Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Թո՛ղ հավերժ լինի երթդ, մայրենի՛

 

1

2020թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Ինչպես հայտնի է, որ 1999թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվին նվիրված տոն, և 2000 թվականից փետրվարի 21-ը հռչակվեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր:

Շուրջ երկու տասնամյակ է՝ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում՝ առիթ հանդիսանալով վերստին արժևորելու մեր անգին հարստությունը, մեր սիրո ու հիացմունքի տուրքը մատուցելու մայրենի լեզվին, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին, մեր մտածողությունը ձևավորող ու սնող, նոր լեզուներ սովորելու ու ճանաչելու անարգել ճանապարհ հարթող մեր հայերենին:

Մայրենիի օրը նշելուց անմասն չմնաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը. Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները ոչ միայն տարբեր ֆակուլտետներում հանդես եկան մայրենի լեզվի արժևորմամբ, վերհանեցին տոնի խորհուրդը, այլև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում անցկացրին մայրենի լեզվին նվիրված գեղեցիկ միջոցառում:

«ՀԼԳ» մասնագիտության առաջին, երրորդ կուրսի, ինչպես նաև «ՏՄՄ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները ներկայացրին լեզվի տոնի նախապատմությունը, որից հետո հանդես եկան հայոց լեզվին նվիրված ներբող-բանաստեղծություններով, հայ և այլազգի մեծերի ասույթներով, ստեղծագործական էսսեներով և հեղինակային բանաստեղծություններով՝ հավաստելով, որ մայրենի լեզուն մեր «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստն է», «մեր ժառանգության մեծագույն գանձը»:

Ուշագրավ և ինքնատիպ էին հատկապես Գոհար Մխիթարյանի, Շուշան Հակոբյանի, Արփինե  Բեգինյանի, Տաթևիկ Այվազյանի, Վանուհի Հարությունյանի աշխատանքները: Որպես գեղեցիկ օրինակ ներկայացնենք Գոհար Մխիթարյանի էսսեն ամբողջությամբ:

Մասնակիցները գեղարվեստական արտահայտչականությամբ ներկայացրին, թե հայ ժողովրդի հետ դարերի դաժան փորձությունների ինչպիսի երկար ճանապարհ է անցել նրա ինքնության վկայագիրը` հայոց լեզուն: Նրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը պահպանել է իր գոյությունը, անաղարտ պահել իր հավատը, չի ձուլվել, կուլ չի գնացել օտարին: Մեր քաղցրաբառ լեզուն մեր ժողովրդի համար դարձել է հույսի ու լույսի կանթեղ և մեզ «բյուր դարեր հայ է պահել»:

Միջոցառման ընթացքում հաստատվեց այն գաղափարը, որ այսօր առավել անհրաժեշտ է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել մեր մեծագույն հարստությանը` մայրենի լեզվին:

Հայերենը ներշնչանքի աղբյուր է, մի անգնահատելի գանձ, որը վսեմ ու ինքնամոռաց սիրո ու գորովանքի է արժանի:

Սիրե՛նք, սովորե՛նք, զարգացնե՛նք մեր մայրենի լեզուն, դարերի ճամփորդ դարձած՝ այն մեզ է նվիրաբերվել, և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ նրա մաքրության ու հարստության համար, լինել նրա գրագետ կրողն ու փոխանցողը, որպեսզի երբեք պայքարով ու արյամբ այն հետ նվաճելու առիթը չունենանք…