնելով պարոն Աղուզումցյանի գիտական և հանրային գործունեությունը՝ կարևորելով հոգեբանական գիտության հայաստանյան դպրոցի կայացման գործում վերջինիս մեծ ավանդը։

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար ԱՄակարյանն իր խոսքում ընդգծեց  պրոֆեսոր Աղուզումցյանի դերակատարումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կայացման, տարածաշրջանում հոգեբանական գիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման և պրոֆեսիոնալ կրթական գործունեության իրականացման մեջ։ Այնուհետև շնորհակալագիր հանձնեց պրոֆեսոր Աղուզումցյանին՝ մասնաճյուղի գրադարանին բազմաքանակ նվիրատվություն կատարելու համար։

Պրոֆեսոր Աղուզումցյանը դաս-քննարկման ընթացքում անդրադարձավ հասարակության ներսում համակարգային գործընթացներին, կրթության և գիտության ժամանակակից տրանսֆորմացիաներին, անհատական մակարդակում դրանցից յուրաքանչյուրի դերի կարևորությանը։ «Փոխվում են ժամանակները, և ժամանակին համընթաց հասարակությունը պետք է կարողանա պատասխանել առկա մարտահրավերներին, ինչում հսկայական է հոգեբանի դերն ու նշանակությունը», – ընդծեց Ռ․Աղուզումցյանը։

Դաս-քննարկումն ուղեկցվեց հարց ու պատասխանով․ քննարկմանը մասնակցող ուսանողները բանախոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները։

ԵՊՀ ԻՄ-ի և Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Հուշագրի նորութ. նկարը - 3. IMG_85942022թ. փետրվարի 25-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ ի դեմս տնօրեն Սյուզաննա Պետրոսյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

Կնքված հուշագրի նպատակը ՀՀ Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելն է:

Համագործակցության շրջանակներում կողմերը համատեղ կիրականացնեն մի շարք աշխատանքներ՝ ելնելով հուշագրով ամրագրված իրենց իրավունքներից ու պարտավորություններից:

Մասնավորապես «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հուշագրի շրջանակում՝

  • ՀԿ-ին կտրամադրի ԵՊՀ ԻՄ-ի տարածքը և գույքը համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար,
  • ՀԿ-ի հետ համատեղ կիրականացնի զբսաշրջության ոլորտի գիտահետազոտական և կրթական նախագծեր:

«Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը՝

  • իր կարողությունների սահմաններում կաջակցի ուսանողների մասնագիտական (գործնական) ուսուցման կազմակերպմանը. կապահովի անհրաժեշտ պայմաններ (ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման, հմտությունների և կարողությունների ձեռքբերման և զարգացման համար), ԵՊՀ ԻՄ-ի հետ միասին կսահմանի  գործնական ուսուցման ընթացքում ուսանողի կողմից անցկացվող մասնագիտական պրակտիկայի բովանդակությունը,
  • կնպաստի ԵՊՀ ԻՄ-ի գործունեության լուսաբանմանը և ճանաչելիության բարձրացմանը,
  • կօժանդակի մարզային նշանակության զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացման ժամանակ ԵՊՀ ԻՄ-ի մասնակցության ապահովմանը,
  • զբոսաշրջային արդյունքների մշակման աշխատանքներում կներգրավի ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին (որպես կամավորներ) և պրոֆեսորադասխոսական անձնակազմին՝ ըստ անհրաժեշտության,
  • ԵՊՀ ԻՄ-ին կաջակցի մտավոր ներուժի կարողություններով:

Հանդիպումն ավարտվեց համագործակցության ծրագրերի իրականացման երկկողմ պատրաստակամության արտահայտմամբ:

 

 

«Աշխատանքային իրավահարաբերություններ, առկա խնդիրներ, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց

1․ գլխավոր

2022թ. փետրվարի 22-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում կայացավ «Աշխատանքային իրավահարաբերություններ, առկա խնդիրներ, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով 4 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել էր Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

Դասընթացը վարում էր Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Լևոն Սահակյանը, այն նախատեսված էր ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի ու հաշվապահության աշխատակիցների, ֆակուլտետների դեկանների համար:

Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին գործատուի ներքին իրավական ակտերը, որով սահմանվում են ՀՀ իրավական ակտերի տեսակները և ստորադասությունը, դրանց մշակման, փորձաքննության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, գործողության դադարեցման, մեկնաբանման, պարզաբանման ու համակարգման ընդհանուր կարգը:

Լ.Սահակյանն անդրադարձավ աշխատողների հետ կնքվող պայմանագրերի տեսակներին (անորոշ և որոշակի ժամկետներով), աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններին:

Մասնավորապես նշվեց, որ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Տրվեց աշխատանքային հարաբերությունների սահմանումը. դրանք ներկայացվեցին որպես աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններ, ըստ որոնց` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

Դասընթացն անցավ ակտիվ հարց ու պատասխանների, քննարկումների միջոցով. մասնակիցները բանախոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

ԵՊՀ օլիմպիադա 2022

Օլիմպ.-ի հայտ.-նկ.

2022թ. ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում անցկացնելու է դպրոցական օլիմպիադայի I փուլը:

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • հայոց պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,                                             
  • ֆրանսերեն,
  • ինֆորմատիկա

և լրացուցիչ կրթական առարկաներից՝

  • հայոց եկեղեցու պատմություն,
  • տրամաբանություն,
  • սոցիոլոգիա,
  • պետություն և իրավունքի հիմունքներ,
  • էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ,
  • տնտեսագիտություն:

«Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին:

Օլիմպիադան նախատեսված է միայն 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ (ամեն աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից):

Օլիմպիադայի մասնակիցները ապրիլի 2-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Դպրոցների տնօրեններին խնդրում ենք, որ մինչև ս.թ. մարտի 15-ը հաստատեն իրենց աշակերտների մասնակցությունը ըստ առարկաների՝ նշելով աշակերտի անուն, հայրանուն, ազգանունը, դասարանը և ուղարկելով հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (հեռ.՝ 096987654, 096557556):

Մասնակիցների հայտերը կարելի է ուղարկել նաև էլ.փոստով՝ vahanagha@yandex.ru:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

Ի գիտություն

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վահան Աղաբաբյանին (096987654 – Vivacell, 096557556 – Beeline):

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Կարինե Պողոսյանի հետ

Կ․Պողոսյանի նկարը

Տիկի՛ն Պողոսյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:

Իմ համալսարանական գործունեությունն սկսվել է 1998 թվականին՝ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո:

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքային Ձեր գործունեության ընթացքում:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր սկսնակի համար նոր միջավայրում իր տեղը գտնելը հեշտ չի տրվում և ժամանակ է պահանջում, սակայն լուրջ դժվարություններ չեն եղել՝ շնորհիվ փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի:

-Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:

Ամենադժվար ժամանակահատվածն աշխատանքային գործունեության սկիզբն է եղել, որովհետև հարկավոր էր հարմարվել նոր կարգավիճակին, ճիշտ փոխհարաբերություններ ձևավորել մի կողմից գործընկերների, մյուս կողմից՝ ուսանողության հետ, բացի այդ՝ կայանալ մասնագիտական առումով:

-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:

Ինչ-որ առանձնահատուկ պատմություն չեմ հիշում, միայն նշեմ, որ բավական ժամանակ մեր գործընկերներից ոմանք ինձ շփոթում էին ուսանողի հետ:

Տիկի՛ն Պողոսյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

Տարբեր տարիքներում առանձին նախասիրություններ են ընդգծվել, բայց երաժշտության նկատմամբ սերն ու ընթերցանությունը կայուն նախասիրություններ են:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

Սիրով: Ամուսինս բժիշկ է, սակայն երեխաներս համալսարանական ուղին ընտրեցին: Ես և եղբայրներս մեր ընտանիքում համալսարանականների երրորդ սերունդն ենք: Պապս և ծնողներս ԵՊՀ-ի դասախոսներ են եղել երկար տարիներ. պատմաբան, լեզվաբան և մաթեմատիկոս: Ես ընտրել եմ հորս ուղին, եղբայրներս՝ մորս: Հիմա էլ երեխաներս են ճշգրիտ գիտության ճանապարհն ընտրել: Մաթեմատիկական գենն ավելի ուժեղ գտնվեց:

-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

Լավատեսությունը, համբերատար ու նպատակասլաց լինելը:

 –Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

Ընտանիքս:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

-Հնարավորինս ազնիվ լինել բոլոր փոխհարաբերություններում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են աշխատանքի անցնելու ԵՊՀ ԻՄ -ում:

Խորհուրդ կտամ սիրով և նվիրվածությամբ տրվել աշխատանքին, սեփական գործունեությամբ միշտ բարձր պահել մեր բուհի անունն ու պատիվը, արժանապատվորեն ու հպարտությամբ կրել համալսարանականի կոչումը: