Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ընթանում է «Աշխատանք վիրտուալ կրթական միջավայրում» դասընթացը

1. գլխավոր2022թ. ապրիլի 19-ից մայիսի 26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ» մոդուլում ներառված «Աշխատանք վիրտուալ կրթական միջավայրում» դասընթացը, որը կազմակերպվել է ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի և դասախոսների վերապատրաստման բաժնի կողմից:

Վերապատրաստման դասընթացը վարում է Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի աշխատակից Աննա Մանուչարյանը, մասնակցում են ԵՊՀ ԻՄ-ի 4 տասնյակ դասախոսներ՝ երկու խմբով:

«Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում» դասընթացի  նպատակն  է ունկնդիր դասախոսներին ծանոթացնել առցանց ուսուցման Մուդլ (Moodle) համակարգին, վիրտուալ  տիրույթում դասախոս-ուսանող և ուսանող-ուսանող փոխգործակցության սկզբունքներին:

Մասնավորապես՝ դասընթացի մասնակիցներն իմանում են, թե ինչ է Moodle-ը, ծանոթանում են համակարգի ինտերֆեյսին, ռեսուրսների և բաժինների կառավարմանը, դասընթացի տարրերին և պաշարներին:

Վերապատրաստվող դասախոսները սովորում են Moodle համակարգում տեղադրել ֆայլեր (pdf, word, ppt և այլն), դասախոսություններ, հղումներ, գրքեր, էջեր, թեստային առաջադրանքներ, հանձնարարություններ, ուսուցման այլ տարրեր («Ֆորում», «Չաթ»), կատարել մասնակիցների ընդգրկում դասընթացում, նշումներ օրացույցի վրա, դասընթացների արխիվացում և վերականգնում:

Moodle համակարգը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել ամբողջական տեղեկատվություն դասընթացի  ընդհանուր  նկարագրի, անհրաժեշտ գրականության մասին, տրված առաջադրանքների և դրանց կատարման համար սահմանված ժամկետների վերաբերյալ, հարցեր առաջադրել դասախոսին և ստանալ դրանց պատասխանները, կազմակերպել քննարկումներ իրար միջև:

Դասընթացի ավարտին ունկնդիր դասախոսները կկարողանան առցանց ուսուցման համակարգում տեղադրել իրենց կողմից դասավանդվող դասընթացների փաթեթները, վերահսկել ուսանողների աշխատանքը համակարգում,  ունենալ առցանց ուսուցման համակարգում աշխատելու կարողություններ, նախագծել ամբողջական էլեկտրոնային դասընթաց:

2022-23 ուսումնական տարվա սեպտեմբերից առցանց ուսուցման Moodle հարթակի կիրառումը պարտադիր է դառնալու մասնաճյուղի բոլոր դասախոսների համար։

 

Ընթացքի մեջ է «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսերի ուսումնական պրակտիկան

1. գլխավոր

 2022թ. ապրիլի 27-ին ԵՊՀ ԻՄի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա, հեռակա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողները պրակտիկայի ղեկավարներ մ.գ.թ., ասիստենտ Հ.Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի, դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան–Ջուխտակ վանք–Մաթոսավանք–“Hover boutique hotel & restaurant”–Դիլիջանի ինֆոկենտրոն–Իջևան երթուղով:

Ուղևորության առաջին կանգառը Ջուխտակ վանքն էր, որտեղ ուսանողուհի Ագնեսա Դալլաքյանը ներկայացրեց վանքի պատմությունը, ճարտարապետությունը:

Երկրորդ կանգառը Մաթոսավանքն էր, որտեղ ուսանողուհի Արուսիկ Դարբինյանը ներկայացրեց վանքի պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները:

Երրորդ կանգառը “Hover boutique hotel & restaurant”-ն էր, որտեղ գործադիր տնօրեն Դավիթ Սիմոնյանը ներկայացրեց հյուրանոցի ներքին և արտաքին հարդարանքի, մատուցվող հիմնական և լրացուցիչ ծառայությունների մասին:

Չորրորդ կանգառը Դիլիջանի ինֆոկենտրոնն էր, որտեղ ուսանողները ծանոթացան ինֆոկենտրոնի գործունեությանը, զբոսաշրջիկների հետ աշխատանքի առանձնահատկություններին:

Պրակտիկայի ընթացքում ղեկավար Պ.Ասիլբեկյանը ներկայացրեց երթուղու լեռնագրությունը, «Դիլիջան» ազգային պարկի լանդշաֆտային բազմազանությունը, Բլդան գետի ջրագրական առանձնահատկությունները, հովտի զբոսաշրջային ներուժը:

Ուսանողները քայլեցին Տրանսկովկասյան արահետի հատված կազմող միջնադարյան վանքերի արահետով: Քայլարշավի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին տարածքում կողմնորոշման եղանակները՝ կողմնացույցով, քարտեզով, տեղական հատկանիշների միջոցով:

Ուսանողները ծանոթացան Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժին, առկա պոտենցիալին, լեռնազանգվածներին, էկոզբոսաշրջային երթուղիներին, զբոսաշրջային ներուժին՝ բնական և պատմամշակութային  հուշարձաններին, զբոսաշրջային փաթեթներում նրանց ընդգրկվածությանը, հանգստի գոտիների, ճանապարհների առկա վիճակին և հիմնախնդիրներին:

Ուսումնական պրակտիկան շարունակվում է, և ծրագրով նախատեսված երթուղիների  իրականացման ընթացքում ուսանողների գործնական գիտելիքներն ու հմտություններն ավելի կխորանան:

«Ռուսաց լեզվի մագիստրոսներ 2022» մրցույթի հաղթողը 2-օրյա դաս-պրեզենտացիա անցկացրեց մեր ուսանողների համար

1. գլխավոր

2022թ. ապրիլի 26-27-ին Գյումրիի ռուսական տան և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ ԵՊՀ ԻՄի ուսանողները հնարավորություն ունեցան շփվելու Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ:

«Ռուսաց լեզվի մագիստրոսներ 2022» մրցույթի հաղթողը հնարավորություն ստացավ պրակտիկա անցնել հայաստանյան բուհերում՝ Վ.Բրյուսովի անվան, Խ.Աբովյանի անվան, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարաններում և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում:

ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ առաջին առցանց հանդիպմանը՝ ապրիլի 26-ին, մրցույթի հաղթող Սոֆյա Կուզնեցովան անցկացրեց «Սպասում ենք տոնին» թեմայով դաս-պրեզենտացիա: Ուսանողները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ռուս ժողովրդի տոների, նրա սովորույթների և մշակույթի մասին (Մասլենիցա, Նրբաբլիթի շաբաթ, Ծաղկազարդ, Զատիկ):

Երկրորդ առցանց հանդիպմանը՝ ապրիլի 27-ին, պրակտիկանտն անցկացրեց  «Իմ ուղին դեպի մասնագիտություն» թեմայով դաս-պրեզենտացիա: Սոֆյան խոսեց տարբեր մրցույթներին իր մասնակցության, անցած ուղու մասին: Նա նաև մեր ուսանողներին խորհուրդ տվեց լավ սովորել, շատ կարդալ և ակտիվ մասնակցել տարբեր մրցույթների:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին

1. գլխավոր

 2022թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, աշխատակիցներ, ուսանողներ, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և քաղաքացիներ շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:

Համալսարանականները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին:

Ապա այցելուները Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում ծանոթացան Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպված ցուցադրությանը:

_________________________________________________________________________

1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության:

Մեծ եղեռնի սկիզբը պայմանականորեն համարվում է 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն (Ատոմ Յարճանյան), Ռուբեն Սևակը, Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան), Հովհաննես Հարությունյանը և ուրիշներ, որոնց հետագայում սպանեցին աքսորի ճանապարհին: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կառներ Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ: Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին. չլինեին հայերը, չէր լինի նաև Հայկական հարցը: Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿ–ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

Անցյալ տարի՝ 2021թ. ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ ելույթ ունենալով և առաջին անգամ օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը»:

Իրավ, Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ենթադրում է նաև նոր ցեղասպանությունների կանխում, դա ոչ միայն համայն հայության, այլև ողջ մարդկության պատասխանատվությունն է: Ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է թե՛ մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, և թե՛ ընդհանրապես աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նման հանցագործության կրկնության կանխմանը:

Այսօր էլ համայն հայությունը, ոգեկոչելով Հայոց եղեռնի սուրբ նահատակների հիշատակը, շարունակում է պայքարել ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման համար:

ԵՊՀ ԻՄ-ի և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր (5)

 2022թ. ապրիլի 22-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և ՀՀ ԿԳՄՍՆ «Բերդի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ՝ ի դեմս տնօրեն Աննա Ավալյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

Այն նպատակ ունի ձևավորելու և խորացնելու կողմերի միջև գիտակրթական և հանրամշակութային փոխգործակցությունը, նպաստելու ԵՊՀ ԻՄ-ում քոլեջի ուսանողների հետագա ուսումնառության կազմակերպմանը:

Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու հետևյալ ուղղություններով.

  • քոլեջի դասախոսների վերապատրաստումների անցկացում,
  • երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող, ուսումնակրթական բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում փորձաքննությունների իրականացման, մասնագիտական գրականության, մեթոդական ուղեցույցների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման և կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում և լուծում,
  • գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում, դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացում,
  • կողմերի գործառույթների կատարման համար, ըստ աշխատանքային անհրաժեշտության, համապատասխան սարքավորումների, լաբորատոր և այլ միջոցների օգտագործում,
  • համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվության հարցում և ստացում,
  • երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում կողմերի գործունեությանը և մասնագիտացմանն առնչվող գիտագործնական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպչական բնույթի այլ ուղղություններով համագործակցություն:

Ելնելով հուշագրով ամրագրված իրենց իրավունքներից ու պարտավորություններից՝ ԵՊՀ ԻՄ-ը և Բերդի բազմագործառութային պետական քոլեջը համատեղ կիրականացնեն մի շարք աշխատանքներ:

Մասնավորապես՝ քոլեջը կանցկացնի ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական և գիտաարտադրական պրակտիկաները՝ ուղեգրերում նշված ժամկետներում.

  • պրակտիկայի ղեկավարման համար կնշանակի համապատասխան որակավորմամբ մասնագետ,
  • ուսանողներին կծանոթացնի անվտանգության տեխնիկայի և քոլեջի ներքին կարգապահական կանոններին՝ ապահովելով պրակտիկայի անցկացման անվտանգ պայմաններ և այլն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝

ա. Քոլեջի ուսանողների համար կկազմակերպի.          

  1. տեղեկատվական օրեր ԵՊՀ ԻՄ-ում,
  2. դասընթացներ և ակնարկային դասախոսություններ՝ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ,
  3. մասնագիտական կողմնորոշման դասընթացներ,
  4. շրջայց ԵՊՀ ԻՄ-ում,
  5. խորհրդատվություն և նախապատրաստական դասընթացներ քոլեջի շրջանավարտների համար:

բ. Քոլեջի ուսանողներին և կարիերայի պատասխանատուներին կներգրավի ԵՊՀ ԻՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին:

գ. Քոլեջի ուսանողներին կծանոթացնի ԵՊՀ ԻՄ-ում ուսումնառվող մասնագիտություններին:

դ. Կհյուրընկալել քոլեջի ուսանողներին և կկազմակերպի հանդիպումներ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ:

ե. Կկազմակերպի քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների ուսումնառությունը ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտություններով՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2015թ. հուլիսի 8-ի թիվ 752-Ն որոշմամբ հաստատված «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու մասին» որոշման:

2 (4)