Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամները մասնաճյուղում հանդես եկան ակնարկային դասախոսությամբ

DSCN8533

 2019թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամների՝ Ջոս Միլինեղի,  Ֆիլիպ Դրոմզենի, Լորանս Դրոմզենի հետ հանդիպում, որը նախաձեռնել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը:

Հանդիպման նպատակն էր Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների (Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի համաշխարհային արձագանքների, Ֆրանսիայում դեղին ժիլետավորների ցույցերի և այլնի) մասին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար ակնարկային դասախոսություն կարդալը:

Ներկա էին Տավուշի մարզպետի խորհրդական Նվարդ Անդրեասյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, համապատասխան մասնագիտության ուսանողներ:

Նախ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Աիդա Մարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց հյուրերին, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին ժամանել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ հաղորդակցվելու, տվյալ մասնագիտության վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին 2-րդ կիսամյակի կրթաթոշակները հանձնելու և ընդհանրապես ԵՊՀ ԻՄ-ի հետ հետագա համագործակցության խնդիրները քննարկելու նպատակով:

Դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ և անկաշկանդ քննարկմամբ:

Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Ֆրանսիայից ժամանած հյուրերին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Հանդիպումից հետո հյուրերը նշեցին, որ հաճելիորեն զարմացած են ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների գեղեցիկ ֆրանսերեն խոսքից: