Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Արգենտինայի ազգային համալսարանի ասիստենտ Ալբերտո Սալվատիերայի այցը մասնաճյուղ

1. գլխավոր

 

 2023թ. հունվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էր այցելել Արգենտինայի ազգային համալսարանի ասիստենտ, ԵՊՀ ԻՄ-ի գործընկեր “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» բարեգործական կամավորական կազմակերպության իսպաներեն լեզվի ուսուցման ծրագրերի համակարգող Ալբերտո Սալվատիերան:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի և փոխտնօրեն Մհեր Օթարյանի հետ Ալբերտո Սալվատիերայի հանդիպումը, որին մասնակցում էր նաև Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Էմմա Թեմրազյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության վերաբերյալ ծրագրերը: Ա.Սալվատիերան խոսեց իսպաներենի անվճար առցանց դասընթացների մասին, որոնք նա անցկացնում է մեր ուսանողների հետ, և նշեց, որ հաջորդ ուսումնական տարում մտադիր է ավելի երկար ժամանակով այցելել Հայաստան և մի քանի ամիս դեմ առ դեմ աշխատել հայ ուսանողների հետ: Նա ԵՊՀ ԻՄ-ին նվիրեց Եգիպտոսի մասին իր հեղինակած գիրքը, և նշեց, որ նմանատիպ գիրք պատրաստվում է հրատարակել Հայաստանի վերաբերյալ: Ա.Սալվատիերան նաև ներկայացրեց Բոստոնի լրագրերից մեկում Հայոց ցեղասպանության մասին հրատարակված իր հոդվածը («Արգենտինայում ցեղասպանության մասին կրթության խթանումը» թեմայով Ա.Սալվատիերայի կողմից ներկայացված շնորհանդեսի վերաբերյալ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով՝ https://armenianweekly.com/2022/05/04/promoting-genocide-education-in-argentina/:

Ա.Մակարյանը շնորհակալություն հայտնեց Ա.Սալվատիերային՝ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ նրա ցուցաբերած վերաբերմունքի և ուշադրության, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա ուսումնասիրության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ուսումնասիրվող թեմայով անհրաժեշտ մասնագիտական գրականության և տեղեկատվության ձեռքբերման հարցում և համոզմունք արտահայտեց արդյունավետ փոխհամագործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպման վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը (Հաղարծնի վանական համալիրի պատկերով) մասնաճյուղի անունից նվիրեց Ա.Սալվատիերային:

Այնուհետև Ալբերտո Սալվատիերան ԵՊՀ ԻՄ-ի անգլերենի ռեսուրս կենտրոնում մեր ուսանողների համար անցկացրեց 2021թ. սեպտեմբերից մեկնարկած իսպաներենի վեցամսյա առցանց դասընթացի հերթական դասը՝ այս անգամ դեմ առ դեմ: Դասընթացին մասնակցող ուսանողների խումբը ձևավորվել է օգոստոսից, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ կատարած այցի վերջում արգենտինացի հյուրի համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Գոշավանք և Հաղարծնի վանական համալիր՝ Է.Թեմրազյանի և իսպաներենի դասընթացի ուսանողական խմբի մասնակցությամբ:

Նշենք, որ Ալբերտո Սալվատիերան Հայաստանում է գտնվում ս.թ. հունվարի 16-ից: Այցի հիմնական նպատակն է ոչ առցանց դասեր անցկացնել իսպաներեն լեզվի դասընթացների մասնակից հայ ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանին, հայոց պատմությանն ու հայկական մշակույթին:

Արգենտինացի երիտասարդ դասախոսի մասնագիտացումը մարդու իրավունքների ոլորտն է, և Հայաստան այցից հետո նա պատրաստվում է հրատարակել Հայոց ցեղասպանությանը նվիրված իր մենագրությունը:

Նա եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանում, Մատենադարանում, Օպերայում, Էջմիածնի վանական համալիրում, Խոր Վիրապում, Տառերի պուրակում (Հայոց այբուբենի հուշարձան): Դեմ առ դեմ դասեր է անցկացրել «Գլաձոր» համալսարանի և Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողների հետ:

Ջերմությամբ ու անկեղծությամբ են համակված հարցազրույցներից մեկում (հարցազրուցավար՝ Էլիզա Հովհաննիսյան, թարգմանիչ՝ Լիլիթ Սահակյան) հայ ժողովրդի նկատմամբ Ալբերտո Սալվատիերայի արտահայտած վերաբերմունքն ու Հայաստան կատարած այցի մասին տպավորությունները. «Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ մտածել, որ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կփոխի իմ կյանքը, կփոխի իմ զգալու և ներգրավվելու ձևը, բայց ամենից առաջ՝ աշխարհն ու մարդկությանը հասկանալու իմ ձևը: Այն, ինչ սկսվեց որպես ակադեմիական հետաքրքրություն, դարձավ կյանքիս էական մասը: Թեև ես ինձ համարում եմ սառը և ուժեղ անձնավորություն, Ցեղասպանության ուսումնասիրությունը և իմ այցը Հայաստան բառիս բուն իմաստով հոգուս խորքում ինձ մարդկայնացրել են: Բառերը բավարար չեն շնորհակալություն հայտնելու այս ազգին՝ ի դեմս այն մարդկանց, ում հետ առնչվել եմ… շնորհակալություն հայտնելու առ այն, որ իրենց սրտերն ու դռներն են բացել իմ առաջ և ստիպել են ինձ զգալ որպես իրենցից մեկը: Թո՛ղ Աստծո օրհնությունը միշտ լինի Հայաստանի հետ: Խաղաղություն եմ մաղթում տոկունության օրինակ մեր Հայաստանին»:

«EyeReport երիտասարդական սոցիալական մեդիա ալիք» նախագծին մասնակցելու հրավեր

Նախագծի հայտ. նկարը 

 «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացների ծրագրի» շրջանակում ստեղծված և ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը հայտարարում է մրցույթ «EyeReport երիտասարդական սոցիալական մեդիա ալիք» նախագծին մասնակցելու համար։

Ծրագիրը կմեկնարկի 2023թ. ամռանը և կավարտվի 2024թ մայիսին։ Մրցութային հանձնաժողովը, ըստ ներկայացրած հայտերի, կընտրի 15 երիտասարդների։

Նրանց սպասում է հետաքրքիր փորձառություն․

  • հագեցած քառօրյա դասընթաց՝ «Քաղաքացիական լրագրություն» թեմայով,
  • համատեղ աշխատանք՝ օգտագործելով Կենտրոնի տրամադրած սարքավորումներն ու մեդիա գործիքները,
  • սեփական սմարթ հեռախոսներով և համակարգիչներով մեդիա արտադրանքի ստեղծում,
  • սոցիալական ցանցերում այլընտրանքային բովանդակության, փոդքասթների, տեսանյութերի ստեղծում, որոնք կանդրադառնան համայնքային խնդիրներին:

 

Ցանկացողները պետք է մինչև 2023թ. փետրվարի 10-ը  լրացնեն հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/VkcXme4pRCA21Gjd8:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Տնօրենության նիստ

1. գլխավոր 

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2023թ. հունվարի 27-ին Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության՝ այս տարվա առաջին նիստը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա ուսման վճարների չափերին, 2022-2023 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությանը, 2022-23 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված պրակտիկաներին և 2-րդ կիսամյակի ընթացքում նախատեսվող պրակտիկաների նախապատրաստական աշխատանքներին, 2022-23 ուստարվա 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպմանը, 2022-23 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Ամփոփվեց 2022-23 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման ձմեռային քննաշրջանը (առանց լուծարքային շրջանի), ներկայացվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի հաշվետվությունը, հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանողի մասնաճյուղից հեռացման հարցը:

Առաջին հարցի մասին նշվեց, որ ըստ ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության կողմից հանրապետության մյուս բուհերի հետ իրականացված հերթական համեմատական վերլուծության՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերը շարունակում են մնալ հանրապետությունում ամենացածրերից այն դեպքում, երբ մասնաճյուղի կողմից առաջարկված կրթական ծրագրերը աշխատաշուկայում իրենց մրցունակությամբ և կրթության որակով ամենևին չեն զիջում համանման կրթական ծրագրերին, իսկ իրականացված ծախսերը որոշ մասնագիտություններում գերազանցում են վարձավճարների չափերին: Միևնույն ժամանակ չի կարելի հաշվի չառնել մարզի բնակչության սոցիալական վիճակը: Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ քննարկումների արդյունքում որոշվեց առաջարկել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին ոչ մեծ չափով (հիմնականում 20 և 30 հազար ՀՀ դրամի, «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրինը՝ 10 հազար ՀՀ դրամի չափով) փոփոխություններ կատարել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա ուսման վճարների չափերում:

Երկրորդ հարցի կապակցությամբ ներկայացվեցին 2022-2023 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքները:

Նշվեց, որ 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը 31 է, որից 23-ը՝ ընթացիկ քննություններով, 8-ը՝ ընթացիկ ստուգումով, եզրափակիչ գնահատումով դասընթացներով աշխատանքների թիվը պետք է լիներ 290, իսկ առանց եզրափակիչ գնահատումով դասընթացների դեպքում՝ 108 աշխատանք:

ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքների կատարման կարգի 13-րդ կետի համաձայն՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում հաստատվել են հետազոտական աշխատանքների թեմաները և ներկայացվել ուսանողներին:

Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը 2022թ. սեպտեմբերից 2023թ.  հունվար ամիսներին կազմակերպել է 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկումներ, որոնք վարել է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար  Ա.Մակարյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները:

Տնօրենության անդամները շնորհակալություն հայտնեցին ԿԲԴՎ բաժնին՝ կատարված աշխատանքի համար, տնօրենը հավելեց, որ առավել նպատակահարմար կլինի հետազոտական աշխատանքների արդյունքները հաջորդիվ ներկայացնել ըստ ֆակուլտետների և գնահատականների բաշխման համեմատական վերլուծության ձևով:

Հաջորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստ­րատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 13 պրակ­տիկա (առկա ուսուցման համակարգում՝ 9-ը, հեռակա ուսուցման համակարգում՝ 4-ը): Պրակտիկաներն իրականացվել են ծրագրերին համապատասխան, գործընթացին մասնակցել է 151 ուսանող, որոնցից 1 ուսանող ընթացքում վերցրել է տարկետում:

Երկրորդ կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստ­րատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է 34 պրակ­տիկա (21-ը՝ առկա ուսուցման համակարգում, 13-ը՝ հեռակա ուսուցման համակարգում):

Այժմ կատարվում են առկա ուսուցման պրակտիկաների նախապատրաստական աշխատանքներ: Թեև, ժամանակացույցի համաձայն, ամբիոնների կողմից ծրագրերը Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին պետք է ներկայացվեին 12 օր առաջ, և հիշեցման կարգով բաժնի կողմից այդ ամսին ուղարկվել է շրջաբերական, ամբիոնների կողմից մինչև այժմ ծրագրերը ներկա­յացվել են մասամբ:

Բաժնի կողմից ստուգվել են ներկայացված ծրագրերի ժամաքանակը, ժամանակահատվածի համապատասխանությունը կրթական ծրագրով սահմանված մոդուլի նկարագրիչի հետ, անճշտությունների դեպքում ապահովվել է հետադարձ կապ: Ըստ ներկայացված ծրագրերի՝ մասնագիտական պրակտիկաների մի մասը  նախատեսված է կազմակերպել մասնաճյուղում` Վիքիմեդիայի հետ համագործակցությամբ և մասնաճյուղի տարածքում գործող Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի (Ijevan CyberHub), «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև կիրառական արվեստի ֆակուլտետի արվեստանոցներում:

Մասնաճյուղից դուրս ընդգրկված են 20 հաստատություններ: Մանկավարժական պրակտիկաները նախատեսվում է կազմակերպել Իջևանի համար 1, 4 և 5 հիմնական դպրոցներում: Երթուղիներ ունեցող ուսումնական պրակտիկաների ծրագրերը («Զբոսաշրջություն» կրթական ծրագրի) ընդգրկում են 5 մարզ (Տավուշ, Լոռի, Արագածոտն, Վայոց ձոր, Շիրակ) և Երևան:

Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնին հանձնարարվեց մինչև ս.թ. հունվարի 31-ը ավարտին հասցնել բոլոր ծրագրերը, առաջիկայում կազմակերպել պրակտիկաների ղեկավարների հետ հանդիպումներ:

2022-23 ուստարվա 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման կապակցությամբ նշվեց, որ կազմվել են գրաֆիկները և լուծարքային հանձնաժողովների կազմերը, տեղադրվել մասնաճյուղի պաշտոնական կայքէջում, և դրանց մասին իրազեկվել են ուսանողները և հանձնաժողովների անդամները:

2022-23 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ իրականացվել կամ ընթացքի մեջ են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքները՝ կապված երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցի, դասացուցակների կազմման, ամբիոններում առարկայական ծրագրերի և փաթեթների վերանայման-թարմացման և այլնի հետ: Երկրորդ կիսամյակի առկա ուսուցման դասապրոցեսը նախատեսվում է սկսել ս.թ. փետրվարի 7-ից: 

Դեկաններին հանձնարարվեց մինչև 2023թ. փետրվարի 1-ը ֆակուլտետների դասացուցակները վերջնական տեսքով ներկայացնել հաստատման և ուղարկել մասնաճյուղի պաշտոնական կայքէջում տեղադրման:

2022-23 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման ձմեռային քննաշրջանը (առանց լուծարքային շրջանի) ամփոփելիս մասնավորապես նշվեց, որ քննաշրջանին մասնակցած ընդհանուր ուսանողների թիվը 629 է (անվճար՝ 165, վճարովի՝ 464): Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը  կազմում է 71.4% (անվճար՝ 97.6%, վճարովի՝ 60.8%): Ներկայացվեց նաև քննաշրջանի արդյունքների պատկերը՝ ըստ ֆակուլտետների: Ամենաբարձր առաջադիմությունը գրանցվել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետում (80.3%), ամենացածրը՝ Բնական գիտությունների ֆակուլտետում (53.4%): Տնտեսագիտության ֆակուլտետում ուսանողների առաջադիմությունը կազմում է 61.8%, Կիրառական արվեստի ֆակուլտետում՝ 69.6%:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը ներկայացրեց ընդունված ձևաչափով ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի կարճաժամկետ (2022թ. ապրիլ-դեկտեմբեր) պլանի կատարողականի վերաբերյալ ֆակուտետի տարեկան հաշվետվությունը:

Մասնավորապես նշվեց, որ ներկայումս ֆակուլտետում կրթություն է իրականացվում միայն առկա՝ «Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերով: Ֆակուլտետում ուսանում է 69 ուսանող, որոնցից 21-ը՝ անվճար, 48-ը՝ վճարովի ուսուցման համակարգում:

Կիրառական արվեստի ֆակուլտետում դասավանդում են 4 դոցենտ, 6 ասիստենտ և 12 դասախոս: Դասավանդողներից 7-ը Նկարիչների միության անդամ է, իսկ 1-ը՝ Դիզայներների միության:

Հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետը պարբերաբար կազմակերպել է «Բաց դռների օրեր» և ապագա դիմորդների ճանաչողական այցեր՝ ֆակուլտետի կրթական հնարավորությունները ներկայացնելու համար:

Կրթական ծրագրերը ներկայացնելու նպատակով կազմակերպվել են այցեր Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ավագ և միջնակարգ դպրոցներ:

«Դիզայն» կրթական ծրագրի վերանայման և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի մոնիթորինգի ընթացքում վերանայվել է շրջանավարտների մասնագիտական կոմպետենցիաների համախումբը: Այժմ մոնիթորինգի է ենթարկվում «Դիզայն» կրթական ծրագիրը:

Ֆակուլտետում ներդրվել են գրագողությամ դեմ պայքարի մեխանիզմներ:

Ավարտական աշխատանք­ների գիտական մակարդակի բարձրացմանը միտված քայլեր են պարբերաբար իրականացվում: Ֆակուլտետը ավարտական աշխատանքների ղեկավարման և գրախոսման գործում մշտապես ներգրավում է արհեստավարժ մասնագետների:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները պարբերաբար մասնակցում են ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին:

Ամբիոններում իրականացվել են փոխադարձ դասալսումներ, վարպետաց դասեր՝ ուսումնասիրելու դասախոսական կազմի ուսումնամեթոդական առաջավոր  փորձը, կազմակերպվել են ցուցահանդեսներ:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:

Հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանող հեռացվեց մասնաճյուղից՝ առարկայական տարբերությունները չհանձնելու և կիսամյակի ընթացքում 60 և ավելի ժամ անհարգելի բացակայություններ ունենալու, ուսման վարձը չվճարելու պատճառներով: 

Այսօր Հայոց բանակի կազմավորման 31-ամյակն է

Հայոց բանակի օրվա մասին նյութի նկ. 

  2023թ. հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի օրն է:

Հայոց բանակը ստեղծվել է Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության նշանակալի ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր:

1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:

1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ:

1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:

2001 թվականին օրը դարձավ տոն, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության, ողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք հայ ազգին, մաղթում համազգային միասնություն, ուժ և իմաստնություն, մեր բանակին՝ հզորացում, բարձր մարտունակություն և հաղթանակներ, մեր քաջարի զինվորներին՝ դժվարությունները հաղթահարելու անսասան կամք և տոկունություն, անփորձանք ծառայություն և բարի տունդարձ:

Խորին խոնարհում և շնորհակալություն մեր բոլոր հերոսներին, ազատամարտիկներին, հայրենի հողի սուրբ պաշտպաններին, մեր բոլոր զինծառայողներին և զինվորական համալսարանականներին, ովքեր աննկուն պայքար մղեցին հանուն հայրենիքի, հանուն մեր կյանքի, սեփական հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր իրավունքի…

Շնորհավո՜ր տոնդ, Հայո՛ց 31-ամյա բանակ, փառք ու պատիվ ձե՛զ՝ Հայոց բանակի արծի՛վ տղաներ….

«ՏՀՏ-ի կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով վերապատրաստումներ

1. գլխավոր 

 Ելնելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 1.1.4 խնդրի (Բարձրորակ մարդկային ռեսուրսներ) 3-րդ գործողության պահանջներից՝ 2023թ. հունվարի 24-30-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինն իրականացնում է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով՝ 10 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստումը:

Դասընթացը վարում է Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի աշխատակից Աննա Մանուչարյանը:

ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների դեկանների, աշխատակազմի գործավարների, դեկանների աշխատակազմի օպերատորների և ամբիոնների լաբորանտների համար նախատեսված վերապատրաստմանը մասնակցում են մոտ 2 տասնյակ աշխատակիցներ:

Դասընթացի նպատակն է մասնակիցների մեջ զարգացնել տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման հմտությունները աշխատանքային գործընթացում, օժանդակել բազմաբնույթ էլեկտրոնային փաստաթղթերի և աղյուսակների ձևավորմանը, նրանց ծանոթացնել տեղեկատվության փոխանակման ձևերին և մեթոդներին:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Windows օպերացիոն համակարգի միջավայրը, այդ միջավայրում ֆայլերի հետ աշխատանքը, Ms Word տեքստային խմբագրի միջավայրում փաստաթղթերի ստեղծումը, խմբագրումը, ձևավորումը և պահպանումը, Microsoft Excel էլեկտրոնային աղյուսակների համակարգը, համացանցից օգտվելու կանոնները և այլն:

Դասընթացի ավարտին մասնակիցներն ունակ կլինեն՝

  • տեղեկատվությունն ինքնուրույն որոնելու, ընտրելու, հավաքելու, ուսումնասիրելու և դասակարգելու,
  • ընտրելու ոճեր, շրիֆտատեսակներ, շաբլոններ, word տեքստային խմբագրով փաստաթղթեր ձևավորելու,
  • վերարտադրելու և ստեղծելու էլեկտրոնային աղյուսակ,
  • կատարելու իրենց թղթավարությունը Microsoft Word տեքստային խմբագրիչով,
  • էլեկտրոնային աղյուսակով կատարելու հաշվարկային աշխատանքներ՝ կիրառելով ստանդարտ ֆունկցիաներ և տրամաբանական գործողություններ:

«ՏՀՏ-ի կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով վերապատրաստման դասընթացը կավարտվի ստուգարքով: