Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ճանաչենք, հիշենք ու պատվենք մեր հերոսներին

2016թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ-ի մեծ դահլիճում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 74-րդ և նրա անունը կրող ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի հիմնադրման 1-ին տարեդարձին նվիրված, հայրենասիրական երգ ու պարով ողողված համերգ-միջոցառում։

Ճանաչենք, հիշենք ու պատվենք մեր հերոսներին

Միջոցառմանը հրավիրված էին ապրիլյան պատերազմի մասնակիցներ, մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակակիրներ, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցեցին և ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներից, ովքեր հուլիսի 12-19 ԼՂՀ-ում մասնակցել էին «Ուսանողական ռազմական բանակում 2016»-ին։

Ճանաչենք, հիշենք ու պատվենք մեր հերոսներին

Միջոցառման ընթացքում նախ ցուցադրվեց Լեոնիդ Ազգալդյանին նվիրված ֆիլմ, որը ներկայացնում էր նրա անցած հերոսական ուղին:

 

«Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի». – ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանի գաղափարական համոզմունքն էր սա՝ ամրագրված իր կյանքի փորձով:

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ.Ազգալդյանը՝ որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգայինազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու տոգորումներում։ 1990թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991թ. հունիսին նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը հատկապես ՀայաստանԱրցախՍփյուոք ճիգերի համադրման իմաստով կարևոր նշանակություն ուներ հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում, և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

Զինվորների համար Լեոնիդը հեղինակություն էր և յուրօրինակ հրամանատար, ով միշտ կանգնած էր իր ջոկատի կողքին ու ոգևորում էր տղաներին: Նրա համար ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է, որից ավելի մեծ արժեք երկիրը չունի:

Լեոնիդի հրամանատարությամբ Արցախում 27 բնակավայր է ազատագրվել: Այդ ընթացքում վեց մարդ է միայն զոհվել, յոթերորդն ինքն էր: Մահվանից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը՝ Վլադիմիր Բալայանը: Այդ օրը ջոկատի տղաները հրամանատարի աչքերում առաջին անգամ արցունքներ տեսան:

Ինքն էլ զոհվեց 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ թշնամու դավադիր կրակոցներից:

Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Միջոցառման հաջորդ հատվածում անդրադարձ կատարվեց ակումբի մեկամյա գործունեությանը: Ներկայացվեց, որ Լեոնիդ Ազգալդյանի անվան ԵՊՀ մարտական պատրաստության ակումբը ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ համատեղ իր գործունեության մեկ տարվա ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր՝ այց սահմանային դիրքեր, դասախոսություններ, որոնց նպատակն է զարգացնել ուսանողների մարտական պատրաստության վիճակը, ռազմաքաղաքական գիտելիքները, աջակցել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև նպաստել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զարգացմանը: