Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ընթանում է 2021-2022 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

1. գլխավոր

 2022թ. մայիսի 21-29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 8 կրթական ծրագրերով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Ս.թ. մայիսի 21-ին հաջողությամբ կայացել են «Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Զբոսաշրջություն» և «Դիզայն» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արման Ռաֆիկի Մարտիրոսյանը: «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («ԱԼԳ» և «ՖԼԳ» կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Ասատուրի Բադալյանը, «Զբոսաշրջություն» մասնագիտությանը՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը, «Դիզայն» մասնագիտությանը՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի դիզայնի ամբիոնի դոցենտ, ՀՀ ԴՄ անդամ Տիգրան Միհրանի Սոսոյանը:

Մայիսի 26-ին, 27-ին և 29-ին տեղի կունենան համապատասխանաբար «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Բուհի վարչական համապատասխան ստորաբաժանումների՝ Ուսումնամեթոդական վարչության և ֆակուլտետների ղեկավարների հավաստմամբ՝ պաշտպանություններն անցկացվում են համաձայն գործող կարգի և հաստատված ժամանակացույցների, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները, ուսանողները և ավարտական աշխատանքների ղեկավարները պաշտպանություններին մոտենում են մեծ պատասխանատվությամբ:

Բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք իրենց ավարտական աշխատանքներն արդեն պաշտպանած այս տարվա մեր շրջանավարտներին՝ նրանց ցանկանալով նորանոր ձեռքբերումներ կյանքում և մասնագիտական ոլորտում, իսկ մյուս շրջանավարտներին մաղթում ենք ավարտական աշխատանքների բարեհաջող պաշտպանություն: