Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի շնորհավորական ուղերձը մասնաճյուղի՝ 2020թ. շրջանավարտներին

Ուղերձի նկարը

  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի սիրելի՛ շրջանավարտներ, շատ կցանկանայի, որ ձեր կյանքում կատարվող այս նշանակալից տոնական իրադարձությունը՝ Մայր բուհի շրջանավարտի դիպլոմ ստանալու արարողությունը, տեղի ունենար մեր մասնաճյուղում, ձեր և  մեր՝ դասախոսական կազմիս երկուստեք ջերմ ու սրտառուչ հանդիպման պարագայում: Բայց, ցավոք, մոլորակում տարածված համավարակը, ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրությունը խոչընդոտեցին  այս միջոցառման հետ կապված մեր ծրագրերի իրականացումը…

Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս անմոռանալի տոնի առթիվ, բոլորիդ մաղթում բարի երթ և մեծ հաջողություններ մասնագիտական կյանքի հաջորդ բոլոր փուլերում:

Դուք, բարձր գիտելիքներ դրսևորելով, պատասխանատվության ու գիտակից հասունության քննություններ հանձնեցիք, ավարտական  հիանալի աշխատանքներ  պաշտպանեցիք՝ ապացուցելով մեծ կյանք մտնելու համար ձեր պատրաստականությունը և պատրաստակամությունը՝ ձեր նպաստը բերելու մեր երկրի փայլուն ապագայի կերտմանը, ձեր ուրույն ներդրումն ունենալու հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում, և այսօր Մայր բուհի՝ ձեզ շնորհվող դիպլոմը հայաստանյան աշխատաշուկայում ինտեգրվելու մեծագույն երաշխիքն է:

Մեր մասնաճյուղում հնարավոր ամեն ինչ արվել է կրթության որակի բարձրացման, ձեր մասնագիտական կրթական վերջնարդյունքների լիարժեք ձևավորման համար, և  կարծում եմ, որ ուսումնառության տարիները  դա ապացուցել և արդարացրել են ձեր ակնկալիքները:

Կրթությունն է այն ամենահզոր զենքը, որով կարելի է բարեփոխել աշխարհը, և այն շարունակական պիտի լինի բարձր որակավորմամբ մասնագետ դառնալու համար: Վստահ եմ՝ դուք  ձեր ստացած գիտելիքներով կլինեք պահանջված մասնագետներ թե՛ որպես լեզվաբան, պատմաբան ու մանկավարժ, թե՛ որպես տնտեսագետ ու բնագետ, թե՛ որպես կիրառական արվեստի շնորհաշատ շրջանավարտներ՝ փառքով պսակելով նաև մեր բուհի անունը…

Սիրելի՛ շրջանավարտներ, կրկին մաղթում եմ ձեզ հաջողություններ և՛ մագիստրատուրայում, ուր սովորելու կգնաք, և՛ մասնագիտական աշխատանքների բոլոր ոլորտներում:

Թո՛ղ խաղաղ լինեն Տավուշ աշխարհի բոլոր լուսաբացներն ու մայրամուտները,  և դուք՝ որպես մարդկային լավագույն որակներով օժտված  հայրենասեր անհատներ, մեծագույն խանդավառությամբ ու ներշնչանքով աշխատանքային սխրանքներ գործեք՝ ձեր մասնագիտական գիտելիքներն ի սպաս դնելով մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին…

Բարի երթ ձեզ, ամենայն բարիք բոլորիդ, անձնական հաջողություններ ու երջանկություն…

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթգիտթեկն., դոցենտ Անուշավան Մակարյան