Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Տեսականի և գործնականի համադրումը ուսումնական գործընթացում» թեմայով դաս-քննարկում  

DSCN5468

 2019թ. հունվարի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Տեսականի ու գործնականի համադրումը ուսումնական գործընթացում» թեմայով դաս-քննարկումը, որը վարում  էր ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը:

Դաս-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու դասախոսներ:

Տիկին Ա.Սարհատյանը նախ մասնակիցներին ներկայացրեց տվյալ դասի նպատակը, այն է՝ վերլուծել, համեմատել ու գնահատել տեսական և գործնական դասերը՝ իրենց առավելություններով ու թերություններով, հստակեցրեց քննարկվելիք հարցերի շրջանակը:

Մասնավորապես նշվեց, որ առարկայական գրեթե բոլոր դասընթացներն ունեն և՛ տեսական՝ դասախոսությունների, և՛ գործնականի ժամեր։ Դասախոսությանը հաջորդում են գործնականի ժամերը, որոնք  ուսանողներին դասախոսության ժամի պասիվ, հաճախ անտարբեր-անհույզ ունկնդրության վիճակից հանելու, նրան աշխատեցնելու, խոսեցնելու, ակտիվացնելու, դասին ներգրավելու առաջնահերթ նպատակ պիտի ունենան։ Տեսականն ու գործնականը գոյություն չունեն առանց մեկը մյուսի. տեսությունը գործնականում է դառնում հասկանալի, իմաստավորված և ավելի է ամրապնդվում ուսանողի հիշողության մեջ։

«Տեսականի ու գործնականի միջև, սակայն,  չինական պարիսպներ չկան, և չի կարելի դնել, – հատկանշեց Աիդա Սարհատյանը. – նրանց տարրերը անհրաժեշտաբար կարելի է գործածել միասին՝ դասախոսության ժամին գործնական միջոցներ կիրառելով, գործնականի ժամին չհասկացված ինչ-որ հարցի մասին նորից դասախոսության միջոցին դիմելով»:

Ներկայացվեց, որ գործնականի ժամին՝

  • թեմայի ընկալումը դառնում է առավել հետաքրքիր,
  • մեծանում են ուսանողի ուշադրությունն ու ներգրավվածությունը դասապրոցեսին,
  • զարգանում են ուսանողի ինքնուրույն և ստեղծագործական կարողությունները, մտահորիզոնը, աշխարհայացքը, կապը արվեստների և գրականության հետ, խոսքի մշակույթը, տրամաբանությունը,
  • հղկվում են ուսանող-ուսանող և ուսանող-դասախոս միջանձնային հարաբերությունները,
  • ակտիվանում են միջառարկայական և ներառարկայական կապերը,
  • ուսանողների կողմից կիրառվում են տեղեկատվական և տեխնոլոգիական արդի միջոցներ,
  • թեմայի շուրջ ծավալվում են տարակարծություններ, բանավեճեր, քննարկումներ՝ ազատ ու անկաշկանդ, առանց սեփական կարծիքի համար դիտողություն ակնկալելու, առանց գնահատվելու անհանգստության,
  • թեմատիկ նյութը հարստանում է ուսանողների հետազոտական ուսումնասիրություններից բխած նոր տեղեկատվությամբ,
  • ստացած գիտելիքները արագ չեն մոռացվում, բացառվում են անգիր անելու և գրագողության հնարավորությունները և այլն:

Դաս-քննարկման ընթացքում բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյանի և քննարկմանը մասնակցող դասախոսների կողմից բերվեցին մի շարք դասերի օրինակներ, ընդգծվեցին տեսականի և գործնականի համադրման, ինչպես նաև վերջինիս լայն, բազմակողմանի  հնարավորությունները: