Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում տեղի ունեցավ Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի պաշտոնական բացումը

   2020թ. փետրվարի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Տավուշի հոգևոր, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, ԵՊՀ ԻՄ-ի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր, քաղաքացիներ: 

Ողջույնի խոսքով հանդես եկան «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար, փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլլերը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Մարիամ Մարտիրոսյանը, ներկայացնելով կենտրոնի ստեղծման նպատակը, խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծեց, որ կենտրոնը Տավուշի մարզի, մասնավորապես Իջևան քաղաքի հարակից գյուղերի բնակիչների համար կկազմակերպի կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, տարբեր թեմաների շուրջ ուսումնական կարճատև դասընթացներ:1. գլխավոր

Լիա Միլլերը բացման խոսքում նշեց, որ կենտրոնում երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացնել սոցիալական և տեխնիկական հմտությունները, ծանոթանալ ամերիկյան արժեքներին, պատմությանը և մշակույթին:

Հ.Չոբանյանը համոզմունք հայտնեց, որ «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը մարզի երիտասարդների համար կդառնա սիրելի վայր և միջավայր: «Ամենակարևոր մասը այս ներդրման,- նշեց մարզպետը, – այն է, ինչ սկսվելու է վաղվանից»:

Ա.Մակարյանը մասնավորապես նշեց, որ կենտրոնի նկատմամբ արդեն կա մեծ հետաքրքրություն և՛ ուսանողների ու դասախոսների շրջանում, և՛ ընդհանրապես Իջևան համայնքում, բազմաթիվ մարդիկ աջակցության առաջարկներ են անում կենտրոնին. «Մենք շնորհակալ ենք ձեր նոր աշխատակիցներին, ովքեր անընդհատ կապի մեջ են մեզ հետ և խոստացել են, որ կհետևեն տարածաշրջանի կարիքներին, որ նորամուծությունները, նորարարությունները պայմանավորված լինեն համայնքի կարիքներով, իսկ համալսարանի ողջ ներուժը, պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է աջակցել կենտրոնին, իր ուժը ներդնել այդտեղ, որ ավելի հետաքրքիր ծրագրեր լինեն… Նորից շնորհավորում եմ բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում, որ մենք ենք ենք ընտրվել որպես համալսարանի մասնաճյուղ ձեր կենտրոնն ունենալու համար: Մենք սպասում ենք ձեր գրադարանի զարգացմանը, ունենք ձեզ հետ պայմանավորվածություն, մենք արդեն հայտարարել ենք մեր ուսանողներին, որ իրենք շատ ժամանակակից գրքերի և մեթոդների ծանոթանալու են ձեր գրադարանում: Ես հույս ունեմ, որ կենտրոնը կդառնա մեր համալսարանի օրգանական մասը, որը շատ ակտիվ համագործակցում է մյուս բոլոր մասերի հետ: Շնորհակալություն, շնորհավորում եմ բոլորիս»:    

Իր ողջույնի խոսքում Բագրատ Սրբազանը նշեց. «Մեր բոլոր նվաճումները և հաղթանակները արձանագրվել են այն ժամանակ, երբ մենք կարողացել ենք ճիշտ գնահատել արտաքին շփումները և այդ ամենը ներմուծել և ներդնել մեր կյանքում՝ հարմարեցնելով մեր իրավիճակին և գնահատելով մեր իրավիճակը։ Եվ ես հավատում եմ, որ այս գրադարանի ներդնումը մեր կյանքում կդառնա կարևորագույն օջախներից մեկը, որպես արտաքին և ներքին աշխարհների համադաշնություն»։

Ողջույնի խոսքերին հետևեց կենտրոնի հանդիսավոր բացումը, և մասնակիցները տեղում ծանոթացան առկա ռեսուրսներին, իրականացվելիք ծրագրերին, դասընթացների հիմնական ուղղություններին:

Մասնավորապես ներկայացվեց, որ կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարածքում։ Այն ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում  «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ամենամեծ բաղադրիչն է։ «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ունի ամերիկյան գրքերի և այլ նյութերի հարուստ հավաքածու։

Կենտրոնը տեղի համայնքի համար կկազմակերպի ուսումնական տարբեր ծրագրեր՝ միտված այնպիսի կարողությունների զարգացմանը, որոնք կարևոր են ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական ակտիվության տեսանկյունից։ Դասընթացների հիմնական ուղղություննեը կներառեն անգլերենի ուսուցում, մեդիագրագիտություն, նախագծերի մշակում և իրականացում, առաջնորդական հմտություններ, հաղորդակցության հմտություններ և այլն։ Կիրականացվեն նաև կինոդիտումներ, գրական ակումբներ և տարբեր թեմաներով դասախոսություններ՝ հրավիրված մասնագետների ներգրավմամբ։ 

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Կենտրոնի բացման մյուս լուսանկարները տե՛ս այստեղ: