Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը

Սեպտ.-ի 21-ի նորութ. նկար

2020թ. սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-ամյակը:

29 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991թ. մարտի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  

Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում:

Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:

Այսօր ամբողջ հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության տոնը:

Սիրով շնորհավորում ենք հայ ժողովրդին՝ ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում պետության ու պետականության ամրապնդում ու հզորացում, խաղաղ և ստեղծագործ աշխատանք, բարօրություն, երջանկություն, նոր հաղթանակներ: