Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ

1. գլխավոր (1) 2021թ. դեկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համալսարանական հավաքագրման թիմի անդամներ Անժելա Գալստյանի և Արևիկ Պռազյանի հետ հանդիպում, որին մասնակցում էին բուհի ավարտական կուրսերի ուսանողները:

Մասնաճյուղի ուսանողները ծանոթացան Առաջնորդության զարգացման ծրագրին և  դիմելու ընթացակարգին, մասնակցության առավելություններին, #STEM կրթաթոշակին և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տված հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում ուսանողները բացառիկ  հնարավորություն ունեցան ծանոթանալու  ուսուցիչ-առաջնորդ, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ և նախկին աշխատակից Իննա Քոչարյանի և  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ կերտած նրա պատմությանը: Իննան սովորել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ և դասախոսում էր հարազատ բուհում, երբ որոշեց միանալ ծրագրին՝ կրթական փոփոխությունների գործում իր ներդրումն ունենալու համար: Իննան հանդիպման ընթացքում նշեց, որ այդ երկու տարվա փորձառությունն առաջին հերթին իր համար էր կարևոր. այն որպես ինքնուրույն մարդ կայանալու, բազմաթիվ գաղափարակից մարդկանց հետ աշխատելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու, միաժամանակ  համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու և համայնքի ներուժը բացահայտելու անփոխարինելի հնարավորություն էր:

Հանիդպմանը ներկա էր նաև ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, ով, կարևորելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեությունը,  ուսանողներին խորհուրդ տվեց բաց չթողնել առիթն ու միանալ ծրագրին:

Հանդիպման ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին, նաև առաջարկեցին նրանց ակտիվորեն մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համագործակցությամբ առաջիկայում կայանալիք միջոցառումներին:

Այն բոլոր ուսանողները, ովքեր ցանկանում են ծանոթանալ Առաջնորդության զարգացման ծրագրի մանրամասներին, հեռանկարային կարիերա սկսել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ, կարող են կապ հաստատել հիմնադրամի հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանի հետ (բջջ.` +374 41  53 01 28, կայք` www.teachforarmenia.org ):

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամ է, որի առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման: 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրը միտված է կրթական հավասարության և երիտասարդների կարողությունների հզորացմանը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին Հայաստանում և Արցախում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը նպաստելուն զուգահեռ ստանալ անձնային աճի բազում հնարավորություններ, այդ թվում՝ 

  • առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետների շարունակական աջակցություն,
  • գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություններ,
  • մանկավարժի որակավորման մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի վճարում,
  • ամսական ֆինանսական աջակցություն համայնքում բնակություն հաստատելու և կենցաղային կարիքները հոգալու համար,
  • «Կրթության հավասարության դեսպան» դառնալու հնարավորություն,
  • «Կայծ» ինկուբատորի ֆինանսավորմամբ ստարտափներ իրականացնելու հնարավորություն: