Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնությունը

1. գլխավոր

 2023թ. մարտի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին երկու տասնյակ ուսանողներ և դասախոսներ:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական մրցակարգով. պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից:

Աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Գրիգորյանը, 2-րդ տեղը գրավեց «Ֆինանսներ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը, 3-րդ տեղը՝ «Զբոսաշրջություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Քոչարյանը:

Տղաների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Դանիել Մինասյանը, 2-րդ տեղը՝ «Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Դավիթ Ալեքսանյանը, 3-րդ տեղը՝ Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վալերի Դավթյանը:

Հաղթողները տնօրենության կողմից ստացան հավաստագրեր:

«Սեյսմապաշտպանական վարքականոնների ուսուցում երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և դրանից հետո» թեմայով հանդիպում-քննարկում մասնաճյուղում

1. գլխավոր

 2023թ. մարտի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Ե․Սեխպոսյանը և դասախոս-հրահանգիչ Հ․Մանվելյանը: 

Նախ կայացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի փոխտնօրեն Մ.Օթարյանի հետ ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Գ.Գուլակյանի և հյուրերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին այցելության նպատակին, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի հետ մասնաճյուղի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ելնելով Սպիտակի երկրաշարժի մեծամասշտաբ զոհերի և ավերածությունների պատճառներից՝ այցելության հիմնական նպատակն էր բարձրացնել ուսանողների և աշխատակիցների իրազեկվածության մակարդակը երկրաշարժից պաշտպանվելու հիմնական կանոնների վերաբերյալ:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում կայացավ հանդիպում-քննարկում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին սեյսմապաշտպանական վարքականոնները, մասնավորապես՝ ինչ պետք է անել երկրաշարժից առաջ, դրա ընթացքում և երկրաշարժից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Ցուցադրվեց ուսուցողական տեսաֆիլմ, որից հետո հանդիպման մասնակիցները մասնագետներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Իրականացվեց նաև տարհանում:

Վերջում քննարկվեցին տարհանման ընթացքում նկատված թերությունները, ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հետագա համագործակցության համար:

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկայի ընթացքի մասին

1. գլխավոր   2023թ. մարտի 27-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի  գլխավորությամբ այցելեցին Իջևան խոշորացված համայնքի Գետահովիտ և Ենոքավան գյուղերը:

Նպատակը Սառնաջուր գետի հովտի և Ենոքավան գյուղի՝ որպես տարածաշրջանի կարևոր զբոսաշրջային դեստինացիայի (ուղևորության նպատակակետ) ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրումը և գնահատումն էր:

Ուղևորությունն իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան-Գետահովիտ ռեզորթ-    Գետահովտի մամռապատ ժայռ-Գետահովիտ-1 և Գետահովիտ-2 քարանձավներ-Ապագա տուր-Լաստիվեր ռեզորթ-Իջևան:

Ուսանողները նախապես ծանոթացել էին նշված տարածքների զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ցանկին:

Այցելության համար առանձնացվել էին առավել կարևոր զբոսաշրջային օբյեկտները, և ուսանողներին հանձնարարվել էր դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկատվության նախապատրաստում՝ տեղում տվյալ օբյեկտը մասնագիտորեն ուսումնասիրելու, ներկայացնելու, զբոսաշրջային փաթեթներում դրանց ընդգրկվածությունը  գնահատելու նպատակով:

Ուղևորության ընթացքում ուսանողները ներկայացրին երթուղու ուղղությամբ գտնվող բնաաշխարհագրական օբյեկտները, զբոսաշրջային ռեսուրսներն ու ենթակառուցվածքները:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում կատարված ուղևորությունը բավականին տպավորիչ էր և ուսանելի. այն նպաստեց ուսանողների տեսական գիտելիքները գործնականորեն դրսևորելուն և ամրապնդելուն:

Գարնանային տոներին նվիրված միջոցառում մասնաճյուղում

1. գլխավոր

  Գարնանային տոների և կանանց միամսյակի առթիվ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների  ամբիոնի կողմից մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում կազմակերպվել էր միջոցառում, որի լեզուն անգլերենն էր:

Միջոցառմանը ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները:

Գարնան գալուստը բոլոր ժողովուրդների մեջ համաբանվում է նորի, գեղեցիկի և զարթոնքի հետ: Թերևս պատահական չէ, որ հենց գարնանն է նշվում Կանանց միջազգային օրը: Գարնանը և կանանց նվիրված միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին հայտնի կանանց (Մայր Թերեզա, Մարի Կյուրի, Կոկո Շանել և ուրիշներ) կենսագրությունը և նրանց դերը համաշխարհային պատմության, գիտության և մշակույթի մեջ:

Անդրադարձ կատարվեց Կանանց միջազգային օրվա ծագմանը և տոնի առանձնահատկություններին տարբեր երկրներում:

Անցկացվեցին խաղեր, որոնց ընթացքում միջոցառման մասնակիցները գուշակեցին հայտնի կանանց՝ ըստ նկարագրության:

Միջոցառման հումորային հատվածում ուսանողները զուգահեռներ անցկացրին իրենց դասախոսների և հայտնի դեմքերի միջև, ինչպես նաև առաջարկեցին գուշակել, թե որ էմոջիներն են (ճապոներեն՝ նկար և նշան բառերից) ներկայացնում իրենց դասախոսներին:

Գարնանային տոներին նվիրված միջոցառման ընթացքում հնչեցին նաև տարբեր լեզուներով համապատասխան երգեր, իսկ վերջում մասնակիցները փոխանակեցին նվերներ:

Միջոցառումն ուսանելի էր և հետաքրքիր, անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը մասնաճյուղ

1. գլխավոր

 2023թ. մարտի 24-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը:

Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկումից հետո Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մարզպետարանի մի շարք աշխատակիցների, Իջևան և Դիլիջան քաղաքների համայնքապետների ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Բարձրաստիճան հյուրի նախորդ այցը մասնաճյուղ տեղի էր ունեցել 2 տարի առաջ՝ 2021 թվականին, և Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցադրությունը դիտելու ընթացքում տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ռուս դիվանագետին և մարզի ղեկավարությանը համառոտ ներկայացրեց վերջին երկու տարում մասնաճյուղի ձեռքբերումները, իրականացված բարեփոխումները, տարածաշրջանում նրա ունեցած կրթական և գիտամշակութային դերի ամրապնդումը հավաստող փաստեր:

Մասնավորապես` անդրադարձ կատարվեց բուհում արդեն չորրորդ տարին հաջողությամբ իրականացվող «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրին, որի լավագույն վկայությունն են ուսանողների թվաքանակի աճը, նրանց գրանցած հաջողությունները, գիտական և այլ միջոցառումներում ունեցած հաղթանակները:

Հյուրերն այցելեցին նաև 2018թ. հուլիսին ԵՊՀ ԻՄ-ում բացված Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն, որը 2020թ. նոյեմբերին վերակազմավորվել է որպես Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղ: Վերջինիս հիմնական նպատակը կրթության, գիտության, մշակույթի, պատմական և ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացումը և խորացումն է:

Կենտրոնի ղեկավար, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնում պարբերաբար իրականացվող, ռուս գրականությանն ու մշակույթին առնչվող հոբելյանական ու հիշատակի միջոցառումների, գիտական ընթերցումների, ցուցադրությունների և այլ նախաձեռնությունների մասին:

Ուսանողների հետ հանդիպման վերջում «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կողմից ստացան նվերներ՝ գեղարվեստական գրականության տեսքով: Պարոն Մակարյանն էլ մասնաճյուղի անունից ՀՀ-ում ՌԴ դեսպանին նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողի աշխատանքը՝ «Հույսի առագաստ» վերնագրով գոբելենը:

Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հանդիպումը մասնաճյուղում ավարտվեց ջերմ տպավորություններով, կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական փոխգործացության ծրագրերի խորացման և զարգացման ակնկալիքով: