Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողների հանդիպումը «Մաշտոց» հիմնադրամի հովանավոր Վարուժան Ալթըպարմաքյանի հետ

1․ գլխ․

 Օրերս տեղի ունեցավ Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի հովանավորներից Արևմտյան թեմի բարերար Վարուժան Ալթըպարմաքյանի  հետ ԵՊՀ ԻՄ-ի 65 ուսանողի հանդիպումը։ 

Հանդիպմանը մասնակցել են Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տեր Արամ քահանա Միրզոյանը, Տավուշի թեմի մի շարք աշխատակիցներ և ԵՊՀ  ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի մասնագետ  Ս․Գալստյանը։

Հիշեցնենք, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի Արևմտյան թեմի բարերարներ Վարուժան Ալթըպարմաքյանի, դոկտոր Պարլո Տեր-Մկրտիչյանի և Իշխան Պայրաթտարյանի  աջակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի 65 ուսանողի տրամադրել է կրթաթոշակներ 100 հազարական դրամի չափով։

Արևմտյան թեմի բարերար Վարուժան Ալթըպարմաքյանը ծանոթացավ ուսանողների հետ, ներկայացրեց իր կյանքի փորձը, պայքարելու, խոչընդոտները հաղթահարելու ձգտումը, իր անցած ուղին, կրթությունը, կամավորական աշխատանքները։

Ուսանողները բավականին տպավորված էին բարերար Վարուժան Ալթըպարմաքյանի հետ հանդիպում-քննարկումով, որն ավարտվեց կրկին հանդիպելու ակնկալիքով։

Մեր ուսանողների այցը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

 2022թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առկա ուսուցման 2-4-րդ կուրսերի մի խումբ ուսանողներ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լ.Թումանյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա՝ Լեյդենի համալսարանի դասախոս, հայագետ, բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյանի զեկուցում-դասախոսությունն ունկնդրելու: Այն նախաձեռնել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ս.Հովհաննիսյանը:

Զեկուցում-դասախոսության նպատակը հայոց լեզվի և մշակույթի ծագման ու պատմական զարգացման ընդհանուր նկարագիրը հնարավորինս հանրամատչելի ձևով ներկայացնել էր:

Ակնարկային դասախոսության թեմատիկ հենքում հայոց լեզվի պատմությունն էր՝ հնդեվրոպական ակունքներից մինչև գրաբար, աշխարհաբար ու բարբառներ: Բանախոսն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Արցախի ու Սյունիքի տարածքների բարբառային ու լեզվամշակութային առանձնահատկություններին, ինչպես նաև այդ տարածաշրջաններում հայոց հնագույն դիցուհու պաշտամունքի մնացուկներին:

Դասախոսության ընթացքում կարևորվեցին լեզվական փոփոխությունների մշտարթուն ընթացքն ու տրամաբանությունը, հնչյունափոխական օրենքի ըմբռնումը, լեզվամշակութային բազմաշերտ իրողությունները, Հայկական լեռնաշխարհում (մասնավորապես Արցախում և Սյունիքում) հայոց լեզվի պատմական ներկայության լեզվամշակութային ու ժամանակագրական բնութագրերը, արդի լեզվական մարտահրավերները և այլն:

Զեկուցում-դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և մտքերի փոխանակությամբ, մասնավորապես՝ հայագիտական արդյունքի միջազգայնացման հարցերի քննարկմամբ:

Այս դժվարին օրերին հայագիտական նման դասընթացն ունկնդիրներին ստիպեց վերադառնալ իրենց ակունքներին, լցվել տոկունությամբ, տոգորվել հայրենասիրությամբ և հայերենասիրությամբ:

ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

1. գլխավոր

 2022թ. սեպտեմբերի 22-ին հերթական անգամ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ պարոն Ջոս Միլեները:

Այցելության նպատակը ԵՊՀ ԻՄ-ի «ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգում սովորող բոլոր (տասներկու) ուսանողներին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգի 3-րդ կուրսեցիներ Լ.Շախպարյանին, Ն.Գասպարյանին, Ա.Շահնազարյանին և Ա.Օթարյանին կրթաթոշակ հանձնելն էր:

Հանդիպման ընթացքում պարոն Միլեները կրթաթոշակները հանձնեց ուսանողներին, ովքեր առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության նախագահ տիկին Պոլետ Կուտանին՝ երկարատև համագործակցության, պարբերաբար կրթաթոշակներ տրամադրելու համար և խոստացան լինել ֆրանսերենի դեսպանները Տավուշի մարզում:

Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար  Ա.Մակարյանի հետ Ջոս Միլեների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները:

Հավելենք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև համագործակցությունը ծավալվել է 2012 թվականից, երբ նույն թվականի սեպտեմբերի 28-ին մասնաճյուղ այցելած միության անդամներ Պոլետ Կուտանը և Բեռնար Կուտանը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել ԵՊՀ ԻՄ-ի կողմից: 2021թ․ հոկտեմբերի 2-ին էլ մասնաճյուղի և միության միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, ըստ որի՝ ֆրանսիական կողմը շարունակելու է կրթաթոշակներ հանձնել ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի ուսանողներին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգում սովորող այն ակտիվ ուսանողներին, ովքեր կնպաստեն մարզի դպրոցներում ֆրանկոֆոնիայի տարածմանը:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը դարձյալ համալրվեց մասնագիտական նոր գրքերով

MyCollages (1)

 2022թ. սեպտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանը հերթական անգամ համալրվեց մասնագիտական գրականությամբ:

Ստորև ներկայացնում ենք ձեռք բերված գրքերի ցանկը, որոնք հիմնականում վերաբերում են մասնագիտական հետևյալ ոլորտներին՝ օտար լեզու և գրականություն (ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն),  հայոց լեզու և գրականություն, տուրիզմ, պատմություն, արվեստի պատմություն. 

  1. Ջուլհակյան Մ.և ուրիշներ, Ֆրանսերենի դասագիրք, Երևան, 2013, 306 էջ (10 օրինակ):
  2. Պոտոսյան Ա.Հ., ՀՀ տնտեսական և սոցալական աշխարհագրություն, Երևան, 2022, 546 էջ (10 օրինակ):
  3. Русская орфография в упражнениях, А.В. Акопян, Д.Ю. Газарова, С.А. Мкртычян-Лалаян, Отв.ред. П.Б. Балаян, Фак. русской филологии, Ереван, Изд-во ЕГУ, 2013, 272 с.(5 օրինակ):
  4. Նորագույն պատմություն, խմբ՝ Գալկին Ի. և ուրիշներ, Երևան, 1983, 664 էջ:
  5. Եվրիպիդես, Ողբերգություններ, Երևան, 2021, 480 էջ:
  6. Աղաբաբյան Ա., Ռեզիդենտը, Երևան, 2021, 472 էջ:
  7. Մովսիսյան Արտակ, Հայաստանի նախապաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն, Երևան, 448 էջ:
  8. Քոլլինգվուդ Ռ., Արվեստի հիմունքներ, Երևան, 2007, 423 էջ:
  9. Սարուխանյան Ն., Հայ պատմագիտությունը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին, Երևան, 2013, 544 էջ:
  10. Նազարյան Ն., Մայրենին բոլորի համար, Երևան, 2007, 384 էջ:
  11. Ղևոնդ Ալիշան, Հայոց հին հավատք կամ հեթանոսական կրոնները, Երևան, 2021, 312 էջ:
  12. Սարգսյան Դ., Հոգեբանության պատմություն, Երևան, 2022, 272 էջ:
  13. Ավետիսյան Յու և ուրիշներ, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Երևան, 2019, 288 էջ:
  14. Մխիթարյան Լ., Մարաշի ասեղնագործության գաղտնիքները, Երևան, 2020, 200 էջ:
  15. Քյուրքչյան Ա., Խաչերեան Հ., Հայկական զարդատառ, Երևան, 2012, 192 էջ:

Անգլերենի անվճար դասընթացներ ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում

Հայտ. նկ. (2) ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվող և «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» շրջանակում ստեղծված և ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կազմակերպվում են անգլերենի դասընթացներ, որոնք նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ անգլերենի միջին մակարդակ ունեցող անձանց համար: Դրանք նաև լավ հնարավորություն են բարձրացնելու մեր ուսանողների անգլերենի իմացության մակարդակը և զարգացնելու նրանց հաղորդակցման հմտությունները:

Դասընթացները կիրականացվեն 2022թ. հոկտեմբերից 2023թ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, շաբաթական 2 հանդիպումով, հիմնականում օրվա երկրորդ կեսին (ըստ ձևավորված յուրաքանչյուր խմբի անդամների զբաղվածության):

Կձևավորվի երեք խումբ՝ յուրաքանչյուր խմբում ներառելով 20 մասնակից: Դասընթացներից երկուսը կանցկացվի առկա ձևաչափով, մեկը՝ առցանց հարթակում։

Կենտրոնն ապահովում է ուսումնառության համար անհրաժեշտ բոլոր նյութերը։ Դասընթացի վերջում մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:

Դասընթացներին կարող են դիմել 18 և բարձր տարիքի անձինք: Գրանցման վերջնաժամկետն է 2022թ. սեպտեմբերի 23-ն է:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/Wucgv4jLMZM3izJ9A:

Տեղերը սահմանափակ են, շտապեք, քանի որ մասնակցելու հնարավորություն կունենան առաջին գրանցվողները:

Ծրագրում ընդգրկված լինելու և իրենց խմբի դասընթացի գրաֆիկի մասին շահառուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով կամ հեռախոսազանգով:

Հարցերի դեպքում կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել կենտրոնի համակարգողներին հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 98) 565121 (Էդիտա), (+374 98) 515828 (Սյուզաննա):