Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը՝ «ԵՊՀ լավագույն ուսանող-2019» մրցույթի հաղթող

Foto

 2019թ. մայիսի 17-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցավ ԵՊՀ հիմնադրման 100 և ՈՒԽ 25-ամյակներին նվիրված՝ «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին հաջորդեց տոնական համերգ՝ Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մասնակցությամբ:

«ԵՊՀ լավագույն ուսանող-2019» մրցույթում հաղթող է ճանաչվել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը:

Ամենամյա մրցույթի նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

Մրցույթին, ըստ կանոնակարգի, մասնակցում էին ԵՊՀ բոլոր ֆակուլտետների (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի) և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, որոնք առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակի ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն «ԵՊՀ լավագույն ուսանող»-ին բնութագրող ձեռքբերումներ՝ առաջադիմություն, ներգրավվածություն գիտական աշխատանքներում, մասնակցություն ներհամալսարանական արտալսարանային կյանքին և արտահամալսարանական ակտիվություն` մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում գրանցած հաջողություններ:

Մրցույթում հաղթել են ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների և Իջևանի մասնաճյուղի 20 ուսանողներ, որոնց համար սահմանված է անվանական կրթաթոշակ:

ԵՊՀ ԻՄ-ից «Լավագույն ուսանող-2019» մրցույթում հաղթել  է «ԱԼԳ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը:

Մրցանակաբաշխությանը ԵՊՀ ռեկտորը, ողջունելով ներկաներին, նշեց, որ հոբելյանական տարին հագեցած է միջոցառումներով, որոնք անցնում են բարձր մակարդակով. «Ես նախանձով եմ նայելու այն ուսանողներին, որոնք ԵՊՀ 100-ամյակի օրերին կդառնան լավագույն ուսանող: Կարծում եմ՝ ամբողջ կյանքում կհիշեն: Ուզում եմ շնորհավորել և ասել՝ մեծագույն պատիվ է լինել համալսարանի լավագույն ուսանող և միևնույն ժամանակ շատ մեծ պարտավորություն, որովհետև մենք՝ բոլոր համալսարանականներս, ունենք այդ պարտավորությունը՝ բարձր պահելու մեր Մայր բուհի պատիվը»:

ԵՊՀ լավագույն ուսանողներին շնորհավորեցին և նրանց մրցանակները հանձնեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը և ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը (մանրամասն տե՛ս այստեղ):

Սիրով շնորհավորում ենք մրցույթի բոլոր հաղթողներին և մասնավորապես Սյուզաննա Շահնազարյանին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ մասնագիտական ոլորտում և կյանքում: