Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի առաջին նիստը

Նիստի նորութ. նկար

2021թ. հունվարի 21-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա.Մակարյանը:

 

Նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացրած պրակտիկաների վերաբերյալ հաշվետվություն:
  2. 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման համակարգում հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծություն:
  3. Երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների քննարկում:
  4. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա ուսման վճարների չափերի քննարկում:
  5. Ընթացիկ հարցեր:

Մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը առաջին հարցի վերաբերյալ նշեց, որ 2020-2021 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանների համաձայն՝ մասնաճյուղում առաջին կիսամյակի ընթացքում պետք է իրականացվեր 14 պրակտիկա: Մինչ այժմ իրականացվել է 12 պրակտիկա. երկու պրակտիկա դեռևս ընթացքի մեջ է: ՀՀ-ում հայտարարված արտակարգ, ինչպես նաև ռազմական դրությամբ պայմանավորված՝ պրակտիկաններն իրականացվել են առցանց եղանակով՝ ամբիոններում նախապես հաստատված ծրագրերին համապատասխան: 2020թ․նոյեմբերի 20-ի տնօրենության նիստի որոշման հիման վրա առաջին անգամ ընդհանուր պահանջ է դրվել առցանց պրակտիկաները տեսաձայնագրել հետագա մասնագիտական քննարկումների և պրակտիկայի բարելավման նպատակով։ Առկա ուսուցման համակարգում ուսանողների մասնակցությունը կազմել է 100%, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 82%:

 

Որոշվեց ընդունել ՄԿՊԿ բաժնի հետևյալ առաջարկությունները.

  1. Մասնագիտական ամբիոններում պրակտիկաների ծրագրերը քննարկել և հաստատել կրթական ծրագրով սահմանված պրակտիկայի վերջնարդյունքներին համապատասխանելու տեսանկյունից,
  2. պրակտիկաների ղեկավար նշանակել ոլորտում մասնագիտական հարուստ փորձ ունեցող աշխատակիցների/մանկավարժների,
  3. պրակտիկաների ծրագրով հաստատված վերջնարդյունքների ձևավորման վերահսկողությունն ապահովել ամբիոնների կողմից,
  4. ուսումնական պրակտիկաների ծրագրային խնդիրների կատարման (բացառությամբ Կիրառական արվեստի ֆակուլտետի) առցանց կազմակերպման ձևը համարել դրական և այդ փորձը կիրառել նախքան երթուղային եղանակով պրակտիկաների կազմակերպումը,
  5. մանկավարժական պրակտիկաների ընթացքում ուշադրություն դարձնել ոչ միայն դասավանդման ժամանակակից մեթոդներին, այլև առցանց կրթական գործիքակազմին,
  6. նախքան արտադրական պրակտիկաների սկսելը (Բնական գիտությունների ֆակուլտետ) ունենալ տեղեկատվություն ուսանողների տեխնիկական միջոցների ապահովվածության վերաբերյալ,
  7. հանձնարարել ՄԿՈԱ բաժնին ուսանողների շրջանում անցկացնել պրակտիկայի կազմակերպումից և անցկացումից բավարարվածության գնահատման վերաբերյալ հարցում:

Երկրորդ հարցի վերաբերյալ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը եղել է 24, 12-ը՝ եզրափակիչ գնահատումով, 10-ը՝ առանց եզրափակիչ գնահատման և 2-ը՝ առանց ընթացիկ գնահատման:

 

Ն.Գրիգորյանը նշեց, որ առաջին կիսամյակում ամիսը մեկ պարբերականությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը բաժնի հետ համատեղ կազմակերպել է հանդիպում-քննարկումներ հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հետազոտական աշխատանքների թեմաների ընտրության, կատարման, գնահատման հետ կապված տարաբնույթ հարցեր: Մասնաճյուղի առկա ուսուցման համակարգում ընթացիկ քննություններով գնահատվող հետազոտական աշխատանքների ընդհանուր թիվը 127 է, որից 15 աշխատանք չի ներկայացվել, 0 միավոր է գնահատվել 2 աշխատանք, 1 միավոր՝ 2 աշխատանք, 2 միավոր՝ 12 աշխատանք, 3 միավոր՝ 19 աշխատանք, 4 միավոր՝ 26 աշխատանք, 5 միավոր՝ 51 աշխատանք:

 

Ընթացիկ ստուգումներով գնահատվող հետազոտական աշխատանքների թիվը 111 է, որից 2 աշխատանք չի ներկայացվել, 2 միավոր գնահատվել է 1 աշխատանք, 4 միավոր՝ 5 աշխատանք, 5 միավոր 13 աշխատանք, 6 միավոր՝ 13 աշխատանք, 7 միավոր՝ 8 աշխատանք, 8 միավոր՝ 15 աշխատանք, 9 միավոր 14 աշխատանք, 10 միավոր՝ 40 աշխատանք:

 

Որոշվեց.

  1. հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությունն ընդունել ի գիտություն,
  2. հանձնարարել դեկաններին ֆակուլտետային գիտական խորհուրդներում կազմակերպել հետազոտական աշխատանքների կատարման ամբիոնային վերլուծությունների քննարկումներ:

Օրակարգի երրորդ հարցը ներկայացրեց ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը: Նա նշեց, որ ընթացքի մեջ են բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման ուսումնական գործընթացի երկրորդ կիսամյակի ժամանակացույցների մշակման աշխատանքները, որոնք մինչև հունվարի վերջը կներկայացվեն տնօրենի հաստատմանը: Երկրորդ կիսամյակի առկա ուսուցմամբ դասապրոցեսը նախատեսվում է սկսել ս.թ. փետրվարի 9-ից, իսկ հեռակա ուսուցմանը՝ մարտի 9-ից:

 

Որոշվեց հանձնարարել ֆակուլտետների դեկաններին մինչև 2021թ. հունվարի 30-ը ՈՒՄՎ ներկայացնել ֆակուլտետների դասացուցակները:

 

Չորրորդ հարցի վերաբերյալ Ա.Մակարյանը նշեց, որ երկար տարիներ անփոփոխ մնալուց հետո, հաշվի առնելով, որ մասնաճյուղում վարձավճարները ամենացածրերից են հանրապետությունում, անցյալ տարի գիտխորհրդի որոշմամբ վերանայվել են 5 մասնագիտության վարձավճարները: Քննարկումների ժամանակ գիտխորհրդում առաջարկ էր հնչել տարեկան փոքր բարձրացումների միջոցով վարձավճարները համապատասխանեցնել մասնաճյուղի ծախսերին, տարադրամի փոխարժեքի փոփոխություններին և այլ գործոնների: Բացի այդ՝ կառավարությունը պլանավորում է ավելացված արժեքի հարկով լրացուցիչ 20%-ով հարկել ուսումնական հաստատությունները:

 

Որոշվեց 2021-2022 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձաչափերի փոփոխման հարցը ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի քննարկմանը:

 

Առաջին ընթացիկ հարցը վերաբերում էր ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Ժիրայր Արմենի Մատինյանին, ով պատերազմական իրավիճակում կորցրել է փաստաթղթերը և դիմել է մասնաճյուղ՝ դիպլոմի կրկնօրինակը ստանալու համար:

 

Որոշվեց բավարարել շրջանավարտի դիմումը:

 

Երկրորդ ընթացիկ հարցը վերաբերում էր ֆակուլտետների գիտական խորհուրդների երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանների քննարկմանը:

 

Ա.Մակարյանը նշեց, որ ներկայացված պլանները հիմնականում վերաբերում եմ կազմակերպական աշխատանքներին և ստացվում է, որ ուշադրությունից դուրս են մնում ամբիոններում բովանդակային գործունեության քննարկումները և վերլուծությունները, կրթության որակի հետ կապված հարցերը:

 

Որոշվեց հանձնարարել գիտական քարտուղարին, ՈՒՄՎ-ին և ՄԿՈԱ բաժնին մինչև հունվարի 25-ը պատրաստել և տնօրենին ներկայացնել այն գործողությունները, որոնք պետք է պարտադիր ներառվեն ֆակուլտետների աշխատանքային պլաններում, դրանց հիման վրա վերանայել ֆակուլտետների պլանները և ներկայացնել տնօրենի հաստատմանը: