Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր տոնդ, 25-ամյա Հայաստան

2016թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության  25-ամյակին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ՝ տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ, այցելեցին Իջևանի Ազատամարտիկների հրապարակ:

Մարզի տարբեր ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների, զինվորական նվագախմբի, բազում քաղաքացիների ուղեկցությամբ, քայլերթով շարժվեցին դեպի հրապարակ, հարգանքի տուրք մատուցեցին, ծաղկեպսակներ դրեցին Իջևանում գտնվող` Զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին:

Շնորհավո՛ր տոնդ, 25-ամյա Հայաստան

Այնուհետև այցելեցին Իջևանի մշակույթի տուն, որտեղ տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում:

Շնորհավո՛ր տոնդ, 25-ամյա Հայաստան

Մշակույթի տան դիմաց ԵՊՀ ԻՄ-ի ակտիվ ու շնորհալի ուսանողները հանդես եկան ազգային պարերի կատարումներով՝ արժանանալով ներկաների հիացմունքին ու խրախուսանքին: 

Շնորհավո՛ր տոնդ, 25-ամյա Հայաստան

 

_________________________________

1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  

Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում: Հայաստանն այսօր վարում է սեփական ինտեգրացիոն քաղաքականություն: 2014 թվականին Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Այժմ Հայաստանը փորձում է համագործակցության կապերը խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ու նաև կամուրջ է Իրանի և ԵՏՄ անդամ երկների երկխոսության համար:

Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելը: Մինչև Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել է 26 պետություն:

Անկախ Հայաստանի համար օրակարգային խնդիր է նաև հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության հարցը, որը պարբերաբար քննարկվում է ՀԱՊԿ-ում, գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում:

Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:

Անկախության պատմության մեջ ոչ պակաս կարևոր էր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը և կառավարման նախագահական համակարգից անցումը խորհրդրանականի: 2017 թվականի ապրիլին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

________________________________

Այսօր՝ 2016թ. սեպտեմբերի 21-ին, համայն հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության 25-ամյակը:

Շնորհավո՛ր տոնդ, մեր 25-ամյա Հայաստան:

Թո՛ղ մեր նախնիների՝ իրականություն դարձած դարավոր   երազանքը՝ մեր անկախությունը, երբևէ չխաթարվի, թո՛ղ այդ անկախությունը կերտած մեր ավագ սերնդի սուրբ գործի շարունակողն ու արժանի հետնորդը լինի նոր սերունդը, նրա եռանդուն ջանքերով ամրապնդվի հայրենի պետականությունը, ծաղկի ու շենանա մեր պետությունը…