Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Քո շրթունքները ես կստեղծեմ լճային ջրաշուշանների լայն թերթիկներից, իսկ նրանց նուրբ շյուղերը կգծագրեն քո դեմքի կորագիծը, քիթն ու մազերը…». Լեոնիդ Ենգիբարյան

Leonid-Engibaryan-1132x670

 Քեզ նկարելու համար ես կընտրեմ կանաչ եղեգնյա շրջանակով հանդարտ անտառային լճակը և կսպասեմ, թե երբ կգա պայծառ սեպտեմբերյան առավոտը, և որ անպայման հաճելի բուրմունք արձակեն դաղձն ու սոճու փշերը։ Այդ ժամանակ էլ ես գործի կանցնեմ։

Սկզբում ես կնկարեմ աչքերդ, դրա համար ես հուլիսյան տաք երկնքի կապույտ պատառիկներ եմ պահել։

Կաղամախու արմատների կողքից կհավաքեմ մամուռի սև-կանաչավուն ճյուղիկներն ու զգուշությամբ կընկղմեմ ջրի մեջ. դրանք կլինեն քո թարթիչներն ու հոնքերը:

Քո շրթունքները ես կստեղծեմ լճային ջրաշուշանների լայն թերթիկներից, իսկ նրանց նուրբ շյուղերը կգծագրեն քո դեմքի կորագիծը, քիթն ու մազերը: Քիչ մնաց մոռանայի. դեմքդ աշխուժացնելու համար ինչ-որ տաք նրբերանգ է հարկավոր… Ջրի վրայով ես մասուրի նուրբ-ծիրանագույն սերմեր կսահեցնեմ: Այդպես ավելի լավ է:

Այնուհետև ես կվերցնեմ մաքուր փոքրիկ մի քար և զգուշորեն կգցեմ շրջանակի վերին անկյունը, ջրի վրա հազիվ նկատելի ալիքներ կառաջանան. դա կլինի քո ժպիտը:

Դիմանկարը գրեթե պատրաստ է:

Նաև անտառային թռչունների ծլվլոց կավելացնեմ մի քիչ, իսկ անկյուններում կքաշեմ աշնանային անտառի սարդոստայնի մի քանի թել. դա դիմանկարին հին տեսք կտա…

Լճակը կլքեմ միայն ուշ աշնանը, երբ դիմանկարդ կպատվի սառցե նուրբ ապակիով. այդ ժամանակ հանգիստ շունչ կքաշեմ:

Գարնանը անտառ կգաս ձնծաղիկ հավաքելու և քեզ կտեսնես լճում: Չզարմանաս ու չասես. «Ո՞վ է սա արել»:

Այդ ես եմ արել: Հիմա քեզ համար ամեն ինչ հասկանալի՞ է:

 

Լեոնիդ Ենգիբարյան «Քո դեմքը»