Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ մայրենի լեզվին նվիրված բաց դաս

2018թ. փետրվարի 23-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի  բնական գիտությունների ֆակուլտետի «ԻԿՄ»  մասնագիտության 1-ին կուրսում տեղի ունեցավ մայրենի լեզվի միջազգային օրվան (փետրվարի 21) նվիրված բաց դաս, որը նախաձեռնել էր  Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Ալիսա Հասանյանը՝ նույն կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանի պատասխանատվությամբ:

Կայացավ մայրենի լեզվին նվիրված բաց դաս

Ուսանողները հանդես եկան հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններով, հայ և այլազգի մեծերի ասույթներով ու ստեղծագործական շարադրություններով՝ հաստատելով այն հիմնական գաղափարը, որ մայրենի լեզուն մեր «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստն է», «մեր ժառանգության մեծագույն գանձը»:

Կայացավ մայրենի լեզվին նվիրված բաց դաս

Այնուհետև ներկայացվեց  փետրվարի 21-ը որպես Մայրենի լեզվի միջազգային օր ճանաչելու պատմությունը: Մասնավորապես նշվեց, որ 1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։ Կառավարության որոշումը երկրի արեւելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։

Կայացավ մայրենի լեզվին նվիրված բաց դաս

1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է՝ հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Այս ողբերգական դեպքերի հետևանքով բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։ Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։

Կայացավ մայրենի լեզվին նվիրված բաց դաս

Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին կանգնեցված է հուշարձան։

Կայացավ մայրենի լեզվին նվիրված բաց դաս

Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակում է Մայրենի լեզվի միջազգային օր։

Կայացավ մայրենի լեզվին նվիրված բաց դաս

Բաց դասի վերջում  ելույթ ունեցավ  Ալիսա Հասանյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով մայրենի լեզվի դերն ու նշանակությունը, կոչ անելով սրբությամբ պահել ու պահպանել այն:

Կայացավ մայրենի լեզվին նվիրված բաց դաս