Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների

1. գլխավոր

2021թ. փետրվարի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված պատերազմում զոհված հայորդիների սուրբ հիշատակին:

 

Միջոցառումը կազմակերպվել էր Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ Քրիստինե Մխիթարյանի և «Դիզայն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողների համատեղ ջանքերով:

 

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

 

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր քաջ հերոսների հիշատակը, ապա ներկայացրին պատերազմից հերոսական դրվագներ, խոսեցին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների՝ պատերազմին մասնակցության մասին։ Ներկաներն իրենց հիշատակի խոսքում առանձնացրին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներ, հայրենիքի համար նահատակված Հովհաննես Չոբանյանին և Հակոբ Մելիքսեթյանին:

 

Մասնավորապես նշվեց, որ Հովհաննես Չոբանյանը ծնվել է 1997թ․ հուլիսի 17-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Սովորել և ավարտել է Հովհաննես Հինդիլյանի անվան միջնակարգ դպրոցը: 2015-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ: Նա տաղանդավոր նկարիչ էր, լավագույններից մեկը և՛ ուսման մեջ, և՛ շրջապատում:

 

2019 թվականին ավարտել է ուսումը և զորակոչվել բանակ: Մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմի թեժ մարտերին: Բազմիցս աչքի է ընկել մարտական առաջադրանքների կատարման ընթացքում: Հերոսաբար ընկել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Որոտանի (Կուբաթլու) համար մղվող մարտերի ժամանակ:

 

Հակոբ Մելիքսեթյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ 2018 թվականին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ:

 

Անսահման բարի էր, ժպտերես, կատակասեր: Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականի հունվարին զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի ՊԲ Մարտունի-2 զորամասում: Եղել է ՀՕՊ մասնագետ: Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրից Հակոբն իր ընկերների հետ համառ մարտեր է մղել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, խոցել է մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ ինքնաթիռ: Անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում: Գերազանց ծառայության համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Զինված ուժեր» կրծքանշաններով:

 

Միջոցառման վերջում, ի հիշատակ հազարավոր հայորդիների, տեղի ունեցավ մոմավառություն: