Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողները մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում անցկացված հոբելյանական միջոցառմանը

1. գլխավոր ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները նույն ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ս.Հովհաննիսյանի և բուհի ղեկավարության համատեղ նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 29-ին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի, բառարանագրության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժինների հոբելյանական միջոցառմանը:

Միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի կողմից, բաղկացած էր 3 մասից: Առաջին մասում ելույթ ունեցան նշված բաժինների վարիչներն ու գիտաշխատողները՝ ներկայացնելով 10 տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու նվաճումները: Երկրորդ մասում ուսանողների գիտական ելույթներն էին, երրորդում՝ հանրակրթական դպրոցի սաներինը:

ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հանդես եկան արևմտահայերենի, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, բառարանագրության ուղղություններով գիտական աշխատանքներով:

Երկրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Թորոսյանը ներկայացրեց գիտական սեփական վերլուծությունը և դիտարկումը այն մասին, թե ինչպիսին կարող է լինել մարդկային լեզվի զարգացումը ապագայում: Ուսանողուհին գործնականում լրացրեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի աշխատակից և արևմտահայերենի կրող Բէթի Քիլերճյանի դիտարկումը այն մասին, թե հնարավոր է արդյոք արևմտահայերենի հնչյունական համակարգի յուրացում արևելահայի կողմից, և արևմտահայերենի ուղղախոսությամբ ներկայացրեց մշակութային ստեղծագործություն:

Նույն կուրսի ուսանողուհի Մանուշակ Դալլաքյանի ելույթը նվիրված էր հայերենի և ուրարտերենի համեմատությանը, նրանց բառապաշարային զուգադրական վերլուծությանը:

Միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցան նաև տվյալ մասնագիտության այս տարվա շրջանավարտները:

Նարա Մելքումյանը խոսեց բառարանների ժամանակակից տեսակների, նրանց դերի և նշանակության մասին, ինչպես նաև անդրադարձավ մասնագիտական թերություններով կազմված բառարանների բացասական ազդեցությանը լեզու սովորողների վրա:

Մերի Ստեփանյանն իր ելույթում անդրադարձավ հայրենադարձ արևմտահայերի լեզվական հարմարվողականությանը, արևմտահայերեն-արևելահայերեն հաղորդակցման ընթացքում ի հայտ եկող դժվարություններին, ներկայացրեց արևմտահայերենի կրողի հետ իրականացրած սեփական հետազոտության արդյունքները, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատողներին հարց ուղղեց արևմտահայերենի ուսումնասիրության արդի հիմնախնդիրների մասին:

Միջոցառումն ամփոփվեց ինստիտուտի գիտաշխատողների և ուսանողների միջև ծավալված քննարկումով, որը վերաբերում էր հայերենի գրական և բարբառային դրսևորումների հնչերանգային առանձնահատկություններին, խոսքի ազդեցիկության խնդիրներին:

Ուսանողները ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կողմից նվեր ստացան արևմտահայերենի, բառարանագրության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժինների աշխատանքները խորհրդանշող մասնագիտական գրականություն:

Տավուշի՝ Պ․Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի սաների այցելությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխ. 2023թ. մայիսի 26-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին Տավուշի՝ Պ․Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի այս տարվա շրջանավարտները՝ ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, նույն բաժնի տեսուչ Ա.Սարգսյանի և քոլեջի կուրսղեկ Ռ․Զուրաբյանի  ուղեկցությամբ:

Քոլեջի շրջանավարտները նախ շրջայց կատարեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ծանոթացան համալսարանական առօրյային, ֆակուլտետներին, իրականացվող կրթական ծրագրերին, բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններին, տեղեկատվություն ստացան մասնաճյուղի տարածքում գործող ուսումնագիտական կենտրոնների, ուսանողական կառույցների մասին, ապա ունեցան հանդիպում-քննարկումներ:

Ելնելով քոլեջի շրջանավարտների հետաքրքրություններից՝ հանդիպում կազմակերպվեց Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա․Մարգարյանի և դասախոս Ս․Սաֆարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Զբոսաշրջություն» և «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրերի առանձնահատկություները, աշխատաշուկայի հնարավորությունները:

Ապա քոլեջի սաները հանդիպեցին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․Դավթյանի հետ, ով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտներին ներկայացրեց հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում նախընտրած մասնագիտությամբ ուսումը շարունակելու ընթացակարգը:

Հավակնորդ շրջանավարտները պարոն Դավթյանին մեծ հետաքրքրությամբ լսեցին և նրանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք գլխավորապես վերաբերում էին ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերին, դրանց ներկայացման ժամկետներին, մրցույթի կազմակերպմանը, առարկայական տարբերություններին, ժամանակացույցին, վճարաչափերին:

«Գլոբալ խաղաղություն. հայեցակարգ և հետազոտություններ» թեմայով բանախոսություն

Հայտ. նկ. (2) 2023թ. հունիսի 2-ին՝ ժամը 11:00-12:00-ն, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա «Գլոբալ խաղաղություն. հայեցակարգ և հետազոտություններ» թեմայով բանախոսությունը, որը կազմակերպել են ԵՊՀ ԻՄ-ն ու Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը (գլխամասը՝ Սիդնեյ, Ավստրալիա):

Այն կվարի Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտի դեսպան, սոցիոլոգ, կոնֆլիկտաբան Լուսինե Հակոբյանը:

Բանախոսության ընթացքում կներկայացվեն գլոբալ խաղաղության էությունը, ցուցիչները, միտումները, տարբեր երկրների ու տարածաշրջանների վարկանիշները, ինչպես նաև խաղաղության կապը կառավարման ռեժիմների, մարդու իրավունքների, ռեսուրսների բաշխվածության, դիմակայունության և այլ գործոնների հետ:

Անդրադարձ կկատարվի նաև «Գլոբալ խաղաղության ինդեքս 2022» և «Դրական խաղաղության ինդեքս 2022» զեկույցներին:

Պրակտիկայի շրջանակներում այցելություններ Երևանի թանգարաններ և Զվարթնոցի տաճար

1. գլխավորՀանրապետության գլխավոր զբոսաշրջային դեստինացիայի զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրման ու գնահատման նպատակով ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի  գլխավորությամբ այցելեցին Երևան և Զվարթնոցի տաճար:

Պրակտիկան իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան–Զվարթնոցի տաճար–«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան–Հայաստանի պատմության թանգարան–Երվանդ Քոչարի տուն-թանգարան–Կասկադ համալիրի սրահներ–«Ռամադա» հյուրանոց–Բուսաբանական այգի–Իջևան: Երթուղու ընթացքում ուսանողներին ներկայացվեցին մայրաքաղաքի պատմությունը, գլխավոր փողոցները,  զբոսաշրջային ռեսուրսները և ենթակառուցվածքները:

Այցելվող օբյեկտների վերաբերյալ ուսանողները նյութեր էին նախապատրաստել, իսկ այցելության ընթացքում տվյալ օբյեկտները նրանք մասնագիտորեն ուսումնասիրեցին, ներկայացրին և գնահատեցին զբոսաշրջային փաթեթներում  դրանց ընդգրկվածությունը:

Զվարթնոցի տաճարի  ստեղծման պատմությանը, ճարտարապետական լուծմանն ու գեղարվեստական տարրերին ծանոթանալուց հետո ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ: Այցելությունը սկսեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, որտեղ Երևան-Էրեբունու ծննդյան վկայականի սեպագիր արձանագրության  միջոցով ծանոթացան ամրոցի հիմնադրման պատմությանը, ճարտարապետությանը, ռելիեֆներին, որմնանկարների  պահպանված նմուշներին, դեկորատիվ-կիրառական արվեստի  գործերին: Գաֆէսճեան ժամանակակից արվեստի կենտրոնում, որը գտնվում է Կասկադ համալիրում, պրակտիկանտներն ուսումնասիրեցին Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն, համալիրի սրահների ցուցադրությունները:

Պրակտիկան կազմակերպվել էր «Թանգարանային գիշեր» մշակութային միջոցառման շրջանակներում, որի ընթացքում թանգարաններն ու մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր, որը նպաստում է այցելությունների և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Ըստ այդմ՝ թանգարաններում ուսանողները ոչ միայն ծանոթացան ցուցանմուշներին, այլև դիտարկեցին և գնահատեցին զբոսաշրջիկների հոսքը:

 

Համալսարանականները Իջևանի ավագ դպրոցում իրականացրին ինտելեկտուալ խաղ

1. գլխավոր 2023թ. մայիսի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Իջևանի՝ Գ․Անանյանի անվան ավագ դպրոցում կայացավ «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էր 11-րդ դասարանի 12 աշակերտ: Խաղը վարեց ՈՒԳԸ նախագահը՝ «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունը ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան խաղը շարունակելու երկրորդ փուլում:

Մասնակիցները երկրորդ փուլում 12-ից ընտրեցին 2-ական թեմա և փորձեցին պատասխանել իրենց ընտրած թեմայի հարցերին 1 րոպեի ընթացքում: Լարված մրցակցության պայմաններում 2-րդ փուլը հաղթահարեցին Թամարա Առաքելյանը, Սյուզաննա Հովասափյանը և Պարթև Մելիքբեկյանը:

Թեժ պայքար ծավալվեց նաև 3-րդ փուլում, որի ընթացքում ևս մասնակիցները պատասխանեցին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին:

Առավելագույն միավորներ վաստակելով՝ «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Թամարա Առաքելյանը, 2-րդ և 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Պարթև Մելիքբեկյանը և Սյուզաննա Հովասափյանը:

Հաղթողները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

Աշակերտները շատ տպավորված էին խաղով և ցանկություն հայտնեցին այդպիսի միջոցառումների նորից մասնակցել:

Նմանատիպ միջոցառումները ոչ միայն ամրապնդում են դպրոց-համալսարան կապը, այլև նպաստում են աշակերտների մոտիվացիայի աճին, նոր գիտելիքների ձեռքբերմանը և բազմակողմանի զարգացմանը: